USD480.18
EUR590.67
RUB7.82
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի ապրիլի 27-ին:               
 

Մեկի մոտ՝ «ռեպուտացիոն կորուստ», մյուսի մոտ՝ «նահանջ երգով»

Մեկի մոտ՝ «ռեպուտացիոն կորուստ», մյուսի մոտ՝ «նահանջ երգով»
13.04.2018 | 08:21

Թեև արդեն երկար ժամանակ նոր վարչապետի թեկնածության հետ կապված որևէ ինտրիգ այլևս չկար, այնուամենայնիվ, բոլորը սպասում էին, թե երբ է այդ մասին պաշտոնական հայտարարություն լինելու, ինչ կերպ է լինելու, ով է ասելու և, ի վերջո, ինչ հիմնավորումներ են բերվելու։ Վարչապետական ինտրիգի հանգուցալուծման համար պակասում էին միայն նշված դետալները, որոնք նաև որոշակի քաղաքական նրբերանգներ են պարունակում։


Ժամանակին փորձագիտական շրջանակներում չէին բացառում, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը կհնչեցվի հենց գործող վարչապետ Կարեն Կարապետյանի շուրթերով, ինչը վարչապետի արդեն ժամանակավոր պաշտոնակատարի համար որոշակի իմիջային ռիսկեր է պարունակում։ Կարեն Կարապետյանը թեև պաշտոնապես իշխող կուսակցության երկրորդ դեմքն է՝ առաջին փոխնախագահը, պրակտիկան և սոցիոլոգիական հարցումները, սակայն, ցույց են տվել, որ նա, այնուամենայնիվ, չի ընկալվում որպես հանրապետական, և հանրությունը վերջինիս ընդունում էր ավելի շուտ որպես այլընտրանք Սերժ Սարգսյանին և այլ հանրապետականներին։ Այս ամենը հաշվի առնելով՝ բնականաբար իշխող վարչախմբում շատերի ցանկությունն էր, որ այդ հայտարարությունն արվի հենց Կարեն Կարապետյանի շուրթերով՝ նրա վարկանիշի վրա ազդելու համար։


Իհարկե, որպես տարբերակ դիտարկվում էր նաև ՀՀ նորընտիր նախագահի կողմից վարչապետի թեկնածուի անվան հնչեցումը։ Սակայն եղավ այն, ինչ եղավ։
Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Կարեն Կարապետյանը, ամեն դեպքում, ունեին դեմքը պահպանելու խնդիր։ Սերժ Սարգսյանի պարագայում, թերևս, ամենազգայուն թեմաներից մեկը 2014 թ. նրա հայտնի հայտարարությունն է այլևս իշխանության չգալու մասին։ Այս հայտարարությունից հրաժարվելուց հետո նա, անշուշտ, գոնե քիչ թե շատ դեմքը պահպանելու խնդիր ունի։ Իհարկե, նման փորձ եղավ որոշ ժամանակ առաջ tert.am-ին տված հայտնի հարցազրույցում, սակայն, ինչպես ցույց տվեց կյանքը, ներքին և արտաքին անվտանգության խնդիրները լուծելու և այլ մարտահրավերները չեզոքացնելու վրա հիմնված բացատրությունները առանձնապես տպավորություն չէին գործում և, մեղմ ասած, ոչ միանշանակ էին ընդունվում ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ քաղաքական դաշտում։ Այստեղ ակնհայտորեն առաջացել է այն, ինչ կոչվում է «ռեպուտացիոն կորստի» վտանգ:


Կարեն Կարապետյանը նույնպես, հասկանալի պատճառներով, դեմքը պահպանելու խնդիր ուներ։ Նա բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարումը որպես վարչապետ։ Նա նույնպես ինչ-որ տարբերակ պետք է գտներ «նահանջը երգով» ապահովելու համար։ Եվ ինչպես ցույց տվեց Կարեն Կարապետյանի վերջին հայտարարությունը, ՀՀԿ առաջին և երկրորդ դեմքերը փորձեցին օգնել միմյանց՝ դեմքը պահպանելու հարցում։
Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի առաջադրման (թեև ոչ պաշտոնապես) մասին հայտարարությունը արվեց հանրապետական գործիչների այն հարցազրույցների ֆոնին, որտեղ վերջիններս համոզում էին լրագրողներին, թե վարչապետի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկվել։ Մինչդեռ Կարեն Կարապետյանը նշեց, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում երկուսով որոշել են, թե կառավարման ինչ կոնֆիգուրացիա պետք է լինի։


Այստեղ կա մի ուշագրավ նրբերանգ. Կարեն Կարապետյանը, հիմնավորելով իր և Սերժ Սարգսյանի որոշումը վերջինիս «առաջին դեմք» դառնալու վերաբերյալ, որևէ բան չասաց երրորդ նախագահի անվտանգության և պաշտպանության հարցերում անփոխարինելիության, Արցախյան խնդրում փորձված բանակցողի դերի և նման այլ բաների մասին, արտահայտություններ, որոնք բնորոշ են հանրապետական վերնախավի բառապաշարին։ Այս ստանդարտ հիմնավորումները չբերվեցին։ Ընդհակառակը, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի առաջադրումը նախ և առաջ բացատրեց այսպես. քանի որ կառավարությունը ցուցաբերել է բավականին լավ արդյունք, և քանի որ գործող կառավարող կոնֆիգուրացիան՝ նախագահ Սերժ Սարգսյան-վարչապետ Կարեն Կարապետյան ձևաչափով, նպաստել է այդ արդյունքների ապահովմանը, ապա խորհրդարանական համակարգ թևակոխելու անցումային փուլում աշխատող կոնֆիգուրացիան փոխելն անիմաստ է։
Ինչևէ, ըստ էության, Կարեն Կարապետյանի խոսքերից կարելի է մի քանի եզրահանգում անել:
ա) Նախ և առաջ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն ավելի հետին պլան մղեցին հանրապետականներին, հասկացնելով, որ քաղաքական որոշումները իշխանական վերնախավում երկուսով են ընդունում։ Ոչ թե ՀՀԿ-ականների պահանջով, խնդրանքով կամ կուսակցական դիսցիպլինայից ելնելով են որոշումները կայացվում, այլ երկուսի նպատակահարմարությունից ելնելով։


բ) Կարեն Կարապետյանն իր խոսքում չնշեց, թե Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, շեշտեց «առաջին դեմք» եզրույթը։ Սերժ Սարգսյանն այսպիսով ստացավ «պետության հոր» կարգավիճակ։ Դրանով իսկ ակնարկվեց, որ Կարեն Կարապետյանը մնալու է գործադիրի ղեկավար։
գ) Ըստ էության, Կարեն Կարապետյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը զբաղվելու է նրանով, ինչով զբաղվում էր մինչ այժմ, պարզապես վարչապետի կարգավիճակում, իսկ ինքը` որպես հաջողած կառավարության ղեկավար, շարունակելու է մնալ գործադիր իշխանության դեֆակտո ղեկավար։


Կարեն Կարապետյանն իր հակիրճ խոսքում արձանագրեց այս հիմնական առանցքները։ Սակայն ավելացնենք ևս մեկ կարևոր նրբություն։ Կարեն Կարապետյանը շեշտեց՝ որպեսզի կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցումը սահուն ու անցնցում լինի, անիմաստ է որևէ փոփոխություն անելը։ Ըստ էության, բոլորն անմիջապես հասկացան Սերժ Սարգսյանի հետ փոխհամաձայնեցված ակնարկը. այս ամենը արվում է անցումային շրջանի համար։ Կոնկրետ որքան կտևի անցումային ժամանակաշրջանը, այս պահին պարզ չէ։
Կարող ենք նաև արձանագրել, որ եղած կոնֆիգուրացիայի պահպանումը նշանակում է, որ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխանության եթե ոչ ժառանգորդի գլխավոր թեկնածուն, ապա առնվազն գոնե այդ մրցավազքի առաջատարներից մեկը։ Առաջնահերթությունների մեջ ոչինչ չի փոխվել, և եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անցումային փուլն ավարտվելուց հետո, շատ հնարավոր է, նորից առաջին պլան մղվի Կարեն Կարապետյանի՝ որպես ապագա վարչապետի դիտարկման հարցը։


Ամեն դեպքում այս պահի դրությամբ Կարեն Կարապետյանի կողմից մենք ստացանք այս 3-4 հստակ ուղերձները։ Որքանո՞վ կարողացան Աերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը գտնել բանաձև, որ կպահպանի իրենց դեմքը, իհարկե, ճաշակի հարց է, բայց կասկածից վեր է, որ նրանք աշխատեցին այնպես անել, որ Սերժ Սարգսյանն իր համար զգայուն թեմայից հնարավորինս մաքուր դուրս գա։ Մյուս կողմից էլ, որպեսզի ցույց տրվի, որ Կարեն Կարապետյանը երկրում կարևորագույն, ծանրակշիռ և, ամենակարևորը, հեռանկարային գործիչներից մեկն է, որի միջոցով հարցեր են լուծվում, և ոչ թե նրան որոշումների մասին տեղեկացնում են ու փաստի առաջ կանգնեցնում, գործարկվեց նշված հարցազրույցի տարբերակը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ