USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Սիրիային նվիրված գագաթնաժողով Անկարայում. բոլոր հարցերը հետաձգված են

Սիրիային նվիրված գագաթնաժողով Անկարայում. բոլոր հարցերը հետաձգված են
13.04.2018 | 08:35

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Անկարայի գագաթնաժողովը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցչական պատվիրակության այցը Թուրքիա հետևում են մնացել: Իհարկե, գլխավորը տարածաշրջանային անվտանգության, Սիրիայում տիրող իրադրության ու այդ երկրի ապագայի հարցերն էին և ոչ թե «տխրահռչակ պոմիդորի», թուրքերին ռուսական C-400 «Триумф» զենիթահրթիռային համալիրների մատակարարման կամ էլ «Թուրքական հոսք» գազամուղի ցամաքային հատվածի հարցերը, ինչպես էլ գնահատելիս լինեն հանդիպումների ու բանակցությունների արդյունքները: Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի և Էրդողանի սպասված համատեղ հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ որևէ ինքնատիպությամբ աչքի չի ընկնում: Կան մի շարք նրբություններ, որոնք տեսադաշտում հայտնվում են միայն այն ժամանակ, երբ համեմատում ես երեք նախագահների բուն գագաթնաժողովի և համատեղ հայտարարության տեքստի առնչությամբ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի լրատվամիջոցների հաղորդագրությունները: Առանձնանում է Մերսինում «Ակկույու» ատոմակայանի շինարարության մեկնարկի հարցը: Պուտինն ու Էրդողանը ողջույնի խոսքերով դիմեցին նախագծի մասնակիցներին և մեկնարկի հրահանգ տվեցին. շինարարներն սկսեցին ատոմակայանի հրապարակի բետոնապատումը:

«Մենք վկաներն ենք պատմական պահի թե՛ մեր երկրի զարգացման տեսակետից, թե՛ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության առումով»,- հայտարարեց թուրք նախագահը: Սակայն ատոմային էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունները, ինչպես նաև այդ ոլորտում Մոսկվայի ու Թեհրանի փոխհարաբերությունները մի խնդիր է, որը կապված է ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի անվտանգության հարցի հետ: ՈՒստի ավելի լավ է առայժմ ուշադրությունը չբևեռել այդ հարցի վրա. մենք սոսկ վկաներ ենք մրցակիցների նկատմամբ ռուս ատոմագործների միջանկյալ հաղթանակի և ոչ այն բանի, թե Ռուսաստանն ուժեղացնում է Իրանի և Թուրքիայի դիրքերը՝ մասնակցելով միջուկային էներգետիկայի նրանց ազգային համակարգերի կազմավորմանը:
Անկարայի հանդիպումներին Պուտինի գնահատականը բարձր է: «Պաշտոնական այցը շատ հաջող էր,- ասաց Պուտինը, որի խոսքերը հրապարակեց Կրեմլի մամուլի ծառայությունը:- ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել մեր թուրք բարեկամներին, նախագահ Էրդողանին այս երկու օրվա աշխատանքի հաջող կազմակերպման համար»: Իսկ թե կոնկրետ ո՞րն է հաջողությունը, առայժմ դժվար է ասել: Ահա Արևելքի համար նշանակություն ունեցող նրբություններից մեկը. թուրքական աղբյուրները գրում են, որ Ռուսաստանը համաձայնել է արագացնել C-400-ների մատակարարումները «Թուրքիայի պահանջով»: Ընդ որում, այդ ձևակերպումն օգտագործեց անձամբ Էրդողանը Պուտինի հետ իր առանձնահանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում. «Մեր թանկագին բարեկամները, Ռուսաստանի Դաշնությունը, դրականորեն պատասխանեցին մեր պահանջին»: Իսկ ռուսական աղբյուրների հաղորդագրություններում, սկսած ԱԳՆ-ից, այլ ձևակերպումներ են՝ «թուրքական կողմի խնդրանքով»-ից մինչև «թուրքական կողմը ցանկություն հայտնեց արագացնելու պայմանագրի կատարումը»: «Խնդրանքի» մասին է խոսում նաև ինքը՝ Պուտինը. «Ինչ վերաբերում է C-400 ԶՀՀ-ների մատակարարման ժամկետների արագացմանը, դա մենք արել ենք մեր թուրք գործընկերների ու բարեկամների խնդրանքով»:

Հասկանալի է, որ թուրքերը խաղում են «ներքին սպառողի» համար. դեռ երբեք և ոչ ոք ոչինչ չի «պահանջել» զենք արտադրողից, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Այստեղ կարելի է միայն խնդրել: Եվ դեռ հայտնի էլ չէ, թե որն է վերջնական նպատակը. իրո՞ք ստանալ հենց ռուսական ԶՀՀ-ներ, թե՞ ձեռք բերել դրանց ամերիկյան համարժեք «Petriot» ԶՀՀ-ներ, որոնք Անկարան շարունակում է սպասել ԱՄՆ-ից: Արդյունքում, այդուամենայնիվ, ևս մեկ տարընթերցում. աղբյուրների մի մասը նշում է, թե C-400-ների մատակարարումները սկսվելու են 2019 թ. հուլիսից, մյուսները գրում են, թե մատակարարումները հետաձգվել են մինչև 2019 թ. հոկտեմբեր: Հետաքրքիր է, որ մինչ Անկարայի հանդիպումները բոլոր լրատվամիջոցները նշում էին, թե բանակցությունները դժվարին են լինելու, այդուամենայնիվ, ապրիլի 3-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը լրագրողներին իրազեկեց. «Նախագահների բանակցությունները տևեցին մեկուկես ժամ: Հիմա սկսվել է բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ԲՄՀԽ) նիստը: Ընդամենը մեկուկես ժամ, և վերջ, մնացածը արդեն քննարկել են ոչ թե նախագահները, այլ ԲՄՀԽ-ի երկու կողմի անդամները»:


Բայց մի նրբություն էլ կա. Ռուսաստանի պատվիրակության կազմում էր նաև ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Նա հանդիպումներ ունեցավ և բանակցություններ վարեց իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ, որը մինչև ապրիլ «մաքոքով» դեսուդեն էր նետվում Իրանի ու Իրաքի միջև: Լրատվամիջոցները հաղորդում էին. «Երկու երկրների զորապետների բանակցություններն անցան մամուլի համար փակ ընթացակարգով»: ՈՒրիշ ոչինչ չհաղորդվեց Գերասիմով-Աքար բանակցությունների մասին: Այդ պատճառով չէ՞ արդյոք, որ Պուտին-Էրդողան բանակցությունները տևեցին ընդամենը մեկուկես ժամ: Չէ՞ որ ստացվում է, որ երկկողմ հարաբերությունների առավել սուր հարցերը, առաջին հերթին հենց Սիրիայի հետ կապված կետերը, Ռուսաստանի նախագահը հանձնարարել էր հրապարակել իր գլխավոր շտաբի պետին: Խոսք չկա, մեր աչքի առաջ դասավորվող իրավիճակում կարևոր է նաև այն, որ, ինչպես գրել են մի շարք ռուսական լրատվամիջոցներ, գազամուղի շինարարներն արդեն 85 կիլոմետրի վրա են թուրքական ափից, և «Թուրքական հոսքը» կարող է Թուրքիա մտնել արդեն այս տարվա ապրիլի վերջին: Սակայն Ռուսաստանի և Թուրքիայի գլխավոր շտաբների պետերի բանակցությունների փակ բնույթը մշուշում է թե՛ գազի, թե՛ «Ակկույու» ատոմակայանի շինարարությունն սկսելու, թե՛ «տխրահռչակ պոմիդորի» հարցերը: Ինչ-որ չափով նույնիսկ նաև Սիրիայի հարցը, թեև կարող ենք ընդգծել, կասկած չկա, որ Գերասիմովը թուրք պաշտոնակցին տեղը տեղին նախազգուշացրած կլինի, թե ինչ «կարելի է թուրքերին» և ինչ «չի կարելի թուրքերին»: Եկեք հիշենք. բանակի գեներալ Գերասիմովին տարածաշրջանային դիվանագիտության մեջ ներգրավում են միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ինչպես հարկն է «չորել», ընդ որում հենց Սիրիայի կապակցությամբ:

Նման «դասից» չեն կարողացել խույս տալ նաև ամերիկացիները: Անհնար է գուշակել, թե կոնկրետ ինչ կարող է նախազգուշացրած լինել Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը, այնքան շատ հարցեր են հիմա օդում կախված մնացել քրդական Աֆրինի դեմ թուրքական «Ձիթենու ճյուղ» գործողության, ինչպես նաև այն պատճառով, որ թուրքերը մտադիր չեն հեռանալու սիրիական տարածքից, այլ, ընդհակառակը, դեմ չեն ընդլայնելու իրենց ռազմական գործողությունների ընդգրկումը:
Էլի մի նրբություն. Անկարայում առանձնահանդիպումներ եղան միայն Պուտին-Էրդողան և Պուտին-Ռոհանի ձևաչափով, Իրանի նախագահը առանձին չհանդիպեց թուրք պաշտոնակցի հետ: Եվ երբ փորձում ես պարզել Սիրիային նվիրված գագաթնաժողովի կապակցությամբ իրանական կողմի հայտարարությունների լուսաբանման տարբերությունները, ապա նկատելի է դառնում գոնե մեկ վարկած այն մասին, թե ինչու Ռոհանին բանակցություններ չվարեց Էրդողանի հետ: Իրանի նախագահի հայտարարությունների լուսաբանման գործում անճշտություններով մեղանչումներ էին թույլ տալիս ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, այլև արևմտյան, մասնավորապես բրիտանական «Reuters»-ը: Համեմատենք. ապրիլի 3-ին բրիտանացիները հաղորդեցին, թե Ռոհանին Անկարա մեկնելուց առաջ Թեհրանի օդանավակայանում ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին Սիրիայից դուրս քշելու անհրաժեշտության մասին. «Նրանք բորբոքում են խնդիրները, չեն հարգում Սիրիայի ինքնիշխանությունը, ռմբակոծում են Սիրիայի շրջանները, պաշտպանում են ահաբեկիչներին... Նրանք ուզում են մասնատել այդ երկիրը: Նրանք մեծացնում են Սիրիան ճարակած խնդիրները»: Իսկ ահա իրանական IRNA գործակալության հաղորդագրությունը նույն հայտարարությունների վերաբերյալ. «Օտարերկրյա բոլոր ուժերը, որոնք հիմա գտնվում են Սիրիայում, առանց սիրիական կառավարության պաշտոնական թույլտվության, պետք է հեռանան այդ երկրից, քանի որ նրանց ներկայությունը լիովին ապօրինի է: Ռոհանին քննադատել է Սիրիայում օտարերկրյա ուժերի անօրինական ներկայությունը: Նախագահ Ռոհանին այս դիտողություններն արել է Թեհրանից Անկարա թռիչքից առաջ»: Սրանք չե՞ն արդյոք «Անկարայի գագաթնաժողովի», ինչպես և բանակի գեներալ Գերասիմովի Անկարա ժամանելու գաղտնիքները: Չէ՞ որ Անկարայի հանդիպումներից քիչ առաջ Սիրիայից արդեն հաղորդվել էր թե՛ Արևելյան Ղութայում արևմտյան և իսրայելական զինծառայողների գերեվարման, թե՛ Մանբիջում ու Ռաքքայում ամերիկացիների ու անգլիացիների վրա կատարված հարձակումների մասին, ընդ որում, վերջին դեպքում նշվում էր, որ «Եփրատի ցասումը» գործողությունը սկսել են կառավարամետ աշխարհազորայինները:


Ռոհանիի հայտարարությունների մեկնաբանությունը, ըստ «Reuters»-ի, այն տպավորությունն է ստեղծում, թե իբր Իրանը մտահոգված է Սիրիայում միայն ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ներկայությամբ, իբր Թեհրանը «չի հիշատակում» անգլիացիներին, թուրքերին, ֆրանսիացիներին (հենց գագաթնաժողովի օրերին հայտնի դարձավ, որ նույն Մանբիջում կան նաև ֆրանսիացի զինվորականներ), տարատեսակ արաբների և այլն: Սակայն IRNA-ի հաղորդագրությունը կասկած չի թողնում. Թեհրանը շարունակում է պահանջել, որ Սիրիայից հեռանան բոլոր նրանք, ովքեր այնտեղ են գտնվում ապօրինաբար: Իսկ դա նաև Թուրքիան է: Սա մի նրբություն է, որը մտահոգության էլ ավելի մեծ տեղիք է տալիս. «Կողմերն ընդգծել են իրենց անսասան նվիրվածությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը և ոչ թայֆական բնույթին: Նրանք նշել են, որ ոչ մի գործողություն, անկախ այն բանից, թե ով է ձեռնարկում, չպետք է խարխլի այդ սկզբունքները՝ հաստատված ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով ու սիրիական հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների կամքով: Նրանք մերժել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով տեղերում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը և իրենց վճռականությունն են հայտնել հակազդելու անջատական օրակարգերին, որոնք նպատակամղված են Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խարխլմանը, ինչպես նաև հարևան երկրների ազգային անվտանգությանը»: Սիրիայի «ոչ թայֆայական բնույթը» ուղղակի ակնարկ է այն բանի, որ այդ երկրից «դուրս կվռնդվեն» և՛ Սաուդիան Արաբիան, և՛ Քաթարը՝ իրենց «ալ-քաիդաներով» ու «մուսուլման եղբայրներով»: «Տեղերում նոր իրողություններ ստեղծելու փորձերը» հենց ԱՄՆ-ի ու Թուրքիայի գործունեությունն է Սիրիայի հյուսիսում: Իսկ «անջատական օրակարգերին հակազդելը», անտարակույս, քրդական հարցն է: Ի դեպ, դրա հետ կապված է ևս մեկ նրբություն. հանդիպումների ու եռակողմ գագաթնաժողովի օրերին թուրք հեղինակ Իլնուր Չելիքը թուրքական «The Daily Sabah» պարբերականում տպագրած հոդվածում Սիրիայում վարած քաղաքականության համար պաշտոնական Անկարայի հասցեին շռայլած գովեստների կողքին մի բազմանշանակ միտք է արտահայտել. «Ապագայում նման գագաթնաժողով կկայանա նաև Իրանում: Ինչպես սպասվում է, բոլոր երեք երկրների ներկայացուցիչները կընդգծեն, որ Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն:

Իրադարձությունների նման զարգացումը տհաճ նորություն է քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) համար, որոնք ձգտում են ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայի հյուսիսում ստեղծել «Քրդստանի աշխատավորական կուսակցության ենթակայության տակ գտնվող» կեղծ պետություն: Անկարան ուզում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը նպաստեն Սիրիայում այս կամ այն ձևի ժողովրդավարական կարգերի հաստատմանը՝ հիմնված մեծամասնության կառավարման վրա, իսկ հետո Սիրիան հանձնեն սիրիական ժողովրդին և հեռանան երկրից: Թուրքիան,- ընդգծում է հեղինակը,- ազատագրել է Աֆրինի տարածքը` այնտեղից դուրս քշելով YPG-ին, ինչպես նաև ազատագրել է Եփրատ գետից արևմուտք ընկած տարածքը՝ պարտության մատնելով ԻՊ-ի զինյալներին: Թուրքական զորքերն այդտեղ չեն մտել տարածքներ զավթելու նպատակով, նրանք ուզում են վերջ դնել տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությանը: Անկարան ուզում է աջակցություն ցուցաբերել այդ տարածաշրջաններում վարչական ենթակառուցվածքի վերականգնմանը, որից հետո այն կփոխանցվի քուրդ և արաբ կառավարիչներին: Անկարան ակնկալում է նաև, որ մյուս կողմերը ևս նույն կերպ կվարվեն: Իսկ ԱՄՆ-ը, որը, հակառակ Անկարայի բողոքներին, համագործակցում է YPG-ի հետ, վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ Սիրիայից»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao