ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Դավիթ Հարությունյանը կասկածի տա՞կ է դնում Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելը

Դավիթ Հարությունյանը կասկածի տա՞կ է դնում Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելը
12.04.2018 | 21:28

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն՝ որպես մեծ կուսակցություն, չի կարող վարչապետի մեկ թեկնածու ունենալ, նրանց թիվը շատ է: «Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու, և ՀՀԿ-ն, բնականաբար, բացառություն չէ»,- ասել է Հարությունյանը: Բանից պարզվում է, որ Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարող ՀՀԿ-ականներն այսքան ժամանակ մոլորության մեջ են եղել և չեն նկատել իրենց մե՜ծ կուսակցությունում վարչապետի մյուս թեկնածուներին:


Սակայն Սարգսյանին միակը համարողներից մեկը՝ Էդուարդ Շարմազանովը, aravot.am-ի հետ զրույցում հակադարձել է սեփական կուսակցին. «Բացառությամբ երեկվա նիստից, պաշտոնական որեւէ քննարկում չի եղել: Ոչ ԳՄ, ոչ խորհրդի նիստերում, ոչ էլ ՀՀԿ խմբակցության նիստերում վարչապետի թեկնածուի հարցի որևէ քննարկում չի եղել: Երեկ մենք քննարկել ենք մեկ թեկնածություն, և բոլորը, միահամուռ կերպով, բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի ծառայությունները, նրա փորձը, իմաստնությունը, մարտահրավերներին դիմակայելու ճկունությունը, անվտանգության համակարգին լավագույնս տիրապետելու հմտությունները, կողմ են արտահայտվել ու պատրաստվում ենք շաբաթ օրը՝ խորհրդի նիստում, առաջադրել մեր կուսակցության նախագահ թեկնածությունը: ԳՄ բոլոր անդամներն արտահայտվել են այդ հարցի շուրջ, և ես վերահաստատում եմ՝ այլ առաջադրում չի եղել, ավելին, այլ թեկնածուի քննարկում չի եղել, նույնիսկ ակնարկ չի եղել այլ թեկնածուի վերաբերյալ: Եթե իմ հարգարժան գործընկերն ասում է, որ թեժ քննարկումներ են եղել, այլ թեկնածուներ են եղել, թող մի քանի թեկնածուի կամ մեկ թեկնածուի անուն տա»:

Ստացվում է, Դավիթ Հարությունյանն այլ բան է փորձել ներկայացնել, որը Շարմազանովի ներկայացրածից բավականին հեռու է: ՈՒրեմն ինչու՞ է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը փորձում խեղաթյուրել իրականությունը, ի՞նչ քաղաքական նպատակ է հետապնդում: Եթե դրանով փորձում է ժողովրդավար ներկայացնել ՀՀԿ-ին, ինչու՞ է Շարմազանովն արագ արձագանքում ու նորից ՀՀԿ-ին քաշում դեպի ոչ ժողովրդավարական «ճահիճը»:


Մի բան հստակ է. վերջին շրջանում Դավիթ Հարությունյանը հաճախ է ՀՀԿ-ի հետ «վեճի» բռնվում: Հիշեցնենք, որ կարճ ժամանակ առաջ ԱԺ-ում Դավիթ Հարությունյանը փորձեց, այսպես ասած, սահմանադրական օրենքը համարել ոչ սահմանադրական, որպեսզի քվեարկության հետ կապված աղմուկը դադարի, սակայն նրա կուսակից, ՀՀԿ խմբակցության իրավաբան պատգամավորները հրապարակային անհամաձայնություն հայտնեցին ու պնդեցին, որ գործ ունենք սահմանադրական օրենքի հետ, որի ընդունման համար պահանջվում էր պատգամավորների ձայների 3/5-ը: Եթե այս միջադեպը հարթվեց, հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանին սեփական կուսակցությունում մի քանի մրցակից տեսնող Հարությունյանին այս անգամ էլ կխնայե՞ն: Չէ՞ որ նա այս խառը օրերին կասկածի տակ է դնում Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ