ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ընդդիմության մետաքսյա շապիկը (փշե պսակներ)

Ընդդիմության մետաքսյա շապիկը (փշե պսակներ)
13.04.2018 | 09:09

ՆԱԽԵՐԳ


Ապրիլյան օրերը լի են կանաչող բնության հուսատու բույրով։ Գարունը տարերքի մեջ է, գարուն է հայրենի երկրի սարում, ձորում, անգամ մենաշնորհատերերի պարտեզներում։ Այնինչ երկրի քաղաքական ընդդիմությունը մանրաչափ կարկուտ է տեղում և հեղեղում փողոց ու հրապարակ։

Փառահեղ են ներկա օրերը։ Երդմնակալության գերսպասված արարողությունն էր Ծիծեռնակաբերդի հուշաբլրի գագաթին բազմած Մարզահամերգային համալիրում։ 3-րդ հանրապետության 4-րդ նախագահ (մի այլ պատմաքաղաքական ձևաչափով` 4-րդ հանրապետության 1-ին նախագահ) տիար Արմեն Սարգսյանն ամփոփագիր իր ելույթում ուղերձ հղեց հայ հանրությանը և համայն հայությանը։ Եվ քանի որ սույն ուղերձը կարող է դառնալ 4-րդ հայկական հանրապետության հիմնաքարը, հարկավ արժե այն քարագրել մեր հողմերում. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը` երդվում եմ հավատարիմ լինել ՀՀ սահմանադրությանը և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով ու իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։ Աստված ինձ օգնական»։ Ինչպես չասենք` ամեն։

Համապետական և համազգային շահով Հայաստանում ովքե՞ր են առաջնորդվում։ Կռահեցիք ինչպես միշտ, հայ ունեզրկված բնակչությունը, նրանց շարքում` գյուղացիությունը, կրտսեր սպայակազմն ու զինվորականությունը, դեռևս հանրապետությունում գտնվող գիտական ու ստեղծագործական մտավորականությունը, ի վերջո, բոլորը, բացի ընդդիմությունից և իշխանությունից։ Միով բանիվ հյուրընկալվենք հայոց քաղաքական ընդդիմությանը։

ՄԵՏԱՔՍՅԱ ՇԱՊԻԿԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ


Ընդդիմությու՜ն, սույն դղրդուն-նվիրական երևույթը օդում ճախրող մի փուչիկ է, ինքնաբավ, գույնզգույն և վաղանցուկ։ Քանի որ ընդդիմություն ասվածը ինքնին ենթադրում է ընդդիմանալ ինչ-որ բանի, ընդդիմանալ անվերապահ և անկաշառ։ Այսինքն, չվերածվել խամաճիկի։
19-րդ դարի վերջերին Հայոց լեռնաշխարհում ի հայտ եկան զանազան քաղաքական հոսանքներ և շատ շուտով վերածվեցին կուսակցությունների։ Նրանց գերագույն նպատակը Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր օսմանյան լծից և Արևելյան Հայաստանի անկախացումը Ռուսիո կայսրությունից։ Նրանք նվիրյալ էին և հանուն վերոնշյալ նպատակի պատրաստ էին ցանկացած զոհողության։ Ի մասնավորի ահաբեկչական գործեր էին իրականացնում, զենք ու զինամթերք էին հայթայթում, ծրագրեր էին երկնում և ժողովրդին ներշնչում էին հույս և հավատ։ Հնչակյանները Սալոնիկի գաղտնի ժողովում (թվին 1913) մահվան դատապարտեցին երիտթուրքական կուսակցության պարագլուխներին, քաջատեղյակ, որ Թալեաթն ու այլք ծրագրել էին հայոց ցեղասպանդը։ Ի մեծ ցավ հայության` ժողովին ներկա ոմն մատնիչ-դիվահար հայտնեց այդ մասին երիտթուրքերին։ Հնչակյան կուսակցության 20 ընտրյալները Փարամազի գլխավորությամբ կախաղան բարձրացվեցին, եղեռնը չկանխվեց։ Հավերժ հիշատակ նրանց գործին և անվանը։ ՀՅԴ առաջամարտիկները, ահաբեկչություն իրականացնելով, գնում-կանգնում էին կախաղանի տակ, որպեսզի հայ զանգվածին վնաս չպատճառվեր։ Այս կտրիճները վայելում էին անգամ թուրքերի հարգանքը, որոնք թույլատրում էին նրանց թաղել քրիստոնեական ծիսակարգով։


Բոլշևիկ հայերը գաղափարական աննկուն մարտիկներ էին։ Նրանք պայքարում էին վասն համաշխարհային հեղափոխության հաղթանակի և հանուն դրա կազմալուծում էին կայսրության հիմքերը։ Բոլշևիկյան կուսակցության անդամներից էր հռչակավոր Կամոն` Սիմոնը Տեր-Պետրոսյան։ Այս երևելի գործիչն անշուշտ մտասևեռուն երևույթ էր և հանուն գաղափարի կզոհաբերեր ամեն բան և ամենքին, սկսած սեփական անձից։ Զի նա իսկապես ընդդիմադիր էր, ընդդիմանում էր ցարական ռեժիմին, ապրում էր գլխավորապես ընդհատակում, սնվում էր դեպքից դեպք և չուներ որևէ կայք ու գույք։

Նախորդ դարի 60-ականներին Հայաստանում ձևավորվեց անկախական-այլախոհական շարժումը` ի նպաստ Հայաստանի ապասովետականացման, այսինքն անկախացման։ Ազգային միացյալ կուսակցության, «Հանուն հայրենիքի» միության և այլ գաղափարական անհնազանդության ջահակիրները խորհրդային կարգերին ընդդեմ էին և իրենց պայքարի վերջնարդյունքում ջահելությունն էին մաշում ԽՍՀՄ տաժանակրության ամենադաժան վայրերում, Պերմի գաղութներում։ Միով բանիվ վերոնշյալ ընդդիմադիրները մետաքսյա շապիկ չէին հագնում, նահատակվում էին հանուն սեփական գաղափարների կենսագործման։

Անկախ Հայաստանում (չզարմանաք, բայց անկախ Հայաստանը նույն այդ 3-րդ հանրապետությունն է) ընդդիմությունն ավելի շատ հանրային դաշտում է, որին քիչ անց կանդրադառնանք։ Այժմ փորձենք կռահել, մի՞թե ժամանակը չէ, որ քաղաքական ընդդիմությունը գոնե մի երկու տարով լքի հանրապետությունը, կամ մնա երկրում, բա՞յց... Այժմ պարզենք, թե որն է ընդդիմության և իշխանության իրական տարբերությունը մեր ոչ այնքան երանելի կյանքում և անիրական հայրենիքում։ Առայժմ քաջ հայտնի է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իշխանական բոլոր նվիրական-հայրենակարոտ և պետականակերտ ձեռնարկումների դարձերեսն են, այսինքն իշխանության հետ հագնում են նույն մետաքսյա շապիկը, շուրջպար են բռնում նույն զեխ խնջույքներում, բայց օրնիբուն անարգանքի սյուներին են գամում իշխանություններին, հընթացս ողբալով 3-րդ հանրապետության անվերապահ պետականազրկումը։ Եվ եթե մենք մի հրաշքով անտեսանելի գլխարկ դնենք և հայտնվենք դիցուք ԱԺ-ի բուֆետում, կառերեսվենք խիստ ողբալի մի եղելության. դահլիճում վասն հայրենյաց փրկության իշխանության միսը ծվատող, արյունն էլ խմող ընդդիմությունն իշխանության հետ եղբայրաբար կիսում է նույն նրբերշիկը և ճաշում է նույն ափսեից։ Միով բանիվ շատ շատերի մետաքսյա շապիկների տակ բարգավաճում է նրանց իշխանահլու մարմինը, ավելի ստույգ` էությունը։

ՓՇԵ ԴԱՓՆԵՊՍԱԿՆԵՐ


Վերը խոստացանք անդրադառնալ հանրային ընդդիմությանը։ Խոստումն անմոռաց է, պարզապես ժամն է հնչել քնարական դադարի։ Մեզ հետ մեր հայրենիքի հոգսն է կիսում ազնվազարմ մի սլավոն այր, հրապարակախոս և ՌԴ ներքին զորքերի սպա Վիկտոր Ալեքսանդրովը. «Ամեն անգամ, երբ բանաստեղծություն կամ հրապարակախոսական հոդված եմ գրում Հայաստանի ու Արցախի մասին, ինձ թվում է, թե ինչ-որ սուրբ բանի եմ առնչվում։
Իմ հայրենակիցներ, չի կարելի մտածել, թե Արցախի համար պայքարը զուտ պայքար է, լուսավորյալ և կրթյալ հայ ժողովրդի պայքարը քարանձավային մարդակերի բիրտ միջնադարի դեմ, դա լույսի ու խավարի պայքար է»։ Իսկ հայ հանրությունը մի՞թե հուսալքված քուն է մտել, ամենևին, պարզապես այժմ կապանքված է իշխանության և ընդդիմության կողմից նույն թելերով և միևնույն հաստոցներով հյուսված սարդոստայնում։ Եվ առայժմ չի գտնում ելքը։ Քաղընդդիմությունը ելքը գտել է վաղու՜ց, ունկնդրելով Չարենցի պատգամին. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Գտել է և փրկվել` միաբանվելով իշխանության հետ։ «Լուսավոր Հայաստանը» վասն պետականության կայացման կառավարման նաև իշխման լծակներ էր պահանջում։ «Ելքը» քաղաքական խոյահարման է պատրաստ, բայց ըստ քաղաքական հողմերի ուղղության, առայժմ աղմկում է, քուրջ է հագնում մետաքսե շապիկի վրայից և քայլարշավում է, հերկում է երկրի ուղիները։ Եվ շատ է նմանվում պառավող այն օրիորդին, որը տան շեմն է եռանդագին մաքրում, անցորդի ուշադրությունը գրավելու համար, մեկ էլ տեսար անցորդը ամուրի մեկը կլինի։ Կգնահատի՞ հավուր պատշաճի գործող իշխանությունը «Ելքի» եռքը։ Հազիվ թե։ Իսկ ՀՅԴ-ն... սա պատմաքաղաքական անլուծելի մի թնջուկ է, և այդպես էլ մնաց գաղտնիք` այս կառույցը ի վերջո իսկապես ընդդիմությու՞ն է, թե՞ օրգանապես անկարող է տեղակայվելու քաղդաշտի աջում, ձախում կամ կենտրոնում և գտնվում է ամենուր։ Այսպիսով մի կողմից իշխանությունը, հակառակ կողմից էլ քաղընդդիմությունը նույն ջանասիրությամբ և ոգով նյութաքամում են մեր պետականությունը, քամում, ծամում են եղած-չեղածը սարում, հանդում, լճում և ընդերքում։ Ամուլսարը աղետասար է, սակայն մի՞թե թեկուզ մի մազ ճերմակեց քաղընդդիմության հայրենապաշտ գլխի վրա, վասն ամուլսարյան աղետի կանխման։ Փլուզվեց երկրի արդյունաբերության վերջին հսկան` «Նաիրիտը», քաղընդդիմությունը կամ լռում էր կամ եթե ընդվզում էր, ապա միայն պարսավանքի ձևաչափում։


Առհասարակ պարսավանքն է հայոց ներկա քաղաքական ընդդիմության և՛ գուրզը, և՛ ճառամատյանը։ Զի պարսավանքով կամուրջները չեն այրվում, և ցանկացած պահի, երբ կամրջի հակառակ ծայրին կանաչ լույս վառվի, ընդդիմադիր-պարսավանքակիրները երանավետ կհանգրվանեն իշխանության գաղտնագրպանում։ Զի այնտեղ տաք է, մշտապես գարուն է։ Մի խոսքով, իշխանական գաղտնագրպանիկներում քաղաքական դրախտն է. խելահաս եղեք և կհայտնվեք այնտեղ։
Ներկա խորհրդարանական ընդդիմությունը այսպիսով մի ելք ունի` վասն երկրի փրկության վայր դնել պատգամավորական մանդատները, ձեռնադրվել որպես քաղաքական տաժանակիր և մետաքսյա շապիկները փոխարինել սեքնդհենդային քաթանե շապիկով, առհասարակ, հագնվել ասկետավարի և դրսևորել ասպետական վարք։ Ամեն։

ՎԵՐՋԵՐԳ


ՀՀ քաղաքական ընդդիմությունը պետք է անհապաղ անցնի ընդհատակ, ընդհատակում պետք է քաղցի, պետք է ելնի ջրի երես և աքսորվի դեպի սահմանամերձ համայնքներ։ Այսինքն` ընդդիմության յուրաքանչյուր արարք պետք է տրամագծորեն հակադարձվի իշխանության արարքներին։

Գարունը տարերքի մեջ է, գարունը հայրենի երկրի զարթոնքն է սարում, ձորում, անգամ մենաշնորհատերերի պարտեզներում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ