Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երազում էի ռեժիսոր դառնալ»

«Երազում էի ռեժիսոր դառնալ»
20.04.2018 | 01:27

ԼՂՀ ժողովրդական արտիստ ԼԵՈՆԻԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ գյումրեցի է: Ծնվել ու մեծացել է բազմազավակ ընտանիքում: Ծնողները հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներ էին, որոնք իրենց զավակների մեջ սեր ու պատասխանատվություն են դաստիարակել օջախի հանդեպ: Լեոնիդն էլ, կարելի է ասել, բազմազավակ ընտանիքի հայր է, ունի չորս դուստր, 9 թոռնիկ:

Լենինականի Պ. Դուրյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լեոնիդը գործերը հանձնեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը (ղեկավար՝ Սարգիս Քոչարյան):
-Ճիշտն ասած, ես երազում էի ռեժիսոր դառնալ,- պատմում է Լեոնիդը:- Երկրորդ կուրսի ուսանող էի, երբ մի պիես գրեցի և բեմադրեցի համակուրսեցիներիս հետ: Ինստիտուտի դասախոսները բարձր գնահատեցին իմ աշխատանքը: Ռոլանդա Խարազյանն ինձ առաջարկեց տեղափոխվել ռեժիսուրայի բաժին, Սարգիս Քոչարյանն էլ համամիտ էր նրան: Եվ ռեժիսորական կուրսի ղեկավար Արտաշես Հովսեփյանի համաձայնությամբ ես դարձա նրա ուսանողը: Իմ գրած ու բեմադրած պիեսը որոշեց իմ հետագա ճակատագիրը: Երազանքս իրականացավ: Դիպլոմային աշխատանքս կատարեցի Լենինականի տիկնիկային թատրոնում. բեմադրեցի Վիկտոր Վարդանյանի «Լուսերեսն ու Վարդերեսը»:


Ինստիտուտն ավարտելուց հետո Լեոնիդը երկու տարի աշխատեց Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում, ապա խորհրդային հայրենիքին զինվորի իր պարտքը տալուց հետո ստեղծագործական կյանքը կապեց Ստեփանակերտի թատրոնի հետ, ուր աշխատեց մինչև 1988 թվականը:
-Ես երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել աշխատել մի քանի թատերական կոլեկտիվների հետ: Աշխատեցի Վանաձորի տիկնիկային թատրոնում, Սոս Սարգսյանի ղեկավարած «Համազգայինում»: Աշխատեցի տաղանդավոր դերասանների հետ, տաղանդավոր ռեժիսորների կողքին: Երբ Խորեն Աբրահամյանը Լենինականի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, հրավիրեց ինձ բեմադրելու Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացությունը»: Անմոռանալի օրեր էին... Ստեփանակերտում աշխատելու տարիներին իմ կյանքում շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Երկու տարով գործուղվեցի Լենինգրադ, ուր կատարելագործվեցի մեծն Գեորգի Տովստոնոգովի ղեկավարությամբ: Շփումը մեծ վարպետի հետ ինձ շատ հարստացրեց: Տովստոնոգովի դասերը հնարավորություն տվեցին խորանալու ռեժիսուրայի մեջ, բացահայտելու մասնագիտական շատ գաղտնիքներ:


Տովստոնոգովը չգիտեր, որ Ադրբեջանում կա հայկական ազգային թատրոն, զարմացած էր, որ այդ հանրապետությունից հայ ռեժիսոր է եկել: Ես շատ ուրախացա, երբ նա հարցրեց իմ ուսուցչի՝ Արտաշես Հովսեփյանի մասին, ցույց տվեց լուսանկարը նրա հետ: Տովստոնոգովը լավ գիտեր Հրաչյա Ղափլանյանին, հանդիպել էր Վարդան Աճեմյանի հետ: Իր աշխատասենյակի ամենապատվավոր տեղում փակցված էր Հայաստանի թատերական ընկերության էմբլեման՝ թատերական դիմակը: Մենք հաճախ էինք զրուցում Հայաստանի, հայերի, հայ թատրոնի մասին: Վերադառնալով Ստեփանակերտ, բեմադրեցի Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոնը» և Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացությունը» Տովստոնոգովի ղեկավարությամբ:


Ստեփանակերտում Լեոնիդը աշխատեց մինչև 1988 թվականը: Լենինականում նա հայտնվեց ահավոր երկրաշարժից 12 օր առաջ: Պատահականությու՞ն էր, թե՞ նախազգացում՝ այդ ողբերգական պահին լինել հարազատ քաղաքում, բարեկամների հետ կիսել վիշտն ու ճակատագրի դաժան հարվածները:
Աշխատանքի անցավ տիկնիկային թատրոնում, այնուհետև տեղափոխվեց Վանաձոր, ապա «Համազգային» թատրոն:
1995-ին Լեոնիդին կրկին հրավիրում են Ստեփանակերտի թատրոն որպես տնօրեն և գեղարվեստական ղեկավար:
-Ազգօգուտ գործ է անում Լեոնիդ Հարությունյանը,- ասում է ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:- Ռեժիսորի միտքը հանգիստ չի մնում: Թատրոնին կից նա ստեղծեց և ղեկավարեց դրամատիկական ստուդիա՝ նպատակ ունենալով համալրելու դերասանական կազմը երիտասարդներով: Ստեղծեց նաև «Աստղիկ» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը:


Վերջերս Ստեփանակերտի թատրոնի երևանյան հյուրախաղերի ժամանակ մենք մեծ հետաքրքրությամբ դիտեցինք «Երջանկության թռչունը» հրաշալի մանկական պիեսը (հեղինակներ՝ Կարեն Մանանդյան և Գարիկ Ղազարյան), տեսանք դերասանական նոր, երիտասարդ սերնդի խաղը: Պատերազմի ժամանակ և հիմա էլ թատրոնը միշտ եղել է Արցախի գյուղերում, հյուրախաղերով հանդես է եկել և Թբիլիսիում:
-Լեոնիդ Հարությունյանը բեմադրեց իմ «Արտոնված եղեռն» պիեսը,- պատմում է դրամատուրգ, հրապարակախոս Աննա Պետրոսյանը:- Լեոնիդը թատրոնին, գործին նվիրված մարդ է, մեծ հայրենասեր է:


Հաճախ էինք վիճում, և ինձ թվում էր, թե բեմադրությունը չի ստացվի: Իսկ նա պնդում էր՝ կստացվի: Պրեմիերան տեղի ունեցավ ապրիլին: Երբ մտա թատրոնի շենք, սարսափեցի, շատ ցուրտ էր: Եվ ես զարմացա, ինչպես էին ռեժիսորն ու դերասանները աշխատել այդ ցուրտ շենքում: Լեոնիդը պահպանում է թատրոնը, պահպանում է և նրա հարուստ ավանդույթները:
-Ստեփանակերտի թատրոնի հյուրախաղերի ժամանակ ես դիտեցի «Հարսներ և կեսուրներ» բեմադրությունը ըստ Հակոբ Պարոնյանի,- հիշում է դրամատուրգ, թատերագետ Ռազմիկ Աբրահամյանը:- Վառ ներկայացում էր: Ներկայացումից հետո մեր ճանաչված թատերագետ Լուիզա Սամվելյանը քննարկում կազմակերպեց, ջերմ խոսքեր ասաց, ոգևորեց և՛ ռեժիսորին, և՛ դերասաններին: Ցավոք, հիմա նման քննարկումներ չեն կազմակերպվում:
Այդ օրերին Լեոնիդը առաջարկեց ինձ վերափոխել Կարինյանի «Շուշանիկ» պիեսը: Կարդացի և հասկացա, որ ավելի ճիշտ է նոր պիես գրել: Պատմական աղբյուրները ուսումնասիրեցի Մատենադարանում, Ազգային գրադարանում ու նոր պիես գրեցի՝ «Սուրբ Շուշանիկ»: Գրելու ժամանակ հասկացա, որ Շուշանիկի դերը կարող է խաղալ միայն Ժաննա Գալստյանը: Համոզիչ էր դերասանուհին: Իսկ պրեմիերային ներկա էր Պարգև սրբազանը:
Լեոնիդ Հարությունյանը սիրում է իր ղեկավարած կոլեկտիվը: Կոլեկտիվն էլ սիրում է նրան: Սիրում է անմիջականության, շիտակության, բարության, նաև խստապահանջության համար: Շնորհիվ Լեոնիդի բնավորության այդ գծերի այսօր թատրոնում ստեղծագործական, համերաշխ մթնոլորտ է տիրում:
-Այս թատրոնում, անկախ դժվարություններից, դառնություններից, իշխում է ջերմ մթնոլորտ, ընտանեկան մթնոլորտ: Այստեղ ես ինքնադրսևորվեցի, հաստատվեցի, հասա հաջողությունների, արժանացա պարգևների:
Ես շատ բանով եմ պարտական Արցախի թատրոնին:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. «Օթյակը» Լեոնիդ Հարությունյանի մասին նկարահանվել է 2006 թվականին: 2008 թվականից նա Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Ապրիլի 22-ին լրանում է ռեժիսորի 70-ամյակը:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ