Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոչ ինստիտուցիոնալ քայլ

Ոչ ինստիտուցիոնալ քայլ
17.04.2018 | 00:26

Ասել էինք` ընդդիմադիր շարժումը կարող է լուրջ դինամիկա արձանագրել, եթե գեոքաղաքական իրավիճակ փոխվի: Եվ քանի որ կիսապատերազմական-ստարտային վիճակի մեջ «հրթիռային հրետակոծում-սպասվող պատասխան» ձևաչափով իրար դեմ կանգնել են Արևմուտքն ու Ռուսաստանը, Հայաստանը, որը տարածաշրջանում լուրջ հանգույց է, անցումային այս փուլում չէր կարող «դուրս մնալ» խաղից:


ՈՒ հիմա երևանյան փողոցներում խաչվում են բազում-բազմաթիվ շահեր` ներքաղաքականից, ներՀՀԿ-ականից մինչև արտաքին խաղացողների շահեր: Ընդ որում, դրսի և ներսի խաղացողների համար սա եզակի փուլ է` որոշելու, թե Հայաստանը դեպի որ կողմ է գնում, և ինչպիսին է լինելու պառլամենտական հանրապետության իրական ճակատագիրը:
Այսպիսով, ով ինչ է ուզում ժամեժամ հետաքրքրացող այս խաղում. փորձենք հասկանալ:
Սկսենք Նիկոլից և ընդդիմությունից: Ասենք` ինստիտուցիոնալ ընդդիմության մասին Նիկոլի պատմած երբեմնի հեքիաթներն ավարտվեցին երեկ: Ամբողջությամբ: Նիկոլն իր տարերքի մեջ է, որովհետև այն, ինչ չէին անի Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, կարող է անել Մարտի մեկի միջով (երբ ԼՏՊ-ն տուն էր գնացել, իսկ Մյասնիկյանի հրապարակը տնօրինում էր հատկապես ինքը) անցած Նիկոլը՝ խաղից հանելով մնացած ընդդիմադիրներին, թույլ չտալով «միկրոֆոնին» մոտենան այլք, իր գործը գլուխ բերելով հիմնականում քաղաքացիական հասարակության և ուսանողների, ինչպես նաև խաղը կազմակերպող այլ «մոդերատորների» միջոցով: Ընդ որում, նախորդ օրը «Ազատություն» ռ/կ-ի հարցին, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ ՀՀԿ-ն երկրորդ փուլով Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրի (հիշենք, որ մամուլում Նիկոլը երբեմն համարվում էր Կարեն Կարապետյանի թեկնածության ջատագով), Նիկոլը պատասխանեց, որ եթե իրենց հաջողվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը ոչ ևս անել, ապա Կարեն Կարապետյանի թեկնածությունը ևս «ժողովրդին» կհաջողվի ոչ ևս անել:
Ասել է` պայքարի հաղթական ելքի դեպքում «վարչապետ է լինելու» Նիկոլը:


Մեկ նկատառում ևս Նիկոլի մասին, և անցնենք առաջ: Այն, ինչ կատարվում է այս օրերին հայաստանյան փողոցներում, «արաբական գարուն» տարբերակով դասական գունավոր հեղափոխության նախադեպ է: Ելնելով նույն հեղափոխության դասական կանոններից, պետք է հիշենք, որ նման դեպքերում բուն գործողություն կատարողները չեն «վերցնում» «փողոցում ընկած իշխանությունը», այլ, «փողոցը գրավելուց» հետո, խաղի մեջ է մտնում բուն «խաղացողը»` մոդերատորների թեթև ձեռքով:


Ռուսաստան: Թույլ տանք մեզ կարծել՝ խաղի հիմնական մոդերատորը հենց Ռուսաստանն է: Պետք չէ ասել, որ նրան հիմա սա պետք չէր: Ռուսաստանին հենց հիմա էր սա պետք: Ընդ որում, կարծում ենք նաև, որ Ռուսաստանը «չի պայքարում» իշխանափոխության համար, նա «խելոքացնում» է Սերժ Սարգսյանին, որպեսզի ԵՄ համաձայնագիր ստորագրած Սերժ Սարգսյանի մտքով չանցնի տարածաշրջանային աշխարհաքաղաքական սկսված այս մեծ խաղում որևէ միլիմետր շարժվել ոչ ցանկալի ուղղությամբ:
Արևմուտք: Մինչ Ռուսաստանին թվում է, թե ինքը վերահսկում է ողջ իրավիճակը, Արևմուտքը իրեն հատուկ «սառնասրտությամբ» փողոց առ փողոց վերցնում է իր հասարակական կազմակերպությունների «սոս» բրիգադների միջոցով, կազմալուծում է և՛ ոստիկանների աշխատանքը, և՛ ողջ քաղաքը՝ գործի մեջ դնելով թե՛ ՈՒկրաինայում, թե՛ Մերձավոր Արևելքում բազմիցս կիրառած նրբագեղ քաղտեխնոլոգիաները: Արևմուտքի բուն նպատակը Հայաստանը մի քիչ էլ նույն այդ տեխնոլոգիաների միջոցով արևմտացնելը, իր «տակ» տանելը, հոգեբանական և մենթալ պլանը փոխելն է:

Իշխանություններ: Նախ` իրենց համար իսկապես ֆորսմաժորային է այս վիճակը: Եվ ապա` իրենք փորձում են ժամանակ շահել, չկորցնել իրավիճակի հսկողությունը և մեկ օրվա կտրվածքով պառլամենտում ընտրել իր թեկնածու վարչապետին:
Չնայած նախորդ օրը սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հարցազրույցից նաև ակնառու դարձավ, որ ընտրության հետաձգումը նույնպես չի բացառվում: Չի բացառվում նաև ԱԺ հատուկ նիստի անցկացման վայրի փոփոխությունը:
Բոլոր դեպքերում, իշխանությունը կփորձի գնալ իր համար ամենաարդյունավետ ճանապարհով: Ինչ կստացվի՝ ցույց կտա օրվա ընթացքը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ