Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Առանց ինժեներական մտքի ճարտարապետի գծագրածը նկար է»

«Առանց ինժեներական մտքի ճարտարապետի գծագրածը նկար է»
13.04.2018 | 09:22

Երբ խոսում ենք այս կամ այն կառույցի մասին, հիմնականում հիշատակում ենք ճարտարապետին, հաճախ անտեսվում է մի կարևոր հանգամանք. առանց ճարտարագիտական մտքի՝ շինարարական ոչ մի կառույց չի կարող վեր խոյանալ: Օրերս «Իրատեսի» հյուրն էր ծնունդով ախալցխացի, մասնագիտությամբ ճարտարագետ ԲՈՐԻՍ ՉԹՉՅԱՆԸ, որը շուրջ 35 տարի աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում (ներկայումս՝ «Հայնախագիծ»), եղել է գլխավոր ճարտարագետներից մեկը: Հեղինակ է 180-ից ավելի օբյեկտի, նախագծի և շենքի, որոնցից են Երևանի «Տաշիր» հանրախանութը, ԱՄՆ-ի նոր դեսպանատունը, Երևանի բազմաթիվ բնակելի շենքեր, Գորիսի օդանավակայանը, ՌԴ Նովոսիբիրսկի հայկական թաղամասի եկեղեցին, Եմենի Հանրապետության բազմաթիվ կառույցներ:


Բորիս Չթչյանի հետ զրուցեցինք մեր քաղաքի հին ու նոր շենքերի մասին, մասնավորապես հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի օր օրի ավելացող նորակառույց բազմահարկ շենքերի մասին:
Ճարտարագետը նշեց, որ նախկինում Հայաստանում շենքերը կառուցվել են յոթբալանոց երկրաշարժի հիմքով: 90-ականներից հետո նորմերը փոխվել են, ընդունված է ինը, տեղ-տեղ նաև 10-բալանոց համակարգը: Նոր շենքերի կոնստրուկցիաներից հազվադեպ են բողոքներ լինում, թեև եթե շինարարները անբարեխիղճ լինեն, թերությունները չեն բացառվում: «Ճարտարագետն ինչո՞վ է տարբերվում ճարտարապետից: Եթե նախագիծը 100 տոկոս միավոր է, աշխատանքի 60 տոկոսը ճարտարագետինն է, առանց ճարտարագիտական գծագրերի ոչ մի շինարար չի կարող գործ անել: Ճարտարապետի գծագրածը նկար է՝ առանց ինժեներական մտքի»,- ասաց ճարտարագետը:


Կարծիք կա, որ քարե շենքերն ապահով չեն: Մեր զրուցակիցն ասաց, որ քարե շենքերը մինչև հինգհարկանի պետք է լինեն, իսկ ապահով՝ բոլոր տեսակի շենքերը՝ քարե, երկաթբետոնե, մետաղական: Շենքերի կյանքի տևողությունը կախված է նրանց նշանակությունից, օրինակ, օպերային թատրոնի շենքը նախատեսված է մոտ 200 տարվա համար, բնակելի շենքերը՝ 25-50. «Շենքերի զգալի մասը հին նորմերով է կառուցված, կարիք կա դրանք ամրացնելու, առավել հները քանդելու, նորը կառուցելու, ինչը, սակայն, հսկայական ծախսերի հետ է կապված: Ժամանակի հետ փոխվում են նաև մարդկանց պահանջները: Այսպես, նախկինում մարդկանց 9 քմ բնակելի տարածք էր հասնում, հիմա՝ 13, այսինքն, եղած մակերեսը չի բավարարում, պետք է ճարտարապետները փոխեն իրենց հատակագծերը, համապատասխանեցնեն նորմերին, բայց դա ևս բարդ պրոցես է: Տիպային նախագծով կառուցած շենքում դժվար է ձևափոխումներ անել, ճիշտ է, քառակուսիները քիչ են, բայց չափորոշիչներով են արված, նրանց հեղինակները այնպես են նախագծել բնակելի տարածքների հատակագիծը, որ դրանից լավ չես կարող անել, քանդել-փոխելուց կվատացնես վիճակը: Իսկ որ մասնավոր շենքերում շատերը ձևափոխություն են անում, պատճառը վատ նախագիծն է»:


Ինչ վերաբերում է արտաքին ձևափոխումներին, տարածքի ընդլայնմանը, մեր զրուցակիցը հերքում է այն կարծիքը, որ այդ կերպ ամրանում է շենքը: Ասաց, որ հինգերորդ հարկում մի հավաբուն կառուցելով՝ շենքը չի ամրանում, պատշգամբը առաջ տալով, բազրիք ավելացնելով՝ և՛ ճարտարապետական տեսքն է կորցնում շենքը, և՛, շատ դեպքերում, վտանգավոր է:
«Շենքը հիմքից սկսած են ամրացնում. այսպես, օրինակ, եթե շենքն արդեն նախագծված և կառուցված է 7-բալանոց երկրաշարժին համապատասխան, պետք է համապատասխանեցվի 9-բալանոցին»,- ասաց:


Ինչևէ, ճարտարագիտությունից անցում կատարենք պոեզիայի աշխարհ: Մեր զրուցակիցը հայտնի է Սայաթ-Նովայի պոեզիայի իր իմացությամբ: «Աշխատանքս հաշվարկների հետ էր, գծագրերի, զգում էի, որ հիշողությունը դավաճանում է, և որոշեցի բանաստեղծություններ սովորել: Սկսեցի Սայաթ-Նովայից, որովհետև հոգեհարազատ է ու բարդ»,- ասաց նա:
Հիմա Սայաթ-Նովայից երեք տասնյակից ավելի գործ է արտասանում՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն և պարսկերեն:


Հրավիրվել է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնի: Գրական, մշակութային տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնում է Սայաթ-Նովային: Արտասանում է նաև Քուչակ, Չարենց, Իսահակյան, Տերյան, Ջիվանի: Բորիս Չթչյանը նաև դրամագիտության ակադեմիկոս է. մոտ 200 պետության` շրջանառության մեջ եղած և շրջանառությունից դուրս եկած մետաղադրամների հավաքածու ունի: ԽՍՀՄ սպորտի վարպետը հետաքրքրվում է նաև սպորտային հուշադրամներով: Երկու տասնյակ և ավելի տարիների բանահյուսական պրպտումների արդյունքում Բորիս Չրթչյանը ընթերցողին է ներկայացրել «Ախալցխայի (Կարնո) բարբառի բառարան» գիրքը: Առածներից, ասացվածքներից, մականուններից զատ գրքում տեղ են գտել նաև հեղինակի քառյակները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ