Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Միջազգային կոնֆլիկտ Սիրիայում` ովքե՞ր են մասնակիցները

Միջազգային կոնֆլիկտ Սիրիայում` ովքե՞ր են մասնակիցները
13.04.2018 | 09:49

Սիրիայի կոնֆլիկտը նախևառաջ քաղաքացիական պատերազմ է, որ ՄԱԿ-ի գնահատականով` արդեն 400 000 մարդու կյանք է խլել, 5 միլիոնը փախստական են դարձել: Միևնույն ժամանակ` Սիրիան դարձել է ոչ ուղղակի` պրոկսի կոնֆլիկտների թատերաբեմ երրորդ երկրների միջև և ծավալվում է բավականին խառնիխուռն սցենար, որի շրջանակներում նույնիսկ վաղեմի դաշնակիցները կարող են միմյանց դեմ կռվել ուրիշի ձեռքերով: 7 տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմի սկզբից բազմիցս միջամտել են արտասահմանցի խաղացողները, փորձագետները տագնապում են, որ հիմա նրանց դիմակայությունը կարող է դառնալ ուղղակի ու բացահայտ: Վերջին օրերին մենք անընդհատ լսում ենք մարտաշունչ հայտարարություններ Սիրիայի կոնֆլիկտի մեջ ներքաշված կողմերից` միմյանց զգուշացումներ են անում Մոսկվան, Վաշինգտոնը, Թեհրանը: Կոնֆլիկտի դիվանագիտական լուծումը հեռու է թվում, ինչպես երբեք: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր, եթե արտասանմանցի խաղացողները ուղղակի ռազմական կոնֆլիկտի մեջ մտնեն Սիրիայում:


Սիրիայի կոնֆլիկտի համապատկերում նորից է բռնկվել Մոսկվա-Վաշինգտոն դիմակայությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հրապարակավ քննադատեց Վլադիմիր Պուտինին` Բաշար Ասադին աջակցելու համար` Դումայում ենթադրյալ քիմիական գրոհից հետո: Չորեքշաբթի Թրամփը դիմեց ուղղակի ռազմական սպառնալիքի` իր Թվիթերում գրելով, որ Ռուսաստանը պետք է նախապատրաստվի Սիրիային ուղղված հավածներին. «Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիային ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվիր, Ռուսաստան, նրանք թռչելու են` գեղեցիկները, նորերը, «խելացիները»: Դու չպետք է գործընկեր լինես գազանին, որ թունավորում է իր մարդկանց ու հաճույք ստանում»: Ավելի ուշ նա ևս մեկ թվիթ գրեց` ավելի հաշտարար տոնով ու առաջարկեց սպառազինությունների մրցավազքը դադարեցնել: Ռուսական աջակցությունն Ասադին ներառում է ռուս զինվորականների տեղակայումը սիրիական բազաներում: Չորեքշաբթի հայտարարվեց, որ Արևելյան Գուտայում ապրիլի 12-ից գործելու է ռուսական ռազմական ոստիկանությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զգուշացրեց, որ անթույլատրելի են Սիրիայում «սադրանքներն ու սպեկուլյացիաները»:

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ակնարկեց Սիրիային ԱՄՆ հնարավոր հարվածի «ամենածանր հետևանքները»: Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ մարտական բախումները արդեն հանգեցրել են Ասադի ուժերի կորստին, նաև ռուս վարձկանների: Փետրվարի 7-ին Դեր Զորում կոալիցիայի հարվածի տակ ընկան Բաշար Ասադի կողմում կռվողները: Կոալիցիայի ներկայացուցիչները հաստատում են, որ բոլոր զոհվածներին տարան ռուս զինվորականները: ՌԴ կառավարությունը պնդում է, որ Դեր Զորում զոհվածները Սիրիա են գնացել սեփական կամքով ու կապ չունեն ռուսական կանոնավոր բանակի հետ: ՌԴ ՊՆ պաշտոնական տվյալներով` Սիրիայում 2015-ից զոհվել են 40 զինվորականներ` չհաշված Հմեյնիմի ռազմաբազայում Ан-26 ինքնաթիռի 39 զոհերին: Անկախ դիտորդները գտնում են, որ ռուսական կողմի զոհերն ավելի շատ են: Աշխարհաքաղաքական տեսակետից Սիրիան շատ կարևոր է երկու կողմերի համար: Մոսկվայի համար երկիրը ցամաքային կամուրջ է դեպի Միջերկրական ծով: Կրեմլը իր աջակցությունը Ասադին համարում է ռուսական հզորության հաստատում մերձավորարևելյան տարածաշրջանում, որ գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Վաշինգտոնը իսկզբանե աջակցել է Սիրիայի ընդդիմությանը, հետո կենտրոնացել է ԻՊ-ի դեմ պայքարի վրա: Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնը ուշադրությունը բևեռեց Իրանի զսպմանը տարածաշրջանում: «Իրանը խիստ մեծացրել է իր ներկայությունը Սիրիայում` տեղակայելով իսլամական հեղափոխության պահնորդների ուժերը, աջակցում է լիբանանյան Հեզբոլահին, տարածաշրջան է մտցնում իրեն ենթակա ուժեր Իրաքից, Աֆղանստանից, Պակիստանից ու այլ երկրներից»` հունվարին ասում էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:


Իրանն աջակցում է Ասադին, և զինուժ, և նյութական օգնություն է տրամադրում ևս մեկ «մարիոնետային բանակի»` շիայական Հեզբոլահին Լիբանանից: Իսրայելը, թեպետ պարբերաբար հարվածում է սիրիական օբյեկտներին, կոնֆլիկտին իր մասնակցությունը հրապարակավ չի ընդունում: Իսրայելի ու Իրանի լարվածությունը մեծացավ փետրվարին, երբ Իսրայելը իր օդային տարածքում որսաց իրանական անօդաչուն: Ի պատասխան Իսրայելի օդուժը հարվածեց սիրիական ու իրանական դիրքերին, որի ընթացքում խփվեց իսրայելական ռմբակոծիչ` առաջին անգամ 1982-ին Լիբանանի հետ պատերազմից հետո: Իրանն ու Իսրայելը երբեք այդքան մոտ չեն եղել ուղղակի բախմանը 2006-ին Իսրայելի ու Հեզբոլահի բախումից հետո: Երկու կողմերն էլ կատեգորիկ նախազգուշացումներ արեցին միմյանց Սիրիայում հետագա գործողությունների վերաբերյալ: Անցյալ տարվա նոյեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն Լոնդոնում հայտարարեց, որ իր երկիրը թույլ չի տա Իրանին` իրեն ենթարկել Սիրիան: «Նրանք ուզում են տեղակայել իրենց բանակը, ռազմաբազաները և ռմբակոծիչները Իսրայելից թռիչքի մի քանի ակնթարթ հեռավորության վրա: Մենք թույլ չենք տա»` ասել էր Նետանյահուն: Անցյալ շաբաթ այաթոլա Ահմադ Հաթամին հայտարարեց, որ Հեզբոլահը կարող է ոչնչացնել Իսրայելի քաղաքները: Իրանին Սիրիան պետք է Լիբանանի Հեզբոլահին զենք մատակարարելու և Իսրայելի դեմ պայքարի համար: Իրանը Սիրիային գնահատում է իբրև դաշնակից ոչ միայն Իսրայելի դեմ պայքարում, այլև տարածաշրջանում իր հիմնական ընդդիմախոսի` Սաուդյան Արաբիայի:


ԱՄՆ-ի միջամտությունը սիրիական կոնֆլիկտին Վաշինգտոնին ծանր վիճակի մեջ դրեց Մերձավոր Արևելքում իր հիմնական դաշնակցի ու ՆԱՏՕ-ի գործընկերոջ` Թուրքիայի գործողությունների պատճառով: Թեպետ Սիրիայում պաշտոնական տվյալներով տեղակայված են 2000 ԱՄՆ զինվորականներ, դաշնակիցներին ԱՄՆ-ը աջակցում է հիմնականում օդային հարվածներով և աշխարհազորայինների տարբեր խմբերի զինելով ու մարզելով` ներառյալ քրդերին: Այդ աջակցությունից շատ դժգոհ է Թուրքիան, որ մի քանի տասնամյակ պայքարում է քրդական անջատականության դեմ, ներառյալ զինված հարձակումները, որ վերջին մի քանի տարում 40000 կյանք են խլել: Այդ պատճառով` Վաշինգտոնի հունվարյան հայտարարությանը Սիրիայի հյուսիս-արելքում սահմանները պաշտպանելու համար խմբեր ձևավորել հիմնականում քրդերից, Թուրքիան արձագանքեց ռազմական գործողություն սկսելով: Հիմա ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուղղակի կոնֆլիկտի հակառակ կողմերում են:
ВВС


Հ.Գ. Բացի իր հակասական թվիթներից` ԱՄՆ նախագահի հրամանով օդ է բարձրացել «Դատաստանի օրվա օդանավը»՝ Բոինգ E-4, որը ռազմավարական կառավարման թռչող օբյեկտ է, կարող է առանց վայրէջքի կարող է օդում մնալ մեկ շաբաթ` ղեկավարելով ռազմական գործողությունները: Մոսկվան հրապարակային մակարդակում Թրամփի խոսքերին լուրջ չի վերաբերվում, այնուամենայնիվ, սիրիական ռմբակոծիչները տեղափոխվել են ռուսական Հմեյնիմ ռազմաբազա: Ռուսաստանի համար պահը շատ դժվար է` հաշվի առնելով, որ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով մեկ օրում ռուսական ռուբլին փլուզվեց, իսկ Ռուսալը կանգնեց դեֆոլտի առաջ: Ավելի լավ վիճակում չեն մյուս ընկերությունները: Ռուսաստանի տնտեսությունը կարող է կազմաքանդվել:


Միակ մխիթարությունը` նավթի գներն են բարձրացել: Մոսկվայի համար խնդիր է դարձել և Թուրքիան, որ ոչ միայն պահանջում է Ասադի պաշտոնանկությունը ու հրաժարվում հեռանալ Աֆրինից, այլև երկակի խաղ է խաղում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև: Մի քանի օր առաջ ԱՄՆ զորքերը Սիրիայից հանելու մտադրության մասին հայտարարած` Դոնալդ Թրամփը պատրաստվում է Սիրիային հարվածել` Մերձավոր Արևելքում իր գերկայությունը վերահաստատելու համար: Թիրախը և Մոսկվան կարող է լինել, և Թեհրանը, և Անկարան: Իրադարձությունները զարգանում են անհավանական հետագծով` զիգզագներով ու անկանխատեսելի:
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը նախազգուշացրել է Դոնալդ Թրամփին Սիրիայի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ որևէ ռազմական գործողության վտանգի մասին` գրում է Associated Press-ը: Սիրիային հարվածի թեման երեկ համաշխարհային ԶԼՄ-ների առաջին էջերում էր: Բայց` փոխված տոնայնությամբ: Լրագրողները վստահ էին: որ կոնֆլիկտի նոր ալիք չի բարձրանա:


Le Figaro-ն գտնում է, որ Ֆրանսիան հիմա պետք է հետքայլ անի: Ֆրանսիացի ռազմական վերլուծաբան Կարոլին Գալակտերոսի կարծիքով` Սիրիայի վրա հարձակման լուրերի նպատակը Ռուսաստանին պատժելն է միջազգային ասպարեզում իր հաջողությունների ու Սիրիայում խաղաղության հաստատելու ցանկության համար: Նույն նպատակը` հարուցել Մոսկվայի նյարդայնությունը ու մեկուսացնելով Ռուսաստանին, ուներ Սկրիպալների գործը` Սիրիայում կատարվողի նախերգանքը: Բրիտանական ԶԼՄ-ները Թերեզա Մեյին խորհուրդ են տալիս կտրուկ քայլեր չանել` յուրաքանչյուր բառն ու քայլը հանգամանալից մտածելով: Պահպանողական կուսակցության պատգամավորները վարչապետին հորդորել են ոչ մի քայլ չանել առանց Ներկայացուցիչների պալատի համաձայնության: Նրանք պահանջել են` երբ խոսքը այլ երկրում կոնֆլիկտին միամտելու մասին է, նախ պետք է խորհդակցել խորհրդարանի հետ: Բրիտանացիների մեծամասնությունը դեմ է Սիրիայում ռազմական գործողությանը: Հարցումի տվյալները հրապարակել է Sky News-ը: Հարցին` պե՞տք է միանալ ԱՄՆ-ին ու հարվածել, եթե դա կհանգեցնի ռուսաստանի հետ կոնֆլիկտի, 48%-ը դեմ է եղել, 13%-ը չգիտի` ինչպես պետք է Մեյը վարվի, 11%-ը ոչ մի տարբերակի կողմ չէ, Սիրիային հարվածելուն կողմ է 28%-ը: Վճռական տրամադրված Վաշինգտոնը հետքայլ է անում` գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung-ը. «Հույզերը հանդարտվեցին, հիմա ԱՄՆ-ը կարող է սպասել ՔԶԱԿ-ի ուսումնասիրության արդյունքներին, փորձագետներն արդեն Սիրիա են մեկնել: Բացի այդ` առայժմ ԱՄՆ-ը ուժեղ հարվածի բավարար ուժեր չունի տարածաշրջանում»:

ՔԶԱԿ-ի ուսումնասիրության արդյունքները արագ չեն լինի, բայց կարող են ներգործել ԱՄՆ դիրքորոշման վրա: Իսկ անցած շաբաթ ԱՄՆ նախագահը իր գեներալներին հրամայել էր 6 ամսում զորքերը դուրս բերել Սիրիայից և այդ որոշումը հազիվ թե փոխվի: Անտրամաբանական որոշումների մասին հիշեցնում են և ԱՄՆ-ի ԶԼՄ-ները: Fox News-ը ևս նշում է է Սիրիայից ԱՄՆ զինվորականներին դուրս բերելու հրամանը, բայց կասկածում է, որ Դումայում իբր տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո Թրամփը կարող է մտադրությունը փոխել և ամերիկացիները ինչ-որ ժամանակ դեռ կմնան Սիրիայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ