«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Աշխարհի անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է

Աշխարհի անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է
19.04.2018 | 16:14

Սիրիայի վրա հարձակումից առաջ ԱՄՆ նախագահը, «The Wall Street Journal»-ի տեղեկացմամբ, դիտարկել է Սիրիայի տարածքին հարվածելու երեք տարբերակ, որոնցից մեկով նախատեսվում էր նաև ռուսական և իրանական օբյեկտների խոցում: Գործողության այդ արմատական տարբերակով առաջարկվում էր հարձակում ռուսական ՀՕՊ-ի վրա, որով պետք է խաթարվեր սիրիական վարչակարգի ռազմական ներուժը:

Վերոնշյալ պարբերականի տվյալներով, Թրամփն ինքը խորհրդականներին առաջարկել է դիտարկել իրանական և ռուսական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, եթե դա անհրաժեշտ է սիրիական ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հանդես է եկել այդպիսի սցենարի դեմ և զգուշացրել պատասխան գործողությունների վտանգի մասին:


ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ իր զորքերը Սիրիայից չի հանի, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին: «ՌԻԱ Նովաստի»-ի տեղեկացմամբ, այդ մասին «Fox News Sunday»-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
Իսկ Սիրիայում ԱՄՆ-ի իրական նպատակները գաղտնիք չեն` Ասադին և, ընդհանրապես, Սիրիայի իշխանություններին տապալել, Սիրիան մասնատել, տիրել նրա հարուստ նավթային պաշարներին, այդ երկրի տարածքը վերածել Իրանին հարվածելու հենակետի։
Չնայած նրան, որ ԱՄՆ-ն այս անգամ Սիրիայում ռուսական և իրանական օբյեկտների դեմ հրթիռներ չուղղեց, դրանց հարվածելու սցենարը դեռ մնում է Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարության օրակարգում:


Թեև սիրիական բանակն ապրիլի 14-ին հայտարարել է Արևելյան Ղութայի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատման մասին, Արևելյան Ղութայում գտնվող Դումայում, որը Դամասկոսի խոշորագույն արվարձանն է, ապրիլի 16-ին դեռևս զինված դիմադրության օջախներ են եղել: Այդ օրն այնտեղ Սիրիական Ազգային գվարդիայի մարտիկների և գրոհայինների միջև զինված բախումներ են ընթացել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել են «РИА Новости»-ի и ТАСС-ի թղթակիցները:
Հաղորդվել է նաև, որ բախումը սկսվել է Էր-Ռահմանի թաղամասում, որտեղ, տեղի բնակիչների խոսքերով, գտնվում է գրոհայիններին պատկանող մեծաքանակ զենք-զինամթերք: Բացառված չէ, որ ահաբեկիչների տրամադրության տակ լինեն նաև քիմիական թունավոր նյութեր, որոնք առաջիկայում կարող են կիրառվել, որպեսզի պատրվակ ստեղծվի Սիրիայի վրա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նոր և ավելի ուժեղ հարվածի համար:
«Sputnik» գործակալությունը, հղում կատարելով սիրիական ԶԼՄ-ների վրա, հաղորդել է, որ ապրիլի 14-ին Արևելյան Ղութայից հեռացել են «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խմբի անդամները և նրանց ընտանիքները, որից հետո շրջանում հայտնաբերվել են ահաբեկիչների կողմից այդ տարածքում քիմիական զենքերի արտադրության փաստեր:


Սիրիական լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ ահաբեկիչները հեռանալուց առաջ փորձել են «լվանալ» բոլոր հետքերը, սակայն ոչ բոլոր փաստերն են ոչնչացվել: «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խմբի պարագլխի բնակարանում հայտնաբերված փաստաթղթերում գրված է. «ՈՒսանողները քիմիական ու էլեկտրոնային հետազոտությունների կենտրոնում տեխնոլոգիական դասընթացներ են անցկացրել, որից հետո նշանակվել են որպես օպերացիոն պատասխանատուներ»:


Սիրիային հասցված հրթիռային հարվածը քննարկել են Մոսկվան ու Պեկինը: Կողմերը Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումը համարել են միջազգային իրավունքի խախտում: Չինաստանը արևմտյան կոալիցիայի «միակողմանի միջամտությունը» գնահատել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին հակասող:
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը կողմերին կոչ է անում հարցերը լուծել դիվանագիտության օգնությամբ ու դուրս չգալ իրավական շրջանակներից:


«Շաբաթ և կիրակի օրերին բոլորս ականատես եղանք միջազգային իրավունքի հերթական խախտմանը, մի շարք երկրների կողմից ինքնիշխան Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ հերթական ագրեսիային»,- հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իր հերթին, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունխինը ճեպազրույցում ասել է. «Սիրիային ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմական հարվածը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունում շարադրված ուժի կիրառման արգելքի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը»:
«ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանել է, թե ինչպիսի իրավիճակներում կարելի է ռազմական ուժ կիրառել,- մեջբերելով Չունխինի խոսքերը, գրել է Նորությունների դաշնային գործակալությունը:- ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիային հարված հասցնելով, խախտել են ռազմական ուժի կիրառման արգելման միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները»:


«Газеты.ru»-ի տեղեկացմամբ, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է նաև. «Ինչպես միշտ, մենք հանդես ենք գալիս միջազգային հարաբերություններում ուժի կիրառման դեմ և կոչ ենք անում այլ երկրի ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի»:
Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 7-ին Դումայում իբր թե Սիրիայի բանակի կողմից իրականացված քիմիական հարձակման պատրվակով, ԱՄՆ-ը, Բրիտանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվության, հրթիռառմբային հարված հասցրեց Սիրիային:


Ի դեպ, «One America News Network հեռուստաալիքի լրագրողները ժամանել են Սիրիայի Դումա քաղաք և այնտեղ քիմիական գրոհի նշաններ չեն հայտնաբերել: Այս մասին ասված է այն նյութում, որը զետեղված է հեռուստաալիքի կայքում և YouTube-ում:
Թղթակից Փիրսոն Շարփը պատմել է, որ զրուցել է տեղացի բնակիչների հետ, ինչպես նաև այցելել է տեղի հիվանդանոց և քիմիական գրոհի էպիկենտրոն, որի մասին ավելի վաղ պատմել են տեղացի ակտիվիստները: «Նրանցից ոչ մեկը, ում հետ մենք շփվեցինք քաղաքում, չի լսել այդ միջադեպի մասին և ոչինչ չի տեսել»:


Նա նաև հայտնել է այդ օրը հերթապահած բժշկի խոսքն այն մասին, որ ապրիլի 7-ին մի խումբ անծանոթներ ներխուժել են ընդունարան՝ գոռալով քիմիական գրոհի մասին: «Նրանք բերել էին մարդկանց և սկսեցին նրանց վրա ջուր լցնել՝ միաժամանակ ամեն ինչ նկարահանելով տեսախցիկներով: Երբ արարողությունն ավարտվեց, նրանք հավաքեցին իրենց իրերն ու հեռացան,- պատմել է նա»:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կից փաստահավաք կոմիտեի քննիչները ապրիլի 17-ի առավոտյան մեկնել են Դումա: Նկատենք, որ նշված կազմակերպության ներկայացուցիչները դեռ ապրիլի 14-ին պետք է ժամանեին Դամասկոս, և նույն օրը, ինչպես ավելի վաղ հույս էր հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պետք է այցելեին Դումա: Սակայն, հավանաբար Սիրիային ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապրիլի 14-ի հարվածի պատճառով հիշյալ կազմակերպության քննիչները մեկ օր ուշացումով են ժամանել Դամասկոս ու դրանից էլ միայն 2 օր հետո մեկնել Դումա: Կարելի է ենթադրել, որ սրա պատճառն էլ այն է եղել, որ Դումայի առանձին վայրերում ապրիլի 16-ին զինված բախումները դեռ շարունակվել են:


Ընդգծենք, որ Սիրիայի իշխանությունները դեռ ապրիլի 9-ին, այսինքն` Դումայում իրենց վերագրվող քիմիական հարձակումից գրեթե անմիջապես հետո էին խնդրել քիմիական զենքի արգելման կազմակերպությանը` իր ներկայացուցիչներին գործուղել Դումա, սակայն կազմակերպության ներկայացուցիչներն այնտեղ են այցելել դրանից միայն 8 օր հետո, ինչն ԱՄՆ-ի համար գուցե հիմք հանդիսանա կասկածի տակ դնելու նրանց եզրակացությունը, եթե դրանով հաստատվի, որ Դումայում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման որևէ փաստ չկա կամ այդ օրը և օրերին այնտեղ քիմիական զենք ընդհանրապես չի կիրառվել: Այնուհանդերձ, Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է, որ «Դամասկոսը պատրաստ է համագործակցելու քննիչների խմբի հետ»:
Ապրիլի 16-ին քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը խոստացել է կազմակերպության նիստ բերել քիմիական գրոհից «տուժածներին», այսինքն այն անձանց, ովքեր մասնակից են դարձվել սադրիչների կազմակերպած բեմականացմանը, պատկերվել սոցիալական ցանցերում ու մի շարք ԶԼՄ-ներում լայնորեն տարածված և իբր Դամասկոսի քիմիական հարձակման մասին վկայող այն տեսանյութում, որը ԱՄՆ-ը, իր դաշնակիցների հետ, պատրվակ դարձրեց Սիրիայի նկատմամբ ագրեսիայի համար:


Այսօր թերևս շատ քչերը կկասկածեն, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ վարում է տնտեսական, քաղաքական, քարոզչական, հոգեբանական, ինչպես նաև զենքի գործադրմամբ իրականացվող պատերազմ:
Այս մասին են վկայում Սիրիայում տեղի ունեցած ու ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական քայլերը, Արևմուտքի թելադրմամբ, հրահրմամբ կամ խրախուսմամբ Ռուսաստանի դեմ ՈՒկրաինայի սադրիչ գործողությունները, Ռուսաստանին, նրա գործարարներին արդեն միլիարդավոր դոլարների վնաս պատճառած Արևմուտքի պատժամիջոցները, դիվանագետների արտաքսումը ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից, ինչպես նաև այլ իրողություններ:


Այո, նաև զենքի գործադրմամբ իրականացվող պատերազմ, որը հիմնականում մղվում է միջնորդավորված կերպով` ԻՊ-ի, ահաբեկչական այլ կազմակերպությունների և Սիրիայի զինյալ ընդդիմության միջոցով, եթե, իհարկե, չհաշվենք Սիրիայում ընթացող մարտական գործողություններին արևմտյան բազմաթիվ զինծառայողների ուղղակի մասնակցությունը: Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ է Սիրիայի բանակային ուժերն Արևելյան Ղութայում իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում կարողացան գերեվարել մի քանի բրիտանացի զինվորների:
Դիվանագետները, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները իրենց հայտարարություններում սովորաբար շատ հաշվենկատ, զգուշավոր ու զուսպ են, սակայն եթե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն բացեիբաց հայտարարում է, որ Արևմուտքի հետ Մոսկվայի հարաբերություններն ավելի լարված են, քան «սառը պատերազմի» օրերին, ապա կարելի է պատկերացնել, որ իրական վիճակը դրանից էլ ավելի վատ է:


«Սառը պատերազմի» ժամանակ գոնե գոյություն ունեին հաղորդակցության կապուղիներ և չկար ռուսաֆոբիա, որը նման է պատժամիջոցների միջոցով ցեղասպանության»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
Լավրովի հավաստմամբ, Սիրիայում, Արևելյան Ղութայում քիմիական զենքերի կիրառման մասին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարած բոլոր փաստերի աղբյուրները եղել են սոցիալական կայքերը, արևմտյան նշված պետությունների փաստարկները հիմնված են սոցիալական ցանցերում տարածված լրատվության վրա:
«Սիրիայի վրա Արևմուտքի հրթիռային հարձակումը հանգեցրել է Մոսկվայի և Արևմուտքի միջև վստահության վերացմանը,- ասել է Սերգեյ Լավրովը:- Արևմուտքը պետք է սպասեր Սիրիայում միջազգային քննիչների աշխատանքի ավարտին և արդյունքների մասին հայտարարությանը, քանի որ ոչ մի փաստ չկա ապրիլի 7-ին Դումայում քիմիական զենքերի կիրառումն ապացուցելու համար»:


Իհարկե, այնպես չէ, որ Ռուսաստանն իր նկատմամբ վարվող վերոնշյալ պատերազմի պայմաններում ձեռքերը ծալած, խեղճուկրակ վիճակում նստած է, չի պատասխանում ու չի պատրաստվում պատասխանելու իր դեմ առկա տարբեր մարտահրավերներին: Սակայն դա բոլորովին այլ խնդիր է, փաստը նաև այն է, որ աշխարհի անվտանգությունը հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ, և այդ սպառնալիքը գնալով աճում է:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ