Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալիևի դեղատոմսը` խավիար, նավթ ու ավտորիտարիզմ

Ալիևի դեղատոմսը` խավիար, նավթ ու ավտորիտարիզմ
13.04.2018 | 09:53

Ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին: Բացի գործող նախագահից` մասնակցում էին 7 թեկնածուներ, որ որևէ շանս չունեն ստանալ 5,2 միլիոն ընտրողների ձայների մեծամասնությունը: Սահմանադրության փոփոխությունը Իլհամ Ալիևին հնարավորություն տվեց մինչև 2025-ը մնալ նախագահ: Ընտրություները պետք է կայանային հոկտեմբերին, սակայն բոլորի համար անսպասելի իշխանությունը տեղափոխեց ապրիլ: Պաշտոնական բացատրությունը` խուսափել 2018-ին ծրագրված այլ միջոցառումների հետ համընկնումից, մասնավորապես Դեմոկրատական Ադրբեջանի ստեղծման 100-ամյակի տոնակատարության: Բաքվի որոշումը հարուցեց նաև ԵԱՀԿ-ի քննադատությունը, որ դիտարկում է ընտրությունները Ադրբեջանում 1995-ից: Որոշ փորձագետներ ընտրության ժամկետի տեղաշարժը բացատրում են տնտեսական վիճակով: Ադրբեջանի համեմատական բարեկեցությունն ապահովում է նավթը, որ կազմում է ընդհանուր արտահանման 3\4-ը:

Նավթի գնանկումը 2014-ին հանգեցրեց ինֆլյացիայի, բյուջեի մուտքերի կրճատման և ազգային տարադրամի թուլացման: 2018-ի տարեսկզբին վիճակը բարելավվեց, տարադրամն ամրապնդվեց: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կես տարի հետո նավթի գինը նորից չի ընկնի: Այդ պատճառով բացառված չէ, որ ընտրությունների օրը փոխեց տնտեսական գործոնը: Կարող էր և քաղաքական պատճառ լինել: Նախկին քաղբանտարկյալ Լելյա Յունուսը գտնում է, որ Ալիևը ընտրությունների օրը փոխեց իշխող վերնախավի ներկլանային պայքարի պատճառով: Նիդեռլանդներում ապրող Լեյլա Յունուսն այդ մասին գրել է Le Monde-ում: Պայքարը սկսվեց Իլհամ Ալիևի կնոջը փոխնախագահ նշանակելուց: Հետխորհրդային տարածքում դա աննախադեպ էր: Նախագահի վարչակազմը չի փոխվել 1994-ից, նույնիսկ երբ 2003-ին Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնում հաջորդեց հորը` Հեյդար Ալիևին: «Հին թիմը չի պատրաստվում հեռանալ: Նրանց պատճառով երկիրը հայտնվել է պարադոքսալ իրավիճակում` գոյություն ունեն երկու զուգահեռ աշխատակազմեր: Հինը երեք տասնամյակ չի հեռանում նախագահական նստավայրից, որտեղ նախկինում Կոմկուսի կենտկոմն էր: Նորը հիմնավորվել է Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի շենքում, որը 2004-ից ղեկավարում է առաջին տիկին Մեհրիբան Ալիևան»` գրում է Լեյլա Յունուսը: Նա նշում է քաղաքացիական հասարակության վիճակի վատացումը ոչ կառավարական կազմակերպությունների նոր օրենքների հետևանքով: ՀԿ-ները պարտավոր են իշխանություններին տեղեկացնել իրենց ֆինանսավորման աղբյուրների մասին, իսկ արտասահմանյան հիմնադրամները պետք է թույլտվություն ստանան տեղական կազմակերպություններին ֆինանսավորելու համար: Իր իշխանության 15 տարիներին Իլհամ Ալիևը բեկանեց նախագահական երկու ժամկետի սահմանափակումը, իմունիտետ տվեց նախագահին, վարչապետին ու պատգամավորներին: Նրանցից ոչ ոք չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, իսկ լրագրողներին արգելված է հետաքննությունը նրանց վերաբերյալ: 2016-ին նախագահական ժամկետը 5-ից դարձավ 7 տարի և Ալիևը կարող է նախագահել մինչև 2025-ը:

Նախագահի 7 թեկնածուները առաջադրվել են ձևականորեն, իրական ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել ու ընդհանրապես հրաժարվել է ընտրություններին մասնակցել: Իլգար Մամեդովն այն քիչ ընդդիմադիրներից է, որ կարող էր այլընտրանք լինել իշխանությանը: 2013-ից նա բանտում է: ՄԻԵԴ-ը նրա ձերբակալությունը ճանաչել է անօրինական: Լեյլա Յունուսի տվյալներով` ադրբեջանական բանտերում 160 քաղբանտարկյալներ կան: Բացի քաղաքական գործիչներից` 12 լրագրողներ, որ արդեն 10 տարի ազատազրկված են: «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության վարկանիշով Ադրբեջանը խոսքի ազատության մակարդակով 162-րդն է: 2015-ին Ադրբեջանի իշխանությունը դատի տվեց ֆրանսիական France 2 հեռուստաալիքին, որի լրագրողները Ալիևին անվանել էին բռնապետ: Այդ աննախադեպ գործում Ֆրանսիայի դատարանն արդարացրեց լրագրողներին: Դատական գործընթացը համընկավ եվրոպական տասնյակ հրատարակությունների նախապատրաստած «Ադրբեջանական լանդրոմատ» հետաքննության հրապարակման հետ, որը պատմում է Բաքվի «խավիարային դիվանագիտության մասին», Այդ անունն է ստացել ադրբեջանական իշխանությունների լոբբիստական մարտավարությունը, որ առաջարկում է թանկարժեք ընծաներ, այցեր ու մեծ գումարներ եվրոպացի քաղաքական գործիչներին` ԵՄ-ում Բաքվի շահերը առաջմղելու դիմաց: Լրագրողների հետաքննության համաձայն` Ադրբեջանից գումարներ ստացած քաղաքական հայտնի գործիչներից է գերմանացի նախկին պատգամավոր ու ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Լինտները: 2012-2014-ին նրա հաշվեհամարին է փոխանցվել 891000 եվրո: Հենց Լինտներն էր գլխավորում Գերմանիայի դիտորդական առաքելությունը 2013-ի նախագահական ընտրություններում, որ նրա խոսքով «անցել են բարձր մակարդակով ու եվրոպական չափանիշներին համապատասխան»: Լեյլա Յունուսը չի կասկածում, որ 2018-ի դիտորդական առաքելությունների զեկույցները լինելու են անցյալ տարիների պատճենը, իսկ ընտրական գործընթացը նա անվանում է «ներկայացում, որ արդեն տեսել ենք 2003-ին, 2008-ին, 2013-ին»:
RFI


Հ.Գ. Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահն ասել է, որ քվեաթերթիկների 67 տոկոսի մշակման արդյունքում Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86.09 տոկոսը: Ընտրություններում մասնակցության հայտը, ԿԸՀ-ի տվյալներով, 74.51 տոկոս է: Փաստորեն` Ալիևին Ադրբեջանում ավելի են սիրում, քան Պուտինին Ռուսաստանում: Ամբողջ 11 տոկոսով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ