Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար անընդունելի է Արևմուտքի ագրեսիան ընդդեմ Սիրիայի

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար անընդունելի է Արևմուտքի ագրեսիան ընդդեմ Սիրիայի
20.04.2018 | 00:38

Ապրիլի լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռնամուխ եղան, երևի, Սիրիայում տիրող իրավիճակի զարգացումը «լիբիական սցենարի» հուն փոխադրելու վերջին փորձին: Արևմուտքի այդ երկրների հրթիռային հարվածները մի երկրի, որը շարունակում է արյունալի պայքարը ահաբեկիչների դեմ, զարմանալի չէ. հակասիրիական հանցագործությունների հովանավոր Իսրայելը առայժմ ԱՄՆ-ին ու Եվրոպային չի հրամայել «հանգստանալ», ինչի մասին վկայում է նաև վերջերս Սիրիային հասցված իսրայելական օդային հարվածը: Ընդ որում, Սիրիային հասցված այդ հարվածների հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է:

Եթե վերցնելու լինենք գործի արտաքին կողմը միայն, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր երկրները ցույց տվեցին իրենց անմարտունակությունը: Խորհրդային արտադրության գրեթե կեսդարյա վաղեմություն ունեցող հակաօդային և հակահրթիռային համակարգերը հանգիստ որսացին ու ոչնչացրին Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի արձակած 103 թե 105 հրթիռներից ավելի քան 70-ը: Այդ կապակցությամբ գերմանացի լրագրող ՈՒլրիխ Լադուրները արդեն հրապարակավ հայտարարել է, որ Սիրիայի տարածքի զանգվածային հրթիռակոծությունը ակնբախորեն ցույց տվեց Եվրամիության երկրների զինված ուժերի անմարտունակությունը: Փաստորեն երևաց, որ ԵՄ երկրները պատրաստ չեն զինված ուժերն օգտագործելու իրական մարտական պայմաններում: Հրապարակախոսի կարծիքով, ԵՄ ղեկավարությունը չկարողացավ միարժեք որոշում ընդունել Սիրիայի վերաբերյալ: Դա ահազանգում է Արևմուտքի երկրների պառակտվածության մասին: Լադուրների կարծիքով, դրանում էական դեր է խաղում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը: Մի շարք երկրներ չեն ուզում խորացնել իրավիճակը, մինչդեռ մյուսները հակառակն են պնդում: Լրագրողն ընդգծում է, որ ԵՄ-ը պետք է շտապ փոխի իրադրությունը, այլապես Բրյուսելը կթուլացնի իր դիրքերը միջազգային ասպարեզում:


Բայց հիմա ո՞վ է ԵՄ անդամ երկրների երեսին նայողը, միայն հիվանդ երևակայության տեր մարդիկ: Եվրոպայի երկրները վաղուց ապրում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի թելադրանքի ներքո, և հարցը միայն այն է, թե ով որքանով է ամերիկյան խամաճիկ Եվրոպայում: Նախագահ Էմանուել Մակրոնին Իրանում, օրինակ, դեռ անցած տարվանից հրապարակավ անվանում են հենց «ամերիկյան խամաճիկ» և կամ է՛լ ավելի վիրավորական: Ընդ որում այդ մակդիրները բարձրաձայնում են ոչ թե ինչ-որ նախարարներ կամ իշխանության միջին օղակի ներկայացուցիչներ, այլ իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի խորհրդականները, սկսած արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական, արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայեթիից: Ես անմիջապես խոսակցությունը Իրանից հնչող գնահատականներին տարա, որովհետև, օրինակ, ԱՄՆ-ի մեկ այլ խամաճիկ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, Թուրքիա կատարած այցի ժամանակ բացահայտորեն հայտարարեց. «Այդ գործողության նպատակն էր նվազեցնել քիմիական զենք օգտագործելու Դամասկոսի ունակությունը... Սա հստակ ահազանգ է Ասադի վարչակազմին, Ռուսաստանին ու Իրանին»,- Ստոլտենբերգին մեջբերում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն գերմանացի լրագրող Լադուրների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնիսկ հարկ չի համարում թաքցնելու, որ թե՛ ապրիլի լույս 14-ի գիշերվա հրթիռակոծության, թե՛, առհասարակ, Սիրիայի դեմ ուղղված ամբողջ պատերազմի հիմնական «պատվիրատուն» Իսրայելն է, որովհետև հենց Իսրայելն է վախենում, որ Մերձավոր Արևելքում օրեցօր մեծանում են Իրանի անվերապահ առաջատարության հնարավորությունները, լինի դա Սիրիայում, Լիբանանում, թե Իրաքում:
Բոլորին է հասկանալի, որ Արևելյան Ղութայում Սիրիայի բանակը ոչ մի քիմիական զենք չի գործադրել: Ռուսաստանն արդեն մերկացրել է Դամասկոսի այդ արվարձանում ամերիկամետ ուժերի սարքած բացահայտ ներկայացումը: Բոլորը գիտեն նաև, որ հենց ԱՄՆ-ն է դեռ 2014 թ. ոչնչացրել Սիրիայի քիմիական զենքի բոլոր պաշարները, և այն, ինչ բացառված չէ, քիմիական զինապաշարներից դեռևս կա այդ երկրում, նախ, գտնվում է հենց ահաբեկիչների ձեռքին: Երկրորդ, այդ միջոցները ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության են: Համոզված եմ, որ անհրաժեշտ է համաձայնել ապրիլի 16-ին Մոսկվայում հնչած գնահատականին: Սիրիայի հրթիռակոծության հետևանքով ավերված շենքերը ոչ մի առնչություն չունեն քիմիական զենքի ստեղծման հետ, նշում է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ալեքսանդր Շերինը. «Երբ Ռուսաստանն ընդունեց Բաշար Ասադի հրավերը, ԱՄՆ-ն արդեն այնտեղ էր, ռմբակոծում էր Սիրիայի տարածքը, և մենք շատ լավ հասկանում էինք, որ դա շատ լուրջ հրապարակային մարտահրավեր է, ու, բնականաբար, ԱՄՆ-ն իր դաշնակիցներով հանգիստ չի նայի դրան: ՈՒստի երբ մտանք այնտեղ, պետք է հասկանայինք, որ մենք պետք է ուժ ու միջոցներ ունենայինք ոչ միայն ահաբեկիչներին ոչնչացնելու, այլև ամրանալու համար այդ տարածքում՝ ի դեպս այնպիսի մարտահրավերների, որ մենք տեսանք անցած հանգստյան օրերին, և կարողանայինք համարժեք պատասխան տալ»: Միաժամանակ Շերինը նշել է, որ եթե որևէ մեկը խանգարի Ռուսաստանին ամրանալու Սիրիայի տարածքում, պետք է պատասխանել. «Ապրիլի 10-ին մենք Պետդումայում հարց բարձրացրինք Իսրայելի գործողությունների առնչությամբ: Դա «մարտական ստուգատես» էր, թե ինչպես կարձագանքի ՌԴ-ն: Մենք արձագանքեցինք չափավոր՝ միջազգային համաձայնագրերի շրջանակներում: ՌԴ-ն շատ բարձր «ցավի շեմ» ունի, և ինձ թվում է, ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ չարաշահում են դա»:


Էլ ավելի բարձր «ցավի շեմ» ունի Իրանը. իրանցիները արիաբար տարան իրենց չորս ռազմական խորհրդականների զոհվելու ցավը, երբ Իսրայելն ապրիլին հասցրեց իր օդային հարվածը: Բայց, ինչպես և Իսրայելի պարագայում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածներից հետո Թեհրանից նախազգուշացրել են՝ սպասեք ձեր ագրեսիայի պատասխանին: Հիմա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուժգնորեն գովազդում են իրենց զինված ուժերի գործողությունները: Նրանք պնդում են, թե Սիրիայի դեմ կատարված ագրեսիան համապատասխանում է իրենց երկրների «ազգային շահերին»: Նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջափակում են ՌԴ-ի և Չինաստանի բանաձևերը, որոնք կոչված են դատապարտելու ագրեսորներին, և առաջադրում են Սիրիայի վերաբերյալ բանաձևերի կանխավ անընդունելի նախագծերը: Բայց նույնիսկ 50 տոկոսով ամերիկամետ և իսրայելամետ Արաբական պետությունների լիգան ճգնաժամ ու պառակտում է ապրում. միասնական դիրքորոշում էին պահանջում Իրաքը, որը դատապարտում էր հրթիռային հարվածները, ինչպես նաև Լիբանանը, Ալժիրը և Իրաքը: Քաթարը, Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության մյուս անդամները հավանություն տվեցին ԱՄՆ-ի կոալիցիայի գործողություններին: Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում չկա մասնակից երկրների համար ընդհանուր դիրքորոշում Սիրիային հասցված օդային հարվածների վերաբերյալ: Այս պայմաններում մենք Արևմուտքին ու սիոնիստներին կառաջարկեինք ավելի հաճախ ականջ դնել այն բանին, ինչ ազդարարում է հատկապես Իրանը: Վերն արդեն հիշատակված խորհրդական Վելայեթին արևմտյան հարվածների ժամանակ գտնվել է հենց Դամասկոսում և այցելել ազատագրված Արևելյան Ղութա: Նրա հայտարարությունները, ինչպես նաև այաթոլահ Խամենեիի խոսքերը միջազգային լրատվամիջոցները մեջբերում էին իրար հերթ չտալով, որովհետև Թեհրանը վերստին բացահայտորեն ընդգծել էր, որ այն ամենը, ինչ Սիրիայում ձեռնարկում է Արևմուտքը, օբյեկտիվորեն ձեռնտու է միայն ահաբեկիչներին, ուրեմն, հենց Արևմուտքն էլ ահաբեկիչների տերն է:


Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ապրիլի 15-ին իր բրիտանացի պաշտոնակից Բորիս Ջոնսոնին ասել է, որ «ոչ մի երկիր իրավունք չունի միջազգային կանոնների խախտմամբ համառորեն պատժիչ գործողություններ կատարելու»: Իսկ չէ՞ որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է զանգահարել Զարիֆին, որպեսզի արդարանա և «բացատրի» Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Սիրիայի վրա հարձակմանը՝ ԱՄՆ-ի հետ: Զարիֆը Սիրիայի վրա կատարված հարձակումն անվանել է անօրինական և կանխակալ՝ հաղորդում է «Tehran Times» թերթը: Զարիֆը դատապարտել է արևմտյան երկրների երկակի ստանդարտները քիմիական զենքի օգտագործման առնչությամբ, մատնանշելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից Սադամ Հուսեյնին ցուցաբերված աջակցությունը 1980-1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում, երբ իրաքյան բռնակալը քիմիական զենք էր գործադրել ընդդեմ իրանցիների: Քիմիական գրոհների պատրվակով Սիրիայի վրա կատարված երկու հարձակումները տեղի են ունեցել հենց այն ժամանակ, երբ սիրիական բանակը հաղթում էր ահաբեկիչներին: Զարիֆը Ջոնսոնին ասել էր. «Երբ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցը բարձրացվեց 2013-ին, մենք հայտարարեցինք, որ զինված ահաբեկչական խմբերը քիմիական զենք ունեն, սակայն մեր դիտողությունն աննկատ մնաց»: Ջոնսոնը լռել էր:


Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ¥ԻՀՊԿ¤ գլխավոր հրամանատարի քաղաքական հարցերի գծով տեղակալ, բրիգադային գեներալ Յադոլլա Ջավանին դատապարտել է Արևմուտքի հրթիռային հարվածները Սիրիային, նախազգուշացնելով, որ հիմա այդ հարձակումը դիմադրության ճակատին ավելի մեծ հնարավորություն է տվել դիմակայելու ԱՄՆ-ին. «Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումը աղաղակող ագրեսիա է և անօրինական: Հատկապես այնպիսի պայմաններում, երբ փաստերի բացահայտման կոմիտեն պետք է ուսումնասիրեր ԱՄՆ-ի պնդումներն այն մասին, թե սիրիական բանակը քիմիական զենք է օգտագործել, իսկ Դամասկոսը նաև հող է ստեղծել այդ կոմիտեի հետաքննության համար»: «Ամերիկացիները ենթադրում են, որ նման միջոցներով իրենք կարող են փոխել պայմանները Սիրիայում, բայց, իհարկե, դա չի լինի: Նման գրոհը չի փոխի միտումները, իրավիճակն ավելի կբարդանա, և այդ բարդ իրավիճակը, անշուշտ, կվնասի ԱՄՆ-ին: ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի տարածաշրջանում տեղի ունենալիք իրադարձությունների հետևանքները, և, իհարկե, այդ իրադարձությունները նրա օգտին չեն լինի,- հավելել է գեներալ Ջավանին:- Իհարկե, դիմադրության ճակատը չի խարխլվի նման գործողություններից, ընդհակառակը, կամրանա և ավելի մեծ հնարավորություններ կունենա միջամտության դեմն առնելու համար, և ամերիկացիները պետք է սպասեն իրենց գործողությունների հետևանքներին»: Ավելին, պարզվել է, որ Թրամփը խաբել է ամերիկյան ժողովրդին: Այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականները բրիտանական ու ֆրանսիական զորքերի հետ մեկտեղ հարվածներ հասցրին ենթադրյալ օբյեկտներին, իբր, կապված քիմիական զենքի հետ, հաղորդեցին, թե հրթիռները դիպել են Դամասկոսից ոչ հեռու Բարզայի շրջանում գտնվող հակաքաղցկեղային դեղորայքի արտադրության կենտրոնին: Ինչպես հաղորդում է «Tasnim» լրատվական գործակալությունը, այդ հետազոտական կենտրոնը զբաղված է եղել բացառապես հակաքաղցկեղային դեղորայքի մշակմամբ ու արտադրությամբ: Օ՜, ի՜նչ հզոր «արևմտյան օգնություն» է սիրիական ժողովրդին: Եվ ի՜նչ ավանդ «ժողովրդավարության համար մղվող պայքարում»:


Դրանով իրավիճակը, իհարկե, չի «սառչի»: Հատկապես Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի համար, եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն արդեն բերանից թռցրել է, թե հրթիռային հարվածները «հստակ ազդանշան» էին ոչ միայն Ասադին, այլև Ռուսաստանին և Իրանին: Մոսկվայի ու Թեհրանի համար է՛լ ավելի մեծ ազդանշան դարձավ այն, որ Թուրքիայի նախագահ և «Աստանայի ձևաչափի» գծով նրանց գործընկեր Էրդողանը անվերապահորեն բռնեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմը, ինչպես նաև հերթական անգամ պահանջեց Ասադի տապալումը: Արդյունքը եղավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգը Անկարա, և Էրդողանը, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, սկսեց «պատեպատ խփվել»: Բա ո՜նց, պետք էր արդարանալ, բացատրություններ տալ, չէ՞ որ հենց վերջերս էր տեղի ունեցել երեք նախագահների Անկարայի գագաթնաժողովը, որտեղ Էրդողանը երդումով հավաստիացնում էր Պուտինին ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որ Թուրքիան Ռուսաստանի ու Իրանի կողմն է: Իսկ այստեղ Մակրոնը «քցում» է Էրդողանին: «Հարվածների հետևանքով Ռուսաստանն ու Թուրքիան բաժանվեցին»,- հնչում էին նրա խոսքերը BFMTV հեռուստաալիքի եթերում: Նույնիսկ թուրքական «Yeni Gag» պարբերականը փորձեց հասկանալ, թե ինչ է պատահել Էրդողանի ուղեղին, ենթադրություն անելով. «Անկարան, առանց ապացույցների սպասելու, Ասադին առավ քննադատության կրակի տակ,... միգուցե որովհետև հավատաց, թե ԱՄՆ-ը Սիրիայում գործի կդնի «իրաքյան սցենարը», և անմիջապես անցավ ամերիկացիների կողմը: Ռուսաստանը, ի պատասխան Թուրքիայի այդ հեղհեղուկ դիրքորոշման, հայտարարեց, որ թուրք զինվորականները պետք է հեռանան Աֆրինից և այդ տարածքները թողնեն Սիրիային: Ի պատասխան, նախագահ Էրդողանն ասաց. «Մենք գիտենք, թե ում կտանք Աֆրինը»: Թուրքիային պետք է հետևողական, հստակ արտաքին քաղաքականություն, որի պարագայում նա կարող էր հետևողականորեն ձգտել հասնելու առաջնային խնդիրների լուծմանն իր ազգային շահերի շրջանակներում և վստահություն ներշնչել իր հարևաններին ու խոշոր պետություններին: Իսկ այսպես, փորձելով հավասարակշռություն կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, մենք կարող ենք ձեռնունայն մնալ»:


Թե ինչպես է արդարացել Էրդողանը, և ինչ է նրան ի պատասխան ասել Պուտինը, մեզ հայտնի չէ: Փոխարենը գիտենք, որ ապրիլի 15-ին Ռոհանին զանգահարել է Պուտինին, նրանք «քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները» և այն, թե «ինչպես զարգացնել երկկողմ համագործակցությունը Թեհրանի և Մոսկվայի միջև այդ կապակցությամբ»: Իրանական լրատվամիջոցները հրապարակել են Ռոհանիի միայն մեկ խոսքը հեռախոսազրույցից. «Եթե ագրեսիան և միջազգային օրենքների աղաղակող խախտումը հեշտորեն հնարավոր լինեն նաև առանց հանցագործների կորուստների, ապա մենք կդառնանք նոր անկայունության վկաները միջազգային և տարածաշրջանային մակարդակներում»: Կրեմլի մամուլի ծառայությունը ավելացնում է, որ Պուտինն ընդգծել է. «Եթե հրթիռային հարվածները Սիրիային շարունակվեն, դա անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի առաջացմանը միջազգային հարաբերություններում»: Հաշվի առնելով այն, որ Չինաստանն էլ է խստորեն դատապարտել Արևմուտքի ագրեսիան ընդդեմ Սիրիայի, կարելի է վստահորեն ասել, որ ամեն ինչ դեռ առջևում է:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ