Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրիայի հարցը նոր շրջադարձ է ստանում

Սիրիայի հարցը նոր շրջադարձ է ստանում
16.04.2018 | 10:41

Տարածաշրջանային համարյա բոլոր առաջատար պետություններն արձագանքել են Սիրիայի ռազմական օբյեկտների ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի հրետակոծմանը` իբրև պատասխան քիմիական հարձակմանը խաղաղ բնակչության մեջ, որում մեղադրում են Բաշար Ասադի կառավարությանը: Սիրիայից ու Ռուսաստանից բացի կտրուկ բացասական գնահատական տվեց Իրանը: Սիրիային սահմանակից Իրաքը անհանգստություն հայտնեց, մյուս հարևանները, որ ուղղակի կամ անուղղակի ներգրավված են ռազմական կոնֆլիկտում, ողջունեցին հրթիռակոծումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի բոլոր անդամներին կոչ արեց զսպվածություն դրևորել վտանգավոր իրավիճակում և խուսափել գործողություններից, որ կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը և խորացնել սիրիացիների տառապանքը: Բաշար Ասադին աջակցող Իրանը ռազմական գործողությունն անվանեց ագրեսիա Սիրիայի դեմ:

Նախագահ Հասան Ռուհանին զանգահարեց նախագահ Բաշար Ասադին` հաղորդեց Սանա գործակալությունը: Իրանի կրոնական առաջնորդ այաթոլա Ալի Համենեին Սիրիայի վրա հարձակումն անվանեց հանցագործություն, հարձակման հրաման տված Դոնալդ Թրամփին, Թերեզա Մեյին ու Էմանուել Մակրոնին` հանցագործներ: Իրանի էլիտար գվարդիան հայտարարեց, որ ռմբակոծության համար ԱՄՆ-ը պատասխան կտա. «Այս հարձակումից հետո իրավիճակը սրվում է և առաջին հերթին կտուժեն ԱՄՆ-ի շահերը: Նրանք են պատասխանատու տարածաշրջանում սկսվող իրադարձությունների համար, որ հաստատ վնասելու են ԱՄՆ-ի շահերին»` Fars-ին ասաց Յադոլա Ջավանին` ԻԻՀ պահնորդների կորպուսի հրամանատարի տեղակալը, որի զիվորները կռվել են Սիրիայում ու Իրաքում սունի ջիհադիստների դեմ: Սակայն Իրանի արձագանքում զգացվում է որոշակի թեթևացում` արևմտյան երկրների հարվածները ավելի նվազ մասշտաբ ունեին, քան սպասվում էր: Սիրիայի տարածքում ռազմական կոնֆլիկտի ակտիվ մասնակից Թուրքիան հրթիռակոծումն անվանեց համարժեք պատասխան ենթադրյալ քիմիական հարձակմանը: «Մենք ողջունում ենք այս գործողությունը, որ թեթևացնում է մարդկության խիղճը Դումայում գրոհից հետո, որի մեջ մեծ հիմքեր կան կասկածելու սիրիական վարչակարգին»` հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ-ն: Այս արձագանքը կարող է անակնկալ թվալ` ընդամենը 10 օր առաջ Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի նախագահները պայմանավորվել էին սիրիական ճգնաժամի լուծման միասնական մարտավարության մասին: Շաբաթ օրը Էրդողանը զանգահարեց Մեյին, որ քննարկի Սիրիայի հրթիռակոծումը և Անադոլուի տվյալներով` զգուշացրեց իրավիճակը Սիրիայում լարելուց ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:


Արաբական երկրների տեսակետները բաժանվեցին: Սիրիային սահմանակից և ԻՊ-ի դեմ պայքարում ներքաշված Իրաքը անհանգստություն հայտնեց, որ Սիրիայի կառավարական օբյեկտներին հարվածները կարող են ահաբեկիչներին ձեռնտու լինել: «Այդպիսի գործողությունները վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ` սպառնալով տարածաշրջանի կայունությանը և ահաբեկիչներին ևս մեկ հնարավորություն տալով ընդլայնել իր ներկայությունը, երբ նրանց հեռացրել են Իրաքից ու ստիպել նահանջել Սիրիայից»` հայտարարեց Իրաքի ԱԳՆ-ն: Բաղդադն առաջարկում էր իրավիճակը քննարկել Արաբական պետությունների լիգայի համաժողովում կիրակի օրը, որ վաղուց էր ծրագրված:

Սիրիան լիգայից վտարվել է 7 տարի առաջ` ընդդիմության բողոքը դաժանորեն ճնշելու համար, երբ դեռ չէր սկսվել քաղաքացիական պատերազմը: Պարսից ծոցի պետություններից առաջինն արձագանքեց Կատարը` Դոհայի գնահատականով հրթիռակոծումը կարող է կասեցնել սիրիական վարչակարգին, որ կռվում է խաղաղ բնակչության դեմ: Սաուդյան Արաբիան ևս լիակատար աջակցություն հայտնեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գործողություններին: «Ռազմական գործողությունը պատասխան դարձավ սիրիական վարչակարգի կողմից քիմիական զենքի շարունակական կիրառմանը անմեղ մարդկանց դեմ, այդ թվում` կանանց ու երեխաների: Ասադի վարչակարգը որերորդ տարին շարունակում է ստոր հանցագործությունները եղբայրական սիրիական ժողովրդի դեմ»` հայտարարեց Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն: Հորդանանը կողմ է կոնֆլիկտի քաղաքական կարգավորման` իբրև Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովող միակ միջոցի: Ի տարբերություն արաբական երկրների` Իսրայելը լռություն պահպանեց` առանց բացատրությունների փակելով Գոլանի բարձունքների օդային տարածքը ուղևորատար ինքնաթիռների համար մինչև 1500 մետրը: Չինաստանը, ինչպես նման դեպքերում, հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է միջազգային գործերում ուժի կիրառմանը և կողմ է պետությունների ինքնիշխանությունը, անկախությունը ու տարածքային ամբողջականությունը հարգելուն: «Ցանկացած միակողմանի ռազմական գործողություն` շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»` հայտարարեց Պեկինը: Ենթադրյալ քիմիական հարձակման վերաբերյալ Չինաստանը գտնում է, որ անհրաժեշտ է լիակատար, անաչառ ու օբյեկտիվ հետաքննություն: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց. «Քիմիական զենքի օգտագործումն անմարդկային ու բացարձակապես անթույլատրելի է: Մենք լիակատար աջակցում ենք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշմանը և այդ գործողությունը գնահատում ենք անհրաժեշտ միջոց, որ իրավիճակն ավելի չվատանա»: Ճապոնիայի կառավարությունը շաբաթ օրն Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց Սիրիայի իրադարձությունները քննարկելու համար: Ռազմական հարվածի աջակցությունը հարուցեց Տոկիոյում ՌԴ դեսպանի տարակուսանքը:
Գերմանիան նախապես հրաժարվել էր մասնակցել Սիրիայի հրթիռակոծմանը, բայց աջակցություն էր հայտնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Կանցլեր Անգելա Մերկելը հրթիռակոծումն անվանեց անհրաժեշտ ու հիմնավորված պատասխան Ասադի` սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործելու կասկածներին: «Մենք աջակցում ենք, որ մեր ամերիկացի, բրիտանացի ու ֆրանսիացի դաշնակիցները վերցրին իրենց վրա այդ պատասխանատվությունը»` հայտարարեց Մերկելը: Վաշինգտոնի, Լոնդոնի ու Փարիզի գործողություններն արդարացված համարեցին Չեխիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել էին Սիրիայի գործողությունից մեկ օր առաջ: Գերմանիան աջակցեց ռմբակոծությունը, Սերբիան` ոչ: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերում գրեց, որ ԵՄ-ն աջակցում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի գործողություններին:

«Սիրիական վարչակարգը Ռուսաստանի ու Իրանի հետ այլևս չի կարող երկարացնել մարդկային ողբերգությունը, ծայրահեղ դեպքում` դրա համար պետք է վճարի: ԵՄ-ն պետք է իր դաշնակիցների հետ լինի արդարության կողմում»` ասաց նա: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ընդգծեց` միջազգաին հանրությունը պատասխանատու է, որ քիմիական ցանկացած հարձակում պարզվի ու պատասխան տրվի: Յունկերը գտնում է, որ կործանարար քաղաքացիական պատերամի 9-րդ տարում Սիրիան խիստ կարիք ունի հրադադարի ու կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ՄԱԿ-ի ղեկավարած Ժնևի խաղաղության գործընթացով: ԵՄ գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինին դիմեց Մոսկվային ու Թեհրանին, «ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Ռուսաստանին ու Իրանին, օգտագործել իրենց ամբողջ ազդեցությունը` կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը, հատկապես սիրիական վարչակարգի կողմից»:
BBC


Հ.Գ. Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը կբանակցեն ապրիլի 15-ին Լոնդոնում` Սիրիայի հարցով հետագա գործողությունների մասին` հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը: Այսինքն` քիմիական հարձակումն ու դրան հետևած հրթիռակոծումը առաջին արարն էր, երկրորդ արարով տարածաշրջան է վերադառնում Արևմուտքը` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ռմբահարմանը չմասնակցած Գերմանիայի ու ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարար ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան անհրաժեշտ է համարում Սիրիայի ճգնաժամի լուծման համար վերադառնալ դիվանագիտական մեթոդներին ու բանակցությունների վերսկսմանը` Ֆրանսիան նախաձեռնում է այդ գործընթացը ու նոր առաջարկներ կներկայացնի հակամարտության կարգավորման համար` ՄԱԿ-ի ԱԽ-ին ու Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը:
Բացի այդ` Ֆրանսիան ուզում է համագործակցել Թուրքիայի հետ Սիրիայի համար համապարփակ քաղաքական լուծում գտնելու նպատակով` հայտարարել է Մակրոնը Էրդողանի հետ հեռախոսազրույցում: Թեպետ Մակրոնը չի բեկանել մայիսին Սանկտ Պետերբուրգ այցը` Պուտինը շարունակում է Էրդողանի հետ քննարկել Սիրիայի հարցը և հայտարարելով, որ արևմտյան երկրների գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, իսկ Էրդողանը այդ գործողությունները համարել էր համարժեք արձագանք, Պուտինը նրա հետ ուզում է ակտիվացնել «երկկողմ համագործակցությունը Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի իրական առաջխաղացման համար»: Երկկողմ` առանց Իրանի և «իրական առաջընթացի համար»:

Օրակարգում Ասադի հա՞րցն է, Իդլիբի՞, թե՞ Աֆրինի: Ի՞նչ պայմաններով Էրդողանը կհեռանա իր գրաված տարածքներից, թե՞ սկսվելու է սիրիաթուրքական պատերազմ: Ի՞նչ է պակասում, որ Պուտինը վերջապես համարժեք գնահատական տա Էրդողանի երկակի խաղին ու իսկապես ցանկանա Սիրիայի պատերազմի ավարտ: Էրդողանը դուրս չի գալու ՆԱՏՕ-ից ու հարաբերությունները չի խզելու Արևմուտքի հետ, արժե՞ր մի քանի հրթիռ վաճառելու համար այդքան աչք փակել Թուրքիայի գործողությունների վրա Սիրիայում, որ վտանգում են Ռուսաստանի ոչ միայն հեղինակությունը, այլև` շահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ