Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փոքրիկ երեխայի խնդրանքը սբ Աստվածածնին և նրա մոր տեսիլքը

Փոքրիկ երեխայի խնդրանքը սբ Աստվածածնին  և նրա մոր տեսիլքը
20.04.2018 | 00:03

Ղպտի ուղղափառ եկեղեցու ժամանակակից սրբակյացներից է Թամավ Իրենը (Էրեն, Իրենա): Նա եղել է Սբ Մերկերիոս վանքի մայրապետը: Նրա կյանքում կատարվել են բազմաթիվ հրաշքներ, թեև ունեցել է դժվարին կյանք և մշտապես պայքարի մեջ է եղել տարբեր հիվանդությունների դեմ: Իր հոգևոր պայքարի վերաբերյալ պատմում է. «Երբ հիվանդանոցում էի վիրահատության համար, տառապում էի մարմնական ցավից, ինչպես նաև հոգևոր օտարացումից: Զգում էի տարբեր տեսակի չորություն, տարբեր մակարդակների չորություն: Երբեմն տառապում էի առանց մխիթարության: Դա հոգևոր պատերազմ էր: Ինչպես օրինակ` թշնամին ստիպում էր հուսահատվել` ասելով. «Աստված քեզ լքել է: Սբ Մերկերիոս մարտիրոսը քեզ լքել է»:

Սակայն միշտ պատասխանում էի. «Դու ծաղրում և խաբում ես ինձ, և իմ Տիրոջ և Աստծո զորությամբ կհաղթեմ քեզ»: Եվ կառչում էի Աստծուն... Եթե Աստծուն հավատարիմ չլինենք, կկորչենք: Սատանան ուժեղ է և մարտնչում է մեր դեմ իր բոլոր ուժերով: Այս փորձառություններն ինձ կարեկից դարձրին յուրաքանչյուրին, ով դժվարության, տառապանքի կամ ցավի մեջ է... Մինչ ցավը շարունակվում էր, ես իմ մարմնին հանգիստ չէի տալիս: Ավելի շուտ, պայքարում էի Աստծուն հավատարիմ մնալու համար: Միշտ զգացել եմ, որ պետք է կառչենք Նրան մեր բոլոր փորձությունների ժամանակ... Երբ Աստծուն կանչում էի և Իր հետ միասին պայքարում, մխիթարություն էի զգում: Հետևաբար, ես կառչում եմ Նրան, ինչպես երեխան կառչում է իր հորից»:


Թամավ Իրենի կյանքում կատարված ուշագրավ հրաշքներից է իր մոր տեսիլքը:
Հիշում է Թամավ Իրենը.
-Մայրս տառապում էր ստամոքսի հաճախակի ցավերից։ Գերգան, ուր մենք ապրում էինք, մի փոքր քաղաք էր, և տեղի բժիշկների ուժերից վեր էր նրան օգնելը։ Նա գնաց Կահիրե, բայց այստեղ նույնպես բժիշկները չկարողացան նրան բուժել։ Նա վերադարձավ Գերգա՝ շարունակելով տառապել ստամոքսի ցավից։ Այդ ժամանակ նա չորս երեխաների մայր էր, որոնց տարիքային տարբերությունը մեկ տարի էր։ Գերգայի մեր տունը գտնվում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու մոտ, և շատ մարդիկ էին գնում կամ գալիս եկեղեցի։ Մի կիրակի առավոտյան, երբ մայրս կրկին տառապում էր ցավից, ես կանգնել էի նրա կողքին՝ պատշգամբում, իսկ նա նայում էր եկեղեցի գնացող անցորդներին և տխրում էր, որ ինքն ի վիճակի չէ մասնակցելու սբ Պատարագին կամ սբ Հաղորդություն ստանալու։ Ես լաց եղա, երբ տեսա նրա` արցունքներով ողողված դեմքը։ Որպես մխիթարություն` նա թմփթմփացրեց ուսիս։ Ես ասացի նրան.
-Մայրի՛կ, խնդրում եմ, լաց մի՛ եղիր, մեր Տիրուհին՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, կբուժի քեզ։
Այդ գիշեր նա տեսիլքում տեսավ Սուրբ Աստվածամորը՝ երկնային կապույտ զգեստով, որը զարդարված էր վառ աստղերով։ Նա հարցրեց մայրիկիս.
-Ինչու՞ ես լաց լինում։
Մայրս պատասխանեց.
-Իմ երեխաները դեռ փոքր են, եթե մահանամ, ես չգիտեմ, թե ով նրանց մասին հոգ կտանի և կմեծացնի ճշմարիտ քրիստոնեական հավատով։ Խնդրում եմ, Ամենասրբուհի՛, ինձ կյա՛նք շնորհիր, մինչև ավագ դուստրս բավականաչափ հասուն կլինի, որպեսզի հոգ տանի իր քույրերի և եղբայրների համար։


Լույսի Մայրը հանգստացրեց նրան՝ ասելով.
-Եկ ինձ հետ, ես քեզ մի բանիմաց բժշկի մոտ կտանեմ։
Մայրս պատասխանեց.
-Սկզբում ամուսնուցս թույլտվություն պետք է հարցնեմ։
Սրբուհին պատասխանեց.
-Նա կառարկի՞, եթե իմանա, որ ինձ հետ ես գալիս։
Մայրս պատասխանեց.
-Իհարկե ո՛չ, թող Տիրոջ խաղաղությունը միշտ Ձեզ հետ լինի, Սրբուհի։
Հետո մայրս մի կառքով Աստվածամոր հետ մեկնեց, որը սպասում էր նրանց։ Նրանք անցան դաշտերի և գեղեցիկ կանաչ այգիների միջով, մինչ հասան մի մեծ շինության։ Շինության սրահում մի սենյակ կար, ուր բժիշկն էր, և դրված էր մի մահճակալ։ Սրբուհին դիմեց բժշկին` ասելով.
-Արի՛, Գևո՛րգ, հետազոտի՛ր նրան։
Վերջինս պատասխանեց.
-Բայց, ի՛մ Տիրուհի, դու գիտես, որ նրա գործը փակված է։
Սրբուհին պատասխանեց.
-Նա խնդրել էր իմ միջամտությունը, և ես խնդրեցի իմ Սիրելի Որդուն նրա համար, և Նա շնորհեց նրան ապրել ավելին։ Ի՞նչ է, նրան հիվա՞նդ պետք է թողնենք։
Երբ մայրս պառկեց անկողնուն, Սրբուհին խնդրեց սբ Գևորգին ձեռքը դնել մորս որովայնին։ Նա պատասխանեց.
-Սկզբում Դուք դրեք Ձեր ձեռքերը, ի՛մ Տիրուհի։


Աստվածամայրը իր ձեռքը դրեց ցավացող հատվածի վրա, այնուհետև իր ձեռքը դրեց Մեծ Նահատակ Սուրբ Գևորգը։ Նրանք աստիճանաբար սեղմեցին որովայնի և կրծքավանդակի վրա, մինչև այն, ինչը նման էր կարծես փչացած մսագնդի, դուրս եկավ մորս բերանից։ Նրանք այն դրեցին բամբակի մեջ և տվեցին մայրիկիս։
-Սա է քո հիվանդության պատճառը,- ասացին նրանք և տուն բերեցին նրան։
Երբ նա վերադարձավ, բոլորիս արթնացրեց և պատմեց իր հետ տեղի ունեցածը։ Նա նաև ցույց տվեց մեզ բամբակի մեջ փաթաթված մսագունդը։ Հայրիկս անմիջապես խնդրեց մեզ միանալ իրեն և գոհաբանությամբ օրհներգել Աստվածամորը և Սուրբ Գևորգին։
Ժենևիեն շարունակեց ապրել և այլ երեխաներ էլ ունեցավ։ Նա ապրեց այնքան, որքան խնդրել էր, մինչ իր ավագ դուստրը՝ Ֆաուզիան, հետագայում Թամավ Իրենը, մեծացավ և միացավ եկեղեցուն։ Նրանց բոլոր երեխաները, հանձինս իրենց ծնողների, ունեին սիրո և աղոթքի վառ օրինակ և տեսնում էին իրենց ծնողների ամուր կապը սրբերի հետ։
Թամավ Իրենի կյանքի դրվագներից նաև առանձնանում է, թե ինչպես է հրաշքով սբ Մերկերիոս (ապրել է 3-րդ դարում) զորավարի հետ հայտնվել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի առանձնատանը, և սբ Մերկերիոս վանքի քանդումը կասեցվել է:


Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ