Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ճակատագիր է, չես խուսափի

Ճակատագիր է, չես խուսափի
17.04.2018 | 02:06

Անցած հանգստյան օրերը չեմպիոնական եղան ևս երկուսի համար: Մրցաշրջանի թիվ մեկ թիմ Անգլիայում հռչակվեց «Մանչեստր Սիթին», ու դրանում նրան մեծապես օգնեց «Մանչեստր Յունայթեդը», որն անցած տուրում «Սիթիին» թույլ չտվեց իր հետ երես առ երես հանդիպումում ֆիքսել չեմպիոնությունը, իսկ Ֆրանսիայում նույնպես վաղաժամկետ, նույնպես հինգ տուր առաջ նույնն արեց «Պարի Սեն Ժերմենը», ընդ որում, հեղինակավոր մրցակցի հետ պայքարում ու այն էլ այնպիսի հաշվով, որ անգամ տարիներ անց հիշելու դեպքում մոնեգասկների երկրպագուներին մահվան քրտինքն է պատելու:

ԱՆԳԼԻԱ
Դժվար թե չհիշեք հանրահայտ «Կովկասի գերուհին» կինոնկարի այն դրվագը, որտեղ, Նինային փախցնելու ծրագիրը մշակելիս, Մհեր Մկրտչյանի կերպավորած հերոս Աջաբրայիլն ասում է. «Ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»:
Նախորդ տուրում «Մանչեստր Յունայթեդի» հետ դերբիում «Մանչեստր Սիթին» կարող էր վաղաժամ հաստատել իր չեմպիոնությունը, սակայն առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթելու պարագայում «կարողացավ» երեք անպատասխան գնդակ ընդունել երկրորդում ու, ինչու՞ անկեղծ չլինենք, ոչ թե ամոթով մնալ, այլ բառացիորեն խայտառակ լինել:
Այս տուրում «Տոտենհեմի» նկատմամբ հաղթանակը (3:1) Գվարդիոլայի սաների համար քիչ է թե ասել` կարևոր էր: Սակայն, ամենայն հավանականությամբ, նրանց մտքով իսկ չէր անցնում, որ իրենց առջև չեմպիոնության դռները բացողը կարող է «Մանչեստր Յունայթեդը» լինել, որը դա ակամա արեց, սեփական հարկի տակ անսպասելիորեն զիջելով առաջնության հետնապահին` «Վեստ Բրոմվիչին», որին էլ իր հերթին, թերևս, ոչինչ չի կարող օգնել երկրի բարձրագույն խմբում մնալը շարունակելու համար:
Այո, այո, «Մանչեստր Յունայթեդին» ծնկի բերած թիմը եղել է «Վեստ Բրոմվիչը» (1:0), ու այդ նա է Ժոզե Մոուրինիոյի թիմին պարտադրել (իհարկե` իր գործուն մասնակցությամբ) «Մանչեստր Սիթիի» առաջ բացել հաղթանակի շքամուտքի դարպասները: Ինչպես տեսնում ենք, իր գլխավորած թիմով պորտուգալացուն, այնուամենայնիվ, չի հաջողվել խուսափել ճակատագրի նախանշածից: Այս հիշատակումը, իհարկե, անում ենք մասնավորապես ու առհասարակ ու ճակատագրապաշտության միտումներ զուր մի տեսեք ասածիս մեջ, քանզի ձեզ բարբառվել է գերագույն ճշմարտությունը:
Սակայն անգլիական առաջնության մեջ առավել ուշագրավն այն է, որ «Մանչեստր Սիթիի» չեմպիոնությամբ չի սպառվում պրեմիեր լիգայի նկատմամբ հետաքրքրությունը: Խաղարկվող մյուս մեդալների համար պայքարն անսահմանորեն մեծ է: Փաստը մնում է փաստ, որ փոխչեմպիոնության համար պայքարը դառնում է ավելի անզիջում, քանզի «Մանչեստր Յունայթեդի», «Լիվերպուլի» ու Տոտենհեմի» միավորների միջև եղած տարբերությունը չնչին է, առաջիկա ցանկացած տուր կարող է արմատական խմբագրումներ անել թիմերի մրցաշարային դասավորությունում: 70 միավորով ու ավելի անցկացրած մեկ խաղով «Լիվերպուլը» չորրորդ հորիզոնականում է (տուրի հերթականում երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել է «Բոռնմուտին»), նրանից երեք միավոր պակաս ունի «Տոտենհեմը», որը, վերը նշել ենք, զիջել է «Մանչեստր Սիթիին», իսկ «Մանչեստր Յունայթեդն» ունի 71 միավոր:
Առաջին վեցյակը կազմած մյուս թիմերից «Չելսին» արտագնայում 3:2 հաշվով պարտության է մատնել «Սաուտհեմպտոնին» ու 60 միավորով հինգերորդ հորզոնականում է, իսկ նրան հաջորդող «Արսենալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է «Նյուքասլին»` պրեմիեր լիգայի միջոցով գործնականում կորցնելով Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնվելու հույսը:


ԳԵՐՄԱՆԻԱ
Երկրի նորընծա չեմպիոնը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» վրայով այնպիսի թեթևությամբ է անցել, որ, մեր մեջ ասած, հաշվի հիշատակումն էլ է պայմանականության վերածվում, բայց, բոլոր դեպքերում, հիշատակենք արձանագրված 5:1-ն ու անցնենք առաջ:
Դորտմունդի «Բորուսիան» դեռևս նախորդ տուրերից էր «Շալկեի» շնչին նստած, ու այս երես առ երեսը շատ բան էր որոշելու: Այս սկզբունքային բախումում «Շալկեն» անհամեմատ համոզիչ ներկայացավ (2:0): Հաղթանակը թիմի համար շարունակեց ամրակցված պահել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ ահա պարտությունը «Բորուսիային» դուրս մղեց առաջին եռյակից, որտեղ հայտնվել է սեփական հարկի տակ «Այնտրախտին» լավ էլ խոշոր հաշվով ջախջախած (4:1) «Բայերը», ու որի անվան դիմաց արդեն 51 միավոր է: Ճիշտ է, Դորտմունդի «Բորուսիայի» ունեցածն էլ է այդքան, սակայն լրացուցիչ գործակիցներն արել են իրենցը: Ի միջի այլոց նկատենք, որ «Բայերից» կրած պարտությունն «Այնտրախտին» դուրս է մղել լավագույն վեցյակից, որտեղ տևական ընդմիջումից հետո հայտնվել է նախորդ մրցաշրջանում բավական աղմուկ հանած «Հոֆենհայմը» (հերթականում 2:0 հաշվով պարտության է մատնել «Համբուրգին» ու հավաքել 46 միավոր):
Հինգերորդ հորիզոնականից անհամեմատ վեր կարող էր հայտնվել «Լայպցիգը» (միավորների թիվը` 47), սակայն երկրի գործող փոխչեմպիոնը չի կարողացել կոտրել տանտերերի` «Վերդերի» դիմադրությունը (1:1):

ԻՍՊԱՆԻԱ
«Բարսելոն»-«Վալենսիա» դիմակայության ելքով առավել շահագրգիռ կողմերից մեկը բնականաբար Մադրիդի «Ռեալն» էր, քանի որ օգտվելով նախորդ տուրի «Աթլետիկո»-«Ռեալ» դերբիի ոչ-ոքի ելքից (1:1), վալենսիացիները կարողացել էին երկու միավորով առաջ անցնել «արքայականից» ու հանգրվանել երրորդ հորիզոնականում:
Որքան էլ կատալոնյան ակումբի համար ցանկալի լինեն իրենց հավերժական հակառակորդի` «արքայականի» անհաջողությունները, այդուհանդերձ չէր կարելի հուսալ, թե «Վալենսիայի» հետ խաղում «Բարսելոնը» միավոր բաշխող կլինի (գոյություն ունեն բաներ, որոնք մեծագույն ակումբները չեն կարող իրենց թույլ տալ): Կատալոնցիների հաղթանակը, ճիշտ է, համոզիչ չի եղել, սակայն 2:1-ը ֆուտբոլային պատշաճ հաշիվ է: Սույնից բնականաբար իսկույն ևեթ օգտվել է «Ռեալը»` արտագնայում նույնպիսի հաշվով առավելության հասնելով առաջնության հետնապահ «Մալագայի» նկատմամբ ու այս պահի համար երրորդ տեղի համար պայքարում կրկին երկու միավորով առաջ անցնելով «Վալենսիայից»: «Ռեալն» ունի 67 միավոր:
Ինչ վերաբերում է երկրորդ հորիզոնականը վստահորեն իր ձեռքերում պահող «Աթլետիկոյին», «Լևանտեի» նկատմամբ նրա հաղթանակը (3:0) սպասված իրողությունների շարքից էր: Ինչ խոսք, 71 միավոր ունեցող ու 11 նիշով «Բարսելոնից» հետ մնացող «Աթլետիկոն» երկրի չեմպիոնության համար կատալոնցիներին մրցակից չէ, բայց ամեն կերպ ջանում է ինտրիգը պահպանել: Իհարկե, բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ դա ավելի շատ փոխչեմպիոնությունը ձեռք գցելու համար ծավալվող պայքար է, բայց բոլոր դեպքերում, Դիեգո Սիմեոնեի սաներին խաղից դուրս չհամարենք ոսկու համար պայքարում:
«Սևիլիա»-«Վիլյառեալ» դիմակայությունը խիստ անհաշտ ընթացք է ունեցել, կողմերից, և ոչ մեկին չի հաջողվել կոտրել մյուսի դիմադրությունը: Արդյունքում՝ մարտական ոչ-ոքի երկուական գոլի փոխանակմամբ: 48 միավորով «Վիլյառեալը» շարունակում է մնալ վեցերորդ տեղում, իսկ ահա «Բետիսին», կարծես, շատ է դուր եկել լավագույն վեցյակի մաս կազմելը. «Ժիրոնայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը նրան 52 միավորով տեղ է ապահովել հինգերորդ հորիզոնականում: Ի միջի այլոց, «Բետիսը» երկրի առաջնության միակ թիմն է, որը վերջին հինգ խաղում բացառապես հաղթանակներ է տոնել:

ԻՏԱԼԻԱ
Մինչ «Նապոլիի» համար միավոր վաստակելը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում (հերթականում ոչ-ոքի է խաղացել «Միլանի» հետ` 0:0), երկրի գործող չեմպիոնը երեք միավորից պակաս չի վաստակում: «Ծեր սինյորայի» հերթական զոհը «Սամպդորիան» էր, որը ստիպված էր երեք անգամ գնդակը հանել սեփական դարպասից: 84 միավորով «Յուվենտուսը» առաջին հորիզոնականում է, նույնքան վստահ երկրորդ հորիզոնականում «Նապոլին» է` 78 միավոր:
Անտարակուսելի է, որ սկուդետեում ամենաանզիջում պայքարը լինելու է բրոնզի համար մրցակցությունում, որի համար պայքարի մեջ է մտել միանգամից երեք թիմ: «Ատալանտայի» հետ բախումում «Ինտերը» մեկ միավորից ավելի չկարողացավ վաստակել (0:0), իսկ ահա «Լացիո»-«Ռոմա» դիմակայությունում հաղթանակի դեպքում նրանցից մեկը մյուսի նկատմամբ կարող էր ստանալ երեք միավորի առավելություն: Սակայն՝ ո՜չ: Միլանյան դիմակայության օրինակով հռոմեական դերբիում էլ է արձանագրվել գոլազուրկ ոչ-ոքի:
61-ական միավոր ունեցող «Լացիոն» ու «Ռոման» 3-4-րդ հորիզոնականներում են, նրանցից մեկ միավորով հետ է «Ինտերը»: «Միլանն» ունի 53 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Իր չեմպիոնությունը «Պարի Սեն Ժերմենը» որոշեց փաստել երկրի գործող չեմպիոն «Մոնակոյի» դեմ պայքարում ու դա իսկապես չեմպիոնավարի արեց` յոթ գնդակ ուղարկելով մոնեգասկների դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը:
Հաղթական մրցելույթ ունեցել է և «Լիոնը»` «Ամիենի» նկատմամբ հաղթանակի հասնելով 3:0 հաշվով: Լիոնյան գրաֆիկով առաջնորդվեց և նրա մերձակա հետապնդողը: «Տրուայի» նկատմամբ հաղթանակը հեշտերից չէր. մարսելցիներին հարկ եղավ կռիվ տալ մինչև վերջին շունչը: Հաղթական գոլը խփվել է դիմակայության 85-րդ րոպեին: Նշենք, որ ողջ հանդիպման ընթացքում մարսելցիները եղել են հետապնդողի դերում: Նրանք լիոնցիների պես ունեն 66 միավոր, բաժանում են 3-4-րդ տեղերը:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 87, «Մոնակոն»՝ 70 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ