Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի վերջո, ձին նժու՞յգ է, թե՞ մի քոսոտ երիվար (Հայաստանը Օ կետում)

Ի վերջո, ձին նժու՞յգ է, թե՞ մի քոսոտ երիվար (Հայաստանը Օ կետում)
20.04.2018 | 01:16

ՆԱԽԵՐԳ


Հալվեցին, հուշ դարձան հայոց լեռնաշխարհի ձյուները վերջին։ Սահմանից անդին երկրի ու էրգրի անցուդարձն է հսկում մշտաձյուն լյառը Արարատ։ Նրա գագաթից (այսպես են ասում), ինչպես ափիդ մեջ, բրգանում են Նեմրութն ու Արագածը, Մռավը և Աժդահակը, նաև Գեղամա բյուրեղացոլք ծովակը և կորուսյալ հայրենիքի անհուն երկնքի հայելի լիճը Վանա։

Խորագետ մարդիկ (այդպիսիք կան Հայաստանում, չկասկածեք) ահա պնդում են, որ երբ նվազում են Սևանի ջրերը, բարձրանում է Վանա լճի մակարդակը։ Հավատանք, որ այդպես էլ կա, զի գեղաչքնաղ այս ջրամբարների միջև կապը երկրաբանական չէ, այն խորհուրդ է խորին, պատվիրան չէ մոռացության։ Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, ալեկոծվում, պատեպատ եմ խփվում, փորձելով կռահել` մի՞թե չի գալու օրը երանելի, երբ հայկյան ներկա իշխանների և նրանց խոնարհ հպատակների (այն է` հայ ժողովրդի, հայ հանրության և համայն հայության) միջև կանհետանան երկպառակության գայթաքարերը, և կկայանա, միս ու արյուն կառնի խորհուրդը խորին։ Հավատացեք, որ կկայանա, եթե միայն տիարք, նաև տիկնայք իշխաններն ու կառավարիչները յուրաքանչյուր լուսաբացին ճիշտ 7 րոպե և ուղիղ 7 վայրկյան անթարթ նայեն Արարատին։ Ամեն։

ԱՅՍՊԻՍՈՎ` ՆԺՈՒ՞ՅԳ, ԹԵ՞ ԵՐԻՎԱՐ
Սա բարիք է, հավատացեք, երբ իշխող քաղաքական ուժը առաջադրում է վարչապետի պաշտոնում իր անվերապահ առաջնորդին։ Ըստ էության, զարմանահրաշ երկխոսության պետք է առերեսվենք։ Երկխոսությունը պետք է ափեափ զարկվի Բաղրամյան-19 և Բաղրամյան-26 տաճարակերտ կառույցների միջև։ Ափեափ պետք է զարկվեն բազում հարցեր ու խնդիրներ, և պատասխանը ահա այս է՝ խիստ սպասված և ցանկալի 3-րդ հանրապետության 15-րդ վարչապետը, յուր խորհրդարանական հենարանի վրա կանգնած, կառավարելու է երկիրը որպես հայ հանրության և համայն հայության ազգային առաջնո՞րդ, թե՞ քաղաքական փասիանսի հերթական, գուցե թե վերջնագրային սեղանն է բացելու: Մահուդապատ այս սեղանը երկրի և նրա ապագայի զոհասեղանն է, թեպետ մահուդը թանկարժեք է և կանաչ գույն ունի: Տիար Սերժ Սարգսյանը հմուտ նավարար է, հեռատես ռազմավար: Կասկած չկա, նա ավելի, քան այլ մեկը (հանրապետությունում և նրա սահմաններից դուրս) իրազեկված է, թե ինչպիսի ավարառություն է կատարվել Հայաստանում անկախ պետականության հաստատումից անմիջապես հետո, ավարառություն, որը չունի ավարտ, ունի սկիզբ և զարգացում:


Երևան, Բաղրամյան փողոց: Թիվ 26 և թիվ 19 իշխանիկ շենքեր: Երկուսն էլ հանրապետական կնիքի տակ: Նրանց միջև կապը մեկն է՝ պատասխանատվությունը երկրի ներկա օրվա նկատմամբ: Կամ (Տերը մի արասցե) անպատասխանատվությունը, ուրիշ ոչինչ: Լավ, բարի, ինչպիսի՞ն է ՀՀԿ դիրքորոշումը երկրի ներկա օրվա նկատմամբ: Խոսքս իրական դիրքորոշման մասին է, այսինքն, նրանց ներաշխարհում փոթորկվող, ափեափ զարկվող ալիքների մասին է, ի վերջո, անկախ Հայաստանում առաջինը գրանցված քաղաքական բազմավաստակ այս մարմնի անդամները գալիք օրերում մակընթացության մե՞ջ են գտնվելու, թե՞ հայտնվելու են տեղատվության հորձանուտում: Իսկ մի՞թե պարզ չէ և հասկանալի, որ քաղաքական տեղատվությունը վերածվում է ապաքաղաքական տեղապտույտի, այսինքն ապստամբության կամ խռովության: Ո՞վ է շահելու` իշխանությու՞նը, թե՞ ընդդիմությունը, այսօր անհայտ է: Ժողովուրդը, անշուշտ, չի շահելու, բայց և այնպես, տանուլ էլ չի տալու, զի ազգային պետականության մեր շոգեքարշը վաղուց է փակուղում, որը օազիս չէ, ցամաքած մի լճակ է, ավելի ստույգ՝ գորտադալար մի ճահճուտ է: Մենք էլ` ճահճուտում կիսասուզված, ճարահատյալ օրեր ենք մաշում:

Անշուշտ, այստեղ մի ահռելի հարցական է գալարվում Սիս և Մասիս սեգ սարերի անդնդախոր միջակայքում. իշխանությունն ու կառավարությունը մի՞թե իսկապես անտեղյակ են, թե ինչ է իրականում կատարվում երկրում: Գուցե այդպես էլ կա, և փորձեմ նրանց զարմանապատում եղելություններ ներկայացնել:

ՀՀ-ում հաշվառված են 3233 բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Սա հանրապետության վարչաբյուրոկրատական միջնաբերդն է: Զորաբանակային հաշվարկով սա երեք հրաձգային մարտական գունդ է և մեկ դասակ: Նրանցից յուրաքանչյուրի հայտարարագիրը, շատ կներեք, բայց եթե դիտարկենք ազգային-պետական բարոյականության տեսանկյունից, ապա մեղադրական եզրակացություն է, ուրիշ ոչինչ: Գնդերում անխտիր բոլորը դրամային բազմամիլիոնատերեր են, դասակում՝ դոլարային մեծահարուստներ: Դուք ինձ ներեք, իմ թանկագին 3233 պճնազարդ եղբայրներ և քույրեր նշագեղ, սակայն մի՞թե արտառոց չէ բազմահազար աղքատների և թերսնված անհամար մանուկների առկայությամբ ձեր պարարտ ու անբացատրելի ներկայությունը: Ի վերջո, Հայաստանը, համաձայն սեփական Սահմանադրության, իրավական, սոցիալական, գրողը տանի, նաև ժողովրդավարական պետություն է:

Իսկ ահա ներքոնշյալ պատումները, ըստ էության, դատավճիռ են, ուրիշ ոչինչ:
Տեսեք, երկրի (Հայաստանի և Արցախի հանրապետությունների) սահմանները պաշտպանում են ունեզրկված, վարկերի բեռան տակ կքած ընտանիքների զավակները:
Տեսեք, հանրապետության տնտեսությունը հարաճուն աճում է, համենայն դեպս, այդ են վկայում պաշտոնական թվերը: Բայց և այնպես, ժողովուրդը սեփական կաշվի վրա բնավ չի զգում նշյալ աճի ջերմ խուտուտը: Այստեղ կա մի անամոթ թնջուկ` կա՛մ հարաճուն աճը աճպարարություն է, կա՛մ էլ, շատ կներեք, մեր կաշին այնքան է հաստացել, որ չի արձագանքում կյանքի որակի բարձրացմանը: Տնտեսությունը աճում է, մեր մաշկը պետք է ձգվի և թարմանա, սակայն այն թորշոմում է և գունատվում:
Տեսեք, Երկիր մոլորակում պատերազմում են չարն ու բարին: Պատերազմի թատերաբեմը ողջ աշխարհն է: Ռուսիայում և Չինաստանում, Իրանում և հարավամերիկյան շատ երկրներում չարիքի գործիքները փշրված են, օրենքի ուժով արգելվել են աղանդավորական և ԼԳԲՏ-ական շարժումները: ՀՀ-ում... կանաչ լույս է վառվել դրանց առաջ: Ըստ հավաստի տվյալների, Հայաստանը աշխարհի ամենաբարեգութ երկիրն է աղանդավորության լայնածավալ արմատակալման տեսանկյունից:


Ի դեպ, ՀՀ-ում աղքատներն ու աղանդավորները նույնաքանակ են՝ շուրջ 350 հազար: Պատվարժան հանրապետականներ, դուք ինձ ներեք, բայց թույլ տվեք իրազեկել, որ ողջ Հայաստանը ներքաշվել է գիշերային հրավառությունների դժոխքը... ՀՀԿ-ի քաղաքական մենիշխանության առաջին իսկ երեկոյից: Եվ ահա հասել է պահը պատմական, որ ՀՀԿ-ն արմատապես փոխի երկրի կյանքը: Սա երազանք չէ, սա պատմաքաղաքական պարտադրանք է, վերադարձեք ձեր զուլալ ակունքները, երբ ՀՀԿ-ն եզակի արմատական ընդդիմություն էր նորհայկական քաղաքական դաշտում, առաջնակարգ ռազմական ուժ էր հանրապետության սահմանագլխերում և Արցախի ճակատներում:
Ի վերջո, եկեք պարզենք (ժամանակն է, մի զլացեք)` ՀՀԿ-ն յուր առաջնորդի գլխավորությամբ արդեն այսօր նժու՞յգ է հեծնելու, թե կառավարելու է՝ սանձած մի քոսոտ երիվար: Ի սրտե մաղթում եմ, որ նժույգ հեծնեք: Ամեն:

ՀԱՅԱՍՏԱՆԸ Օ ԿԵՏՈՒՄ
Զարմանալի է այս նշան-գիրը. և՛ զրո է որպես թիվ, և՛ Օ տառն է, և՛ փրկօղակ է նավաբեկյալ մեր երկրի համար, և՛ օղապարան է կախաղանից կախված: Սակայն ժամն է քնարական դադարի: Եվ քանի որ ներկա պահը պատմաքաղաքական է, ապա եկեք ունկնդրենք ահարկու և վեհասքանչ քանքարին.
Թե՛ զղջումն ուժգին և թե՛ մոլեգին
մեղանչումը մեզ
Կորստյան են մատնում հավասարապես:
Թեպետև նրանք օտար են միմյանց և
նմանությամբ իրարից տարբեր,
Բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք,
Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ
մղում են մարդուն հուսահատության...
«Մատյան ողբերգության»
ԲԱՆ 7, Ա գլուխ

Հրապարակներում, փողոցներում և ոմանց գլխուղեղի ձախ կիսագնդում թեժ աղմուկ է: Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, ակամա հիշեցի երեք տարի առաջ արված քաղաքական առաջարկս՝ ՀՀ-ում հնարավոր է իշխանափոխություն խաղաղ ճանապարհով միայն այն դեպքում, երբ ուս ուսի կկանգնեն ազատամարտի վետերաններն ու մտավորականությունը: Կկանգնեն մեկ օր, մեկ շաբաթ, անգամ 40 օր ծոմ կպահեն և կպահանջեն խմբիշխանությունից կա՛մ մարդաբարո կառավարել, կա՛մ էլ գլխիկոր հեռանալ: Ժամանակը ցույց տվեց, որ սա ցնորք է, ուրիշ ոչինչ: Եվ «դրության տերն» արդեն Նիկոլն է, որի նպատակը անթաքույց է` խռովությամբ երկիրը բարձրացնել զոհասեղան, հընթացս վտանգել սահմանների պաշտպանությունը, արյուն հեղել և ճիշտ պահին հայտնվել ճիշտ վայրում, այսինքն, ճողոպրել: Փաշինյան Նիկոլ, հիշիր մարտի 1-ը և վերադարձիր ԱԺ-ի տաքուկ առանձնասենյակդ: Քանի դեռ ուշ չէ:


Բարեբախտություն է, որ հանրային առողջ գիտակցությունը պահանջում է արմատական փոփոխություններ, այս պահին միջնորդ դառնալով իշխանության և խռովարարների միջև: Խոսքս, կռահեցիք, վերաբերում է «Հոգևոր Հայաստան» մտավորական շարժմանը: Սակայն մի՞թե սակավաթիվ այս վաշտը զորելու է օրակարգ փոխելու երկրում: Կասկածում եմ, բայց մաղթում եմ հաջողություն:

Օ կետից մի կերպ պոկվելու և վերջապես երկիր դառնալու ծրագիր է առաջարկում Հանրային խորհրդի աշխատանքային մի խմբի կազմած նախագիծը, որն ունի հոգեշահ, մի փոքր էլ շահարկված անվանում` «Համագործակցության և փոխօգնության համազգային կառույց»: Հայտարարագրում ահավասիկ կան այսպիսի քարագիր տողեր, ծանոթանանք. «Համոզված ենք, որ մեր նախագծով ձևավորվող կառույցը ոչ միայն կնպաստի, որ ամենուր մեր հայրենակիցները ապրեն ավելի պաշտպանված, ավելի արժանապատիվ կյանքով, այլ պայմաններ կստեղծի նաև, որ Հայաստանի Հանրապետությունն էլ աստիճանաբար դառնա ավելի մարտունակ, ժողովրդավարական արժեքներով գործող ավելի հզոր պետություն»: Մաղթելով կառույցին նպատակների իրականացում, այսուհանդերձ ներկայացնում եմ տարակուսանքս. մեր հայրենակիցներն ամենուր պաշտպանված և արժանապատիվ կյանքով են ապրում, և՛ Հրո երկրում, և՛ Իսլանդիայում, և՛ ԱՄՆ-ում ու Ավստրալիայում, թույլ տվեք նրանց շարունակել այդպես ապրել, մի խճճեք և մի ներքաշեք նրանց ներհայաստանյան ներկա խառնակությունների հորձանուտը: Եվ հետո, որքա՞ն է Ձեր նշած «աստիճանաբար»-ի ժամանակային ընդգրկումը: Մեկ տարի՞ է, թե՞ մեկ դար է, պարզաբանեք:

ՎԵՐՋԵՐԳ
ՀՀԿ-ն պետք է անհապաղ ձերբազատվի իր ներկա, նախ` աշխարհաքաղաքական, այնուհետև խմբիշխանական կապանքներից և խմելով յուր ակունքների անապակ ջրերը, ապահովի 4 մլն հայի արժանապատիվ կյանքը ՀՀ-ում, արդեն թվին 2025:
Հանրային մեր ընտրանին էլ պետք է մարտագնդից վերաճի զորաբանակների արդեն գալիք աշնանը: Փաշինյանն էլ պետք է հիշի, որ գետը երկու անգամ անընդմեջ գերան չի բերում: Եղբայր խառնակիչ, կա՛մ հանդարտվիր, կա՛մ էլ Զարուհու հետ երկխոսելով լքիր հանրապետությունը: Ոտաբոբիկ քայլարշավելով կամ էլ սրարշավ վարգելով:

Սահմանից անդին երկրի ու էրգրի անցուդարձն է հսկում մշտարթուն լյառը Արարատ:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ