Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Նիկոլ Փաշինյանը խաղ է բեմադրում»

«Նիկոլ Փաշինյանը խաղ է բեմադրում»
17.04.2018 | 00:37

Երբ սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչվեցին, բոլորը համոզված էին, որ այն Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու հերթական նախաձեռնությունն է։ Ընդդիմադիր ուժերը այնքան բուռն չարձագանքեցին այդ հնարավոր հեռանկարին, որքան այսօր, երբ սահմանադրորեն է ամրագրված իշխող մեծամասնության իրավունքը։ Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման թիկունքում այլ երանգներ է տեսնում, իսկ հանրային այս միջոցառումները որակում բեմադրված խաղ։


-Ի՞նչ կարելի է սպասել այս շարժումից։
-Նախօրոք մշակված բեմադրություն է։ Թե ում կողմից, հետաքննությունը կպարզի։ Երբ սահմանադրական բարեփոխումներ էին անցկացվում, նույն Նիկոլ Փաշինյանը բողոքի նման ցույցեր չէր անում։ Այն դեպքում, որ բոլորն ասում ու համոզված էին, որ դրանով Սերժ Սարգսյանը իշխանությունը երկարեցնելու խնդիր է լուծում։ Այս մասին հստակ ներքին դիրքորոշում կար նաև այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանին նշանակեցին վարչապետ։ Հիմա, երբ սահմանադրությունն այլ կարգ չի նախատեսում, քան խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունը, Փաշինյանը ցուցադրաբար հանրահավաքներ է անցկացնում։ Եթե թիկունքում չունենար լուրջ հովանավորող, ֆինանսավորող, Փաշինյանն այդ ռիսկին չէր դիմի։ Ինչու՞ այդ կերպ չվարվեց 2015-ին, 2016-ին, 2017-ին։ Հակառակը, մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, վերցրեց մանդատը։ Այս ամենը նմանվում է ուկրաինական, վրացական իրադարձություններին։ Եթե հիշենք, որ այնտեղ բոլոր անդրկուլիսյան գործողությունները ուղղորդում էր ԱՄՆ-ի դեսպանատունը, ինչու՞ այս դեպքում ես չեմ կարող նման կասկած ունենալ։ Բայց հստակ պնդել ԱՄՆ-ի դեսպանատան մասնակցության փաստը, դժվար է, դա հետաքննող մարմինների գործն է։ Հասկանալի է, որ այսօր իրավիճակը թեժացել է, քանի որ որոշ մարդիկ հրահանգ են ստացել այս օրերին փողոցային անկարգություններ կազմակերպելու։ Հաշվի առնելով, թե ով փողոցային ինքնաբուխ ցույցերի նախասիրություն ունի, կարող ենք կասկածել, որ հետքերը տանում են կրկին ԱՄՆ-ի դեսպանատուն։ Զարմանալի չէ նաև, որ ոչ մի խորհրդարանական և արտախորհրդարանական լուրջ ընդդիմադիր ուժ չի միանում Փաշինյանին։ Նույնիսկ «Ելք» դաշինքի անդամները չեն աջակցում նրան։
-Դրսի միջամտությունը չբացառելով, Դուք կարծում եք, որ աշխարհում այս խառը օրերին ոմանք փորձում են հայաստանյան թեժ «կրակի» վրա ձեռքե՞րը տաքացնել։
-Այո, ցավոք, միշտ այդպես է լինում։ ՈՒրիշ երկրների օրինակով կարող ենք տեսնել, թե նման միջամտություններն ինչի են հանգեցնում։ Տեղի է ունենում սեփականության, լծակների վերաբաշխում։ Կիևյան Մայդանը հանգեցրեց նաև, որ օլիգարխների մի խմբից սեփականությունն անցավ մյուս խմբին, թե չէ ի՜նչ ժողովրդավարություն, ի՜նչ կյանքի բարելավում։ Նույնն է եղել Թբիլիսիում։ Այսինքն, ոչինչ չի փոխվել, փոխվել է միայն, այսպես ասած, թայֆան։
-Այդուհանդերձ, այսօր հրապարակում բավականին ըմբոստ քաղաքացիներ կան, որոնք դժգոհ են իրավիճակից։ Ի՞նչ հեռանկար եք տեսնում ստեղծված իրադրությունում։
-Եթե չլինեն այնպիսի սադրանքներ, որոնք մեզանում մշտապես եղել են, կլինի «էլեկտրիկ Երևանի» էֆեկտը։ Այսինքն, գործընթացը կգնա դանդաղ մարման։ Իսկ սադրանքների պարագայում ոչ մի սցենար չկա։ Որոշ տեղեկություններով վերակենդանացման բաժանմունքում կա վիրավոր ոստիկան, ու եթե նրա կյանքին վտանգ սպառնա, դա արդեն դատական գործ է հենց հավաքի կազմակերպչի` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այս զարգացումները տեղի են ունենում շատ բարդ իրավիճակում, աշխարհը կանգնել է խոշոր բախման շեմին։ ՈՒզում եմ ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ այդ բողոքի ցույցը գլխավորողներին հարցնել` արժե՞ այսօր կազմակերպել փողոցային սրացումներ Երևանում։ Ալիևը, իր դիրքերն ամրացնելով, կարող է նոր ապրիլ սանձազերծել։

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ