Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հպարտության պատճառով մենք խորապես տառապում ենք»

«Հպարտության պատճառով մենք խորապես տառապում ենք»
17.04.2018 | 00:05

Մենք բոլորս ուղղակի մխրճվել և սուզվել ենք ուրիշներին դատելու այս պղտոր ճահճի մեջ:
ՈՒմ ասես և ինչի համար ասես չենք դատում` Տիրոջ իշխանությունը հափշտակելով, մոռանում ենք Նրա պատվիրանը. «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք»:


Մենք ամեն կերպ ձգտում ենք բարձր պաշտոնի ու ճանաչման, իսկ Տերը, իր աշակերտների մեջ նկատելով այս տենչը, ասում էր. «Ով ուզում է ձեր մեջ մեծը լինել, թող լինի որպես սպասավոր» (Մատթ. 20.26): Մտածե՞լ ենք երբևիցե տերունական այս խոսքերի շուրջ: Կա՞ մեր մեջ ցանկություն` լինել մերձավորի նկատմամբ սպասավորի դերում: Ո՛չ: Մենք միշտ մերձավորներից ենք ակնկալում ընդունել ծառայություն, մենք մահու չափ վախենում ենք իջնել «սպասավորի աստիճանին», իսկ արդարացում մեր հպարտության պատճառ ենք բերում մեր տարիքը, պաշտոնական դիրքը, հոգնածություն, հիվանդություն և այլն: Իսկ հիմա մեկ վայրկյան պատկերացրեք, թե ինչպես պիտի բարեփոխվեր մեր կյանքը, եթե մեզնից յուրաքանչյուրն այս պահից սկսած ընդուներ որպես կանոն` ձգտել իր կարողության, ուժի և հնարավորության չափով ծառայել մերձավորին` մոռանալով սեփական անձը, տերունական խոսքի համաձայն. «Ով ուզում է ձեր մեջ լինել առաջինը, թող լինի որպես ծառա» (Մատթ. 20.27): Եթե դուք վարվեք այդպես ձեր հոգու ներքին կանչով, ի սրտե, ապա անկասկած կզգաք ուրախություն` խոնարհության երանություն: Իսկ մենք, Տե՛ր, մեր գոռոզությամբ և նրանից ծնված վատ և չար արարքներով թունավորում ենք մեր կյանքը, հեռացնելով մեզ Քեզնից` արգելափակում ենք Աստծո Շնորհի մուտքը մեր հոգիներից ներս, դրա համար էլ չունենք ուրախություն և երջանկություն: Հպարտության պատճառով մենք հոգեպես տառապում ենք` չափազանց հետաքրքրասիրությամբ, կեղծավորությամբ, կամակորությամբ, սեր ունենք վիճելու, անհնազանդ ենք, նախանձ, խանդոտ, չարախոս և ապերախտ: Սուրբ հայրերից մեկն ասում է. «Եթե մարդկային որևէ առաքինության կամ բարեգործության հիմքում խոնարհություն չլինի, ապա բարի գործը այլևս բարիք չէ, այլ վնաս է մեզ և խորթ է Աստծուն»:


Կա հպարտության ևս մի նուրբ տեսակ, որը շատ վտանգավոր է մեր հոգու համար, դա սնափառությունն է: Այս երևույթը փորձում է մեր արած ամեն գործ դարձնել այնպես, որ այն լինի ոչ թե Աստծո փառքի համար, այլ սեփական անձի մեծարման կամ մարդկանց հաճելի երևալու համար: Սնափառությունը միշտ տենչում է մարդկային փառք և գովասանքներ: Այս պատճառով, եթե մեկը մի աշխատանք է կատարում կամ բարի գործ` ի ցույց մարդկանց, առաքինությունը դարձնում է միջոց` սնափառության կիրքը բավարարելու համար, այսպիսով բորբոքում է Աստծո բարկությունն իր վրա: Որովհետև այն գործը, որ պիտի կատարվեր Աստծու հանդեպ սիրուց դրդված և Նրա փառքի համար, արվում է սեփական անձի փառքի համար, քանի որ հաճոյանում ենք մարդկանց, որոնց գերադասում ենք Աստծուց, աշխարհի փառքը նախադասում ենք Աստծո փառքին: Ահա թե որքա՜ն հեռու ենք մենք հոգով աղքատ լինելուց, որքա՜ն հեռու ենք սրտով խոնարհներից:
«Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն»
Լացել ու սգալ կարելի է տարբեր բաների համար: Եվ այստեղ երանելի են կոչվում ոչ թե նրանք, ովքեր տրտմում և լացում են աշխարհիկ իրերի համար, քանզի լացել կարող են նաև անուժ կատաղությունը, ստորացած հպարտությունը, վիրավորված եսասիրությունը: Սակայն դրանք բոլորը մեղքի արտասուքներ են` անօգուտ լացողների համար, քանզի վնասում են հոգուն և մարմնին, առաքյալի խոսքի համաձայն. «Այս աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Կոր. 7.10):


Երանությունն ու մխիթարությունը տրվում են նրանց, ովքեր լացում և սգում են, որ անկատար և անվայել ձևով են ծառայում Աստծուն և նույնիսկ արժանի են Նրա բարկությանը: Ստուգենք հիմա մեր սրտերն ու խիղճը: Արդյո՞ք տրտմում ենք, որ ապականել և անընդհատ ապականում ենք Աստծո պատկերը մեր մեջ` մեղքեր գործելով: Որ մենք ամեն օր աղտոտում ենք այդ պատկերը մարմնավոր կրքերով, աշխարհիկ հոգսերին կապվելով, անհավատությամբ, հպարտությամբ, ատելությամբ և նախանձով, անզուսպ պահվածքով, հարբեցողությամբ և այլ կրքերով, և դրանով մեր Արարչին ենք բարկացնում և փորձում Նրա երկայնամտությունը:
Սգու՞մ ենք մենք նրա համար, որ «քրիստոնյա» անունն ենք կրում միայն, որ ստացանք սուրբ Մկրտությամբ, Տիրոջ օրենքը չենք կատարում և ապրում ենք, ինչպես Քրիստոսին չհավատացողներ` կառչած ենք երկրավոր բաներին, չենք մտածում Երկնքի և հանդերձյալ անվախճան կյանքի մասին, մահվան մասին, որ անպատրաստ ենք Աստծո Արդար, Ահավոր ու սոսկալի Մեծ Դատաստանի քննությանը: Մենք ուղղակի անհոգ ենք մեր հոգու փրկության հարցում, մենք բացարձակապես մոռացել ենք այս ամենի մասին:
Սգու՞մ ենք մենք այն բանի համար, որ մեր սիրտը ամեն կերպ ձգտում է անել ամեն ինչ Տիրոջը հակառակ: Նույնիսկ եթե աղոթում ենք, զղջում և հաղորդվում ենք Սուրբ և Կենդանարար Խորհրդին, որը կարող է և քարացած սիրտը մոմի պես փափկեցնել, դարձյալ չենք ուղղվում մեր անփութության պատճառով: Եվ մենք պիտի սգանք ու լացենք, որ չենք բերում Տիրոջը հավատքի և սիրո պտուղներ, հեզության և անհիշաչարության պտուղներ, ժուժկալության, մաքրության, ողջախոհության և ողորմության պտուղներ և այլն:


Սգու՞մ ենք մենք, երբ`
ա. զգում ենք, որ անմաքուր մտքեր են մոտենում մեր սրտին,
բ. տարվում ենք ագահությամբ, ժլատությամբ և նախանձով,
գ. մեր անձի թշնամու հանդեպ տածում ենք խոր ատելություն,
դ. տարված ենք հարբեցողությամբ, արծաթասիրության ու ընչաքաղցության մոլուցքով,
ե. սրտնեղում ենք և հակառակվում ծնողներին, մեծերին ու ղեկավարներին:
Չունենք մենք, ո՛վ Տեր, այս մշտական լացն ու տրտմությունը մեր մեղքերի համար, միայն խոստովանության ժամանակ ենք փոքր-ինչ իմանում մեր մեղավորության մասին, իսկ ընդհանրապես, մենք ժամանակ չունենք անգամ պատրաստվելու խոստովանությանն ու Սուրբ Հաղորդությանը: Ժամանակ չունենք վերհիշելու կամ մտածելու խոստովանությունից առաջ` ինչո՞վ եմ ես բարկացրել Տիրոջը իմ անձնական կյանքում: Հույս ենք տածում, որ քահանան մեր փոխարեն մեղքերի ցուցակը կկարդա, իսկ մենք կասենք «մեղա»` այդպես էլ չկարողանալով բերել անհատական խոստովանություն: Այն մեզ թվում է չափազանց դժվար և ոչ հարմարավետ:
Իսկ Դավիթ մարգարեն ահա թե ինչպես է իր մեղքերի համար սրտաբեկվելով ասում. «Ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ և իմ արտասուքով անկողինս թրջեցի» (Սաղ. 6; 7):

Թարգմանությունը ռուսերենից՝ Դարբասի հոգևոր հովիվ տեր
Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ