USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Ռուսաստանը սպասումների շեմին

Ռուսաստանը սպասումների շեմին
13.04.2018 | 00:19

Երբ Վլադիմիր Պուտինին հարցնում են, թե որն է իր գործունեության թույլ կողմը, նա պատասխանում է՝ պայքարը կոռուպցիայի դեմ: Եթե նման «պայքարը» անօգուտ ու անիմաստ է Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ բոլորն իրար ճանաչում են ու անգիր գիտեն, թե որտեղից է ակունք առնում հեշտությամբ ու առատորեն փող աշխատելու այդ հանցավոր արատը, ապա ի՜նչ ասես անծայրածիր Ռուսաստանի մասին: Երկու երկրներում բուն դրած կոռուպցիոն երևույթների տարբերությունը մասշտաբների մեջ է:


Բայց ահա օրերս Ռուսաստանում ձերբակալվեցին դաղստանցի, ավելի կոնկրետ՝ ավար ազգությանը պատկանող երկու օլիգարխ եղբայրներ՝ Զիավուդին և Մագոմեդ Մագոմեդովները (ավագ եղբայրը «Ֆորբսի»՝ Ռուսաստանի մեծահարուստների ցուցակում 1,4 միլիարդ դոլարով զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը): Մեղադրանքը՝ պետբյուջեից հափշտակվել է 2,5 միլիարդ ռուբլի: Երկրի ֆինանսների նախարարին դատապարտելուց հետո թվում է` սա չի կարող դիտվել որպես կոռուպցիոն արտառոց երևույթ: Բայց այդպես չէ:


Ըստ էության, «ի վերուց անտի» մուսուլմանական Հյուսիսային Կովկասի համար սովորական է բիզնեսի և քրեական աշխարհի սերտաճումը: Եվ Մագոմեդով եղբայրների կենսագրական-գործարարական բնույթի փաստերի մեջ քիչ չեն նաև նրանց գլխավորած՝ կազմակերպված հանցախումբ հիշեցնող «Սումմա» ընկերության մասշտաբային անօրինականությունները, ընդ որում ոչ այնքան Դաղստանի, որքան համայն Ռուսիո մակարդակով:
Առիթներ են եղել արձանագրելու, որ, մասշտաբներից բացի, հայաստանցի և ռուսաստանցի օլիգարխների էական տարբերությունը նաև այն է, որ վերջիններս գերկրթված անձնավորություններ են: Եվ Մագոմեդով եղբայրները բացառություն չեն. երկուսն էլ ավարտել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանը, թեզ պաշտպանել: Ի դեպ, մամլո որոշ հրապարակումներում նշվում էր, որ եղբայրները ուսումնառության տարիներին հանրակացարանում ընկերական մտերիմ հարաբերությունների մեջ են եղել ռուսաստանյան բիզնեսի ապագա նշանավոր ներկայացուցիչներ Ռուբեն Վարդանյանի և Արկադի Դվորկովիչի հետ: Սակայն եթե մեր հայրենակցի մասին այդ փաստի արձանագրումից բացի որևէ այլ խոսակցություն չի ծավալվում, ապա այլ է իրավիճակը՝ առնչված վերջինիս:


Պուտինի գահակալական վերջին վեցամյակը թևակոխելու կապակցությամբ ռուսաց լրատվատարածքը համակած բազմաթիվ հարցադրումների մեջ առանձնանում է մեկը՝ կփոխարինի՞ նա կառավարության ղեկավարին՝ Դմիտրի Մեդվեդևին, իրական լայնամասշտաբ պայքար կծավալվի՞ երկրի առաջընթացը խոչընդոտող կոռուպցիայի դեմ: Բանն այն է, որ արդեն վաղուց Մեդվեդևը սուր հարձակումների թիրախ է տնտեսական բնագավառում վարվող լիբերալ-կոռուպցիոն քաղաքականության կապակցությամբ: Եթե Վլադիմիր Պուտինին հաջողվեց երկիրը կրկին դարձնել համաշխարհային ռազմական գերտերություն, ապա էկոնոմիկայի, ներքին խնդիրների հարցում վիճակն անմխիթար է: Մասնագետները երկու իրարամերժ կարծիքներ են հայտնում՝ հազիվ թե Պուտինը հրաժարվի Մեդվեդևից, քանզի նա ոչ մի վտանգ չի ներկայացնում պետության ղեկավարի համար, առավելագույնս լոյալ է նրան: Մյուս կողմից, եթե Պուտինը նպատակ է դրել «ճեղքում» կատարելու տնտեսության բնագավառում, ապա նրան պետք են նոր մարդիկ, Մեդվեդևը արդեն սպառված անձ է:


Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը Մագոմեդով եղբայրների հետ՝ արդարացիորեն կհարցնեն «Իրատեսի» ամենագետ ընթերցողները: Ինտրիգը հետևյալն է: Եղբայրներն իրենց «ջերմ ընկերությունը» Արկադի Դվորկովիչի հետ շարունակել են նաև խոշոր բիզնեսում, սերտ կապեր ունենալով վերջինիս «բիզնես-խմբի» հետ: Պարզվում է, որ Դվորկովիչի կինն էլ է դաղստանցի՝ Դերբենտից: Փորձագետները, լրագրողները միակարծիք են, որ արդեն տևական ժամանակ գրավելով փոխվարչապետի պաշտոնը, Դվորկովիչը համարվում է վարչապետ Մեդվեդևի վստահյալ անձը ներկա կառավարությունում: Եվ «Սումմա» ընկերության՝ հրապարակ հանվող բազմաթիվ ֆինանսական-տնտեսական մեքենայությունները համարվում են նաև Դվորկովիչի հովանավորության արդյունք: Ահա և Մեդվեդևի հակառակորդները, խփելով Դվորկովիչին, առաջին հերթին հարվածն ուղղում են հենց Մեդվեդևի դեմ: Բնավ էլ պատահական չեն այն լրագրային հավաստիացումները, որ Մագոմեդով եղբայրների բիզնեսը լայն թափ է ստացել հենց Մեդվեդևի նախագահական տարիներին: Մեծ տեղ կգրավի այն խոշորագույն ընկերությունների ցուցակի մեջբերումը, որում իր հաստատուն մասնաբաժինն ունի մագոմեդովյան «Սումման»: Լրագրողների հետ հանդիպումների ժամանակ Դվորկովիչը կտրականապես հրաժարվում է այս թեման քննարկելուց: Իսկ ռուս նացիոնալիստական մամուլը, իհարկե, առիթը բաց չի թողնում փնովելու Դվորկովիչի «հակառուսական» էությունը` նկատի ունենալով նրա հրեական ծագումը:


Շուտով կձևավորվի Ռուսաստանի նոր կառավարությունը, որը Պուտինի հետ կաշխատի առաջիկա վեցամյա ժամկետում: Ինչպես ասվեց, պարզ չէ՝ Մեդվեդևի հետ թե առանց նրա: Լրագրողները նույնիսկ «առաջարկում են» իրենց թեկնածուներին՝ ներկայիս փոխվարչապետներ Շուվալովին, Ռոգոզինին և այլոց: Սակայն խնդիրն այն է, որ Պուտինը որոշումներ չի ընդունում իր վրա գործադրվող ճնշումների անմիջական ազդեցության ներքո: Բոլոր դեպքերում ռուսաստանցիները մեծ սպասումների մեջ են փակագծերի առաջիկա բացումներից:
Ի տարբերություն հայաստանցիների:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ