Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դեպի Դուբայ թռիչքից առաջ

Դեպի Դուբայ թռիչքից առաջ
16.04.2018 | 12:08

Ո՞վ է ասում, որ թռիչքը միշտ դեպի վեր է: Անկումն էլ թռիչք է: Դեպի տրամաբանական ելակետ: Գուցե վերջակետ:
Նիկոլ Փաշինյանի 14+4-ի ամենավճռական օրն է այսօր` 17-րդը: 14 օր քայլելուց հետո նա 3 օր ուներ Երևանում տրամաբանական ավարտին հասցնելու իր նախաձեռնությունը` «իմ քայլը», որ պիտի դառնար բոլոր նրանց քայլը, որ չեն ուզում վարչապետ ունենալ Սերժ Սարգսյանին: Եվս 3 օրում Նիկոլ Փաշինյանը պիտի իր խոսքով ու գործողություններով բազմապատկեր կողմնակիցների թիվը, որ 18-րդ օրը դառնար նպատակի կատարման օր: Ի՞նչ արեց նա: Գործնականում 3 օրը քամուն տվեց 14 օրում հավաքած կապիտալը: Եթե երկու շաբաթ ճանապարհորդությունը Գյումրիից Երևան նրա ու ՔՊ-ի շուրջ ստեղծել էր պայքարի այս տարբերակի նկատմամբ համակրանքի ու հարգանքի տրամադրություն, քաղաքական ինչ-որ ակնկալիք, 3 օրում ակնհայտ դարձավ, որ իշխանափոխության ծրագիրը ծրագիր չունենալն ու առավոտյան սուրճ խմելիս անելիքը որոշելն է:


Նա Ազատության պողոտայով հասավ Ազատության հրապարակ ու գործողությունների վայրը տեղափոխեց Ֆրանսիայի հրապարակ` մեծ ու ռազմավարական փոփոխություն էր, բայց դա արդեն եղել է` Էլեկտրիկ Երևանի օրերին: Երեք օր Նիկոլ Փաշինյանը մենակ է ասպարեզում` ինքն իրեն և սցենարիստ է, և ռեժիսոր, և դերասան, և շնորհակալ հանդիսատես: 3 օր շեփորվում է, որ ՔՊ-ին են միացել ամբողջ շարք ընդդիմադիրներ ու նրանք ընդհանրապես ասպարեզ չեն գալիս: Մեղմ ասած` դա նշանակում է, որ նրանք իրենց ծրագրերով դուրս են մղվել պայքարից: Հիմնավորում էլ կա` 2 շաբաթում նրանք այնքան մարդ չհավաքեցին որքան իր հետ բերեց Նիկոլ Փաշինյանը: Հարց` ուրեմն նրանք գործընկե՞ր են, թե՞ բալաստ: 3 օրում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Ֆրանսիայի հրապարակ է հրավիրում Ելքի գործընկերներին` հայտարարելով, որ բոլոր ընդդիմադիրները պետք է միավորվեն, ինչու՞ նա մեկ անգամ գոնե հրապարակ չի կանչում ԲՀԿ-ին` ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժին: Իվերջո, ԲՀԿ-ի հրապարակ գալը նաև կհեշտացնի գործը Աժ-ում: Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի դիմում ԲՀԿ-ին, առավելևս հայտնի է, որ նրանք դեմ են քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ի՞նչն է խանգարում: 3 օրում Նիկոլ Փաշինյանը ոչ մի ծրագիր չհրապարակեց` բացի «ՀՀԿ-ական գտեք, որ շրջափակեմ»-ից: Բայց դա ծրագիր չէ, Ծրագիր դժվար է անվանել և ապրիլի 15-ի երեկոյան հրապարակվածը: «Վաղը առավոտյան 8։15 րոպեից պետք է սկսվեն զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ և այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ, դուք՝ ձեր, ես՝ իմ մասով, այդ գործողությունները որևէ մեկին վտանգի և ռիսկի տակ չեն դնում», - հայտարարեց Փաշինյանը և կոչ արեց արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները ու պատկերավոր նկարագրեց. «Խոսքը հատկապես Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյան կամուրջների մասին է։ Այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, երթևեկում են Դավթաշենի կամրջով, նրանց մեքենան փչանում է և նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են և ոտքով շարժվում են Բաղրամյան պողոտա։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մերձակայքում։ Սա շատ կարևոր է։ Կարա բենզինը պրծնի, ակումլյատորը նստի, անվադողը նստի։ Հաջորդը՝ արգելափակել բոլոր հնարավոր փողոցները. ով տնից դուրս եկավ, փողոցի կենտրոնում ավտոն պատահաբար փչանում է, նույն կերպ դռները փակում է, իջնում Ազգային ժողով։ Վաղը Երևանի Մետրոպոլիտենը սկսում է աշխատել ու կանգնում է։ Ո՞նց է կանգնում, մարդիկ՝ ուղևորները չորս-հինգ հոգանոց խմբերով, երբ որ գնացքը կանգառում կանգնում է, դռները բացվում են, դռների մեջ պառկում են, եթե դռները չեն փակվում, գնացքը չի գնում։ Մարդիկ քայլելով գալիս են Բաղրամյան պողոտա և ում տեսնում են ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ։ Մետրոյում կփորձեն բերման ենթարկել, սակայն իրենց ուժերը չեն բավարարի, հավելյալ ուժեր պետք է կանչեն, եթե փողոցները փակ լինեն, ոստիկանները չեն կարող մոտենալ»:


Մի խոսքով` բանկերից կանխիկացնել գումարները, դասադուլ և գործադուլ հայտարարել, մարդիկ աշխատանքի չեն գնում` քաղաքում խցանում է, չեն գնում աշխատանքի, բայց գալիս են Ազգային ժողով։ «Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով», - հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այս գործողությունները տեղի են ունենում անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ գիշերը Ֆրանսիայի հրապարակի նկատմամբ ինչ-որ գործողություններ տեղի ունենան: Սա կամ հիմքում ունի խելագարության կանխավարկածը, կամ` խորին համոզումը, որ բոլորն այսօր արթնանալու են 8.15 փողոց դուրս գալու ու մեքենաների տակ պառկելու, մետրոյի դռները բռնելու, տրոլեյբուսների շտանգաները իջեցնելու համար: Իհարկե, մի 1000 հոգի կարող են կամուրջին մեքենան կանգնեցնել, դռները փակել ու … տուն գնալ կամ 4-5 հոգով ևս մի խաչմերուկ փակել: Հետո՞: Ոստիկանությունը բոլոր իրավունքներն ունի ճանապարհն ազատել, նրանց բերման, ավելի ճիշտ` տարման ենթարկել ու հետո ազատ արձակել, կամ տուգանել: Թե այդ ընթացքում ինչ բախումներ կլինեն ու ինչքան մարդ կտուժի, ոչ ոք չի կարող կանխատեսել, ամեն պահ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ` մարդկային գործոնի պատճառով: Հետո՞: Հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ անձեռնմխելիության մանդատ ունի, ձեռնմխելի քաղաքացիներին կասի` ես ձեզ ցույց տվեցի ցանցային քաղաքացիական անհնազանդության ձևերը, դուք արդյունքի չհասաք, ինձնից ի՞նչ եք ուզում: Բոլորին կասի ու ինքը կմեղադրի: Արժե՞ր 14 օրում 212 կիլոմետր անցնել` այդքանն ասելու համար: Թե՞ կա այլ նպատակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Մի քանի հարց մնաց.
1. Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իր քաղաքացիական ցանցային անհնազանդությունը ու պատգամավորների ԱԺ մտնելը, ձախողվու՞մ է Սերժ Սարգսյանի թեկնածության քննարկումն ու ընտրությունը: Գործող Սահմանադրությամբ` ոչ: ԱԺ նիստերի անցկացման բռնի ձախողումը և դրա հետևանքով վարչապետի ընտրության հետաձգումը չի կարող հիմք լինել Աժ-ն ցրելու: Աժ նիստը կարող է անցկացվել այնպիսի վայրում, որտեղ խոչընդոտներ չկան: Աժ նիստի հնարավոր չկայացման պարագայում` նիստը կգումարվի խոչընդոտների վերանալուց անմիջապես հետո: Ենթադրենք նիստը չի կայանում, թեպետ այս ճանապարհով բացառվում է, հաջողվում է սահմանադրական ճանապարհով հասնել խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների, ի՞նչ ծրագիր է նա ներկայացնելու իբրև ապագա վարչապետ:
2. Եթե Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի հաջողվում, պատրա՞ստ է մանդատը վայր դնել ու հեռանալ ոչ միայն խորհրդարանից, այլև` քաղաքականությունից:
3. Իշխանափոխության նրա «փորձը» գոնե մեկ արդյունք պիտի ունենա` ասպարեզը մաքրի քաղաքականություն խաղացողներից ու սեփական անձի պաշտամունքը ժողովրդին ծառայելու հետ շփոթողներից: Ելք կա:

Դիտվել է՝ 4261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ