«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ego eimi»

«Ego eimi»
17.04.2018 | 02:04

Այդին Մորիկյանին՝ ծննդյան օրվա նվեր

Ես վերադարձել եմ
-Դու տեսա՞ր Շամբալան,- հարցրեց Հիսուսը։
-Ես տեսա Բուդդային։
-Իսկ Շամբալա՞ն։
-Շամբալա չկա։
-ՈՒրեմն նա քեզ չի համոզել։
-Քեզ համոզե՞լ է։
-Ինձ լոտոս պետք չէ։
-Նա ասում էր, որ ինքը չինական պարիսպ չի կառուցել:
-Դու հետաքրքրվում ես շինարարությա՞մբ։
-Ինչու՞ ինձ ուղարկեցիր Շամբալա։
-Դու էիր թափառում Երուսաղեմում ու ուզում էիր Բուդդային հանդիպել։ Իսկ նա ծեր է ու արժանի հարգանքի, արժեր, որ գնայիր։
-Բայց ես չեմ եկել հանուն հանդիպումների, որ չեմ երազում։
-Իսկ դու դեռ երազու՞մ ես։ ՈՒզում ես` գնանք Հորդանա՞ն։
-Ոչինչ չեմ ուզում։ Ոչինչ։
-ՈՒզում ես, Մուհամեդ, ուզում ես։ Բայց վախենում ես: Բուդդան ասաց, որ դու էլ արդեն բուդդա ես, դու կմտնես Հորդանանը, որովհետև չես կարող գետի ափին մնալ, ու վախենում ես, որ ես էլ կասեմ` մկրտվեցիր, Մուհամեդ, մկրտվեցիր։ Չեմ ասի, մկրտվելը ջրով չի, հոգով է: Սուրբ հոգով։ Դու երբեք չես մկրտվի, եթե նույնիսկ ամբողջ կյանքդ Հորդանանում անցկացնես։ Ինչպես բուդդա չես դառնա, եթե ամբողջ կյանքդ Բուդդայի հետ անցկացնես։ Մուհամեդ, հրաշքներ չեն լինում, լինում են հայտնություններ։ Քեզ հայտնի է ամեն ինչ, քեզ հայտնություններ պետք չեն։ Դու արդեն շատ մեծ ես` գնացքի համար, որ կանգառներ ունի։ Քո կայարաններն արդեն սրբավայրեր են։ Դու քայլեցիր քո ոտնահետքերով ու չճանաչեցիր, դու սպասում էիր, որ քո առաջ ծնկի կգան` չեկան, ոչ ոք աստծո մեջ Աստծուն չի ճանաչում, քանի դեռ չի զգացել նրա զորությունը։
-Ինչու՞ է լոտոսը կապույտ։
-Չգիտեմ, գուցե Բուդդան սիրում է կապույտը։
-Բուդդան ոչինչ չի սիրում։ Նա սիրում է սիրել սովորեցնել, բայց ինքը չի սիրում։ Եթե նա սիրեր, մորը, հորը, կնոջը, որդուն չէր լքի` հանուն ճշմարտության, որի մեջ չկա ճշմարտություն, կա ճանապարհի պատրանք ու ճանաչողության խաբկանք։ Նրա ամբողջ Շամբալան ինքնախաբեություն է` կատարելագործվիր, որ կատարելագործես։
-Իրեն ասացի՞ր։
-Ոչ, միևնույն է` չէր լսելու։ Նա միայն ինքն իրեն է լսում, մեկ էլ` ծափերը։
-Ի՞նչ ծափեր։
-Իսկ դու չե՞ս լսում ծափեր։
-Ոչ։
-ՈՒրեմն` դու դեռ ճանապարհ ունես, նրա ամբողջ ճանապարհին հնչում են ծափեր, ու նա ինքնահիացումի իր զգացողությունը ոչնչի հետ չի փոխի։
-Դու հիմա բացատրեցիր, թե ինչու եկա ես։ Բայց ինչու՞ եկար դու։
-Շղթան պետք էր փակել։ Քեզնից հետո քո աշակերտները մոռացան սուրը, նրանք հնազանդության, սիրո ու հավերժական կյանքի մասին խոսելիս մոռանում էին գլխավորը, որ դու սովորեցրել էիր` պաշտպանելը, տեր լինելն ու ամբողջ հույսը դնում էին քեզ վրա, որ դու մենակ չես թողնի, դու տեր կլինես ու դու իրենց կպաշտպանես։
-Դու սու՞ր բերեցիր, թե՞ սեր։
-Ես էլ եմ ունեցել սխալներ։
-ՈՒ ի՞նչ ենք անելու քո սխալների հետ։
-Ոչինչ: Ինչու՞ Բաբելոնի աշտարակը չկառուցվեց, ինչու՞ մարդկանց լեզուները խառնվեցին, որ նրանք իրար չհասկանան։
-Դու երկրորդ անգամ ես հարցնում։
-Ես երրորդ անգամ էլ կհարցնեմ։
-Պենտակոստա։
-Բացատրիր:
-Ես 50-րդ օրը վերադարձա ու իմ աշակերտներին վերադարձրի լեզուները, որ մարդիկ կորցրել էին Բաբելոնում:
-Ինչու՞: Ընդամենը` որ կարողանան տարբեր լեզուներով քո ուսմունքը քարոզե՞լ։
-Ոչ։ Որ կառուցեն Բաբելոնի իրական աշտարակը` սիրո ու հավատի։
-Բայց չեն կառուցել, մինչև հիմա չեն կառուցել:
-Դու շինությու՞ն ես որոնում։
-Ես ըմբռնում եմ որոնում։
-Հասկացիր ու քեզ կհասկանան։
-Ե՞ս եմ գալիս Շամբալայից, թե՞ դու։
-Դու։
-ՈՒրեմն` ինչու՞ ես դու բաց աչքերով երազում։
-Որ մարդիկ չկորցնեն երազը։
-Նրանց ինչի՞ն է պետք դատարկ պատրանքը։
-Լիքը, թե դատարկ` յուրաքանչյուրը ինքն է որոշում, ես դուռն եմ, որ բացվում է, երբ հավատում ես։ Չինական պարիսպ մի կառուցիր, Մուհամեդ, բոլոր պատերն էլ մի օր վերանում են։ Երբ վերևից ես նայում, պատերն անիմաստ են։
-Ոչ ներքևում ապրողի համար։
-Ներքևում ապրողի համար կան աստիճաններ, ու կան պատուհաններ։
-Իսկ դուռը մե՞կն է։
-Մարդիկ ծնվում են մենակ ու մեռնում են մենակ։
-Իսկ մե՞նք։
-Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուրի հոգու համար ու մարմնի, որ հոգու պատյանն է։ Իսկ հոգին հավերժ է։
-Բուդդան ասում էր` տիեզերական բացարձակն է միայն հավերժ։
-Նա չէր սխալվում։
-ՈՒրեմն` ի՞նչ։
-Նրա տիեզերական բացարձակը պետք է բերել երկիր ու մարդուն ազատություն տալ։
-Նորի՞ց ազատություն։ Դու՞ էլ ես քաոսի կարոտել։
-Ազատությունը քաոսի ավարտն է։ Ես կարոտել եմ քամուն։ Գնանք Հորդանան, Մուհամեդ, թող քո ցանկությունը կատարվի։
-Դու ինչպե՞ս ես իմ ցանկությունները զգում։
-Ես էլ եմ ուզում Հորդանան գնալ։
-Իսկ Երուսաղե՞մը։
-Երուսաղեմն ի՞նչ։
-Դու նորից հեռանում ես քո Քաղաքի՞ց։
-Դու այդպես էլ չհասկացար տիեզերական բացարձակը, Մուհամեդ, չհասկացար։

Հեռվում խելահեղ գեղեցիկ երկինքն էր, արևը փորձում էր լուսաբացն ազդարարել, բայց սպասում էր, որ նրանց զրույցն ավարտվի, իսկ զրույցը չէր ավարտվում, ու արևը սպասում էր։ Բեթղեհեմի աստղը ժպտում էր` միայն նա գիտեր` ինչքան է գիշերը տևելու ու նույնպես սպասում էր։ Ձիթենյաց այգում աստվածալույս էր կաթում ձիթենիներից։ Պետրոսն զգաց, որ ոտքը չի ցավում։ Ֆիլիպոսը հանկարծ տեսավ որդուն, որ այլևս գունատ ու տխուր չէր։ Թովմասի ափի մեջ հասուն ձիթապտուղներ էին։ Նա նայում էր հյութեղ ու շողացող ձիթապտուղներին, որ արդեն ափի մեջ չէին տեղավորվում։ Թովմասը ձեռքը պարզեց Մարիամին, ու Մարիամը սկսեց ձիթապտուղները նրա ափից վերցնել ու բաժանել, Հուդան ևս վերցրեց: Նա այլևս սոված չէր, ու նրա ձեռքի հացը դարձել էր քար։ Հուդան գցեց քարը։ Քարն ընկավ ոտքին, ու Հուդան ճչաց` ինչքան ուժ ուներ։ Թադեոսը նստել էր ձիթենու տակ ու նայում է երկնքին` նա որոշել էր հաշվել` քանի՞ նահատակի են հայերը սրբադասել, ու անընդհատ կորցնում էր հաշիվը։ Հովհաննեսն ասաց, որ որոշել է գրել։ Նրա վրա ծիծաղեցին։ Միայն Անդրեասը ասաց` դու չես կարող չգրել։ Դու պարտավոր ես անել` ինչ անելու ես, հետո մտքում ավելացրեց` «Ես էլ»։ Սիմոնը վառել էր հետը բերած բոլոր մոմերը, նրանից բացի ոչ ոք չտեսավ, որ մոմերը դարձան աղավնիներ, ու թռան` առանց գոնե մի փետուր թողնելու։ Հովհաննեսը մտքում նորից ու նորից ուզում էր հիշել` ինչպես ամեն ինչ սկսվեց, բայց մտքերը մագաղաթների պես փշուր-փշուր էին լինում, ու նրա աչքին երևում էր միայն Պոնտացի Պիղատոսը` նռան գինու կոտրված շշով, ու Պոնտացի Պիղատոսն ասում էր` ես մեղավոր չեմ։ Հակոբոսը փորձում էր մոռանալ Գողգոթան, մոռանալ արևի խավարումը ու երկրաշարժը, տաճարի կիսված վարագույրը։ Նա ուզում էր ամեն ինչ մոռանալ ու ամեն ինչ նորից սկսել, բայց վախենում էր, որ նորից սկսվի` նույն ընթացքը կունենա։ Նրան միշտ թվացել էր, որ իրենք սխալվեցին, բայց որտե՞ղ։ Մատթեոսը վերջապես հարցրեց` ՈՒսուցիչը ե՞րբ է գալու, ու Հուդան նրան պատասխանեց` արդեն եկել է։ Հակոբոսի փայտե խաչերը հանկարծ պոկվեցին ձեռքից ու բոլորի աչքի առաջ դարձան ձիթենիներ, ոչ ոք չզարմացավ։ Բարդուղիմեոսը Մարիամին ցույց տվեց արևը, որ երկնքում լուսնի հետ կողք կողքի էր ու ասաց` նիսանն ավարտվեց։ Մարիամը չհարցրեց` ինչո՞վ։ Մարիամը միակն էր տեսնում, որ անձրև է գալիս։ Խոտից զատիկը ցատկեց նրա ճկույթին, ու Մարիամը ժպտաց։ Մարիամը միշտ ժպտում էր, երբ չգիտեր` ինչ անել: Իսկ ո՞վ գիտեր: Եվ ընդհանրապես` այդքան կարևո՞ր է ինչ անելն իմանալը, երբ կյանքն այսքան կարճ է, ու քո ցանկությունները մեկ միլիարդերորդ մասն են տիեզերքի ցանկությունների: Ապրիր:

Ձիթենիների ստվերները հյուսվել էին իրար ու թվում էին պարիսպ, որ ամուր ու հուսալի պաշտպանում են աշխարհից: Պետրոսը որոշեց այլևս երբեք Հռոմ չգնալ ու վերադառնալ Կափառնայում: Նրան թվում էր, որ իր տան տեղը կգտնի փակ աչքերով, գուցե նաև ուռկանը: Հակոբոսին թվում էր, որ մանրիկ երկրաշարժ է, բայց ոչ ոք ձայն չէր հանում, ու նա ևս լռում էր: Ի՞նչ երկրաշարժ` բաց երկնքի տակ: Այնուամենայնիվ, նա ստեպ-ստեպ նայում էր Մարիամին, որ հասկանա` նա՞ էլ ոչինչ չի զգում: Մարիամի հայացքը հնարավոր չէր բռնել, նրա աչքերի մեջ Երուսաղեմի երկինքն էր` առանց գոնե մի կտոր ամպի: Թովմասը սկսեց լաց լինել ու նրա արցունքները այրում էին դեմքը, ձեռքերը, նույնիսկ գետինը, որի վրա ընկնում էին: Նա չէր ուզում լաց լինել, բոլորովին չէր ուզում, բայց արցունքները հոսում էին ժամերգության երգեցողության պես, ու Թովմասը չէր կարող այդ ձայնը կտրել: Ֆիլիպոսը ծիծաղում էր, նրա ծիծաղի մեջ այլևս ցավ չկար, ոչինչ չկար: Բնական ծիծաղ էր, որ նա արդեն մոռացել էր` ինչ համ ունի: Հովհաննեսը գրպանից հանեց պարսատիկը ու քար էր որոնում, որ խփի ձիթենու ճյուղին հայտնված ագռավին: Հուդան նրան քար տվեց ու ասաց` մի խփի: Դու չգիտես` նա ո՞վ է ու ինչու՞ է եկել: Հովհաննեսը խփեց, բայց վրիպեց: Ագռավը թռավ, ու նրա կռկռոցը բարկացրեց Բարդուղիմեոսին: «Էս Կայիափան ի՞նչ գործ ունի այստեղ»` հարցրեց Բարդուղիմեոսը: Հուդան պատասխանեց` եկել է` ներում ստանալու: Բարդուղիմեոսը մտածեց, բայց չասաց` «Դու՞ էլ»: Թադեոսը ծարավ էր ու ուզում էր Մարիամի բերած խաղողն ուտել, բայց խաղողը սեղանին էր, իսկ ինքը ձիթենու տակ և չէր ուզում տեղից շարժվել: Նրան թվում էր, որ շատ կարևոր ու անդառնալի պահի մեջ է ու եթե շարժվի, պահը կավարտվի, իսկ ծարավը կարելի էր զսպել: Անդրեասը ևս նույն զգացողությունն ուներ, բայց նրան թվում էր, որ պահը կմեռնի, եթե ինքը չշարժվի, նա սեղանից վերցրեց խաղողն ու սկսեց բաժանել բոլորին, որ նրանք էլ պահն զգան: Սիմոնը սպասում էր, որ ՈՒսուցիչը կգա, նա վստահ էր, որ չի կարող չգալ, ներքին ձայնն ասում էր` իսկ գնացե՞լ է, որ գա: Բայց Սիմոնը ուզում էր լսել ոչ թե իր ներքին ձայնը, այլ` ՈՒսուցչի ձայնը, ու նրա համար մեկ էր, թե երբ: Հակոբոսը նայում էր հեռվում փռված քաղաքի լույսերին ու ուզում էր` քաղաքը մաքրվի, մաքրվի ու դառնա այնպիսին, ինչպիսին տեսան իրենք, երբ Զատկի տոների նախօրեին եկան` մտքում աղոթելով, որ ինչպես եկան, այնպես էլ կհեռանան: Հովհաննեսը հանկարծ սարսափ զգաց, որ կարող է դառնալ 31 տարեկան, և նրա սարսափի մեջ փշրվող ապակու ու թափվող ավազի ձայն կար: Մատթեոսի թևը ցավում էր, ավելի ճիշտ` դաստակը, ավելի ճիշտ` մատները: Նա ձախ ձեռքով շոշափում էր աջի մատները ու նրան թվում էր, որ ափի մեջ է ցավը արմատակալել: Ավելի ճիշտ` ուսի: ՈՒսից ներքև նա թևը չէր զգում և վստահ էր, որ միակ տարբերակը գրելն է` որ բառերը դուրս գան ու բառերի հետ հեռանա ցավը: Հակոբոսը Բարդուղիմեոսի տված խաղողի ողկույզի մի հատիկ պոկել էր ու հատիկի միջով նայում էր լուսնալույսին: Նրան թվում էր, որ խաղողի հատիկի մեջ շարժվում է աշխարհը և ուզում էր իր գյուտը պատմել, բայց վախենում էր, որ վրան կծիծաղեն: Մարիամը միայն մոտեցավ ու հարցրեց` նկատե՞լ ես, որ մի հատիկ խաղողի մեջ մի աշխարհ կա: Հակոբոսը հասկացավ, որ խաղող չի ուտի: Երբեք: Հուդան նայում էր նրանց ու փորձում էր հասկանալ` բոլորն ունեն իրենց ստվերները, որ շարժվում են նրանց հետ: Իսկ ի՞նքը: Ստվեր ունի՞ ինքը: Հիմա դա նրա համար ամենակարևոր հարցն էր:

Ոսկե դարպասները բացվեցին: Անձրև էր գալիս: Երուսաղեմի վրա: Պոնտացի Պիղատոսի պալատի պահպանված սենյակի հատակը ճաքեց, ու ճեղքից սկսեց գինի հոսել: Նռան տտիպ ու հազարամյակների գինի: Բեթղեհեմի աստղը պոկվեց տեղից ու սլացիկ իջավ Պոնտացի Պիղատոսի պալատից մնացած սենյակի վրա: Հարության տաճարի Կուվուկլայում լույս հորդաց, ու գիշերվա մեջ վառվեցին տաճարի բոլոր կանթեղները և բոլոր մոմերը: Կափառնայումում ինչ-որ մեկը քայլում էր Գալիլեական ծովի ջրերի վրայով: Թաբոր լեռան վրա կառուցված եկեղեցու զանգերը ղողանջեցին, ու նրանց ձայնից քարեր սկսեցին գլորվել լեռն ի վար: Եկեղեցու դռները բացվեցին, ու Հիսուսը դուրս եկավ: Նրա կողքին ոչ ոք չկար: Հորդանանի ջրերը կանգ առան: Հետո նորից սկսեցին հոսել: Ջուրը կաթի պես փափուկ էր, և լուսնալույսի մեջ Հորդանանը վերևից թվում էր ժամանակ, որ չգիտես որտեղից է գալիս ու ուր է գնում: Դու միայն մի պահ կարող ես գետը մտնել:
Նիսանն ավարտվել էր, բայց գալու է նոր նիսան: Այժմ և ընդմիշտ: Եվ` հավիտյանս հավիտյան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հատված «Ego eimi» գրքից, որ շարունակությունն է «Ես դուռն եմ» գրքի:

Դիտվել է՝ 5840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ