ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Պերմանենտ հեղափոխության հերոսներն ու հակահերոսները

Պերմանենտ հեղափոխության հերոսներն ու հակահերոսները
17.04.2018 | 00:30

Վերջ, այսօր ապրիլի 17-ն է, պերմանենտ հեղափոխության, անիշխանության ու մնացածի շաբաթն ավարտվեց: Ապրիլի 14-ին ՀՀԿ-ն Ծաղկաձորում խորհրդի նիստն արեց ու ՀՀԿ նախագահին ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրեց, այսօր ԱԺ-ն, այլ թեկնածուների բացակայությամբ, ժամը 13-ին քննարկելու է հարցը ու քվեարկելու: Աժ-ում: Նիստը այլ վայր տեղափոխելու լուրերը հերքեց Վահրամ Բաղդասարյանը: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է 53 ձայն, ՀՀԿ-ն ունի 58: ՀՅԴ-ն` 7 և արդեն հայտարարել է, որ կողմ է նրա թեկնածությանը: Այլ օգնականներ պետք չեն: ԲՀԿ-ն երեկ չէր որոշել` ինչպես քվեարկել: «Ելքը» դեմ կքվեարկի` նիստին ներկա մասով:


Մի թեթև տարակարծություն եղավ վարչապետի թեկնածության շուրջ Դավիթ Հարությունյանի ու Էդուարդ Շարմազանովի միջև: Արդարադատության նախարարն ասում էր, որ վարչապետի մի քանի թեկնածու է եղել ու քննարկվել, քննարկումները բաց, թեժ են եղել երբեմն: Նա գնում էր դասական ճանապարհով` «յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու»: ՀՀԿ-ն էլ` հաշվի առնելով մարտահրավերները: Աժ փոխնախագահն ու ՀՀԿ խոսնակը ասում էր` եղել է ու կա միայն մեկ թեկնածու` Սերժ Սարգսյանը. «2017-ի ապրիլի 2-ից հետո ՀՀԿ-ի ոչ գործադիր մարմնի, ոչ խորհրդի, ոչ էլ խմբակցության նիստերում վարչապետի պաշտոնում բացի Սերժ Սարգսյանի թեկնածությունից, պաշտոնապես այլ թեկնածություն ոչ քննարկվել է, ոչ էլ առաջադրվել է»: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց «պաշտոնապես» բառին: Երկուսն էլ ճիշտ են, հակասություն չկա` կուսակցությունում միայն պաշտոնական քննարկումներ չեն լինում, լինում են կուսակցական բաց ու թեժ բանավեճեր առավել ևս, երբ թեկնածուն ինքն էր 2014-ին հայտարարել, որ չի ցանկանում պաշտոնավարել երրորդ ժամկետով: Երկուսն էլ չեն կարող ասել, որ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ տարածքում կամավոր պաշտոնից չեն հեռանում` Լուկաշենկոն, Նազարբաևը, Ալիևը, Բերդիմուհամեդովը` բոլոր գործողներն ու պաշտոնում մահկանացուն կնքածները վկա, ու դա քննարկման ենթակա չէ, քանի կա Պուտինը: Բայց պարադոքսներ այս ընթացքում, այնուամենայնիվ, եղան:

Մի քանի շաբաթ ԲՀԿ-ն քննարկում էր` ինչպե՞ս է քվեարկելու, ու փաստարկում էր` ինչու՞ պիտի դեմ քվեարկի` հակառակ պարագայում ընդդիմադիր լինելու խնդիր կունենան: Սերգեյ Բագրատյանը հորդորում էր չկենտրոնանալ վարչապետի անձի վրա. «Եթե ընդդիմությունը քվեարկում է վարչապետին, այսինքն` կառավարության ղեկավարին, նշանակում է` հավանություն է տալիս կառավարության ծրագրին: Դա անելուց հետո դու այլևս ընդդիմություն լինելու խնդիր ես ունենալու»: Նաիրա Զոհրաբյանը ասում էր. «Մենք ոչ թե եթե, այլ ընդդիմություն ենք, և որևէ կերպ հասկանալի չի լինի կողմ քվեարկությունը»: Գագիկ Ծառուկյանը, կուսակիցների վկայությամբ` «նման հարցերը թողնում է բացարձակ ազատ քննարկման: Իր կարծիքը մենք այդպես էլ չենք լսում: Վերջնական մշակված կարծիքի հետ կապված ինքը իր մոտեցումն արտահայտում է, որը չի տարբերվում մեր ընդհանուր կարծիքից, առնվազն՝ որակյալ մեծամասնության կարծիքից»: Երեկ Բագրատյանը ասում էր, որ Հայաստանում չկա դասական քաղաքագիտություն` ապացույցը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, և չէր բացառում, որ հակառակ միասնական քվեարկության նախկին հայտարարությունների` խմբակցությունը կարող է ազատ քվեարկության որոշում ընդունել: Թե որքան ընդդիմադիր է ԲՀԿ-ն, ցույց տվեցին Ֆրանսիայի հրապարակի իրադարձությունները` 4 օր Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին իրեն միանալու կոչ էր անում` ում ասես հիշեց, բայց ԲՀԿ-ին չհիշեց: Մոռացումը փոխադարձ էր` ԲՀԿ-ում էլ ոչ մեկի մտքով չանցավ, որ ընդդիմադիր լինելով` կարող է միանալ Փաշինյանի քայլին: Ավելի շատ մտածում էին կոալիցիա մտնելու մասին: Իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները հույս ունեին, որ «ընդդիմադիրի» վիճակին վերջ կդրվի: Ինչու՞ ընդդիմադիր լինելու միմյանց տեսակետները չկիսեցին «Ելքում»:

Առավել ևս, որ 3 կուսակցություններն էլ դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն: Այսինքն` խնդիրը ռազմավարական չէր, այլ մարտավարական: Այդպես թվում էր` համենայն դեպս մեկ ամիս առաջ: Գուցե երկու: Վերջին 4 օրերը ցույց տվեցին, որ կամ իրավիճակ է փոխվել, կամ ի սկզբանե իրավիճակը ճիշտ չի գնահատվել: Եվ բազում առասպելներ փշրվեցին` բախվելով իրականության պատին:


1. Իշխանափոխության համար անհրաժեշտ է ընդդիմության միավորում` 22 տարի այս գաղափարը թևածում է օդում ու հաջողություն չի բերում` ոչ միավորվելիս, ոչ չմիավորվելիս: Նախագահները, ընդդիմադիրները, իրավիճակները փոխվել են, առասպելը մնացել է` այդպես հեշտ է բացատրել անհաջողությունը: Իրականում ոչ թե միավորում է պետք, այլ համակարգի փոփոխության համար համարժեք ուժի համակարգի ձևավորում` իբրև այլընտրանք: Դա երկարատև ու բարդ աշխատանք է, ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ պերմանենտ ու սկզբունքային:
2. Ընթացիկ ընդդիմադիրները պայքարել են անձի դեմ` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, անձերի փոփոխության մեջ տեսնելով խնդիրը, իսկ խնդիրը համակարգն է, որ պահում ու վերարտադրում է ինքն իրեն ու իր առաջնորդին: Դա ոչ թե իշխանության, այլ գոյության պայքար է` եթե համակարգը փլուզվեց, ոչ ոք չի պահպանելու կարգավիճակը: Չի լինելու իշխանությունից ընդդիմություն անցում, լինելու է վերացում կամ սերտաճում նոր իշխանության հետ:
3. Բոլոր ժամանակների ընդդիմադիրները ժողովրդին դիտարկել են միջոց` իրենց նպատակին հասնելու համար ու օգտագործել են այնքան ու այնպես, ինչքան ու ինչպես իրենց պետք է եղել` պարբերաբար տուն ուղարկելով ու հույսները կապելով դրսի աջակցության հետ: Աջակցություն չեն ստացել, որովհետև Մոսկվան յուրայինների ակումբի անդամներին պահպանում է` հանուն ինքնապահպանության, իսկ Արևմուտքը Հայաստանը չի ընկալել ինքնիշխան, անկախ պետություն ու Հայաստանում չի տեսել արևմտյան արժեքներ դավանող ու գործունակ ընդդիմություն:


Պետական կառավարման մոդելի փոփոխությունը, որ այսօր ամբողջանալու է, կատարվեց այնպես, որ համակարգը լրիվ պահպանվի, և ոչ ոք ոչինչ չկորցնի: Ավելին` պահպանի 2022-ին շարունակվելու հնարավորությունները: Այդպես են ծնվում ու ձևավորվում պերմանենտ իշխանության ու պերմանենտ ընդդիմության հերոսներն ու հակահերոսները: ՈՒ փոխադարձ համաձայնությամբ պտտվում են նույն կարուսելում: Եվ կպտտվեն, քանի դեռ սկզբունքային ընկալում չկա, որ ընտրությունները ծրագրերի ու գաղափարների, ոչ թե փողի ու իշխանության մրցակցություն են: Քանի դեռ ընկալում չկա, ժողովուրդը ընտրությունները ծառայեցնում է իր կարճաժամկետ նպատակին` ձայն վաճառելուն, իշխանությունը` իր երկարաժամկետ նպատակին` իշխանություն գնելուն: Խորհրդարանում հայտնված բոլոր ընդդիմությունները ստիպված են եղել կամ հարմարվել ու սերտաճել իշխանությանը, կամ տրոհվել ու անհատական գործունեություն ծավալել` լավագույն դեպքում: 2017-ին «Ելքը» փորձեց փոխել հաստատված «կարգը» ու հասավ հաջողության` 122000 ձայն ստանալով ու խորհրդարան մտնելով ու գործելով իբրև նոր որակի ընդդիմություն, որ ունի համակարգային պայքարի ու համակարգային փոփոխությունների նպատակ: 1 տարին բավական էր, որ դաշինքի 3 կուսակցություններից մեկը պոկվեր ու գնար հին պարտությունների ճանապարհով` ապավինելով ժողովրդի ընդդիմադիր լինելու պատկերացումին ու անձի դեմ անձի պայքարի մարտավարությանը:

Սկզբունքային սխալ էր, խորքային դավաճանություն սկզբնական համաձայնությանն ու պայքարի ընտրված տարբերակին: Առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանը համապատասխանում է հերոս հեղափոխականի պատկերացումներին` արտահայտում է ժողովրդի կամքը, պայքարում է իշխանության դեմ, փորձում է միավորել ընդդիմադիրներին ու անում է կարեցածը: Քաղաքականության մեջ ոչ թե մտադրությունները, այլ արդյունքներն են որոշիչը: Իսկ արդյունքներ չկան, կան հետևանքներ.
1. Իր գործողություններով նա ապացուցեց, որ պատրաստ չէ դերին, որ ստանձնել է և չունի ճանապարհային քարտեզ: Ոչ մի խոստում չկատարեց: Հզոր երթ հայտարարեց Ծաղկաձոր` տեղ չհասավ: ՀՀԿ-ական փնտրեց, որ շրջափակի` չգտավ: Գրոհեց Հանրային ռադիոն, ուղիղ եթեր չստացավ:
2. Առայժմ միայն աշխարհին ցույց տվեց` որքան ժողովրդավարական երկիր է Հայաստանը ու որքան ժողովրդավար` Հայաստանի իշխանությունը: Ընդդիմությունը ինչ ուզում է` անում է: Քաղաքի կենտրոնը փակում է, երթևեկությունը խառնում է իրար, նստարաններից բարիկադներ է կառուցում, 100 հոգով գիշերում է խաչմերուկում, կամուրջներ է գրավում, ոստիկանությունը հորդորում է օրենքը չխախտել, ժամը 11-ից հետո չաղմկել: Ընդդիմությունն իրականացնում է իր իրավունքները, պետությունը` պահպանում ընդդիմության իրավունքները: Համեմատության համար հիշեք 2004-ի ապրիլը ու Բաղրամյան 26-ից մինչև օպերա արյունոտ մայթերը: Մյուս տարիներն էլ հիշեք: Էլեկտրիկ Երևանն էլ: Հայաստանը Բելառուս չէ, Ղազախստան չէ, Ռուսաստան էլ չէ, ժողովրդավարական երկիր է: Ի՞նչ էր ասում ՀՀԿ-ն: Նույնը: ՀՀԿ-ն ասում է, Նիկոլ Փաշինյանն ապացուցում: Համագործակցություն չէ, ի՞նչ է:
3. Տասնչորս օր քայլելուց հետո նա 3 օր ուներ Երևանում տրամաբանական ավարտին հասցնելու նախաձեռնությունը` «իմ քայլը», որ պիտի դառնար բոլոր նրանց քայլը, որ չեն ուզում վարչապետ ունենալ Սերժ Սարգսյանին: Նիկոլ Փաշինյանը պիտի իր խոսքով ու գործողություններով բազմապատկեր կողմնակիցների թիվը, որ 18-րդ օրը դառնար նպատակի կատարման օր: Քաղաքական որևէ ուժ նրան չմիացավ:
4. Հայտարարվեց, որ հարթակում 3 ուժեր միավորվում են, իրականում դուրս մղվեցին ու մնաց ՔՊ-ն իր «եթե ժողովուրդը գա»-ով: Առաջին հայացքից` ով նրան չէր միանում, դավաճան էր, փաստացի` համաժամանակյա դավաճանեց բոլորին` և «Ելքի» գործընկերներին, և Ազատության հրապարակի գործընկերներին, և ամենակարևորը` նրանց, որ իր հետ հույսեր էին կապել:
5. Չորս օրում Նիկոլ Փաշինյանը ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ մի ծրագիր չհրապարակեց: Ծրագիր չէ ցանցային քաղաքացիական անհնազանդությունը, որ քաղաքացուց պահանջում է կամ խելագարություն, կամ` խիզախություն` տրոլեյբուսների շտանգաներ իջեցնելու, մեքենաների առաջ պառկելու, մետրոյի դռների մեջ մնալու, կամուրջներն ու փողոցները շրջափակելու համար: Կամ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ համատարած ուզում են անձամբ իշխանափոխություն անել, կամ առաջարկում է ցանցային պատասխանատվություն, հետևաբար անձնական անպատասխանատվություն` պահելով անձեռնմխելիության մանդատը` հարվածի տակ դնելով իրեն միացածներին: Հիմնականում բարձր դասարանցիներ ու ուսանողներ, որ «Մերժիր Սերժին» կարգախոսից դուրս չգիտեն` ի՞նչ է լինելու հետո: Փողոցները փակելու ու ոստիկանների շղթան ճեղքելու էնտուզիազմը իշխանափոխության բավարար ուժ չէ:
6. Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե իշխանափոխության փորձ, այլ PR արկածախնդրություն է, որի ձախողման համար մեղադրելու է բոլորին, որ իրեն չհասկացան ու չմիացան, իսկ միացողները եղան առաջին զոհերը: Մինչև երեկ ոստիկանությունը գործում էր հնարավորինս զուսպ ու օրենքը չխախտելու կոչեր էր անում, թեպետ իր նոսր շարքերով չէր դիմանում ցուցարարների ճնշմանը ու նահանջում էր: Հայտնի չէ` ինչքա՞ն դա կտևի: Ցանկացած պահի իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ` երկկողմանի պրկված նյարդերի պայմաններում:
7. Ելք կա` ինքնիրեն իշխանափոխության «փորձը» գոնե մեկ արդյունք պիտի ունենա` ասպարեզը մաքրի ընդդիմություն խաղացողներից, ձերբազատի առասպելներից ու «հերոսներից»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսքանից հետո պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը մանդատը վայր դնել ու հեռանալ ոչ միայն խորհրդարանից, այլև քաղաքականությունից: Պրոֆեսիոնալ անկարողության պատճառով: Կամ` հայրենասիրությունից: Թեկուզ` Դուբայ:

Դիտվել է՝ 3021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ