Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այն, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը հայցադիմում չներկայացրեց Հաագա, ամենասահմռկեցուցիչն է»

«Այն, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը հայցադիմում չներկայացրեց Հաագա, ամենասահմռկեցուցիչն է»
20.04.2018 | 01:12

«Իրատեսի» հյուրը ազգագրական պարերի մասնագետ, «Կարին» ազգագրական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ է:
Նրա հետ զրույցը չէր կարող շրջանցել ռազմահայրենասիրական ոլորտը, քանի որ Գագիկ Գինոսյանի՝ հանրությանը հայտնի կենսագրությունն սկիզբ է առնում արցախյան հերոսամարտից, և հետագա մշակութային գործունեության ընթացքն անգամ սերտորեն առնչվում է դրա հետ:


-Պարոն Գինոսյան, որքան էլ մեծ է ցանկությունը Ձեզ հետ խոսելու միայն պարից, արվեստից, այդուհանդերձ, չեմ կարող շրջանցել բոլորիս անհանգստացնող իրականությունն ու չանդրադառնալ երկու տասնամյակից ավելի մեզանում շարունակվող պատերազմին: Որպես արցախյան հերոսամարտի մասնակից, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, թշնամու բանակի տանկերը վնասազերծած, բազում զինվորական պարգևների արժանացած մարդ՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք այս պատերազմի հանգուցալուծման վերաբերյալ:
-Եթե զուգահեռներ անցկացնենք Կիպրոսի պատերազմի հետ, կարող ենք ասել, որ, ամենայն հավանականությամբ, այս կոնֆլիկտը պետք է գերտերություններին: Նրանց այնքան լուծումը չի հետաքրքրում, որքան լուծման շահարկումը: Եվ քանի դեռ կողմերից մեկը՝ հայկականը կամ ադրբեջանականը, չի հզորացել այնքան, որ ինքնակամ, ի հեճուկս գերտերությունների՝ ինչ-որ լուծում թելադրի, ինչ-որ ելք պարտադրի, այս խնդիրը վերջնական լուծում չի ունենա: Այս տարածաշրջանում կոնֆլիկտն անհրաժեշտ է գերտերություններին, և նրանք շարունակելու են ըստ այդմ վարել իրենց քաղաքականությունը: Ինչ-որ տեղ սա ձեռնտու է նաև հակամարտող երկրների իշխանություններին, որովհետև գերտերությունների վարած այս քաղաքականության պարագայում նրանք արժանանում են դրսի ուժերի համակրանքին ու շարունակում պաշտոնավարել: Հակառակ դեպքում կարող էր կրկնվել ուկրաինական, հարավսլավական կամ սրանց նման մեկ այլ մոտեցում: Հենց սրանով է բացատրվում, որ անպատիժ են մնում թուրքի իրականացրած դիվերսիաները: Վիրավորական է, երբ դիրքի հրամանատարն իրավունք չունի գոնե իր դիրքի համար որոշում կայացնելու՝ կրակե՞լ, թե՞ ոչ: Նա պիտի սպասի հրամանի վերևից: ՈՒրեմն, կամ մի՛ վստահեք մարդուն այդ դիրքը և մի՛ կոչեք հրամանատար, կամ, եթե վստահել եք և կարգել դիրքի հրամանատար, թույլ տվեք իր պատասխանատվությամբ տնօրինել իրավիճակը: Թող հետո նա բացատրություն տա, պատճառաբանի, թե ինչի համար և որ պահին է ինքը կայացրել այս կամ այն վճիռը: Բայց մարդուն թույլ տվեք կրակել, եթե թուրքը կրակում է իր վրա: Նույնիսկ քրեական օրենսգրքով է ինքնապաշտպանության նպատակով մարդ սպանելն արդարացված, իսկ մենք կռվի դաշտում, զենքը ձեռքներիս, զրկված ենք ինքնապաշտպանվելու իրավունքից այնքան ժամանակ, քանի դեռ վերադասը համապատասխան հրաման չի տվել: Սա ուղղակի նոնսենս է: Ռազմադաշտային հրամանատարին գործողություն իրականացնելու և դրա համար պատասխանատվություն կրելու ազատություն տալն առաջնային խնդիր է, և սրա բացակայությունը լուրջ կասկածներ է առաջացնում:
-Կյանքը ցույց է տալիս, որ պատերազմի դաշտում տարած հաղթանակը կարող է դառնալ առ ոչինչ դիվանագիտական սխալ ռազմավարության պարագայում: Մենք շատ չե՞նք սխալվում վերջինում:
-Ես գուցե շատ ծայրահեղ եմ մտածում, բայց կարծում եմ, որ ոչ թե ունենք սխալներ դիվանագիտական ռազմավարության մեջ, այլ ունենք դիվանագիտության բացակայություն: Որովհետև Հաագայի դատարանը ոչ միայն Միլոշևիչին դատելու համար է: 93 տարեկան տատիկի ականջ կտրողը, Քյարամ Սլոյանի գլուխը կտրողը, կտրված գլուխներով ֆուտբոլ խաղացողը, տղաների աչքերը հանողը, Սաֆարովը, ինչպես տեսանք, դատարանի առջև չկանգնեցին մարդկության դեմ գործած հանցագործության համար: Եվ Հայաստանը հայցադիմումով չդիմեց Հաագայի դատարան: Հաագան կդատապարտեր այդ արարքները, թե ոչ, առանձին հարց է, բայց այն, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը հայցադիմում չներկայացրեց Հաագա, ամենասահմռկեցուցիչն է: Սա ցույց է տալիս, որ թելադրանք կա, որովհետև տարբեր մարդիկ այս մասին բարձրաձայնում են, բայց չկա արձագանք: Սա դիվանագիտության բացակայություն է, արտաքին քաղաքականության բացակայություն է, արդարադատության բացակայություն է: Եթե չի պահանջվել Հաագայի դատարանից, որ վերը հիշատակված հանցանքները գործած սրիկաները հանձնվեն Հայաստանի և աշխարհի արդարադատությանը և պատասխան տան մարդկության դեմ գործած ոճիրների համար, սա խոսում է մեր արդարադատության, արտաքին քաղաքականության ոլորտների իսպառ բացակայության, պարապուրդի մասին:

-Արցախում պատերազմական գործողությունների հարաբերական դադարից հետո՝ 1995-1996 թթ., սովորել և ավարտել եք Խորհրդային Միության մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացը՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում: Փաստորեն, կարևորո՞ւմ եք մասնագիտական պատրաստվածությունը, պրոֆեսիոնալիզմը:
-Մասնագիտական որակավորումը շատ կարևոր է ամեն դեպքում, առավել ևս՝ հայրենիքի պաշտպանության հարցում: Սրանից կախված է ոչ միայն տվյալ զինվորականի անձի անվտանգության խնդիրը, այլև ամբողջ մի երկրի: Հետևաբար, այս ոլորտում միայն բարի ցանկություններով ղեկավարվելը թյուր վերաբերմունք է և նույնիսկ ծիծաղելի: Բոլոր ոլորտներն են լուրջ մասնագիտական որակներ պահանջում, եթե ուզում ենք համաշխարհային մարտահրավերներին համարժեք արդյունք ունենալ, ինքնապաշտպանության ոլորտը՝ առավել ևս: Այս պատճառով էլ, կարծում եմ, մեր զինվորականները պիտի ուսանեն լավագույն ռազմական ուսումնարաններում, ռազմական գործի լավագույն վարպետների մոտ՝ երբևիցե չկորցնելով ազգային նկարագիրը:

-Պրոֆեսիոնալիզմի հարցում նախանձախնդիր եք նաև պարարվեստի բնագավառում: 2001-ին Ձեր հիմնադրած «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթը սրա խոսուն վկայությունն է: Կարելի՞ է ասել, թե հաղթահարված է Ձեր այն մտավախությունը, որն արտահայտել եք բանաստեղծական տողով. «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»:
-Դա գրվել է «Կարինը» ստեղծվելուց մեկ տարի առաջ, և հենց այդ մտավախությունից դրդված էլ ստեղծվեց «Կարինը»: Այս 17-18 տարիների գործունեության ընթացքում (բնականաբար, այս դաշտում մենք մենակ չենք) հաջողվել է ազգային երգ ու պարի ուսուցումը մտցնել դպրոց, ջանքեր ենք գործադրում ռազմապարը մտցնելու բանակ, յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթներին պարերի ուսուցում է իրականացվում «Նարեկացի» արվեստի միությունում (ձմռանը) և «Գաֆէսճյան» հիմնադրամի տարածքում: Բացի այս ամենից՝ պարբերաբար մասնակցում ենք Պարի միջազգային օրվան նվիրված ձեռնարկներին, ելույթներ ունենում Ջավախքում, Արցախում, սփյուռքում: Արտագնա համերգների ժամանակ՝ Բրազիլիայից մինչև Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, արևելյան երկրներ, մեր մասնագետները պարտադիր ուսուցողական ծրագրեր են իրականացնում:

-Սրբուհի Լիսիցյանի ստեղծած Կինետոգրաֆիայի (շարժումների գրառման) համակարգի «Կաքավագիր» համակարգչային ծրագրի, «Հայկական պար DVD» պարուսույցի հեղինակն եք, հետևո՞ւմ եք, թե ինչ լսարան են ընդգրկում այս ուղեցույցները:
-Պիտի ասեմ, որ հետաքրքրությունը բավական մեծ է այս ծրագրերի նկատմամբ, և սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու հայությանը: Բազմիցս մասնակցել եմ սեմինարների, վեբինարների (ինքս Պարի միջազգային խորհրդի անդամ եմ) և անձամբ համոզվել, որ Լիսիցյանի պարային գրառումները մեծ հետաքրքրություն են առաջացնում, հատկապես նախկին սոցիալիստական երկրների շրջանում: Որովհետև Լիսիցյանի համակարգը սոցլագերի տարածքում պարերի գրառման միակ համակարգն է: Դրան հավասարազոր միակ համակարգը Լաբանի համակարգն է: Լաբանը հունգարական և լեհական ծագում ուներ, ապրել է Ֆրանսիայում, մահացել Լոնդոնում: Նրա ստեղծած համակարգը շատ ավելի բարդ է, ընթերցելու առումով` խնդրահարույց: Իսկ մեր ծրագրի զարգացումը, կարծում եմ, դեռ առջևում է, և ավելի նոր, հզոր վերելքներ են սպասում դրան: Հիմա մենք աշխատում ենք ռազմապարերի DVD-ի վրա՝ Ջինիշյանի հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, և դրանում անպայման ներառելու ենք նաև Լիսիցյանի պարերի գրառումները:
(շարունակելի)


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ