«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«ՈՒզում են դաստիարակել իշխանություններին»

«ՈՒզում են դաստիարակել իշխանություններին»
20.04.2018 | 00:24

Ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը, իշխանությունը որդեգրել է չտեսնելու, չնկատելու, չարձագանքելու քաղաքականությունը, և ցուցարարները մնացել են ոստիկանների «հույսին»: Վերջիններս երկու տասնյակից ավելի հայտարարություններ են տարածել արդեն, սակայն իրավիճակը շարունակում է մնալ նույնը՝ ցուցարարները համոզում են ոստիկաններին իրենց միանալ ու զենքը վայր դնել, ոստիկաններն էլ պարբերաբար հայտարարում են, որ հավաքը պետք է ցրել: Առայժմ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը գործնական քայլերի չեն դիմում: Ներքաղաքական լարվածության շուրջ զրուցում ենք ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, ընդդիմությանը չհաջողվեց կասեցնել այդ գործընթացը, բայց շարունակվում են բողոքի ակցիաները, փողոցներ են փակվում, պետական կառույցներ են շրջափակվում: Այս քաղտեխնոլոգիաներով մինչև ու՞ր կարող է հասնել հասարակական ընդվզումը:
-Այն, ինչ անում է այսօրվա ընդդիմությունը, քաղաքական պայքարի ձևերից մեկն է: Որքան է դա արդյունավետ, այլ հարց է: Կլինի շատ ավելի արդյունավետ, եթե շատ մեծ զանգված միանա դրան, և կաթվածահարվի ողջ պետական ապարատի աշխատանքը: Այս պահի դրությամբ այս գործընթացն այնքան էլ արդյունավետ չի ընթանում: Սակայն ցուցարարների խնդիրը միայն այն չէր, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը թույլ չտան, այլ այն իրավիճակը, որ կա երկրում: Կան բողոքի բազմաթիվ պատճառներ, որոնք ստիպում են ժողովրդին անընդհատ ըմբոստանալ: Շատ հետաքրքիր հակասություն կա. ժողովուրդը դեռ հույս ունի, որ իշխանությունն իրեն կլսի ու կանի իր ուզածը, այսինքն` կուղղվի: ՈՒզում են դաստիարակել այս իշխանություններին, ինչն անհույս բան է: Մեր երկրում խնդիրները չեն լուծվել մի պարզ պատճառով. իշխանությունը կառչել է այն համակարգից, որը ստեղծվել է 27 տարում, ինչն անընդհատ կորուստների է բերում: Այսպիսի տրամաբանությամբ իշխանությունը չի կարող բարիք ստեղծել: Ասել է՝ ժողովրդի հաշվին մի խումբ մարդիկ հարստանում են, իսկ ժողովրդի զգալի հատվածը, որը գողանալու, կոռուպցիայով զբաղվելու հակում չունի, ստիպված տարբեր հնարքների է դիմում գոյատևելու համար: Իշխանությունն ասում է, թե ավտոմեքենաների թիվն ավելացել է: Գաղտնիքն այն է, որ մարդիկ ներմուծում են 20-25 տարվա մեքենաներ, այստեղ տեսքի բերում, ու վաճառում երրորդ երկրի: Մարդիկ բիզնեսի նոր ճանապարհ են գտել: Բայց մեկը չի հարցնում` ինչու՞ եք թույլ տալիս, որ այդքան հին մեքենա մտնի մեր երկիր: Աշխարհի շատ պետություններում 10 տարի շահագործված մեքենաներ չեն թողնում ներմուծել, իսկ այստեղ 20-25 տարվա մեքենաներ են ներմուծվում: Բայց սա ժողովրդի հնարքն է, որպեսզի կարողանա գոյատևել: Երբ իշխանությունները չեն կարողանում ինքնաքննադատաբար մոտենալ հարցերին ու անընդհատ ինքնագոհ հայտարարություններ են անում, սա ժողովրդի մեջ առաջացնում է ալերգիկ արձագանք: Ինչպե՞ս կարելի է ամեն անգամ ասել բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Զորօրինակ, ԱԺ ամբիոնից հայտարարվեց, թե մեզ մոտ ՀՆԱ-ն աճել է: Կա պաշտոնական ուսումնասիրություն շուրջ 100 երկրի, որտեղ նշված է, թե որքան է մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն: Սկսվում է 43 հազարից մինչև 2 հազար 200-ից պակաս մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ ունեցող երկրների շարքը: Այդ ցանկում ընդգրկված են և՛ Աֆրիկան, և՛ Եվրոպան, և՛ ԱՄՆ-ը, և՛ հետխորհրդային երկրները, բայց Հայաստանը դրանց մեջ չկա: Իսկ եթե հավատանք այն թվին, որ ներկայացվեց խորհրդարանում՝ 3 հազար 380 դոլար մեկ շնչին, ուրեմն պետք է լինեինք այն սանդղակում, որտեղ են Մավրիտանիան, Սենեգալը, Բանգլադեշը, Ղրղզստանը, Տանզանիան: Այսքանից հետո հարց պետք է տալ` երբ պաշտոնապես հայտարարում եք, որ 30 տոկոս աղքատության մակարդակ կա, չե՞ք մտածում այդ շուրջ 1 մլն մարդու մասին, ինչպե՞ս եք այդպիսի ինքնագոհ հայտարարություններ անում:
-Պարոն Սարգսյան, այսօրվա շարժման ամենամեծ առանձնահատկությունը բազմաթիվ երիտասարդների առկայությունն է: Ինչու՞ են նրանք դուրս եկել փողոց:
-Խելացի երիտասարդը, որ կարողանում է իր ուժերով սովորել և գնահատական ստանալ, տեսնում է, որ իր կողքին նստած է մեկը, «Համերով» գալիս է, գումարով գնահատական ստանում, ու որևէ մեկը չի էլ ասում, թե դու գիտելիք չունես: Իսկ ինքն անգամ տրոլեյբուսի գումար հազիվ է հայթայթում. սա չի կարող նրան չընկճել: Իշխանությունները չեն հասկացել այս նոր գեներացիան: Այդ երիտասարդները ոչ խորհրդային տարիներն են տեսել, ոչ էլ 90-ականները, 2008-ն էլ նրանց համար պատմություն է, քանի որ տասը տարեկան են եղել: Հիմա համացանցի դար է, ինֆորմացիայի բոլոր հնարավորությունները կան, տեսնում են՝ ով ինչ հնարավորություններ ունի ու ինչպես է դրանք դրսևորում: Հեռանկար այստեղ չեն տեսնում, ավելին, հասկանում են, որ իրենց երկրում անհավասար պայմաններում են: Ոչ միայն ուսանողներն են փողոց դուրս եկել, այլև դպրոցականները, որովհետև իրենց ապագան այստեղ չեն տեսնում: Այսօրվա երիտասարդը ազատ է այն կապանքներից, որոնք նախկինում նրան ստիպում էին հլու-հնազանդ նստել ու սպասել: Չկան այդ կապանքները, դրա համար էլ ոտքի են կանգնել:
-Վերջին շրջանում հատկապես ընդդիմադիր գործիչները շատ էին պնդում, թե ժողովուրդն ապատիայի, թմբիրի մեջ է, դժվար է ոտքի հանել: Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ փողոց դուրս եկավ:
-Իհարկե, թմբիրի մեջ էր, որին նպաստեցին 2015-ի սահմանադրական բարեփոխումների կեղծ գործընթացն ու 2017-ի խորհրդարանական ընտրությունները։ Մենք այդ ընտրությունը համարեցինք 10-հազարանոցների ընտրություն։ Իսկ հիմա ասում են, թե միջազգային կառույցները ճանաչել են այդ ընտրությունները։ Անշուշտ, այս անգամ այնպիսի տեխնոլոգիաներ էին հորինել, որ միջազգային կառույցներն անգամ գլուխ չհանեցին։ Կատարվել էր այն, որ հստակ ցուցակներ կային, և շատ լավ գիտեին, թե 10000 դրամն ինչ դեր է խաղալու։ Բայց քանի որ այդ մարդիկ խիղճ ունեն, գումարը վերցնելուց հետո ընտրել են նրանց։ Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց այսօր խորհրդարանում ձևավորվել է անլեզու պատգամավորների խումբ, այսինքն` մարդիկ, որոնց ոչ ոք չի ճանաչում։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ այդ պատգամավորները ստացան 30-40 հազար ձայն։ Մարդիկ ինչպե՞ս ճանաչեցին նրանց, նույնիսկ հանդիպում չարեցին, ելույթ չունեցան, որ մարդկանց ցույց տան, ով են, ինչ են իրենցից ներկայացնում։ Այսինքն, այդ 10000 դրամներով ապահովեցիք ձեր 700 հազար ձայների առնվազն կեսը, մնացածը վարչական ռեսուրսն էր, կերակրամանից օգտվողները։ Չկար գաղափարական պայքար, այլընտրանքային ծրագրերի մրցույթ, ու վերջապես, չկար ընտրություն։ Այ, սրա մասին պետք է խոսվի։ Սրանք են նաև այն պատճառները, որ այսօր ժողովրդին փողոց են դուրս բերել։ ՈՒղիղ մեկ տարի մարդը նվաստացած նստած էր տանը, քանի որ իրեն մեղավոր էր զգում այդ 10000 դրամը վերցնելու համար։ Հիմա փորձեցին նրանց այդ վիճակից դուրս բերել, ու ստացվեց։ Ամենաշատն ինձ վրդովեցնում է նաև այն, որ ՀՀԿ-ում էլ կան ճանապարհ անցած, փորձառու, գրագետ մարդիկ, որոնք այս համակարգի գերին են։ Նրանք սպասարկում են ուրիշների անձնական շահերը։ Հենց այդ մարդիկ պետք է հասկանան, որ մենք օր օրի պակասում ենք, մարդկային որակը ևս գնալով ընկնում է։ Այն մարտահրավերները, որոնք այսօր կան, շատ վտանգավոր են։ Մենք նստած ենք վտանգավոր հրաբխի վրա։ Այս ճանապարհով գնալը ինքնասպանություն է, որովհետև հարևանդ մարդկային ռեսուրսներով, ֆինանսապես գերազանցում է քեզ, չունի պետական պարտքի այն չափը, որը մենք ունենք (մեր 7 մլրդ դոլար պետական պարտքի մասին ոչ ոք չխոսեց խորհրդարանում)։ Այս ճանապարհով ու՞ր ենք գնում, չեք ուզում որևէ մեկի պոչը տրորել։ Երբ ճգնաժամեր են լինում, ինչու՞ մեր երկրի հարուստները չեն աղքատանում։ Ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ օրերին նրանք բարեգործություններ են անում, թող տանեն բյուջեի հարկերը վճարեն։
-Եթե այսօրվա շարժման առաջնորդների լեզվով չձևակերպենք բողոքի նպատակը, կարելի՞ է ասել, որ մարդկանց փողոց են դուրս բերել սոցիալական անարդարությունը, ծանր տնտեսական իրավիճակն ու բազում խնդիրների առկայությունը։
-Նրանք «Մերժիր Սերժին» կարգախոսն են ընտրել, բայց դրանով խնդիր չի լուծվում։ Այս համակարգով գնում ենք միայն մեկ ճանապարհով` դեպի անդունդ։ Չի կարող օլիգարխիկ համակարգը թույլ տալ, որ երկիրը զարգանա։
-Ո՞րն է այդ համակարգը փոխելու և նոր իշխանություն ձևավորելու ճանապարհը։
-Հայաստանյան ընդդիմությունը բողոքի ալիք է բարձրացրել հետընտրական և նախընտրական շրջանում։ Մի հարցում հանրապետականները ճիշտ են. եթե այս ընդդիմությունն ընդունել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսօր խոսելու տեղ չունի։ Բայց ընդդիմությունն էլ կարող է հակադարձել, որ իշխանություններն էլ բազմաթիվ խոստումներ էին տվել, ինչու՞ չեն կատարել։ Հիմա, երբ դուք չեք կատարել ձեր խոստումները, պարզ է, որ ժողովուրդը դուրս կգա փողոց ու կպահանջի փոփոխություններ։ Դրա անունը կլինի թավշյա հեղափոխություն, թե «Իմ քայլը», այդքան էլ էական չէ։ Այսօրվա վիճակում նաև շատ կարևոր է, թե ինչպես է արձագանքում իշխանությունը բողոքի ցույցերին։ Պետք է էլի՞ ասեն, թե մի քանի հազար մարդ է դուրս եկել փողոց։ Պետք է մե՞կ միլիոն մարդ դուրս գա փողոց, որ ձեզ ջնջի, անցնի, դա՞ եք ուզում, դրա՞ն են տանում ձեր քայլերը։ Կամ ինչպե՞ս կարելի է ասել, թե ժողովրդի անունից կարող է միայն խորհրդարանական մեծամասնությունը խոսել։ ՈՒզում եմ հավատալ, որ սա լեզվի սայթաքում է։ Եթե անգամ դու մեծամասնություն ես, ձեր հաշվարկով 1 մլն 600 հազար մարդ էլ ձեզ ձայն չի տվել, նրա՞նք ովքեր են։ Ձեր կողմնակիցը չեն եղել, հետո՞ ինչ, որ այսօր դուք եք մեծամասնություն։ Եթե մենք 10 կամ 30 հազար մարդու ձայն ենք ներկայացնում, դրանք մեր ժողովուրդը չե՞ն։
-Այսօր երկու կողմն էլ կարծես չեն ուզում միմյանց ընդառաջ գնալ։ Ցուցարարները պահանջում են Սերժ Սարգսյանի հեռացումը, իսկ իշխանությունները երկխոսության չեն գնում։ Ո՞րն է իրավիճակի հանգուցալուծումը։
-Քաղաքական գործընթացում կան պարզ ճշմարտություններ. եթե դուրս ես եկել քաղաքական պայքարի, պետք է ունենաս քաղաքական օրակարգ։ Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն, ո՞վ պետք է որոշի, ինչպես ենք մեկին մյուսով փոխարինում։ Սրա լավագույն ձևը ընտրություններն են։ Այլ հարց է, թե ինչպես անել, որ հաջորդ ընտրությունը լինի իսկական, դասական ընտրություն, երբ ժողովուրդն ընտրություն կանի ծրագրերի միջև։ Սա քաղաքական օրակարգ է։ Կա ևս մեկ տրամաբանություն. հասարակական ընդվզման այնպիսի ալիք ես բարձրացնում, ներկայացնում քո քաղաքական պահանջները ու պարտադրում իշխանություններին, որ դրանք իրականացնեն։ Ժողովրդի քանակը, որակն այնքան բարձր մակարդակի վրա են, որ իշխանությունն իրոք պարտադրված է գնալու այդ ճանապարհով։ Այս ամբողջի մեջ պետք է լինի նաև քաղաքական ուժերի համաձայնություն։
-Ի դեպ, այս շարժումը տարբերվում է նախորդներից նաև այն բանով, որ առաջին ջութակի դերը ստանձնել է միայն Նիկոլ Փաշինյանը, չկան հանրությանը ծանոթ ընդդիմադիր գործիչներ, ինչու՞։
-Նախ` պետք է ասել, որ Փաշինյանի արժանիքն է, որ շարժման սկիզբն ինքն է դրել, նրա հետ անգամ համաձայն չէին իր գործընկերները։ Հիմա հասել է որոշակի արդյունքի, երբ բազմահազարանոց հանրահավաքներ է անցկացնում։ Ոմանք գնացին, քայլեցին, բայց Նիկոլ Փաշինյանն այլևս նրանց կարիքը ինչ-ինչ պատճառներով չունի։ Նա նոր գեներացիա է ուզում։
-Փաշինյանը հայտարարեց նաև, թե հեղափոխական կոմիտեներում լինելու են իր կողքով քայլող երիտասարդները, ոչ մի խոսք չեղավ ընդդիմադիր գործիչների մասին։
-Այո, որովհետև ինքը տեսնում է, որ այդ երիտասարդներն են իր կողմից կառավարվող ուժերը։ Չի ցանկանում հին դեմքերին տեսնել իր շուրջը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ երբ գաղափարական տարբեր հոսանքների տեր ուժեր են միավորվում, դա դառնում է ժամանակավոր դաշինք։ Օրինակ, մենք` որպես սոցիալ դեմոկրատներ, չէինք կարող նեոլիբերալների հետ մեկ ճամբարում լինել, եթե մեզ չպարտադրեր այն ճղճիմ վիճակը, որ երկրում առկա էր։ «Արդարություն» դաշինքի օրինակով պետք է ասեմ, որ մենք միասնական էինք ընդամենը այդ չորս տարվա ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը ձևավորում է միատարր, միաբևեռ շարժում, որտեղ սկզբունքների, գաղափարների տարբերություն առայժմ չկա։ Սա քաղաքական տեխնոլոգիա է, որի արդյունքը դժվար է այսօր կանխորոշել։ Փորձը ցույց է տալիս, որ բազմահազարանոց հանրահավաքները ևս իրավիճակ չեն կարող փոխել, եթե իշխանությունը փոփոխություններին ընդառաջ չգնա։
-Սերժ Սարգսյանը, արձագանքելով հասարակական ընդվզմանը, հայտարարեց, թե իրենց համար առաջնային են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, բայց Երևանում խցանումներ առաջացնելը չի կարող համաչափ լինել։
-Գուցե համաչափ չէ, բայց պետության ղեկավարը խնդրին պետք է մոտենա այլ կողմից. ինչու՞ է ժողովուրդը դժգոհ իշխանությունից։ Եթե այդ հարցն իրենք իրենց չեն տալիս, ուրեմն չեն կարող երկիր կառավարել կամ կառավարում են այսպես։ Երբ իշխանության համար փողը դարձել է ինքնանպատակ, և դրանով է չափվում մարդու ով լինելը, վերանում են բոլոր հոգևոր արժեքները։
-Որքա՞ն է հավանականությունը, որ իրավիճակը կհանգուցալուծվի բախումներով և ուժի կիրառմամբ։
-Փաշինյանը ճիշտ դիրքորոշում է ընտրել, որ թույլ չի տալիս որևէ կոշտ մեթոդ ոստիկանների հետ։ Բայց եթե այսպես երկար շարունակվի, ժողովուրդն իր կողմից, իշխանությունն էլ իր կողմից կլարվի, իսկ թե ծնված կայծից ինչ կբորբոքվի, դժվար է ասել։ Բայց էական մի բան կա. իշխանությունը միշտ պետք է հիշի` մեր հարևանները երազում են, որ մեր երկրում ֆորսմաժորային վիճակ ստեղծվի, և անմիջապես գործի անցնեն։ Ժողովուրդն ամեն ինչում ճիշտ է, նրան չպետք է մեղադրել, այս ամենի հասցեատերը իշխանությունն է, որը պետք է շատ արագ խնդիրները լուծի։ Պարզ խոսեք ժողովրդի հետ և նրանց անհանգստությունները փարատեք։ Չցանկանալով դրսի մարտահրավերների վրա շատ ծանրանալ, միայն հիշեցնեմ Նախիջևանում տիրող իրավիճակը։ Թուրքիան շատ հեշտությամբ «մարսեց» Աֆրինը, ո՞վ նրան ասաց` չոռ։ Այստեղ կարող են այնպիսի շահեր բախվել, որ մենք կկորչենք-կգնանք։ Այսօրվա ներքաղաքական իրավիճակն իշխանությունների համար նախազգուշացում է, նրանք պարտադիր պետք է փոխեն իրենց մտածելակերպը, մոռանան փողի մասին ու զբաղվեն երկրի խնդիրներով, ինչը մինչ այսօր չեն արել։ Մնացածը սին խոսակցություններ են։


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ