Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը դառնում է կանխատեսելի

Էրդողանը դառնում է կանխատեսելի
20.04.2018 | 00:47

Դեռ անցյալ տարի ակնհայտ էր, որ Թուրքիայի նախագահը դիմելու է արտահերթ նախագահական ընտրությունների հնարքին` արագացնելով սուլթանական կարգավիճակն ու ազգայնական ալիքի վրա հաջողության հասնելու մտադրությամբ: Նա գերազանցեց ինքն իրեն` միաժամանակ և՛ նախագահական, և՛ Ազգային մեծ ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելով հունիսի 24-ին: Փաստացի` քաղաքական ուժերին զրկելով թափավազքի հնարավորությունից և երկրում արտակարգ դրության պայմաններում` միանգամից վերաձևելով նաև իր ցանկացած քաղաքական դաշտը: Բրիտանական The Guardian-ը, անդրադառնալով Էրդողանին ու նրա քաղաքականությանը, արձանագրում է, որ Թուրքիայի նախագահը ժամանակակից այն ղեկավարներից է, որ տեսականորեն կարևորում են ժողովրդավարական ընտրությունները, գործնականում հրաժարվում այդ սկզբունքից՝ բացառելով ընտրություններում պարտվելու որևէ տարբերակ:


«Այս հարցում նա ոչ մի կերպ չի տարբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից կամ Եգիպտոսի առաջնորդ Աբդուլ Ֆաթահ ալ Սիսիից: Ժողովրդավարության մասին նրանց պատկերացումը կարելի է այսպես բնութագրել. «Դուք քվեարկեք, բայց միևնույն է՝ ես եմ հաղթելու»,- գրում է The Guardian-ը` չբացառելով ընտրություններում Էրդողանի կուսակցության անհաջողությունը և շեշտելով, որ շատ ցածր է հավանականությունը: Թուրք ազգայնական Դողու Փերինչեքը հայտարարել է, որ իշխանությունները վախից դրդված են վաղաժամ ընտրությունների գնում: Փերինչեքն ասել է, որ Էրդողանն ու «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին գործում են երկրի Սահմանադրությանը դեմ: «Վախի մեջ են, ինչի՞ համար է այս սարսափը: Երկուսն էլ կարող են ընտրությունների ամսաթվի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել, սակայն երբ երկուսով գլուխ գլխի տալով ամսաթիվ են հայտարարում, դա հեղաշրջում է: Փորձում եք մեջտեղից վերացնել Սահմանադրությունը: Եթե օրենքը շրջանցելով Սահմանադրությունն արհամարհեք՝ հեղաշրջում եք անում»,- ասել է Փերինչեքը:
«Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության վաղաժամ ընտրության առաջարկն արդեն ուղարկվել է խորհրդարան. շաբաթվա վերջին այն կքննարկվի սահմանադրական հանձնաժողովում, հետո` լիագումար նիստում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Նույնիսկ ազգայնականների հետ ալյանսով Էրդողանը հազիվ է 50% հավաքում: 2017-ի ապրիլին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում նա ծայրը ծայրին հասցրեց, 2018-ին կորցրել է քրդերի ձայները, որ ակտիվ պաշտպանում էին նրան: Վերջին հարցումներով` ԱԶԿ-ն ունի 40%, կբերե՞ն ազգայնականները 10-15%` խորհրդարանական մեծամասնություն ստանալու համար: Նախագահական ընտրություններում էլ ամեն ինչ Իլհամ Ալիևի արտահերթ ընտրությունների պես չէ: Չի բացառվում, որ Թուրքիայի 11-րդ նախագահ ու ԱԶԿ-ի հիմնադիր Աբդուլա Գյուլն իր թեկնածությունը դնի: Նա շահեկանորեն տարբերվում է անկայուն ու անկանխատեսելի Էրդողանից իր փորձով ու հեղինակությամբ` երկրում ու երկրից դուրս:

Դիտվել է՝ 3516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ