«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Իրավիճակի լավագույն լուծումը նոր ընտրություններն են»

«Իրավիճակի լավագույն լուծումը նոր ընտրություններն են»
17.04.2018 | 00:34

Արդեն մի քանի օր է` Հայաստանի ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ակցիաներ, երթեր, հանրահավաքներ են անում, որպեսզի Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ: Երեկ առավոտյան մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները փակ էին, իսկ օրվա երկրորդ կեսին Բաղրամյան փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև եղավ բախում։ Հիշեցնենք, որ ցուցարարները, ըստ նախապես հայտարարված սցենարի, այսօր պետք է «պաշարեն» ԱԺ-ի շենքը, որպեսզի պատգամավորները չկարողանան մուտք գործել խորհրդարան և մասնակցել ընտրությանը: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հանդարտ հայտարարում են, թե այսօր խորհրդարանը կընտրի Սերժ Սարգսյանին: Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ իր դիտարկումներն է ներկայացնում ստեղծված իրադրության շուրջ:

-Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիրների գործողությունները, ի՞նչ արդյունք կունենան դրանք:
-Անկախ այն բանից, թե ինչ արդյունք կլինի, հստակ է, որ ընդդիմադիրները ճնշման տակ են պահելու, չափավորելու են իշխանություններին, փոխելու են իրավիճակը: Սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի շարժումն է, այլ երիտասարդների: Սա երիտասարդ Հայաստանի ծնունդն է, 4-րդ հանրապետության հիմնարկեքի գործընթացը: Չի կարող կոռուպցիայի, արտագաղթի այսպիսի տեմպերով պետությունը երկար դիմանալ: 3-րդ հանրապետության վերջն է ու 4-րդի սկիզբը: 4-րդ հանրապետությունը երկունք է ապրում, տեսնենք երեխան առողջ կլինի՞, թե՞ հիվանդ: Ցույց են տալիս, թե բան չի փոխվել, բայց սահմանադրական փոփոխությունը բերում է նոր պետականության հիմնարկեքին: Կարծում եմ, նոր գործընթացներ են լինելու, նոր պայքարի սկիզբ: Եթե ժողովրդի կրիտիկական զանգվածը ոտքի կանգնի, ո՞վ կարող է ինչ-որ բան ասել, ի՞նչ կարող են անել:
-Ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ-ի հանգստությունը: Նրանք մինչ այսօր հայտարարում էին, թե անարգել գնալու և մասնակցելու են հատուկ նիստին, որի ընթացքում կընտրեն Սերժ Սարգսյանին:
-Բոլոր իշխանություններն էլ նման հատկություն ունեն, մինչև վերջին պահն իրենց պահում են սառը և անտարբեր: Սա ունի երկու բացատրություն՝ կամ ժողովրդից բացարձակ կտրված են և չգիտեն` ինչ է կատարվում հասարակությունում, կամ էլ ձևական հանգստություն են ցուցադրում: Օրինակ, ինչու՞ ՀՀԿ նիստը չկայացավ կուսակցության գրասենյակում, այլ տեղափոխվեց Ծաղկաձոր: Կամ փողոցներում կարմիր բերետավորներն ի՞նչ գործ ունեն:
-Ի դեպ, ոստիկանները բավականին հանդուրժող էին երեկ առավոտյան, ոչ մի գործողություն չէին իրականացնում, չէին դիմում կոշտ մեթոդների, հավաքի մասնակիցներին հաջողվում էր ճեղքել ոստիկանական պատը և ոչ մի պատասխան-արձագանքի չարժանանալ: Սակայն օրվա 2-րդ կեսին եղավ բախում։
-Չպետք է կոշտ գործողությունների դիմեին, սա սահմանադրական և օրինական շարժում է: Ժողովուրդը խաղաղ ընդվզելու սահմանադրական իրավունք ունի, այսպես է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի նույնիսկ հետամնաց երկրներում: Որևէ գործողության դիմելու համար պետք է հիմք ունենալ:
-Ոստիկանությունը պարբերաբար հայտարարություններ էր անում՝ նախազգուշացնելով հավաքի մասնակիցներին, որ հնարավոր է հավաքը դադարեցնելու որոշում կայացնեն: Ի վերջո, նախազգուշացումը վերածվեց գործողության։ Ինչպե՞ս եք դա գնահատում։
-Ո՞ր օրենքն է խախտվել, թող ասեն: Սահմանադրությունն ասում է, որ ժողովուրդը խաղաղ երթերի, ցույցերի, իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Սահմանադրությու՞նն է գերակա, թե՞ օրենքը: Սահմանադրությունը բխում է իրավունքից, օրենքը՝ Սահմանադրությունից, իսկ գերական ժողովրդի կամքն է, որը ռեալիզացվում է սահմանադրությամբ ու դառնում օրենք: Եթե այս շղթային ինչ-որ բան հակասում է, ուրեմն օրենքը սխալ է: Մարդիկ հանգիստ ցույց են անում, ինչու՞ պիտի ուժ կիրառեն: Հետո էլ՝ Հայաստանում պետք է զգույշ լինել, տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում, խառնակ վիճակ է: Գերտերություններն ամեն ինչ վերահսկում են, այնպես չէ, որ ինչ ուզեն, կարող են անել: Պետք է կյանքը փոխող ծրագրեր առաջ քաշեն, բայց ժողովուրդը երկրից գնում է, իսկ իրենք հայտարարում են հաջողությունների մասին: Այսպես պետություն չեն զարգացնում: Երկու կողմին էլ այսօր պետք է հորդորել զգոն լինել ու մնալ սահմանադրության շրջանակներում, որպեսզի գործընթացը շարունակվի նորմալ հունով: Հիմա ճիշտ կլիներ, որ ՀՀԿ-ն հայտարարի, թե նոր ընտրություններ է նշանակում, որի ժամանակ խարդախություն անող մարդու ձեռքերն ու ոտքերը կկտրեն: Նոր իշխանություն կլինի՝ օրենքով ընտրված իշխանություն:
-Իրավիճակի հանգուցալուծումը նոր ընտրություննե՞րն են:
-Այո, միակ ճանապարհը դա է: Այս խորհրդարանը ձևավորվել է 3-րդ հանրապետության համակարգով, ժողովուրդը դրա օրինականության հետ կապված կասկածներ ունի: Այն ժամանանակ մարդիկ ընտրում էին նախագահ ու գիտեին, որ եթե ԱԺ-ն լավն էլ չլինի, կա մեծ լիազորություններով նախագահի ինստիտուտը: Նոր ընտրություններ են պետք, որին պետք է մասնակցեն երեք պարտադիր հատկությամբ օժտված անձինք՝ հայրենասեր, չկոռումպացված և ինտելեկտուալ: Այսօրվա խորհրդարանը չի կարող 4-րդ հանրապետությունը սպասարկել, այն մահացել է, այնպես, ինչպես Ֆրանսիայում 1959-ին մահացավ 4-րդ հանրապետությունը, և գեներալ դը Գոլը հայտարարեց 5-րդ հանրապետության ծնունդը: Հայաստանում, կրկնում եմ, երկունքի շրջանում է 4-րդ հանրապետությունը՝ հայրենադարձությամբ, բարձր մշակույթով, արդյունաբերության վերականգնմամբ: Այսպիսին պետք է լինեն չափորոշիչները: Հիմա թող ՀՀԿ-ն դրանք հռչակի գերակայություններ ու լուծումներ տա խնդիրներին:
-ՀՀԿ-ում էլ, երբ նախագահ էին ընտրում, խոսք եղավ 4-րդ հանրապետության մասին: Արմեն Սարգսյանն անգամ հայտարարեց, որ ինքը 4-րդ հանրապետության 1-ին նախագահն է:
-Մի անգամ է միայն ասվել: Արմեն Սարգսյանը սկզբում հայտարարեց այդ մասին, հետո հավանաբար զգուշացրին, որ չասի այլևս: Այսօրվա պայքարում հին դեմքեր քիչ կան: Չկան Լևոն Տեր-Պետրոսյանը, Արշակ Սադոյանը, լրիվ նոր սերունդ է, ապրիլյան պատերազմը հաջողությամբ հաղթահարած սերունդն է, որ պայքարում է հանրապետության, երկրի, պետականության համար: Հակոբ Պարոնյանի խոսքով ասենք. «Առաջ պոռալով հետ կերթան»: Հիմա իշխանությունը չի կարող առաջ գոռալ, բայց հետ գնալ: Եթե ընտրություններ լինեն, սելեկցիա կլինի, լավ երիտասարդությունը վերև կբարձրանա: ՈՒմ ուզում են ընտրեն, միջին համազորը լավն է լինելու: Ժողովրդավարական ընտրությունների պարագայում կձևավորվի լավագույն իշխանությունը:
-Իշխանությունից կարծիք է հնչում, որ սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, ուրեմն ի՞նչ է:
-Հայաստանում ընդդիմություն չկա: Իրական ընդդիմությունը փողոցում է, մյուսները սարքովի ընդդիմություն են: Ինչպե՞ս է լինում՝ չպայքարողն ընդդիմադիր է, իսկ պայքարողը՝ ո՞չ:
-Նրանք, ովքեր այսօր չեն միացել շարժմանը, ընդդիմադիրներ չե՞ն:
-Իշխանության ընդդիմությունն են: Եթե այս շարժումը ծավալվի, դա կկրի հակաօլիգարխիկ բնույթ:
-Ի՞նչ սպասել այս իրավիճակում:
-Դժվարանում եմ ասել, բայց մի բան հաստատ է՝ ճգնաժամը կշարունակվի, եթե չկարողանան առաջին փուլը հաղթահարել: Իսկ իրավիճակի լավագույն լուծումը նոր ընտրություններն են:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ