«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Առաջին անգամ կառավարման մեջ ստեղծել ենք համակարգի գաղափարը»

«Առաջին անգամ կառավարման մեջ ստեղծել ենք համակարգի գաղափարը»
13.04.2018 | 00:07

Այն, որ Հայաստանում ցանկացած ոլորտում կառավարումն ու զարգացումը պայմանավորված են անձերով, գաղտնիք չէ, ու սա է, թերևս, պատճառը, որ մեզանում անհատներն ավելի որոշիչ են, քան համակարգը։ Գյուղատնտեսության ոլորտն այս առումով ևս բացառություն չէ, սակայն վերջերս գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մշակվել է «Գյուղատնտեսության զարգացման մասին» օրինագիծը, որի գաղափարախոսությունը համակարգի ստեղծումն է։ Եթե դա ստացվի, ապա կարելի է ասել, որ համակարգ ստեղծելու երկար չարչրկված գաղափարը գյուղատնտեսությունում կարող է իրականություն դառնալ։ Իսկ մինչ այդ կառավարությունը հրաժարական տվեց։ Հետաքրքիր է, մեկուկես տարում ի՞նչն է կարևորում արդեն նախարարի պաշտոնակատարը, կարո՞ղ է ասել` եկա և ներդրեցի։ Եվ եթե կրկին նախարար չնշանակվի, ավարտին չհասցրած ո՞ր գործի համար կափսոսա, հարցրինք գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ։

-Չեմ կարող ասել, որ քիչ բան է արվել, սակայն միևնույն ժամանակ չեմ ասի, որ ամեն բան արվել է. անելու շատ բան կա։ Այն, ինչ իրականացրել ենք այս մեկուկես տարում, համալիր աշխատանքներ են` ծրագրեր, որոնք մեր թիմի նախաձեռնությունն են, և երբևէ այդ հարցերին նման համալիր մոտեցում չի ցուցաբերվել։ Երկրորդ կարևոր գործն այն է, որ առաջին անգամ գյուղատնտեսության կառավարման մեջ ստեղծել ենք համակարգի գաղափարը, սա մեր նորամուծությունն է։ Մնացած բոլոր ծրագրերը փոփոխական են, պայմանավորված խնդիրների և ուղղությունների առաջնահերթությամբ։
-Իսկ Դուք ցանկանու՞մ եք շարունակել պաշտոնավարումը, թեկուզ նորամուծությունն ավարտին հասցնելու և արդյունքը տեսնելու համար։
-Եթե ասեմ` շատ հեշտ է աշխատել պետական համակարգում, այդպես չէ։ Սակայն, մյուս կողմից, քանի որ կան ծրագրեր, որոնք մենք կարող ենք իրականացնել և փոխել ու զարգացնել գյուղատնտեսությունը, ապա այդ գաղափարը մոտիվացնում է աշխատելու ցանկությունը։ Բոլոր դեպքերում, այս հարցում կարևորը ղեկավարության որոշումն է` ինչպես կորոշի, այնպես էլ կլինի։
-Վերջերս Ձեր կազմակերպած սեմինարում Դուք խոսեցիք չօգտագործվող հողերի մասին` նշելով, որ այդ հողերը սեփականատերերից հետ վերցնել չի կարելի։ Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել` Դուք ասացիք։ Սակայն երկու ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստում հանձնարարեց ուսումնասիրել չօգտագործվող հողերի խնդիրը և անհրաժեշտության դեպքում սեփականատիրոջից հետ վերցնել։ Հիմա, երբ Դուք խոսում եք հողերը հետ չվերցնելու մասին, դա նշանակում է, որ ուշադիր ուսումնասիրել եք հողային օրենսգիրքը և տեսել, որ այդ իրավունքը պետությունը չունի՞, քանի որ սեփականատերն իր հողի հարկը վճարում է։ Եվ ընդհանրապես, խնդրի ուսումնասիրության արդյունքում ի՞նչ լուծումների հանգեցիք։
-Առաջին հերթին վարչապետը հանձնարարել էր խնդիրն ուսումնասիրել, քանի որ Հայաստանը մեծ հողակտորներ չունի, չի կարող իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ` ոռոգելի հողերը չօգտագործել։ Խնդիր չի դրվել սեփականատերերին զրկել այդ հողից։ Գաղտնիք չէ, որ պարապուրդի մատնված ոռոգելի հողերը չեն կարող դրական ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման վրա և ոչ էլ բարելավել գյուղական տնտեսությունների սոցիալական վիճակը։ Վարչապետը հանձնարարեց գտնել այնպիսի խթանիչ մեխանիզմներ, որ այդ հողերը պարտադիր օգտագործվեն։ Ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալների` 27000 հա ոռոգելի հողատարածք չի օգտագործվում։ Այս խնդրի լուծման նպատակով մենք դիմել ենք իրավաբանական ընկերություններին, որպեսզի ստանանք նաև խնդրի իրավական լուծումը։ Կարծում եմ, այն, ինչ առաջարկում ենք, կարող է շատ արդյունավետ լինել։ Մեր նպատակն է ստեղծել մի կառույց, որը պատասխանատու կլինի այդ հողերի պարտադիր օգտագործման համար։
-Կառույցը լինելու է մասնավո՞ր, թե՞ պետական։
-Այն կարող է լինել և՛ մասնավոր, և՛ պետական, սակայն կարծում ենք, որ սկզբնական շրջանում այն պետք է լինի պետական, կարող է գործել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի շրջանակներում, քանի որ այդ կառույցի գործառույթը մեծ վարչարարություն չի պահանջում։ Սրա հետ մեկտեղ պետք է սահմանենք այդ հողերի չափորոշիչները և տվյալ գոտիականության նշանակությունը։ Այդ կառույցը պետք է սահմանի հստակ մոտեցում տվյալ չօգտագործվող հողի սեփականատիրոջ նկատմամբ։ Եթե առաջին երկու տարում հողը չի օգտագործվում, ապա պետք է բարձրացվի հողի հարկը, իսկ երրորդ տարում այդ կառույցը իրավունք է ստանում հողը վարձակալությամբ հանձնելու երրորդ անձին` պահպանելով հողի սեփականության իրավունքը տվյալ սեփականատիրոջ նկատմամբ։
-Վարձակալության քանի՞ տոկոսն է փոխանցվելու սեփականատիրոջը։ Բացի այդ, գյուղացիները նշում են, որ ջրի վարձը թանկ է, չեն կարողանում վճարումներ անել, դրա համար էլ չեն օգտագործում այդ հողերը։ Ըստ Ձեզ, գյուղացին անկե՞ղծ է, թե՞ ոչ։
-Վարձակալության և շատ ուրիշ հարցեր քննարկման փուլում են, ուստի վաղ է որևէ բան ասել։ Համենայն դեպս համոզված եղեք, որ գյուղացու համար ավելի շահավետ կլինի չօգտագործվող հողից ստանալ որոշակի եկամուտ, քան ոչինչ չունենալ։ Աշխատանքների ամբողջական ավարտից հետո մանրամասները կներկայացնենք հանրությանը։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա մեզ համար կարևոր է, որ գյուղական տնտեսությունների ներգրավվածությունը գյուղատնտեսությունում գնալով աճի։ Հողօգտագործման պահանջն այսօր մեծ է, և գյուղացին կարող է իր հողը հանձնել վարձակալության, ստանալով որոշակի եկամուտ։ Այդպիսով նա, մի կողմից, չի զրկվում իր հողից, մյուս կողմից, աշխատելով` հողը առողջանում է։ Ի դեպ, պետք է նշեմ, որ հաճախ այդ հողերի սեփականատերերը բնակվում են արտերկրում և բոլորովին էլ չեն համաձայնում ֆերմերների հետ այդ հողերը հանձնել վարձակալության։ Իհարկե, դա սեփականատիրոջ իրավունքն է, սակայն, ինչպես վերը նշեցինք, մենք իրավունք չունենք եղած ոռոգելի հողերը չօգտագործել։ Խնդիրը պետք է կարգավորվի օրենքով, քանի որ գյուղատնտեսությունը ճանաչված է ռազմավարական նշանակության ոլորտ։ Այդ նպատակով «Գյուղատնտեսության մասին» օրենքում սահմանելու ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերը պետք պարտադիր օգտագործվեն։
-Պարոն նախարար, ըստ տարբեր գնահատականների, 2017-ին գյուղատնտեսությունում զգալիորեն աճել են ներդրումները։ Սա Ձեր կապերի՞, թե՞ մեր երկրի նկատմամբ վստահության մեծացման արդյունք է։
-Ներդրումների ակտիվացման հարցում կարևոր նախապայմանը հարկային դաշտի բարենպաստ պայմաններն են։ Տեսեք, հարկային դաշտը, ընդհանուր առմամբ, այս մեկուկես տարվա ընթացքում պարզեցվել և ավելի բաց է դարձել։ Այն փաստը, որ այսօր ՊԵԿ-ի հետ ավելի հեշտ է շփվել և խնդիրն արագ լուծել, եթե այդպիսին կա, արդեն իսկ վստահության երաշխիք է ներդրողների համար, ինչն անդրադառնում է մեր ոլորտի վրա։ Մեր մասով կարող եմ ասել, որ հնարավորինս փորձել ենք լայնամասշտաբ ներկայացնել այն մեծ հնարավորությունները գյուղատնտեսությունում, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին։ Բացի այդ, ստեղծել ենք էժան ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման հնարավորություն։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ