Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդմոն Մարուքյան. Հրապարակում մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու

Էդմոն Մարուքյան. Հրապարակում մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու
18.04.2018 | 01:44

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը 6 տարի է՝ պատգամավոր է, բայց առաջին անգամ է Սերժ Սարգսյանին տեսնում խորհրդարանում։ «Շատ եմ քննադատել այս բարեփոխումները, բայց դրանք, պարզվում է, որ մի լավ կետ ունեն. առաջին անգամ վեց տարվա ընթացքում այստեղ է Սերժ Սարգսյանը և նրան կարելի է հարցեր ուղղել»` Սերժ Սարգսյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց Մարուքյանը։ Նրա խոսքով` այնպիսի կառավարման համակարգ է ստեղծվել, որում կան ֆեյք կամ կեղծ պաշոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ, որոնք ոչնչի հետ կապ չունեն, հետևաբար ստեղծվել է պահ, որ կարելի է թիվ 1 պաշտոնյային ամեն ինչի մասին ասել։ «Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ասում է՝ ես կապ չունեմ, ու ձեր նկարն է ցույց տալիս ու ասում՝ իրեն ասեք։ Մենք խոսում ենք բարեփոխումների մասին, բայց պետք է ձեզ խնդրեմ, որ էլ բարեփոխում չանեք, որովհետև ինչքան բարեփոխում եք արել, այնքան մենք ռեգրես ենք ապրել։ Լավ բան տեղի չի ունենում», - հայտարարեց Մարուքյանը։ Նա հարցրեց վարչապետի թեկնածուին` գիտի՞ որ առողջապահության նախարարն ամեն ինչ անում է, որ մարդկանց համար անհարմարություններ ստեղծվեն: Պատգամավորը դժգոհեց նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարից ու հետաքրրքրվեց. «Որտեղի՞ց եք գտնում նման մարդկանց»։

«Խնդիրն այն է, պարոն Սարգսյան, որ բոլորը գիտեն՝ դուք ոչ մի բան չեք փոխելու։ Ոչինչ չեք փոխելու, բոլորը մտածում են, որ շարունակելու եք թողնել նույն համակարգը, պահպանել նույն մարդկանց։ Ոչ մի փոփոխություն դուք չեք անելու։ Համակարգում միակ մարդը, որը տուժել է վերջին փոփոխություններից, Գալուստ Գրիգորիչն է։ Ուրիշ փոփոխություն մենք չենք տեսել»: Մարուքյանը նկատեց, որ վարչապետ դառնալով՝ Էդվարդ Նալբանդյանը դարձյալ նշանակվելու է ԱԳ նախարար, որը «ձախողել է արտաքին քաղաքականությունը»։ «Սա փակուղի է, պարոն Սարգսյան, և մենք եկել ենք ձեզ ասելու, որ դեմ ենք ձեր երրորդ պաշտոնավարման ժամկետին։ Մենք եկել ենք էստեղ առաջին անգամ ասելու, թե ինչ է երկրում կատարվում։ Իմ տպավորությամբ՝ կա երկու աշխարհ՝ ձեր աշխարհը և մեր աշխարհը, որտեղ գիտենք՝ ինչ է կատարվում։ Ձեր աշխարհում դուք շրջապատված եք այն մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում՝ ինչ է կատարվում։ Մենք հայտնվել ենք ճահիճում, պարոն Սարգսյան», - դիմելով վարչապետի թեկնածուին՝ ասաց Մարուքյանը։

Խոսելով կառավարման համակարգի փոփոխությունից և ապագա վարչապետի լիազորություններից՝ Մարուքյանը հայտարարեց, որ այսուհետև ոստիկանությունը ենթարկվելու է վարչապետին և հայտարարեց. «Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են ու ժամեր անց, երբ ընտրվեք վարչապետի պաշտոնում, ձեր ձևավորած Սահմանադրությամբ ոստիկանապետը ենթարկվելու է ձեզ։ Մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու։ Մեր թիվ մեկ խնդիրը լինելու է այն, որ թույլ չտանք, որ բռնություն կիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Մենք ուրիշ աշխարհից չենք, իրական աշխարհից ենք ու եկել ենք ձեզ ասելու, որ ընտրություններում փող է բաժանվել ու այդ փողը, մարդիկ ասում են, բաժանել է պարոն Սարգսյանը, դուք ասում եք քաղբանտարկյալ չկա Հայաստանում, բա Անդրիաս Ղուկասյանը ինչո՞ւ է բանտում, էն տոնածառ դրած տղեն ինչու՞ է բանտում։ Սա է դառը իրականությունը, պարոն Սարգսյան»:

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ