Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոսկվան ու Թեհրանը հարցեր չունե՞ն Անկարային

Մոսկվան ու Թեհրանը հարցեր չունե՞ն Անկարային
15.04.2018 | 10:05

ՌԴ իշխանությունները կտրուկ արձագանքեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի Սիրիան հրթիռակոծելու որոշմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանեց ագրեսիա ինքիշխան պետության դեմ և հայտարարեց, որ իր երկիրը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում: Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ հարձակումը որակվում է «ագրեսիայի գործողության ինքնինշխան պետության դեմ, որ ահաբեկչության դեմ պայքարի առաջին գծում է»` կատարված առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Պուտինը հերթական անգամ հայտարարեց, որ Ռուսաստանը չի հավատում, որ սիրիական Դումա քաղաքում քիմիական գրոհ է եղել, որ պատճառ դարձավ հրթիռակոծման: Նրա խոսքով` ռուսական փորձագետները դեպքի վայրում չեն գտել քլորի կամ այլ թունավոր նյութի կիրառման հետքեր: ՌԴ նախագահը նկատել է, որ Սիրիա են մեկնել միջազգային փորձագետներ, սակայն հարվածը հասցվեց` նախքան նրանք դեպքի վայր կհասնեին և հետաքննություն կանցկացնեին: Ռուսաստանը որոշեց ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ հրավիրել: «Սիրիայի շուրջ իրավիճակի ներկա լարումը կործանարար ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների համակարգի վրա: Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի և արդեն Վաշինգտոնի վրա է դրել ծանր պատասխանատվությունը արյունոտ հաշվեհարդարի համար Հարավսլավիայի, Իրաքի ու Լիբանանի հետ»` նշված է Կրեմլի հաղորդագրությունում:


ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը սպառնաց, որ Վաշինգտոնի, Լոնդոնի ու Փարիզի գործողությпւններն անհետևանք չեն մնա: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հարվածներն ուղղված էին Բաշար Ասադի պաշտոնանկությանը, Սիրիայի մասնատմանը ու կարող են խաչ քաշել խաղաղ բանակցությունների գործընթացի վրա: Մարիա Զախարովայի շուրթերով ԱԳՆ-ն վրդովմունք հայտնեց, որ ռազմական գործողության պատրվակ դարձան արևմտյան լրատվամիջոցների տվյալներն ու սոցցանցերում հաղորդումները, որ նա անվանում է լիակատար սուտ: Այդ հարվածները միջազգային իրավունքի կոպիտ ու նենգ խախտում են, որ ամբողջությամբ խաչ են դնում միջազգային իրավունքի ու ՔԶԱԿ-ի աշխատանքի վրա` հայտարարեց Զախարովան: Նա Դամասկոսի դեմ ռազմական գործողությունն անվանեց միջազգային իրավունքի կոպիտ ու հանդուգն խախտում:

«Ընդհանրապես հարցականի տակ է դրվում պետությունների քաղաքակիրթ շփումը»` հայտարարեց Զախարովան ռուսական հեռուստատեսությամբ: «Պետք է հասկանալ, որ խոսքը այն պետությունների մասին չէ, որ վերջին 20 տարում հարստացել են, ժամանակակից զենք են գնել և պատկերացում չունենալով մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքակիրթ հաղորդակցության նորմերի մասին, սկսել են կրակել: Խոսքն այն պետությունների մասին է, որ ըստ էության, աշխարհին ժողովրդավարություն են նվիրել և ակտիվորեն շահագործում են մարդու իրավունքների թեման»` ասել է Մարիա Զախարովան: Դամասկոսում գրոհի պահին ՌԴ Պետդումայի պատգամավորներ կային: Նրանցից մեկը` Սերգեյ Ժելեզնյակը գտնում է, որ գրոհի նպատակներից մեկը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի կոալիցիան թուլացնելն էր: «Չնայած ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հրթիռներից ոչ մեկը ուղղված չէր Ռուսաստանի ՀՕՊ ստորաբաժանումների պատասխանատվության գոտուն, մեր երկիրը գտնում է, որ Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը հարված էր Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի կոալիցիայի գործողություններին, որ ուղղված են ահաբեկիչների ջախջախմանն ու ներքաղաքական կոնֆլիկտի քաղաքական կարգավորմանը»` ասել է նա: Թուրքիան կառավարական օբյեկտների հրթիռակոծումը անվանեց ենթադրյալ քիմիական գրոհին համարժեք պատասխան: «Մենք ողջունում ենք այդ գործողությունը, որ թեթևացնում է մարդկության խիղճը Դումայում գրոհից հետո, որի մեջ մեծ հիմքեր կան սիրիական վարչակարգին կասկածելու»` հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:


Պետդումայի նախագահ Վլաչեսլավ Վոլոդինը հայտարարեց, որ ԱՄՆ-ը աշխարհը ներքաշում է պատերազմի մեջ և նրան պետք է կանգնեցնել: Պատգամավոր Նիկոլայ Կովալյովը գիշերային ռմբակոծությունն հավասարեցրեց քիմիական հարձակման հետ: Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը Թրամփի գործողությունները հանցավոր համարեց: «Նրան կարելի է Ադոլֆ Հիտլեր 2 անվանել, նա նույնիսկ հարձակման համար Հիտլերի պես նույն ժամն ընտրեց»:
Սիրիայի օբյեկտներին հարվածները հասցվեցին ապրիլի 14-ի գիշերը, մասնակցում էին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ռազմանավերը, բրիտանական ու ֆրանսիական ավիացիան: Հարվածների որոշումն ընդունվեց քիմիական հարձակման պատճառով, որ ենթադրաբար եղել է ապրիլի 7-ին Դումայում: Հարված հասցրած երկրները հայտարարում են, որ հրթիռներն ուղղվել են թիրախներին, որ կարող են կապված լինել քիմիական զենքի մշակման հետ: Ֆրանսիան հաստատում է, որ այդ զենքի ստեղծման գաղտնի ծրագիրը Սիրիայում գործում է 2013-ից: Ռուսաստանը հայտարարում է, որ քիմիական հարձակումը Դումայում բեմադրել է Արևմուտքը և հարվածները հասցվել են գիտական համալիրներին, որ վաղուց չեն օգտագործվում: Ռուս զինվորականների կյանքին հարվածները սպառնալիք չեն ներկայացրել:


Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանը նախապես տեղեկացրել է` որ օբյեկտներն են ռմբակոծվելու և մարդիկ նախապես տարհանվել են: Ռուսաստանի տվյալներով` զոհեր չկան ոչ սիրիացի զինվորականների, ոչ խաղաղ բնակիչների մեջ: Սիրիան հաղորդել է երեք վիրավորի մասին: Սիրիան ու Ռուսաստանը հաստատում են, որ սիրիական ՀՕՊ-ը խոցել է հրթիռների 1\3-ը: ՌԴ Գլխավոր շտաբը նշում է, որ ամերիկացիների 103 թևավոր հրթիռներից 71-ը խոցվել են: Արևմուտքն առայժմ թվեր չի հրապարակում` ԱՄՆ-ը միայն հայտարարել է, որ անցած տարվանից կրկնակի շատ էին, որ համապատասխանում է ՌԴ Գլխավոր շտաբի թվին: Հրթիռները խոցելու տվյալները առայժմ այլ աղբյուրներ չեն հաստատել:
BBC


ՌԴ-ն հայտարարում է, որ իրենք չեն խոցել հրթիռները, այլ` սիրիացիները: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Թվիթերում գրել է. «Աշխարհը միավորվել է քիմիական ցանկացած զենք մերժելու համար, հատկապես, երբ ուղղված է քաղաքացիական անձանց դեմ»: Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումն ու պնդել, որ հետևանքների համար պատասխանատու է Վաշինգտոնը: «Այս հարձակումից հետո իրադրությունը տարածաշրջանում էլ ավելի կբարդանա, և անկասկած, դրա պատասխանատուն կլինի ԱՄՆ֊-ը»` «Ֆարս» գործակալությանն ասել է Իրանի Հեղափոխության պահապանների գվարդիայի փոխնախագահ Յադոլլահ Ջավանին։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին էլ հեռուստատեսությամբ հանցագործ է որակել ԱՄՆ-ին ու արևմտյան կոալիցիային: Թուրքիան ողջունել է: «Մեր համոզմամբ, ԱՄՆ-ի և դաշնակիցների քայլերը համարժեք են ստեղծված իրադրությանը»` ֊ասել է ԱԳՆ պաշտոնյան: ԵՄ-ն աջակցություն է հայտնել արևմտյան կոալիցիային: «ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարվածները ցույց տվեցին սիրիական ռեժիմին ու նրանց դաշնակից Իրանին ու Ռուսաստանին, որ նրանք այլևս չեն կարող շարունակել այդ մարդկային ողբերգությունը, և առնվազն պարտավոր են դրա համար թանկ վճարել»` ֊ հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հավելելով` ԵՄ-ն իր դաշնակիցների հետ է` արդարության կողքին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել է, որ Դումայում անցած շաբաթավերջին տեղի ունեցածը բեմականացում էր, որն իրականացվել է այս հարձակումն արդարացնելու համար: «Ինչպես և մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ը հարձակվեց սիրիական «Շայրաթ» ավիաբազայի վրա որպես պատվրակ բերելով քաղաքացիական անձանց դեմ իբրև թե իրականացված քիմիական հարձակումը, հիմա էլ նույնն է կրկնվում Դումայում», ֊ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Իր գործողություններով ԱՄՆ-ը ավելի է խորացնում Սիրիայի հումանիտար աղետը, տառապանք պատճառում խաղաղ բնակչությանը, ըստ էության աջակցում ահաբեկիչներին, որ 7 տարի է` կեղեքում են Սիրիայի ժողովրդին»` ասված է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Անցած գիշեր հասցված հարվածը կատարյալ էր։ Շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ խելամտության ու զինուժի հզորության համար: Սրանից առավել լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է», - գրել է Դ.Թրամփը Twitter-ում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումն ամրապնդում է սիրիացիների վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում Ասադն ընդգծել է, որ այդ ագրեսիան կհանգեցնի միայն Սիրիայի ժողովրդի վճռականության ամրապնդմանը՝ շարունակելու պայքարը և ճնշելու ահաբեկչությունը երկրի ամեն դյույմի վրա:
Ու` ի՞նչ:


1. 103 թևավոր հրթիռներ են արձակվում դատարկ շենքերի վրա: Սա կամ հեղինակության կրակոց է` փրկելու համար իրենց պատիվն ու դեմքը, կամ` նախազգուշական կրակոց:
2. Փաստացի` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան կրակեցին ոչ թե Սիրիայի վրա, այլ` Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ալյանսի: Անկարայից հնչած հայտարարություններից հետո Մոսկվայում ու Թեհրանում չեն կարող իրենց հարց չտալ` ու՞մ դաշնակիցն է Անկարան:
3. Ինչպես ապացուցված չէ, որ Դումայում քիմիական զենք է կիրառվել և այդ զենքը կիրառել են Ասադի ուժերը, այնպես էլ անհեթեթ էր ուժի ցուցադրությունը, որ ռազմական որևէ խնդիր չէր լուծում:
4. Շատ տարօրինակ է, որ հարվածից առաջ Ֆրանսիան տեղեկացնում է Ռուսաստանին, Ռուսաստանը տեղեկությունները փոխանցում Ասադին:
5. Առավել քան տարօրինակ է, որ Ռուսաստանը հայտարարում էր, որ կխոցի Սիրիայի վրա արձակված որևէ հրթիռ, բայց ոչինչ չձեռնարկեց:
6. ԱՄՆ –ը հայտարարում է, որ հրթիռներից որևէ մեկը չի խոցվել և բոլորը հասել են նպատակակետին:
7. Սիրիայում իրականում Սիրիայի հարցերը չեն լուծվում, այլ նոր աշխարհակարգի հաստատման, իսկ այդ դեպքում շատ հնարավոր է, որ թևավոր 103 հրթիռ արձակվի ու ոչ մեկը չզոհվի` նոր ժամանակների նոր պատերազմի տեխնոլոգիաները այդպիսին են` քաղաքական հարցեր են լուծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ