Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մենք դեռևս խարխափում ենք՝ առանց հստակ նպատակակետի, առանց կողմնորոշիչ ծրագրերի ու ազգային զարթոնքը կերտող նվիրյալների»

«Մենք դեռևս խարխափում ենք՝ առանց հստակ նպատակակետի, առանց  կողմնորոշիչ ծրագրերի ու ազգային զարթոնքը կերտող նվիրյալների»
13.04.2018 | 09:06

«Իրատեսի» հյուրը արձակագիր, թարգմանիչ, լեզվաբանության պրոֆեսոր ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ է: Նրա «Փեակների տարաբախտություն» վեպը անդրադարձ է տարագիր հայության չարչրկված ոդիսականին ու օտարության մեջ սեփական ինքնությունը պահպանելու անօրինակ մաքառումին, որի ընթացքը լի է փորձություններով, իսկ հանգուցալուծումը խարխափում է անորոշության բավիղներում: Ընթերցողներից շատերը վեպի հերոսների մեջ կճանաչեն իրենք իրենց կամ մերձավորներին: Նրանք մարդիկ են, որ ապրում են մեր շուրջը, բախվում կյանքի անխուսափելի պարտադրանքներին, դիմակայում դրանց կամ կոտրվում-բզկտվում՝ կորցնելով սեփական եսը:
Մեր զրույցը Դիանա Համբարձումյանի հետ այս և այլ թեմաներ է ներառում:

«ՎԵՊՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԴԵՌ ՀՈՒԶԵԼՈՒ ԵՆ
ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻՍ, ԹԵ՛ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅԵՐԻՆ»


-Տիկի՛ն Դիանա, Դուք այն բախտավոր գրողներից եք, որոնց ընթերցում են ոչ միայն Հայաստանում: Հայ ժողովրդի համար օրախնդիր տագնապները, որոնց անդրադառնում եք Ձեր ստեղծագործություններում, ի՞նչ արձագանք են գտնում օտարազգի ընթերցողների շրջանում:
-Նախ, շնորհակալ եմ «Փեակների տարաբախտությունը» իր ծննդից վեց-յոթ ամիս անց կրկին մեջտեղ բերելու համար։ Ճիշտ է, սա այն վեպն է, որը շատ ընթերցողների հուզեց, հայտնվեց գրողների ու գրականագետների ուշադրության կենտրոնում, անգամ գրական մրցանակի արժանացավ, բայց և այնպես, վեպով մեկ սփռված տագնապները, որ մերն են՝ իմն ու քոնը, բոլորինս են, դեռ հուզում և, ցավոք, հակված եմ կարծելու, երկար ժամանակ հուզելու են թե՛ Հայաստանում ապրողներիս, թե՛ աշխարհասփյուռ հայերին։ Ասում եմ՝ ցավոք, քանի որ վեպը հայի՝ երջանկության որոնումների ճանապարհին կորուստներով, տարաբախտություններով լի ճակատագրի մեկնության իմ ջանքն է, ավելի ստույգ՝ կերպարներիս ջանքն է, որ նույնն է թե՝ մե՛ր ջանքն է, իսկ դա գալիս է վկայելու, որ մենք դեռևս խարխափում ենք՝ առանց հստակ նպատակակետի, առանց կողմնորոշիչ ծրագրերի և ազգային զարթոնքը կերտող նվիրյալների։
Այո, ճիշտ եք, ես բարեբախտություն ունեմ շփվելու նաև օտարազգի ընթերցողների հետ, քանի որ պատմվածքներս թարգմանվել են մի շարք լեզուներով, հրատարակվել օտարալեզու ամսագրերում և անթոլոգիաներում, ինչպես նաև լույս են տեսել առանձին գրքերով Գերմանիայում ու Ռուսաստանում։ Գերմանիայի Մյունխեն քաղաքում «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքներիս գերմաներեն ժողովածուի շնորհանդեսին ներկաների մեծամասնությունը գերմանացիներ էին, գրքի գնորդներն էլ միայն գերմանացիներ էին. դա ինձ հուզեց։ Շվեդիայի Վիսբի քաղաքում գտնվող «Բալթյան երկրների գրողների և թարգմանիչների կենտրոնում» մեկ ամիս հյուրընկալվելիս ծանոթացա գերմանացի հայտնի թարգմանչուհի Կարին Կրեգերի հետ, որը «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքս կարդալուց հետո խոստովանեց, որ հուզված էր և ուզում էր խոսել իր տպավորության մասին, հիշում եմ նաև, որ պատմվածքը գնահատեց որպես փոքր տարածքում դինամիկ զարգացող մարդկային ճակատագրերի հուզիչ պատմություն՝ ընդգծված ազգամիջյան հարաբերությունների պատմական հենքի վրա։ Մի քանի օր առաջ այս պատմվածքը նաև թարգմանվեց իսպաներեն և տպագրվեց Արգենտինայում։ Թարգմանչուհին՝ Վիոլետա Բալյանը, որի հայրը հայ է, մայրը՝ գերմանաավստրիացի, նույնպես հավանել էր այս պատմվածքը և իր նախաձեռնությամբ թարգմանեց իսպաներեն, որպեսզի իսպանալեզու ընթերցողը տեսնի ու զգա հայ-ազերի հարաբերության այս իրական-գեղարվեստական պատկերը։

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԱՐԴՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԿՈՐՑՆՈՒՄ Է»


-Գեղարվեստական գրականությունը, արվեստը՝ առհասարակ, ավելի դյուրին ճանապարհ է մեզ անհանգստացնող խնդիրները բարձրաձայնելու համար: Այս իմաստով Ձեր «Փեակների տարաբախտությունը» չի՞ արժանացել մեր երկրի համապատասխան գերատեսչությունների ուշադրությանը: Չէ՞ որ արտագաղթի խնդիրը կոնկրետ հասցեատերեր ունի, որոնք, մեղմ ասած, պատասխանատու են Ձեր հերոսների նախատիպերի ճակատագրերի համար:
-Այո, համաձայն եմ, որ «գրականությունը ճանապարհ է», բայց ո՛չ «դյուրին», ես կասեի՝ գրականությունը մարդու ճանապարհն է, մարդացման ճանապարհի խոտորումների վավերագրումն է։ Հենց այդ ճանապարհին էլ մարդը հաճախ հեռանում է իրենից, իր գոյի ակունքից, իր սկզբի ու վերջի արանքում ձեռքը գցում է փրփուրներին ու իրեն հավատացնում, թե ինչ-ինչ ձեռքբերումներ ունի, մինչդեռ իրականում մարդն անընդհատ կորցնում է, ագահությամբ սպառում-ոչնչացնում է շրջակա միջավայրի հարստությունը, «քաղաքակրթվելով» ապականում է մարդկային հարաբերությունների բնականությունը, բռնատիրությամբ սպանում է ազատությունը, իշխանատենչությամբ բռնաբարում է արդարությունը։ Սա այսպես է ամբողջ աշխարհում, սա ինձ ու քեզ ավելի ցայտուն տեսանելի է մե՛ր երկրում։ Այո, «Փեակների տարաբախտություն» վեպում մարդիկ անցնում են կորուստների և ողբերգությունների ճամփով՝ նախ և առաջ հայրենի երկրից հեռանալու պատճառով, բայց հենց երկիրը, ավելի ստույգ՝ հենց համերկրացիներն են պարարտ հող ստեղծում նրանց «փախուստի» համար, մինչդեռ քիչ անց «փախչողներն» իրենց կյանքով վկայում են մի պարզ ճշմարտություն` «Թախտիցդ փախչես, բախտիցդ ու՞ր փախչես»։ Ինձ համար ամենևին էլ ակնկալելի չէ քո ասած՝ «երկրի համապատասխան գերատեսչությունների շրջանում» վեպիս հանդեպ ուշադրությունը, քանի որ ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ գերատեսչություն-«կանտորաներում» զբաղված են փողեր լվանալով, խնամի-ծանոթ-բարեկամին իրենց յուղոտ «փայից» փշուրներ նետելով, ի վերջո, այլոց աչքին թոզ փչելով, իբր՝ գործ ենք անում, «ատկատի» շահույթը «օֆշորներում» պարտակելով։ Այսպիսի իրականության մեջ այս ամենը կամ գոնե սրա մի մասը վավերագրողի հանդեպ ի՞նչ ուշադրություն եք սպասում։ Որքան կարող են և չեն ամաչում թաքցնել՝ անտեսում են։ Սա «պատժելու» մերօրյա եղանակներից է և ո՛չ ամենախիստը։

«ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՈՉԻՆՉ ԱՐԺԵ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԻՐՈՂ «ԱՌՈՒՏՈՒՐԻ» ԳՈՐԾԱՐՔՈՒՄ»


-«Փեակների տարաբախտություն» վեպում կռվածաղիկ դարձած հողակտորը ոչ պատահաբար 800 հեկտար է՝ 2016-ի ապրիլյան քառօրյային մեր ունեցած տարածքային կորստի չափ: Այս թափանցիկ ակնարկն ու՞ր է միտված:
-Պրոֆեսիոնալ ընթերցողի Ձեր աչքն է նկատել։ ՈՒրեմն ասեմ, որ սկզբում անգիտորեն եմ գրել, հետո, երբ վերընթերցում էի, ես էլ նկատեցի, որ ենթագիտակցությունս ինձ մղել է հենց այդ թվին։ Ասելիքս այդ թվի ուրիշ լինելուց չէր փոխվելու, բայց այդ թվով ավելի թանձրացավ։ Այն, ինչը կռվախնձոր է և զանազան խաբեությունների, ապօրինությունների պատճառով ձեռք բերված կամ կորսված, չի կարող կյանքեր կամ խեղված ճակատագրեր չարժենալ, և արժեցավ. թե՛ վիպական, թե՛ արտավիպական կենսատարածքում։ Սա նաև ժամանակակից աշխարհի հիվանդության ախտորոշիչն է. մարդու կյանքը ոչինչ արժե աշխարհում տիրող «առուտուրի» գործարքում։
-Մեր պատմության բարդ շրջադարձերում վճռորոշ է եղել հայ կնոջ դերը: Ձեր վեպը նույնպես այս է վկայում իր հերոսուհիների՝ Մանեի և Նարե-Սկալդինայի պատմություններով: Առաջինը աղջնակ է՝ հասուն ու գործնական, երկրորդը հինգ երեխայի մայր՝ երերուն ու եթերային: Մերօրյա հայ կնոջ համար այս որակներից ո՞րն է նախընտրելի:
-Ինձ համար երկուսի գոյությունն էլ սիրելի է։ Նարե-Սկալդինան, առերևույթ որքան էլ փխրուն ու եթերային, որքան էլ բանաստեղծի ներաշխարհով՝ տեսիլների ու տեսիլքների իրական զգացողությամբ, նույնքան ամուր է և դիմացկուն, երբ ընտանիքին, սիրելի տղամարդուն, զավակներին պատուհասած դժբախտության, մեծ վտանգի պահին զգում, ապա գիտակցում է, որ միակ պատվարը ինքն է, ինքն է՝ իր դիմակայելու աներևակայելի կարողությամբ, սիրելիներին զորավիգ լինելու աներեր կամքով, երբ հոգեբուժարանում անգամ հստակորեն գիտի ու պահանջում է. «...ինձ բա՛ց թողեք՝ գնամ տուն, ինձնից ի՞նչ գիժ, երեխեքս մեղք են, հո կրակը չե՞նք ընկել ձեր ձեռքը, հոնքը շինելու տեղ աչքն էլ եք հանում, իմ երեխեքին ուրիշ մայրիկ պետք չի, լսո՞ւմ եք, պետք չի, պետք չի»։ Մանեն, որ Շվեդիայում ծնված ու մեծացած հայուհի է, Շվեդիայի առաջադեմ քաղաքացի, որ հպարտ է իր քաղաքացիությամբ, մանկությունից ի վեր՝ կյանքի դժվարություններին դեմ հանդիման, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով մեկն է, ում երազանքն է երբևէ հասնել այնտեղ, այն երկիրը, որտեղ անցել է իր ծնողների երիտասարդությունը, որտեղ ապրում էր սքայփի պատուհանից իրենց կյանքը հսկող ու կարգավորող, բարության մարմնացում տատիկը, որտեղ շվեդ կինոռեժիսոր Թոմաս Թրանսը հանդիպել էր իր Ար հայրիկին այն ժամանակ, երբ նա դեռ իր հայրը չէր, ճանաչել ու այնպես էր սիրել Արի երկիրը, որ հաստատապես որոշել էր վերադառնալ այնտեղ՝ վայելելու նրա մշակութային ինքնատիպ գրավչությունը, Մանեն, որ դեռ չի ճանաչում այդ երկիրը, բայց խորապես գիտակցում է իր ինքնությունը. «Կարծես քիչ է, որ Մանեն եմ, մի բան էլ՝ հայ եմ», գիտի, որ այնտեղ է թաղված հոր ու մոր ողբերգության գաղտնիքը, գիտի, որ հենց այնտեղ էր ձգտում վերադառնալ հայրը՝ հաստատապես համոզված, որ գնում էր կորսվելու, գիտի, որ այդ երկիրը Հայաստանն է, և ուզում է, շատ է ուզում, որ Հայաստանը տեսնի իրեն։ Այս երկու կանայք Հայաստանի ներկան ու ապագան են դարձդարձում. Նարեն երկրից հեռացողն է, որի հայացքը մշտապես հետ է, Մանեն երկիր դարձողն է, որի հայացքը իրեն նկատող հայացք է որոնում, երկիր հայրենիքի հայացքը։

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ` ԿԻՆՈՆ ՄԻՇՏ ԳՏՆՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՐՈՂԻՆ»


-Մեր երկրի այսօրվա ներքաղաքական անցուդարձերից որո՞նք կդառնան թեմա Ձեր ապագա ստեղծագործությունների համար:
-Հիմա մի նոր վեպ եմ էսքիզավորում, որտեղ, կարծում եմ, ո՛չ այնքան քաղաքական կամ սոցիալական խնդիրներ կարծարծվեն (թեպետ առանց դրանց անհնար է պատկերացնել վիպական տարածքի ամբողջացումը. նույնիսկ եթե վեպը արկածային կամ «ֆանտաստիկա» ժանրին է պատկանում, դարձյալ քաղաքական ու սոցիալ-հասարակական ենթաշերտերը կան կամ գոնե ընկալելի են), որքան մտքի, մտածողության, մտածելակերպի, կարծրատիպերի ու դրանցից ձերբազատվելու կարողության ու անկարողության և այդ պատճառով ու դրա հետևանքով մեր իրականության աղճատումը, առաջընթացի խոչընդոտումը, մեր երազանքների անկատարությունը կպատկերվեն։ Առայժմ այսպես ու այսքանը։
-«Փեակների տարաբախտությունը» կոչում եք կինովեպ: Հույս ունե՞ք գտնելու Ձեր ռեժիսորին:
-Վեպը գրողը կամ պատմողը՝ Մանեն, խոստովանում է. «Մե՛նք ենք այս պատմությունը», հենց ի սկզբանե մեզ համոզում է, որ սա «մի մեծ կինո» է, «որ նկարահանվել է առանց օպերատորի ու ռեժիսորի, առանց պրոդյուսերական հախ ու հաշվի, առանց դերասանների իմացության ու առանց հատուկ գրված սցենարի կամ մի սցենարով, որն անգրել խաղացվում է հընթացս ապրելուն»։ Մանեն մեր կյանքի կինոն դրվագ առ դրվագ գրի է առել շվեդ կինոռեժիսոր Թոմաս Թրանսի պատվեր-խնդրանքով, իսկ ինձ ոչ մեկը ո՛չ խնդրել է, ո՛չ էլ պատվիրել վեպ, ավելին՝ կինովեպ գրել, բայց ես հույս ունեմ, չէ, հավատում եմ` կինոն միշտ գտնում է իր նկարողին։


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ