Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒ՞ր հասանք

ՈՒ՞ր հասանք
20.04.2018 | 00:09

Հայաստանում դասական «գունավոր գարուն» է՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով: Փողոցը դեռ չի հանդարտվում: Չնայած գլխավոր հարցը` «թույլ չտալ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվել»` լուծվել է, և հիմա Նիկոլի ղեկավարած շարժումը փորձում է ոչ թե իշխանափոխություն, այլ թավշյա հեղափոխություն իրականացնել: Որոնք են «նիկոլյան հեղափոխության» առանձնահատկությունները:


ա) Նիկոլը, ինչպես Սերժ Սարգսյանը, խաղում է միայնակ: Միայնակ հեղափոխություն չեն անում: Ասել է` Նիկոլը Սերժ Սարգսյանի հայելային արտապատկերն է. նա մոտ չի թողնում իր կողքին կանգնած լիդերներին և փորձում է խաղը տանել միայնակ, այդ և այլ պատճառներով նրան չեն միանում մնացյալ քաղաքական ուժերն ու լիդերները:
բ) Նիկոլը հոգնել է, ինչն ակնառու է ոչ միայն նրա դեմքից, այլև հոգեպատկերից: Բայց հանուն արդարության պետք է ասել` Նիկոլը կարողացավ ոչ միայն ինքզինքը դարձնել ընդդիմության միանձնյա լիդեր, այլև տարավ անչափ գրագետ, հիացք առաջացնող, իր խոսքերով` ցանցային պայքար, ինչն ուղղակի «նոու-հաու» է հայաստանյան փողոցային ընդդիմադիր պայքարում: Եվ Նիկոլն արժանիորեն հոգնել է:
Ի դեպ, արժանին պետք է մատուցել նաև Նիկոլի «ցանցերը» հսկող ոստիկանությանը. ինչի մասին անգամ ԱՄՆ-ի պետդեպը նշեց: Ասենք կարճ` ոստիկանությունը նույնպես «ցանցային» պայքար է տանում և Նիկոլին ու երկրին արժանի «մուզիկանտ» է` բառի ամենաիսկական իմաստով:


Ակնառու է` ոստիկանությունը նորացվել է` ընթացող պայքարի ոգուն հարիր. ու թե մարտավարական առումով ճշգրիտ էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համատեղ աղոթքի կանգնելը` վասն Հայաստան, ապա «ցանցայինի» դեպքում ցուցարարների դեմ հանդիման կանգնած ոստիկանը երգեց... սրտաբուխ, կանոնիկ` «Մեր հայրենիքը». ինչն ուրույն կոդ ու աղոթք էր, որ տարածականություն գտավ հաջորդ օրը` բողոքի ակցիայի ընթացքում. Նիկոլի երիտասադները վերցրին էստաֆետը և իրենք երգեցին «Մեր հայրենիքը»:
Արձանագրենք մեկ անգամ ու բոլորի համար. սա այս օրերի ոչ միայն ամենակոդային, նշանային համակարգի էական դրվագն էր, որ Շնորհի ուժով դեռ երկար կաշխատի, այլև նոր «մշակույթի» բանալին, որի «հմայքներն» այն օգտագործողները գիտեն: Անցանք առաջ:
գ) Նիկոլի հեղափոխության բաղկացուցիչը երիտասարդներն են: Մենք դեռ չենք անդրադառնա քաղաքական այն տեխնոլոգիաներին, որոնք «գրված» են հարգարժան Ջին Շարփի գրքում, որպես «գունավոր հեղափոխությունների» ուղեցույց, որովհետև այդ գիրքը և՛ Րաֆֆի Հովհաննիսյանն էր կարդացել, և՛ ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանը, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, այնուհանդերձ, այն, ինչ անտերունչ անում է Նիկոլը, ոչ ոք չէր արել:
դ) Եվ այնուհանդերձ, բարի լինենք և ենթախորքում կատարվողն էլ գրենք: Հայաստանյան փողոցում տեղի ունեցողը հեղափոխություն է, նախ և առաջ, մենթալ պլանում: Իսկ եթե ավելի անկեղծ` ենթագիտակցական թնջուկում: Ոչ, երբեք չեմ համաձայնելու նրանց հետ, ովքեր կարծում են, թե երիտասարդ սերունդը ելել է պայքարի` հանուն իր ազատության: Ֆիզիկական պլանում գուցե և կարելի է այդպիսի արձանագրում կատարել: Եվ այնուհանդերձ, երբեք հնարավոր չէ ամբոխի, զանգվածի մեջ գտնել ազատություն, լինել ազատ. ազատություն ունեին իրենց հողե հյուղակներում առանձնացած մենակյացները, որովհետև հնարավոր չէ աղմուկի մեջ ազատվել ինքդ քեզնից. աղմուկն ու զանգվածը կլանում են անհատականությանը, տանում հատակ: ՈՒ եթե դու չես ազատվել նախ` ինքդ քեզնից, Սերժ Սարգսյանից հաստատ չես կարող, և կամ նրան կփոխարինի մեկ այլ ոք, որը շատ չի տարբերվի Սերժ Սարգսյանից: Իհարկե, հարց է դեռ, եթե Նիկոլը դառնա վարչապետ` ինչպիսի երկիր կկառուցի, ինչպիսի վարչապետ ու գլխավոր գերագույն հրամանատար, Ղարաբաղյան հարցով բանակցող կլինի:

ե) Սակայն ողջ խնդիրն այն է, որ շատ քիչ է հավանականությունը, որ Նիկոլի հեղափոխությունը պսակվի հաջողությամբ... էստեղ պետք է ձգել դադարը, միանալու հեղափոխականներին ու Նիկոլին` ասելու. եթե օրվա իշխանություններն այսքանից հետո չգնան արմատական փոփոխությունների` քաղաքական, տնտեսական, կադրային, մոտեցումների առումով, իրենց նեխած թիմը որոշակիորեն չթարմացնեն, ապա հաջորդ ընդվզումը, որը, կարծում ենք, շատ չի ուշանա, կլինի արդեն ոչ թե ցանցային և երկարատև, այլ կարճ ու շատ կոնկրետ:
զ) Եվ ուրեմն, այսօր տեղի ունեցող զարգացումների «տերը» ո՛չ իշխանությունն է, ո՛չ էլ ընդդիմությունը` ի դեմս Նիկոլի: Տեխնոլոգիաները, որ կիրառվում են ոչ միայն Նիկոլի կողմից, այլև իրական մոդերատորների, ասել ենք` ինչ-որ մի պահի, եթե որոշվել է իսկապես իշխանափոխության տանել Հայաստանը, հոգնած Նիկոլին կփոխարինեն այլ խաղացողով:
է) Սակայն առավել հավանական վերջը հեղափոխության դանդաղ մարումը կլինի մեծ արձանագրմամբ` ունենք այլ Հայաստան, այլ մտածողություն, ապրելու այլ տեսակ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ