Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իմ քայլը` իմ պտույտը, իմ պտույտը` իմ տեղապտույտը

Իմ քայլը` իմ պտույտը,  իմ պտույտը` իմ տեղապտույտը
20.04.2018 | 00:19

Երբ գրում եմ այս տողերը, և երբ դուք եք կարդալու, իրավիճակը կարող է փոխված լինել` այդպիսին է 2018-ի հայկական ապրիլը: Անիշխանության շրջանն ավարտվեց, սկսվեց անորոշությունը: Ապրիլի 17-ի կեսօրին Աժ-ն ընտրեց վարչապետ, մի քանի ժամից նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը, որով ընտրված վարչապետը դարձավ գործող: Ապրիլի 18-ից ունենք առաջին փոխվարչապետ` Կարեն Կարապետյանը միայն 1 օր անգործ մնաց: Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը նշանակվեցին փոխվարչապետներ, Վիգեն Սարգսյանը` պաշտպանության, Էդվարդ Նալբանդյանը` ԱԳ նախարար, Վարդան Արամյանը, Դավիթ Լոքյանը, Սուրեն Կարայանը վերանշանակվեցին իրենց նախարարություններում:
Իրադարձությունների այս ընթացքը նորություն չէր, նորությունը ուրբաթից երկուշաբթի Ֆրանսիայի հրապարակում գիշերող, իսկ ապրիլի 16-ից Երևանի փողոցներում իր քայլն անող Նիկոլ Փաշինյանն է` դպրոցականաուսանողական հեղափոխությամբ, որ ինքն անվանում է թավշե ու ժողովրդական: Նա խոստացել էր կանխել ԱԺ նիստը` չստացվեց: Նիստը գումարվեց, վարչապետը` ընտրվեց և փակեց երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո խորհրդարանի լուծարման, արտահերթ ընտրությունների տեսական հնարավորության դուռը: Չմնաց իշխանափոխության սահմանադրական ճանապարհ, ու Նիկոլ Փաշինյանը գնաց այն ճանապարհով, որ նրան թողեց վարչապետ Սերժ Սարգսյանը` խաղաղ ցույցեր: Որքա՞ն:

Ինքը` Փաշինյանն էլ չգիտի: Առայժմ քաղաքականությանը փոխարինել է պոպուլիզմը: «Մերժիր Սերժին»-ը ծրագիր չէ, մերժեցին` հետո՞: Նույնիսկ պարզ չէ` քաղաքակա՞ն, թե՞ քաղաքացիական շարժում է: Նիկոլ Փաշինյանը չգիտի` ու՞ր տանի և ի՞նչ անի իր կոչով փողոց դուրս եկածներին: Վլադիմիր Գասպարյանն էլ Նիկոլ Փաշինյանի հետ աղոթելու ցանկություն չունի: Հայաստանն ապացուցեց, որ Ադրբեջան չէ, բայց չի ապացուցում, թե ինչ է: Նահանջի տեղ չկա, առաջ գնալու` նույնպես: Մեղքի զգացում է մնալու` ևս մեկ պարտության: Համակարգը համակարգով են փոխում` անձը անձի դեմ պայքարը համակարգ չի փոխելու:
Ապրիլի 17-ից իրավիճակը զարգանում է զուգահեռ` փողոցներում ու Բաղրամյան 26-ում: Ինչո՞վ կպատասխանի Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ցանցային շարժմանն ու հեղափոխական կոմիտեների ստեղծմանը: Եթե ստեղծվեն: Թավշե հեղափոխականների երթուդարձին իմաստ չունի հետևել, կա ընդհանուր պատկեր.


1. Փողոցային պայքարի այս մարտավարությունը Հայաստանում նոր է, դեռ ոչ մի անգամ ցուցարարները քաղաքում այս քաոսը չեն ստեղծել: Թերևս այն պատճառով, որ նրանց ղեկավարները ռացիոնալ ու ակադեմիական են եղել և չեն հասկացել` ի՞նչ իմաստ ունի փողոցները չափչփել, երթևեկը կանգնեցնել, մարդկանց գործից կտրել ու հունից հանել: Նաև այն պատճառով, որ նրանց կողմնակիցները եղել են չափահաս ու հիմնականում տարիքով մարդիկ, որ ֆիզիկապես ի վիճակի չեն վազվզել ու նստել` որտեղ պատահի, ի վիճակի չեն հարցեր չտալ ու ծրագիր չունենալ: Նրանք գիտակից ու կայուն կողմնակիցներ էին:
2. Փողոցում են հիմնականում դպրոցականներն ու ուսանողները: Կամավոր: Նախկինում նրանց ՀՀԿ-ն է հանրահավաքների տարել` պարտադիր, ու Նիկոլ Փաշինյանը քննադատել է դպրոցականներին ու ուսանողներին գործիք դարձնելու ՀՀԿ-ի վարքագիծը: Այսօր ասում է` ազատ քաղաքացիներ են: Չի բացառվում, որ նա մանկապարտեզներ, հետո էլ ծննդատներ գնա ու կոչ անի միանալ իրեն: Դեռ որքան են բարձր դասարանցիներն ու ուսանողները «հեղափոխություն անելու»` ի հաշիվ դասերի, կերևա, երբ սկսվեն քննությունները: Հազիվ թե թավշե հեղափոխության ժամանակներում բեկանվի կրթությունը: Կրթության և գիտության նախարարությունը ոչինչ չասող հայտարարություն արեց` հորդորելով քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին «զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից» և ծնողների վրա դրեց պատասխանատվությունը: Բնորոշ քայլ էր:

3. Արտաքուստ քաոսային որոշումների ու քայլերի խորքում երևում է, որ ինչպես 14+4-ը, այնպես էլ հաջորդ քայլերը Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակիցների գլխում չեն ծնվում` ինչ-որ հմուտ ձեռք ուղղություն ու գործողությունների գծագիր է տալիս:
4. Քաղաքական բողոքը պիտի ունենա ձևակերպված քաղաքական պահանջ: Բացի «Մերժիր Սերժին» պահանջից, որ ապրիլի 17-ից անիմաստ դարձավ, այլ պահանջ Նիկոլ Փաշինյանը չունի: Սերժ Սարգսյանը վարչապետ է մինչև 2022-ը` ԱԺ ընտրությունները (եթե ինքը չհեռանա), շարունակվելու՞ է այդքան թավշե վազվզոցը:
5. Թանկացումների դեմ ցույցերի սակավամարդությունից հետո հատկապես ՀՀԿ-ն որոշել էր, որ հասարակությունն ընդունում է իր քաղաքականությունը և փողոց դուրս չի գա: Հրապարակային հղումներ էին արվում ապատիայի ու անհուսության վրա: Պարզվեց` տարիքային մի խումբ կա, որ չունի ապատիա ու հուսահատություն, որևէ քաղաքական նախադրյալ ու երաշխիք չի ուզում փողոց դուրս գալու համար: Խաղը նրանց հետ ծնողներին փողոց հանելն է, որ չի ստացվում: Տարիքի բերումով` նրանք արագ ոգևորվում են ու միմյանց ոգևորում, ի՞նչ է լինելու, երբ դատարկաձեռն տուն դարձնեն: Բացի ֆիզիկական ու ֆինանսական վիճակը` ի՞նչ է մնալու նրանց հոգում ու սրտում:
6. Վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարություն է ձևավորում և ստեղծում տպավորություն, որ իրեն չեն նյարդայնացնում փողոցային բողոքները: Դեռ երբեք ոստիկանությունն այսքան բարի ու սրտառուչ չի վերաբերվել ցուցարարներին: Իհարկե, փողոցները փակողները բերման են ենթարկվում` մի քանի ժամից ազատ արձակվելով: Քրեական 3 գործ է հարուցված` Հանրային ռադիո, բժշկական քոլեջ ներխուժման ու Մաշտոց-Թումանյան խաչմերուկի վանդալիզմի, բերման ենթարկվածները երբեմն տուգանվում են` 50000 դրամ: Մինչև ապրիլի 16-ը հանդուրժողականության շեմ չկար, հավաքը խաղաղ էր, բայց ուղեկցվում էր իրավախախտումներով: Հանդուրժողականության շեմը իջավ` հասարակական կարգը վերականգնելու նպատակով: Հանրային գերակա շահը և ցուցարարների մասնավոր, ինքնաբուխ իրավունքը սկսեցին միմյանց հակասել, որ ցանկացած պահի կարող է վերածվել կամ բախման, կամ զանգվածային ձերբակալությունների:
7. Քաղաքացիական անհնազանդությունը Երևանում ընդգրկում է ոչ բոլորին, ի՞նչ անեն բնականոն կյանքով ապրել ցանկացողները, Նիկոլ Փաշինյանը օրը 100 անգամ ներողություն է խնդրում ու շնորհակալություն հայտնում ոստիկաններին, իսկ մարդկա՞նց, որ չեն կիսում իր թավշյա ժողովրդականի տեսակետը, բայց կորցրել են ազատ տեղաշարժի հնարավորությունը: Պետական մարմինների գործունեությունը խոչընդոտելը ինքնին վերածվում է քաղաքացիների իրավունքների ոտնահարման: Իսկ նրանք ունենում են շտապ օգնության կարիք, հրշեջ ծառայության, ծնվում են, մեռնում են: Կյանքը կանգ չի առել` ինչ է Փաշինյանը որոշել է «մերժել Սերժին»:


…Իսկ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ԱԺ-ում միալար հայտարարում էր, որ կարևորագույն նպատակը մնալու է առաջընթացի ապահովումը: Լիկբեզ ու գովազդ էր անում խորհրդարանական կառավարման առավելությունների և ասում էր. «Պատմական զարգացման ներկա փուլում որպես գերակայություն շարունակում է մնալ հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը. իշխանություն, որի յուրաքանչյուր ճյուղի, յուրաքանչյուր օղակի իրավունքների ու պատասխանատվության շրջանակները համահունչ են։ Իսկ դա լավագույնս կարող է լուծվել հենց պառլամենտական կառավարման ձևի պայմաններում»: Նկարագրում էր համարյա դրախտ, հիմնավորում իր վարչապետ դառնալը. «Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմները, երբ չունենալով որևէ պաշտոն, քաղաքական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պահելու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձև: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլև իշխանական ուղղահայացի վտանգում, չհիմնավորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանքներով։ Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպքում, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք։ Ինձ համար՝ որպես ՀՀԿ ղեկավարի, փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնի առաջ եմ»։


Սերժ Սարգսյանն ընտրվեց 77 կողմ, 17 դեմ ձայներով: Կողմ էին ոչ միայն ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ, այլև ԲՀԿ 12 պատգամավոր: Դեմ էին «Ելքը» և «Ծառուկյան» դաշինքի մյուս պատգամավորները: Ի սկզբանե պարզ էր, թեև ԲՀԿ-ն բազմիցս հերքեց, որ միասնական չեն քվեարկի: Ոչ էլ` դեմ: Գագիկ Ծառուկյանը պիտի մտածի` ի՞նչ անել իր -12-ի, ՀՀԿ-ն`+12-ի մասին: Տխուր պատկեր էին ՀՀԿ-ականների քուն բերող կամ ագրեսիվ ելույթները: Փաստացի` երկիրը նախագահական է, թե խորհրդարանական, ոչինչ չի փոխվել. եղել ու մնալու են կոնֆորմիստներ, և նրանցից սպասելիքներ չկան` ոչ ավագների, ոչ երիտասարդների դեպքում: Նրանք սովոր են խոսել ու չլսել: Բարդույթը, որի մեջ Սերժ Սարգսյանը մեղադրում էր «Ելքին», ՀՀԿ-ի ամենաբնորոշ գիծն է` նրանք ի վիճակի չեն երկխոսության, մասնագետ են` ինքնագովության ու մեղադրանքի: Դա դեժավյուի դեժավյու է: Եվ` ախտորոշում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Աժ-ում Սերժ Սարգսյանը հանգած հրաբուխները չբզբզելու կոչ արեց: Հանգած հրաբուխներ չկան, կան չգործող հրաբուխներ: Իրական հրաբուխը ժողովուրդն է: Սերժ Սարգսյանի կեսժամանոց ելույթը փաստեց, որ նա ունի ու տեսնում է այլ Հայաստան, որտեղ բոլորը հարուստ են, բանկերում ավանդներն են բազմապատկել, կան ինչ-որ խնդիրներ` լուծելի, ու` ամեն ինչ նույնն է մնալու: Նա փողոցը չի տեսնում ու չի ընդունում: Դա վկայում են նաև նրա նշանակումները: ՈՒ ի՞նչ.
1. Նիկոլ Փաշինյանը փորձում է երկիշխանության մոդել ձևավորել: Հայտնի չէ` ի՞նչ հեռանկարով: Իշխանության դեմ պայքարը ինչ-որ պահից կարող է վերածվել պետության դեմ պայքարի, իսկ դա անվտանգության սպառնալիք է:
2. Հանդուրժողականությունը պետք չէ ընկալել պետության թուլություն, գուցե հակառակը` ուժի ցուցադրություն է:
3. Նիկոլ Փաշինյանի ընդվզումը Երևանից դուրս է եկել, բայց, համահայաստանյան չի դառնում: Այն, ինչ սկզբում նրա առավելությունն էր, դառնում է սխալը` Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում շարժումը տարիքային այլ խմբերի վրա տարածել: Մտածող մարդը հարցեր ունի, Նիկոլ Փաշինյանը պատասխաններ չունի: Միայնակ հեղափոխություն` ապավինելով Սերժ Թանկյանի ու Արսինե Խանջյանի ուղերձների ու արտասահմանից հանգանակված գումարների վրա, չի լինում: Նախարարությունները շրջափակելը չի դառնալու աշխատակիցների մտքի հեղափոխություն: Բուրգը ներսից չի փլվի: Հեղափոխական իրավիճակ չկա:
ԱԺ հատուկ նիստում «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հիշեցրեց` ամբողջ Հայաստանը կենտրոնացած չէ ԱԺ դահլիճում, ու դրանից դուրս Հայաստան կա. «Որևէ մեկը չի խոսում հիմա, թե ինչ է կատարվում դրսում, կարծես միայն այս դահլիճն է Հայաստանը։ Հայաստանը ելք ունի ու այն ոչ միայն դրսում է, այլև այս դահլիճում։ Եթե մենք դրանից հետևություն չենք անելու, ոչ մի բան չի լինելու: Եթե մենք դրանից հետևություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու ուղղակի»:
Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դարձավ իմ պտույտը, իմ պտույտը` իմ տեղապտույտը: Չգիտեմ դուք ինչպես, ես քանի օր է` «Կովկասի գերուհին» եմ հիշում ու Շուրիկի լացը` «Մեղք էր թռչնակը: Նա չհասավ արևին»:

Դիտվել է՝ 3064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ