Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մի՞ֆ, թե՞ իրականություն

Մի՞ֆ, թե՞ իրականություն
17.04.2018 | 01:49

ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծով, որն իր մեջ ներառում է բարձր աշխատավարձով 100 հազար աշխատատեղի ստեղծում, գործազրկության և աղքատության մակարդակի նվազում, արտաքին և ներքին ներդրողների համար բարենպաստ հարկային դաշտի ապահովում և այլ ոլորտների բարելավում, իշխանությունը հավակնում է Հայաստանը դարձնել գրավիչ ինչպես երկրից մեկնած, այնպես էլ երկրում ապրող քաղաքացիների համար: Պարզելու համար, թե ներկայիս իրավիճակում որքանով է իրատեսական նման հավակնոտ ծրագրի իրականացումը, և այն տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական բնույթ է կրում, «Իրատեսը» զրուցեց տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:

-Գայթակղիչ ռեֆորմներ խոստացող այս փաստաթուղթն անշուշտ իշխանությունների կողմից իրենց բացթողումներն ու անգործությունն արդարացնող հերթական քայլն է: Նրանք փաստաթղթում նշված ուղղությունների վերաբերյալ նախկինում էլ բազմաթիվ նախագծեր և կարճաժամկետ ծրագրեր են ներկայացրել, որոնց գերակշիռ մասը մնացել է անկատար: ՈՒստի չկա երաշխիք, որ երկարաժամկետ ռազմավարության այս փաստաթղթում նշված դրույթները իրականություն դառնան: Փաստաթղթում որևէ հայտնագործություն կամ թիրախային խնդիր չկա, որը կառավարության ընթացիկ գործունեության տեսանկյունից կարևոր և ամենօրյա լուծման անհրաժեշտություն չունենա, այդ խնդիրները մշտապես պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում: Եթե դրանք առանձնացվում և դիտարկվում են որպես ռազմավարական խնդիրներ, դա ինքնին թույլ է տալիս դրանք անվանել կեղծ խոստումներ: Երբ կառավարությունը 100 հազար աշխատատեղերի բացման խնդիրը դարձնում է առաջնային, ապա թող հիշի, որ յուրաքանչյուր 4-րդ տարում այդ 100 հազարը լքում է երկիրը, ընդ որում նրանց 40-45 տոկոսը բարձրագույն կրթություն ունեցողներ են: Այսինքն 40-45 հազար տարբեր ոլորտի մասնագետներ են, որոնք ներկայացնում են մարդկային կապիտալը, որոնք իրենց գիտելիքները, փորձը, հմտությունները ներդնելու են ժամանման երկրում: Մենք յուրաքանչյուր տարի կորցնում ենք ոչ միայն նյութական և դրամական կապիտալ, այլև վերջիններից ավելի մեծ հատույց ստացող աշխատուժը: Իսկ աշխատատեղ ստեղծելուց առաջ որևէ մեկը գնահատե՞լ է, թե որ ոլորտներում կարող ենք նոր աշխատատեղեր ստեղծել, ունե՞նք համապատասխան մասնագետներ, որքա՞ն ներդրումներ են անհրաժեշտ 100 հազար աշխատատեղ ստեղծելու համար և այլն: Բայց մինչ այդ պետք էր կասեցնել արտագաղթը դեռ 25 տարի առաջ, որպեսզի բարձրորակ աշխատուժը չլքեր երկիրը: Դա պետք է լիներ բոլոր կառավարությունների թիվ մեկ հոգածության առարկան: Դա երբևէ չի եղել, չի եղել աշխատատեղերի բացակայության, մարդկային կապիտալի հանդեպ անտարբերության, քաղաքական խնդիրները ոչ քաղաքական ճանապարհով լուծելու, արդարության, մարդկանց իրավունքները ոտնակոխ անելու պատճառով: Եթե քաղաքական խնդիրները լուծում չեն ստանում, եթե ամեն պահ զգացվում է պատերազմը վերսկսելու վտանգը, ներդրումները երկրից փախչում են, բնականաբար, օտարերկրյա ներդրումներ էլ չեն լինի: Ուստի տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ միջոցներով է ստեղծվելու այդ 100 հազար աշխատատեղը: Կարծում եմ, նման խորամանկ խոստումների նպատակը պաշտոնավարման երկարաձգումն է՝ պայծառ ապագայի խոստումով: Կարելի էր ծիծաղել, եթե այսքան տխուր չլիներ…
-100 հազար աշխատատեղ ստեղծելու համար որքա ՞ն ներդրում է հարկավոր:
-Արտադրության ոլորտի մեկ փոքր ձեռնարկություն ստեղծելու համար, ըստ մոտավոր գնահատականների, ծախսվում է 200000 ԱՄՆ դոլար: Փոքր են այն ձեռնարկությունները, որտեղ կա 15-100 աշխատատեղ: Ենթադրենք, կառավարությունը մինչև 2030 թվականը կստեղծի խոստացած աշխատատեղերը միայն փոքր ձեռնարկությունների մակարդակով, միջինը 50 աշխատատեղով, ապա անհրաժեշտ են մոտ կես միլիարդ դոլարի հասնող ներդրումներ։ Այս թիվն էլ բաժանենք 12-ի, ապա խոստացած տարիների կտրվածքով ստացվում են տարեկան 30-40 մլն դոլարի հասնող ներդրումներ: Աշխատատեղերի ստեղծման նախաձեռնողը պետք է լինի ոչ թե պետությունը, այլ այն ներդրողը, ում համար պետությունը պարտավոր է ստեղծել բարենպաստ, հասկանալի, բյուրոկրատիզմից և կոռուպցիայից զերծ հարկային դաշտ, որպեսզի բիզնեսը չգտնվի պետության ճնշման տակ և կարողանա զբաղվել իր գործով: Հայտնի է, որ բնակչության զանգվածային արտագաղթի պայմաններում հարկման դաշտը փոքրանում է, իսկ համապատասխան բյուջետային մուտքերն ապահովելու համար հարկային բեռը պետք է ծանրացնել: Նման պայմաններում քննարկվող խնդիրը դառնում է ոչ իրատեսական: Չեմ կարծում, որ կառավարությունն իր վարած ագրեսիվ հարկային քաղաքականությունից կհրաժարվի:
-Ըստ նախագծի՝ հարկային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի հարկային բեռի ուղղակի հարկերից անցում անուղղակի հարկերի: Այս դեպքում ու՞մ ջրաղացին է ջուր լցվում, գործատու՞ի, թե՞ սպառողի:
- Հարկային բեռի բաշխման օպտիմալ մոդելն այն է, երբ ուղղակի և անուղղակի հարկերը ընդհանուր հարկային մուտքերում մոտավորապես հավասարակշռում են: Այդ մոդելը բնորոշ է լատինաամերիկյան և եվրոպական երկրներին: Ռուսաստանը ևս խնդիր է դրել որդեգրելու այդ տարբերակը: Մեր երկրում, օրինակ, 2017 թվականին պատկերը հենց այդպիսին էր: Երբ խնդիր է դրվում խախտելու այդ օրինաչափությունը, ընդ որում հօգուտ անուղղակի հարկերի, նշանակում է ծանրացնել միջին վիճակագրական քաղաքացուց գանձվող հարկը: Սոցիալական պետությանը հարիր մոդել չէ, հատկապես որ ընթացիկ տարում եկամտահարկի տոկոսադրույքի բարձրացումն արդեն ուղղակի հարված էր այդ քաղաքացուն: Եթե անուղղակի հարկերի բաժինը բարձրացնելու խնդիր կար, ինչո՞ւ դա արվեց: Երբ հարկման դաշտը ընդլայնվի՝ ինքնին հարկային մուտքերը կավելանան, ուստի առաջնային խնդիրը պետք է լինի տնտեսական ակտիվության մեծացումը, նորաստեղծ փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնությունների տրամադրումը, որը մուլտիպլիկացիոն էֆեկտի սկզբունքով կհանգեցնի անուղղակի հարկերի ավելացմանը: Այդ ձեռնարկություններում աշխատողների եկամուտները որքան մեծանում են, նույնքան ավելանում են նրանց ծախսերը, որոնք ուղղվում են դեպի սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, հանրային ծառայությունների ոլորտ, այստեղից արդեն անուղղակի հարկերը գանձվում են: Այսինքն, եթե ուղղակի չի հարկվում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, ապա անուղղակի հարկվում է սպառողը: Ահա նման դեպքում հնարավոր է, որ անուղղակի հարկերը մեծանան, իսկ ուղղակի հարկերը նվազեն: Բայց քանի որ մեր երկրում շահութահարկ վճարող ոլորտները, ձեռնարկատերերը մենաշնորհված են, ուստի նրանց գրպանին չկպչելու փոխարեն պետությունը ակցիզային, ավելացված արժեքի հարկի ձևով կպչում է սպառողի գրպանին: Հավասարակշռված մոդելը խախտելը ճիշտ չէ:
-Առաջիկայում նախատեսվում է սուպերմարկետների, առևտրի կենտրոնների ավելացում: Գուցե սրա՞նք են ապահովելու 100 հազար աշխատատեղ:
-Ես տեղյակ չեմ: Թերևս յուրաքանչյուր քայլի նորանոր սուպերմարկետների հայտնվելը բխում է այդ մտադրությունների տրամաբանությունից: Բայց մինչև նոր, համախառն ազգային արժեք չստեղծվի, որը կարող է դառնալ մարդկանց պահանջմունքները բավարարելու հնարավորություն կամ միջոց, առաջընթացն անհնար է: Ներկայիս տնտեսությամբ մենք գտնվում ենք 15-17-րդ դարերում, որը տնտեսագիտության պատմության մեջ կոչվում էր մերկանտիլիզմի դարաշրջան, երբ երկրի զարգացման գլխավոր ոլորտը առևտուրն էր: Սակայն այն ժամանակ գոյություն ուներ գաղութատիրություն, զարգացած երկրները թալանում էին գաղութները, հանքահումքային ապրանքները բերում էին իրենց երկիր, մշակում և արտահանում էին այլ երկրներ: Երբ Հայաստանը առավելապես արտահանում է հանքահումքային ապրանքներ և ներմուծում պատրաստի արտադրանք, վաճառում ներքին շուկայում, ինքնին հայտնվում է գաղութային վիճակում: Փաստորեն, մենք գաղութացված վիճակում ենք այն երկրների կողմից, որոնք, թալանելով մեր հանրապետության հանքահումքային ռեսուրսները, դրանք պատրաստի արտադրանքի տեսքով հետո վաճառում են մեր երկրում: Ահա թե ինչու է մեր երկրում ծաղկում միայն առևտուրը: Իշխանություններն ի վերջո պետք է հասկանան, որ Հայաստանը մեր պապերից ստացած ժառանգություն է, որը վատնել չի կարելի, այն անցյալ է, պատմություն է, սեր է, զգացմունք ու արժանապատվություն է, որոնք պետք է պահպանել և զարգացնել, այլ ոչ թե վատնել:
-Երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը իշխանությունները բացատրում են շրջափակմամբ ու պատերազմական վիճակով, մինչդեռ այդ նույն պայմաններում իրենց եկամուտներն օրեցօր ավելանում են:
-Պատերազմական իրավիճակի լրջությունը զգում է թե բնակչությունը, թե իշխանությունը: Բայց այդ զգացողությունները տարբեր են: Եթե ժողովրդի գերակշիռ հատվածը շարունակ աղքատանում է, ապրում է ծանր պայմաններում, գործազրկությունն ու արտագաղթը սոսկալի չափերի են հասել, ապա իշխանությունների մոտ հակառակն է՝ մեր երկրում և այլ երկրների օֆշորներում նրանց եկամուտներն աճում են, այս և այլ երկրներում ավելանում են առանձնատների քանակը, ցոփ ու շվայտ կյանքի պայմանները, պետբյուջեի հաշվին իրականացվող անիմաստ ու անպտուղ «պաշտոնական» այցելությունները, նրանց կանանց շքեղ ու բրենդային հագուստների հավաքածուները: Եվ այս ամենը՝ ռազմական ծախսերի հաշվին: Ահա թե ինչու է կաղում երկրի տնտեսությունը, որը ցեխաջրից դուրս հանելու համար ոչ մի ռազմավարական ծրագիր չի փրկի, քանի դեռ որևէ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնում հարցերը օրենքի և օրինականության, հանուն պետության կայացման լուծելու: Պատմությանը հայտնի է մեկ երկիր, որը գտնվելով պատերազմական վիճակում, այնուհանդերձ հզորացնում էր իր տնտեսությունը: Այդ պետությունն Իսրայելն է, երկիր, որն ունի գերհարուստ հրեական համայնքներ, էլ չեմ ասում, որ հրեաներն են կառավարում ողջ աշխարհը:

Զրույցը՝ Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ