Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դա այն լույսն է, որ ճեղքելով դուրս է գալիս երաժշտության միջից»

«Դա այն լույսն է, որ ճեղքելով դուրս է գալիս երաժշտության միջից»
17.04.2018 | 15:08

Ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա իտալացի երգչուհի ԲԱՐԲԱՐԱ ՖՐԻՏՈԼԻՆ (սոպրանո): Կհնչեն Բեթհովենի և Մալերի թիվ չորս սիմֆոնիաները: Սա Բարբարա Ֆրիտոլիի առաջին ելույթը չէ երևանյան բեմում: Սակայն հիմնականում այցելությունները աշխատանքային են, փորձերի է մասնակցում ու չի հասցնում ինչպես հարկն է տեսնել-ճանաչել մեր քաղաքը: «Հայերն ու իտալացիները շատ նման են խառնվածքով, ունեն հին պատմություն, ձեր երկիրը, իհարկե, ավելի հին է»,- ասաց երգչուհին:

Խոսելով ֆիլհարմոնիկի հետ համագործակցության և առաջիկա համերգի մասին՝ երգչուհին նշեց, որ Էդուարդ Թոփչյանը հայտնի անուն է, ղեկավարել է աշխարհի տարբեր նվագախմբեր, նրա ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հաճախ է հյուրախաղեր ունենում եվրոպական երկրներում: Ինչ վերաբերում է առաջիկա համերգին, ասաց, որ սիրում է Մալերի բոլոր սիմֆոնիաները. «Փոքրիկ արիաները, որ հնչում են սիմֆոնիայի վերջում, դրախտային մթնոլորտ են ստեղծում: Դա այն լույսն է, որ ճեղքելով դուրս է գալիս երաժշտության միջից: Թվում է՝ դրախտը տեսնում ես մանկական աչքերով»:

Երգչուհուց հետաքրքրվեցի՝ ի՞նչ կարծիք ունի այս պահին Երևանում ընթացող խաղաղ ցույցերի մասին, Իտալիայում որքա՞ն հաճախ են քաղաքացիական ընդվզումներ լինում:
«Ձեր անկախության պատմությունը նոր է սկսվել, այս ամենը ձեզ համար նոր է: Իտալիայում քաղաքական դրությունը շատ սրված էր՝ սկսած 70-ականներից: Բայց հիմա մարդիկ մտածում են օրվա հոգսերի մասին, երեկոյան հեռուստացույց են նայում, ոչինչ ավելին: Հոգնել են պայքարից ու ամեն ինչ թողել ինքնահոսի՝ կառավարության քմահաճույքին: Եթե ինչ-որ շարժում է բռնկվում, ավելի մասսայական պետք է լինի, ավելի համախմբված, որ ինչ-որ բան փոխվի»:


Հետաքրքրվեցի նաև՝ ի՞նչ ընդունելություն է գտնում Իտալիայում դասական երաժշտարվեստը: Մեր զրուցակիցն ասաց, որ այսօր էլ դասական երաժշտութունն ունի իր հանդիսատեսը: Իտալիայում հնագույն թատրոն կա՝ հիմնված 1500-ականներին, դիսկոտեկ հաճախող երիտասարդներն էլ են այցելում այնտեղ. «Լսում են ու հավանում, նրանք անտարբեր են այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաղորդակցվել դասական երաժշտությանը: Դա շատ կարևոր է, որովհետև երիտասարդներն են կերտում երկրի ապագան: Պետք է նորից քաղաքականությունից խոսեմ, հիմա Իտալիայում շատ են խնդիրները, պետական նվագախմբերի, օպերային թատրոնների ֆինանսավորումը կրճատվել է: ԱՄՆ-ում, օրինակ, մեկենասների հարկերը կրճատվում են, Իտալիայում նման բան չկա, հարկերը բարձր են, և բարերարների համար բարդ է գումար հատկացնելը նման հաստատություններին: Սա վերաբերում է նաև կրթական և այլ ոլորտներին»:


Մեր «ո՞րն է օպերային երգչի հաջողության գրավականը» հարցին ի պատասխան Ֆրիտոլին ասաց, որ տեխնիկան, գեղեցիկ ձայնը կարևոր են, բայց բավական չեն, պետք է կարողանաս գրավել հանդիսատեսին, նաև կարևոր է ձայնիդ դիապազոնին համապատասխան երգացանկ ընտրելը:
Հետաքրքրվեցի, երբ մենակ է լինում, կա՞ երգ, որ սիրում է երգել ինքն իր համար:
«Մոցարտն ասում էր՝ դադարի (լռության) մեջ ավելի շատ երաժշտություն կա: Գուցե տարօրինակ թվա, բայց երբ մենակ եմ, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ երգում: Երգում եմ միայն պարապելիս: Որովհետև շատ եմ սիրում լռությունը»:

Բարբարա Ֆրիտոլին միջազգային մրցույթների դափնեկիր է: Նրա նշանակալի դերակատարումներից են՝ Կոմսուհի («Ֆիգարոյի ամուսնությունը»), Դեզդեմոնա («Օթելլո»), Ֆյորդիլիջի («Այսպես են վարվում բոլոր կանայք»), Լիու («Տուրանդոտ»), Դոննա Աննա («Դոն Ջովանի»), Էլեկտրա («Իդոմենևս»),Վիտելիա («Տիտոսի բարեսրտությունը»), Լուիզա Միլլեր (համանուն օպերա), Լեոնորա («Տրուբադուր»), Մարգարիտա («Ֆաուստ»), Էլիզաբեթ («Դոն Կառլոս»), Քույր Անջելիկա (համանուն օպերա), Նեդդա («Պայացներ») և այլ դերերգեր:
Հանդես է եկել Opéra Bastille, Մետրոպոլիտեն օպերա, Wiener Staatsoper, Royal Opera House, Opéra National de Paris, Teatro alla Scala, Ֆլորենցիայի Teatro Comunale, Լոնդոնի Covent Garden, Բարսելոնայի Gran Teatre Liceu և այլ հեղինակավոր թատրոնների բեմերում:
Ծրագրված են երգչուհու ելույթները Տոկիոյում («Տրուբադուր»), Բուենոս Այրեսում («Նորմա») և այլ քաղաքներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ