USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Է՜հ, թատրոն, թատրոն-2

Է՜հ, թատրոն, թատրոն-2
13.04.2018 | 09:13

(Նախորդ մասը)

ՀԵՂԻՆԱԿ` ՔՐԻՍՏՈՍ


Բնիկ թիֆլիսցի օրիորդ Վարդուհին շնորհալի դերասանուհի էր, որ հատկապես անկրկնելի էր Թիֆլիսի կյանքին վերաբերող թատերախաղերում: Հրաշալի Շուշան էր «Պեպոյում»: Խոսում էր Թիֆլիսի բարբառով և սիրված էր գործընկերների կողմից: Շատ տարիներ անց` 55 տարեկանում, ամուսնացավ իր տաղանդին սիրահարված 25-ամյա մի երիտասարդի հետ, բայց միևնույն է` մինչև վերջ նրան անվանում էին «օրիորդ Վարդուհի»:
Թիֆլիսի Արտիստական ընկերության բեմում պատրաստվում էին ներկայացնելու Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները», ուր Վարդուհին ուներ լեդի Արաբելայի դերը:
Բեմադրիչը անվանի Հովհաննես Աբելյանն էր, նրա օգնականը և միաժամանակ հնդկացի Տալկավի դերակատարը` Անդրանիկ Սողոմոնյանը: Վերջինիս պարտականությունն էր նաև դերաբաշխումը և վերահսկումը:


Փորձի օրը Սողոմոնյանը որոշում է օյին խաղալ օրիորդ Վարդուհու գլխին` նրա դերի տեքստի ճակատին Ժյուլ Վեռնի փոխարեն գրում է Քրիստոս, լեդի Արաբելան փոխում է Ժյուլ Վեռնի և տեքստը հանձնում դերասանուհուն:
Աբելյանը բազմում է նախաբեմում դրված աթոռին, կողքին` Սողոմոնյանը: Հասնում է օրիորդ Վարդուհու մուտքի պահը:
-Լեդի Արաբելա՜,- կանչում է Սողոմոնյանը:
Արձագանք չկա, Վարդուհին հանգիստ նստած էր:
-Լեդի Արաբելա՜,- կրկնում է Աբելյանը:
Նորից պատասխան չկա, իսկ Վարդուհին հայացքը հառած հեռուները` անտարբեր նստած էր:
-ՈՒ՞մ ես հանձնել Արաբելայի դերը,- Սողոմոնյանին հարցնում է Աբելյանը:
-Վարդուհուն:
Աբելյանը բորբոքվում է.
-Աղջի Վարդուհի, խլացե՞լ ես, չե՞ս լսում, որ քեզ են կանչում, խու՛լ:
Վարդուհին առաջ է գալիս.
-Քա Օվանես, ի՞նչ նամաղուլ իս անում, յիս խուլ չիմ, ականջներս էլ ունիրո լավ քոքած կու պահիմ: Յիս Ժյուլ Վեռնի դերն իմ խաղում:
Ապա հաղթականորեն Աբելյանի քթին է դեմ տալիս տեքստը և ավելացնում.
-Ըհը՜, կարդա` Ժյուլ Վեռնի դերը, հեղինակություն` Քրիստոսի…

«ԱՊՈՒՇԸ»


Իսահակ Ալիխանյանի բենեֆիսի համար որոշել էին բեմադրել Դոստոևսկու «Ապուշը»: Արտիստական թատրոնի ճեմասրահում հավաքվում են ընթերցանության: Վարդուհին մոտենում է Ալիխանյանին ու հարցնում.
-Իսակ ջան, ի՞նչ իս խաղում բենեֆիսիդ:
-Իդիոտ,- պատասխանում է Ալիխանյանը:
Վարդուհին մեկեն բռնկվում է ու ձայնը զլում.
-Իդիոտը դուն իս, լածիրակ, յիս քի ադմորդու պես բան իմ հարցնում, դուն էլ օրինավոր ջուղաբ տու:
-Իդիո՛տ, ապու՛շ,- միամտաբար կրկնում է Ալիխանյանը:
Վարդուհին` արդեն փրփրած, դառնում է Գևորգ Պետրոսյանին, որը նման դեպքերում թատերախմբի «դատավորն» էր:
-Քա Եգոր, տեսնու՞մ իս էս լպստածին: Քա էսենց բան կուլի՞, ես սրա մասխարե՞ն իմ:
Պետրոսյանը, որ ինքն էլ կատակասեր մարդ էր, լրջությամբ պատասխանում է.
-Իսահակը ճիշտ է ասում` իդիո՛տ:
Այլևս չկարողանալով իրեն զսպել` օրիորդ Վարդուհին սկսում է բարձրաձայն լաց լինելով վազվզել բեմի վրա:
-Քա, էսենց բան կուլի՞, ես օղորմածիկ Ադամյանի հիդ իմ խաղացել… Էս լածիրակը ինձ մասխարա է գցու՞մ, լոթի պաժարնի…
-Քա, ի՞նչ իս էրէխի պես զռռում, Իսահակը իրա բենեֆիսին «Իդիոտ» է խաղում, հասկացա՞ր, մտա՞վ գոնգրետ, ապու՜շ,- մեջ է մտնում տիկին Վարսենիկ Մելիքյանը:
Նոր միայն գլխի ընկնելով` Վարդուհին միանում է ընդհանուր քրքիջին և ասում Ալիխանյանին.
-Տո, գետինը մտած, տո լոթի պաժարնի, տո լպստած, հայերեն չի՞ս կանա խոսի:

ԶՌՌՈՑ ՈՒ ՀՌՀՌՈՑ


Դերասան Արշակ Հարությունյանը շատ պիտանի էր հատկապես Սունդուկյանի պիեսներում: Բայց դրանից ավելի խնջույքների հմուտ թամադա էր. եթե գրողների մեջ այդպիսին էր Հովհ. Թումանյանը, ապա դերասանական ընտանիքում` Հարությունյանը:
Սակայն Արշակն ուներ մի թերություն` անզուսպ ծիծաղելու հատկություն: Բավական էր մի փոքրիկ առիթ, և նա սկսում էր անսանձ ու երկարատև քրքջալ, այնպես որ, հաճախ ստիպված էին լինում վարագույրն իջեցնել, հետո նորից շարունակել ընդհատված թատերախաղը:
Արտիստական թատրոնում խաղում են Սերվանտեսի «Դոն Կիխոտ Լամանչեցին» կատակերգությունը: Երկրորդ արարին բեմ են մտնում Արամ Վրույրը, Պողոս Արաքսյանն ու Հարությունյանը` հետներն էլ մի հաղթակազմ, բեռնավորված էշ:
Դոն Կիխոտը դառնում է Սանչոյին.
-Այժմ կանչե, բարեկամ Սանչո, Տորոզո՜, Տորոզո՜…
Բայց մինչև Սանչոն բերանը կբացեր, էշն սկսում է ամբողջ ուժով սոսկալի զռռալ: Դահլիճը ծիծաղից որոտում է, հատկապես` վերնահարկը: Անզուսպ քրքջում է նաև Արշակը:
Մի կերպ հանդիսականներին ու բեմը հանդարտեցնելուց հետո Վրույրը կրկնում է.
-Այժմ կանչե, բարեկամ Սանչո, Տորոզո՜, Տորոզո՜…
Այս անգամ զռռալու փոխարեն էշն սկսում է բեմն աղմուկով անխնա «ջրել»: Շիթը հասնում է մինչև հուշարար Չարչարյանը, որը հազիվ է հասցնում տեքստը փախցնել: Իսկ Արաքսյանը դառնում է արդեն բլթբլթացնող Հարությունյանին ու կամացուկ ասում.
-Տո՛, էս մունդռիկը ուրիշ բան չունի՞…
Վե՛րջ, դա արդեն բավական էր: Հարությունյանի ծիծաղը պայթում է, և նա բարձրաձայն հռհռալով փախչում է բեմից:
Վարագույրն իջնում է:
Դա առաջին ու վերջին դեպքն էր, երբ էշ բեմ հանեցին:

ԿՈՒՐՈ


Խելացի, կրթված և հասնող-օգնող մարդու համբավ ուներ պարոն Պարոն Սարգսյանը, որը 1880-1900 թթ. ընդգրկվում էր զանազան դերասանական խմբերում: Եվ եթե չլիներ նրա ջերմ բարեկամությունը բաքոսի հետ, ապա երկար կապրեր ու պատվավոր տեղ կունենար հայ կամ վրաց բեմերում:
Թիֆլիսում վախճանվում է հայտնի դերասանուհի տիկին Վարսենիկ Մելիքյանի զառամյալ մայրը: Գործընկերներն անմիջապես շտապում են օգնություն հասցնելու վշտահար դերասանուհուն: Սարգսյանը, որ այդ ընտանիքի մտերիմ մարդկանցից էր, մոտենում է տիկին Մելիքյանին.
-Վարս ջան, ի՞նչ կուզիս վուր անիմ, հոգուդ մատաղ, հրամայե, էս նմութիս ամեն բան կոնիմ:
Հանձնարարություն ստանալով կուրո` դագաղ պատվիրել, Սարգսյանը դուրս է նետվում: Պատվերը կատարելով ու վազվզոցից հոգնած` մտնում է Հավլաբար տանող ճամփին շարված տասնյակ գինետներից մեկը ու երկար, հանգամանալից կոնծում: Ապա օրորվելով դուրս է գալիս և մտնում մի ուրիշ դագաղագործի մոտ… սիրելի գործընկերուհու մոր համար կուրո պատվիրելու: Դագաղագործը խոստանում է հաջորդ առավոտ ժամը 9-ին պատվերը տեղ հասցնել:
Նույն օրը երեկոյան բերում են առաջին կուրոն և հանգուցյալին տեղավորում մեջը:
Հաջորդ առավոտ ճիշտ պայմանավորված ժամին բերում են երկրորդը: Ապշահար սգավորները միմյանց երես են նայում:
Տիկին Մելիքյանը հարձակվում է Սարգսյանի վրա.
-Տո գլխամեռ, տո հարբած մեյմուն, դեդիս էրկու կուրիո՞վ պտի թաղիմ, կորցրու աչքեմես:
-Վնաս չունի, Վարս ջան, թող մնա, մնա, պետք կուլի, պետք կուլի,- պատասխանում է Պարոն Սարգսյանը:

«ՀԻՄԱ՛Ր, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ»


Ալեքսանդրապոլցի Հովհաննես Ստեփանյանը հայ դերասանական ընտանիքի սիրված ու պիտանի անդամներից էր:
1896 թ. նա հինգ հոգուց բաղկացած մի խումբ է կազմում, որպեսզի Բաքվից հասնեն Երևան ու Զատկի տոներին հյուրախաղերով հանդես գան:
Հինգ օր շարունակ ֆուրգոնի մեջ օրորվել-տրորվելով ու սրթսրթալով` վերջապես հասնում են Երևան:
Այդ ժամանակ առանց պաշտոնական թույլտվության հնարավոր չէր բեմ ելնել, իսկ դա կախված էր ոստիկանապետից` կոզակ գնդապետ Բալուևից, որը կոպիտ ու հայատյաց մի բյուրոկրատ էր:
Հովհ. Ստեփանյանը սնդուկից հանում է միակ ներկայանալի կոստյումը, խոզանակով մաքրում, արդուկում, կոշիկները փայլեցնում, խռիվ մազերը սանրում և, որպես խմբի ղեկավար, քայլերն ուղղում ոստիկանատուն:
Փնչալով, հազալով, շնչակտուր տեղ է հասնում, աստիճաններով բարձրանում և կռանում, որպեսզի ցեխոտ կրկնակոշիկները հանի: Այդ պահին դռան մեջ երևում է կոզակի համազգեստով մեկը և ռուսերեն հարցնում.
-Դու ո՞վ ես:
Նրա կողմը մի խեթ հայացք նետելով, Ստեփանյանը պատասխանում է.
-Հարիֆ, սպասիր, է՜:
Կոզակը ներս է անցնում և քիչ անց կարգադրում կանչել դրսում սպասող պարոնին:
Ստեփանյանը ներս է մտնում և ապշահար տեսնում մեծ գրասեղանի առջև նստած նույն մարդուն: Գնդապետ Բալուևն էր:
-Ի՞նչ եք կամենում,- բարկացած և ատելությամբ լցված հարցնում է ոստիկանապետը:
-Ես… պարոն ոստիկանապետ… եկել եմ Բաքվից: Ես հայ դերասան…
Եվ ուզում է իր կոտրատված ռուսերենով շարադրել խնդրանքը, բայց գնդապետը ձեռքը զարկում է սեղանին ու բղավում.
-Դու՛րս կորիր:
Սրտաճաք, թուքը չորացած Ստեփանյանը դուրս է թռչում, լեղապատառ հասնում հյուրանոց և խմբի անդամներին պատմում գլխին եկածը:
Դերասանները հարցնում են.
-Լավ, իսկ դու ոչինչ չասացի՞ր:
-Հապա չասացի՜…
-Ի՞նչ ասացիր:
-Երբ դուրս եկա փողոց, ետ նայեցի և ասացի. «Հիմա՛ր, ուրիշ ոչինչ»:

(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Արշակ Հարությունյան Շարժը` Լաքայի, 1915 թ.
  • Վարսենիկ Մելիքյան
Դիտվել է՝ 1017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ