Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ժյուրիի անդամի խորհուրդները՝ մրցույթի մասնակիցներին

ժյուրիի անդամի խորհուրդները՝ մրցույթի մասնակիցներին
19.04.2018 | 14:11

Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի անցկացվում է թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրին կազմված է աշխարհի հայտնի թավջութակահարներից։ Ժյուրին գլխավորելու է մեծանուն թավջութակահար, մանկավարժ Սուրեն Բագրատունին (ԱՄՆ/Հայաստան)։
Ժյուրիի անդամներից է ՎԵՆ-ՍԻՆ ՅԱՆԸ, ով մեծ փորձ ունի, որպես մենակատար հանդես է գալիս հայտնի նվագախմբերի հետ, հեղինակավոր բեմերում։


Վեն-Սին Յանը նշում է, որ շատ ուրախալի է, որ խաչատրյանական մրցույթը երիտասարդ թավջութակահարներին Երևան, Հայաստան այցելելու և այս երկրի առանձնահատուկ, հարուստ ժառանգությանը ծանոթանալու հնարավորություն է տալիս։ Ըստ նրա՝ տարբեր մշակույթներ կրող անձանց հետ հանդիպելը շատ կարևոր է, քանի որ աշխարհն այսօր շատ փոխկապակցված է։ Ժյուրիի անդամը հույս է հայտնում, որ Խաչատրյանի մրցույթում կհանդիպի երաժշտությունը սիրող երիտասարդ երաժիշտների և տաղանդավոր մարդկանց, ովքեր կարող են հուզել ունկնդիրներին, ժյուրիի անդամներին և երիտասարդ թավջութակահարներին։


Մեր հարցին՝ որպես ժյուրիի անդամ ի՞նչ գործոնների վրա է ուշադրություն դարձնելու մրցույթի մասնակիցներին գնահատելիս, Վեն-Սին Յանը նկատեց, որ ժյուրիի անդամները, բացի մրցույթի մասնակցի վարպետությունը գնահատելուց, պետք է նաև հանդես գան որպես կոմպոզիտորների ու նրանց գործերի պաշտպաններ, հավասարապես հաշվի առնեն կոմպոզիտորի ասելիքն ու այն ներկայացնելու անհատական արտահայտչամիջոցները։
Մեր զրուցակիցը՝ որպես ժյուրիի անդամ, մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել ստեղծագործության նկատմամբ, հասկանալ այն և գտնել ստեղծագործության մեկնաբանման համոզիչ ձև, լավ պատրաստվել, մրցույթի ընթացքում լսել նաև մյուս մասնակիցների ելույթներն ու սովորել նրանցից, նրանց լավ կողմերից ու սխալներից։ Ըստ նրա՝ երիտասարդ երաժիշտների համար սա լավ հնարավորություն է հանդիպել իրենց սերնդի շնորհաշատ թավջութակահարների հետ և ձեռք բերել ընկերներ։ Նման մրցույթները, ըստ ժյուրիի անդամի, հարստացնում են արտիստի մասնագիտական կյանքը։
Խոսելով թավջութակահարների ներկա դպրոցի մասին՝ Վեն-Սին Յանը նկատում է, որ թավջութակահարների կատարողական արվեստն այսօր շատ-շատ բարձր է, այդուհանդերձ, մասնագետները փնտրում են հասուն արվեստագետների, որոնք կարող են երաժշտությունն առաջ տանել։


Նշենք, որ այս պահին ընթանում է Խաչատրյանի մրցույթին մասնակցել ցանկացող թավջութակահարների հայտերի ընդունումը։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է:
Մրցույթի 1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:
Խաչատրյանի միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ