Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Համաշխարհային հսկա շերեփը խառնում է ազգեր ու ազգային արժեքներ

Համաշխարհային հսկա շերեփը խառնում է ազգեր ու ազգային արժեքներ
17.04.2018 | 01:58

Եվրոպան դանդաղ մահմեդականացնելուն զուգահեռ ընթանում է մեկ այլ գործընթաց, որը, ասես, հենց այդ մահմեդականացման համար ճանապարհ բացողն ու հարթողն է: Եվրոպացիները, արդեն շատ հարցերում դիմազրկված, կորցրել և կորցնում են նաև իրենց քրիստոնեական կերպարը, իսկ դատարկ տեղը լցվել է պահանջում: Եվ խնդրեմ, մահմեդականներն իրենց մոլեռանդությամբ պատրաստ ու պատրաստ են դրա համար: ՈՒ… հարյուրներով փակվում են եկեղեցիները, իսկ մզկիթները, իրենց հավատավորների պես, խելահեղ բազմացման ուղին են բռնել:


Հիմա ավելի պարզ է դառնում, թե ինչու են այդքան գումարներ ծախսվում աղանդներով երկրները շնչահեղձելու համար, բացի այն, որ այդ՝ քրիստոնեական դիմակով վարագուրված աղանդները միշտ ունեն փոքրիկ թվացող, բայց սարսափելի պահանջներ. ասենք՝ բանակում չծառայելու, արյան փոխներարկումից հրաժարվելու, ցանկացած պահի՝ իրենց հնազանդ ամբոխին, դավադիր ակունքից նոր ու ազգակործան հրահանգներ արձակելու իրավունքը և այլն, դրանք նաև՝ մարդկանց մեծ բազմություններ կտրելով եկեղեցիներից, ի վերջո բերում են եկեղեցիների պարապության և, փաստորեն, ավելորդ համարվելուն:
Երբ այդ՝ դարերով ձևավորված եկեղեցի-կառույցն այլևս չկա, շատ հեշտ է դիմազուրկ հոտի վերածված աղանդաբազմությանը ցիրուցան անելը: Եվ արդեն դրանք հիմնած գլոբալիստները վերջին քայլը կանեն. աղանդավորության հարցը հանված է, այն իր գործն արդեն արել է, և ժամանակն է դադարեցնելու դրանց հովանավորությունն ու ֆինանսավորումը. ինչպես արվում է այս կամ այն նպատակով հովանավորվող հասարակական կազմակերպությունների հետ (աղքատության վերացման, բռնության վերացման և այլն): Մի մոռացեք, որ դրանց բոլորի երեսն ու աստառը անպայման միշտ միմյանց հակադիր իմաստն ունեն. երեսը նրանց սև նպատակի լրիվ հակառակ պատկերն ունի, որով ներկայանում են, խցկվում տանդ վերին անկյունները, իսկ դուրս են գալիս այդ գեղեցիկ լոզունգների հակառակ իմաստն իրականություն դարձրած և երթում են այդպես սև հետքերով ողջ մոլորակն իրենց ոտնատակ արած:


Աշխարհի և մարդկության դեմ դուրս եկած դավադիրներն իրենց ծրագրերում շատ պարզ ձևակերպած պարբերություններ ունեն հավատին և կրոնին վերաբերող. նրանք օրախնդիր են համարում քրիստոնեության վերացումը. «դա ամենադժվարն է», չարի կոկորդում ամենահամառ խցվածը, իսկ մահմեդականության և այլ կրոնների հարցը դրանից հետո շատ հեշտ լուծելի է ենթադրվում: Առայժմ մահմեդականները կօգտագործվեն որպես գործիք քրիստոնեության դեմ, և այդպես էլ արվում է: Իսկ հետո ստրկացված և քչացված, թմրադեղերով շշմեցված ստրուկ-մարդուկների վրա կիշխի սատանիզմը՝ իր մոգություններով, խավարով և չարի անսահմանափակ իշխանությամբ: Հաշվի առնելով ավելի շուտ ստրուկ դարձած մարդկության այսօրվա անտարբերությունը իր դեմ գործող կործանարար ծրագրին, դրան թերևս ավելի քիչ ժամանակ է մնացել, քան կանխատեսված է նրանց կողմից:
Համաշխարհային հսկա շերեփը դեռ խառնում ու խառնում է ազգեր ու ժողովուրդներ, մշակույթներ և ազգային արժեքներ՝ թույնի իր հսկա բաժինն ավելացրած, մինչև ի վերջո կստանա պահանջվող անդեմ, համասեռ, լույսից լրիվ զրկված, խավարով լցված ու խավար սփռող մասսա. Հենց այն, ինչ պետք է ռոբոտային սպասարկում իրականացնելու համար:
Եվ մենք ևս շտապում ենք հետ չմնալ այդ խառնամասսայի մաս դառնալուց՝ «Դեպի Եվրոպա» լոզունգներով և «յուղոտ» պայմանագրերով շտապում ենք օր առաջ մեր ոտքերն ամրացնել նրա սեփականած ողբերգական ճանապարհին, երբ եվրոպացիներն անգամ արդեն այլ լոզունգներ են հնչեցնում. «Արթնացիր, Եվրոպա»:


Այն ամենը, ինչ այնտեղ փորձ է արվում իրականացնել, մենք արդեն անցյալ դարում ապրել ենք ու փորձ ունենք. երկիրն ու նրա իշխանությունը թուրքին քիչ առ քիչ հանձնելը՝ արդյունքում ցեղասպանության զոհ դառնալը, խորհրդային տարիներին եկեղեցիների փակելն ու անխնա քանդելը: Արդեն ապրել ենք, բայց անփորձների պես նորից նույն փոսն ենք ուզում նետվել:
Եվրոպայում այսօր եկեղեցիները վաճառվում են և վերածվում ինչի ասես: Մի հեռուստահաղորդման ժամանակ, որպես լավագույն օգտագործման օրինակ, ցուցադրվում էր եկեղեցիներից մեկի սեփականատիրոջ հպարտ բացատրությունը, ով եկեղեցին գրադարան էր դարձրել, իսկ խորանը՝ սրճարան, համոզելով, որ այդ կերպ հարազատ է մնացել կառույցի հոգևոր էությանը: «Գրքեր ընտրելուց հետո մարդիկ մղվում են դեպի սրճարան, այսինքն՝ խորան», իր գյուտով հիացած բարբաջում էր այսօրվա եվրոպացին:
Ծանոթ վիճակ է, երբ խորհրդային աթեիզմի ասպատակության շրջանում եկեղեցիները հենց միայն Երևանում տասնյակներով, թե հարյուրներով քանդվեցին:


Վերևից եկած հրահանգը հայերիս մոտ միշտ ավելի մեղմ է լինում, քան մեր արձագանքը դրան. Մենք ոգևորվում ենք ավելի, քան պետք է, մենք քանդում ենք շատ ավելի մեծ եռանդով, քան մեզնից սպասում են, մենք դավաճանում և մարդկանց աքսորի ու մահվան դատապարտող մատնություններ, զրպարտանքներ և գործողություններ ենք սփռում աջ ու ձախ ավելի մեծ չափով, քան օտարի ցուցակում մեզ տրամադրած տեղն է: Այնպես որ նրանց, ովքեր փորձում են հեթանոսական մեհյանների քանդման ջերմեռանդությունը հայն ու հայությունը դարերով պահած մեր հավատի և նրա ռահվիրաների վրա բարդել, խորհուրդ կտայի ավելի լայնատես լինել և դրա պատճառը մեր հոգեբանության դարուփոսում փնտրել:


Խորհրդային տարիների՝ մեզ ավելի մոտ ժամանակը, դեռ թարմ հիշողությունները և հուշող արխիվները շատ ցայտուն են վեր հանում մեր ազգի ծայրահեղական դրսևորումները:
Այդ տարիներին կազմավորված Հնությունների պահպանման կոմիտեի անունից Թամանյանը և այլք շատ են պայքարել եկեղեցիների քանդման դեմ, հատկապես Երևանի՝ ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում կառուցված 4-5-րդ դարերի Պողոս-Պետրոս եկեղեցու համար, որը մեծ մշակութային արժեք էր (ասենք, հայկական ո՞ր եկեղեցին անգնահատելի արժեք չէ), և որի պատերին աշխարհում առաջին անգամ արված յուղաներկ որմնանկարների նմուշներ կային: Բայց ժողովուրդն ինքը, ափերը ոգևորված շփելով, գործի էր անցել: Շատ գյուղերում բնակչությունն ինքն էր եկեղեցին քանդելու թույլտվություն խնդրում, որպեսզի այդ քարերով, շինանյութով դպրոց կառուցեր կամ օգտագործեր իրենց տների կարիքների համար:
Այդպիսի ծայրահեղական վարքի դրսևորում է նաև հենց մեր օրերում Երևանի՝ արդեն թանկ պատմություն, մշակութային արժեք դարձած և, համեստ ու հարազատ գեղեցկությամբ մեր քաղաքին առանձնահատուկ տեսք հաղորդած շենքերի «ջարդը»:
Մենք մեզ փոխելու կարիքն ունենք, ոգևորության պոռթկումները հաղթանակների համար պահելու կարիք:


Մենք մեզ պաշտպանելո՛ւ կարիքն ունենք՝ բոլոր պատերազմներից ավելի խարդախ և կործանարար, ներկայիս համաշխարհային պատերազմի թոհուբոհում:
Բայց դեռ հակառակն ենք անում:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 5594

Մեկնաբանություններ