Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Օպերային թատրոնում հաճելի աշխատանքային եռուզեռ է, սպասումային տրամադրություն»

«Օպերային թատրոնում հաճելի աշխատանքային եռուզեռ է, սպասումային տրամադրություն»
20.04.2018 | 01:32

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ հետ զրուցել ենք թատրոնում սպասվող նորությունների մասին: Ի՞նչ առաջնախաղեր են նախատեսվում, ինչու՞ բեմ չի բարձրանում «Լա բոհեմը», ո՞ր կետում է թատրոնի ռեստորան ունենալու հարցը: Ի՞նչ է խոստանում «Անուշի» նոր բեմադրության միջազգային մրցույթը: ՈՒ՞մ ռոյալն է գտնվում օպերային թատրոնի տնօրենի աշխատասենյակում:

-Մաեստրո, ի՞նչ ներկայացումներ, պրեմիերաներ են սպասվում օպերային թատրոնում:
-Այս պահին թատրոնում ընթանում են կոմպոզիտոր Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրման աշխատանքները (ըստ Պրևոյի «Ասպետ դը Գրիոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վիպակի): Ներկայացումը փոխադրվել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից, կարելի է ասել, ոչ թե թատրոնի, այլ հովանավորների և իմ միջոցներով: Բեմադրող ռեժիսորը ճանաչված դերասան և օպերային ռեժիսոր Անդրեյս Ժագարսն է: Անհավանական բարդ, բայց և հրաշալի, շքեղ բեմադրություն է: Ներգրավված են մեր թատրոնի 15 մեներգիչներն ու երգչախումբը: Թատրոնում հաճելի աշխատանքային եռուզեռ է, սպասումային տրամադրություն: Ես՝ անձամբ շատ գոհ եմ: 2016-ին մոսկովյան «Մանոնի» առաջնախաղում ասպետ դը Գրիոյին մարմնավորել է մեր թատրոնի երիտասարդ տենոր Լիպարիտ Ավետիսյանը՝ արժանանալով «Ոսկե դիմակ» մրցանակի: «Մանոնը» բերել եմ հատուկ նրա համար, որպեսզի հայաստանյան հանդիսատեսը նույնպես տեսնի այս ներկայացումը:
Նախատեսում ենք նաև Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի պրեմիերան՝ Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ, Բիզեի «Կարմեն» օպերայի նոր բեմադրությունը, որի ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, Մոցարտի «Կախարդական սրինգը»՝ հանրահայտ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ: Ի դեպ, Պաոլո Միչիկեի բեմադրությամբ մեր թատրոնում ներկայացված «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացումն այս տարի Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ։ Այնպես որ, անհավանական շատ աշխատանք է սպասվում, նոր բեմադրություններ կունենանք ինչպես հայերեն, այնպես էլ ֆրանսերեն և գերմաներեն: Բացի այդ, առաջին անգամ Հայաստանում կբեմադրվի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը: «Չիպոլինոյի» առաջին բեմադրիչ, հանրահայտ բալետմայստեր Հենրիխ Մայորովը վերջերս երկօրյա այցով Երևանում էր, ծանոթացավ մեր բալետային խմբին և վստահեցրեց, որ հանդիսատեսի դատին է հանձնելու իր բեմադրած ամենալավ «Չիպոլինոներից» մեկը:
Այս ամենը նախատեսվում է աշնանը, իսկ հունիսի 2-ին և 3-ին մեր թատրոնում կներկայացվի «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը՝ Մեծ թատրոնի արտիստների և համաշխարհային բալետի աստղ Իվան Վասիլևի մասնակցությամբ: Երևանյան ցուցադրումից հետո ներկայացումը կցուցադրվի նաև Ռուսաստանի Մեծ թատրոնում։ Այս ամենին կգումարվեն մեր խաղացանկային ներկայացումները՝ Տիգրանյանի «Անուշ» օպերան, «Դիմակահանդես», «Գայանե», «Սպարտակ», «Ժիզել» բալետները, Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, Վերդիի «Տրավիատան» և այլն: Մայիսի 17-ին տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի հոբելյանական ներկայացումը՝ նվիրված հայկական առաջին դասական օպերայի ստեղծման 150-ամյակին՝ աստղային կազմի՝ բաս Բարսեղ Թումանյանի ու սոպրանո Անահիտ Մխիթարյանի մասնակցությամբ։
-Երբ թատրոնի դեկորացիան, զգեստները բերվում են դրսից, ինչպես, օրինակ, «Մանոնի» դեպքում, խնդիր չի՞ լինում բեմադրությունը հետագայում ներկայացնելու առումով: Գուցե ավելի նպատակահարմար է շեշտը դնել այնպիսի ներկայացումների վրա, որոնք կարող են երկա՞ր ապրել:
-Երբ մենք ներկայացումը փոխադրում ենք, անհամեմատ ավելի քիչ գումար է ծախսվում, քան եթե բեմադրենք ինքներս: Մոսկվայում այդ բեմադրությունն արժեցել է 500 հազար եվրո: Կարո՞ղ ենք ամեն ներկայացման համար նման գումարներ ծախսել:
-Առաջնախաղից հետո կյանք կունենա՞ ներկայացումը:
-Այո, երկու տարի: Իսկ առհասարակ, այդ գործելաոճն ընդունված է բոլոր թատրոններում, մեկը մյուսից փոխադրում են ներկայացումները: Օրինակ, «Մանոնը» արդեն ունեցել է տարբեր թատրոններում ներկայացվելու նման փորձ։ Դա Լիտվայի ազգային օպերային թատրոնի և Սան Ֆրանցիսկոյի թատրոնների համատեղ բեմադրությունն էր։ Արդյունքում կրճատվում են ներկայացման ծախսերը:
-Դժվար չէ՞ համատեղել ստեղծագործական և ադմինիստրատիվ աշխատանքը:
-Ստեղծագործական և ադմինիստրատիվ աշխատանքներն ընթանում են ձեռք ձեռքի տված, որովհետև, առանց ադմինիստրատիվ աշխատանքի, ստեղծագործական կյանքը տեղից չի շարժվի: Եթե ես գեղարվեստական ղեկավար եմ, միաժամանակ՝ տնօրեն, կարող եմ գումար ձեռք բերել, իրականացնել իմ ստեղծագործական գաղափարները:
-Օպերային թատրոնի արտիստները նախկինում դժգոհում էին անգործությունից: Բալետային և օպերային ներկայացումները քիչ էին, համերգային և այլ նախագծերը՝ շատ: Այսօր ի՞նչն է փոխվել:
-Շատ բան է փոխվել, և դեռ շատ փոփոխություններ կլինեն: Այս թատերաշրջանում թատրոնում պարբերաբար կառավարական և պաշտոնական հանդիսություններ են անցկացվել, արդյունքում ունեցել ենք ավելի քիչ թվով ներկայացումներ, քան ցանկանում էինք: Ապրիլին մեկ շաբաթ դարձյալ ներկայացում չի լինելու, որովհետեև Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ է նկարահանվելու: Այնպես որ, շաբաթական հինգ ներկայացում ցուցադրելու իմ ցանկությունը դեռ չի իրականացել այս թատերաշրջանում: Կարծում եմ՝ հետագայում խաղացանկն ավելի հարուստ կլինի, բացի այդ, մեզ մոտ էլ փորձերի շրջան է սկսվում, բեմադրելու ենք նոր «Կարմենը»:
-Իսկ ինչու՞ նոր «Կարմեն»:
-Որովհետև այդ ներկայացմամբ սեպտեմբերին մեկնելու ենք Դուբայ: Երբ մեզ Դուբայի օպերային թատրոնից հրավիրեցին, ասացին, որ պետք է ներկայացումները համապատասխանեն իրենց բեմին: Զուտ տեխնիկական խնդիրների պատճառով է բեմադրվում նոր «Կարմենը»: Բացի այդ, նրանք ունեն խաղացանկային քաղաքականություն, ըստ որի, այս տարի պատվիրել են «Կարմեն» և «Կախարդական սրինգ»: Մենք բեմադրեցինք նաև «Կախարդական սրինգը», որպեսզի մասնակցենք հյուրախաղերին:
-Խոսակցություններ կան, որ օպերային թատրոնում հաճախ են դրսից արտիստների հրավիրվում, այն դեպքում, երբ առանց այն էլ մեր արտիստների զբաղվածությունն ինչպես հարկն է ապահովված չէ:
-Խաղացանկային ներկայացումների ժամանակ հրավիրյալ արտիստներ չեն եղել, բացառությամբ Հասմիկ Պապյանի, Կարինե Բաբաջանյանի, Մկրտիչ Բաբաջանյանի: Որևէ մեկը դե՞մ է այդ մարդկանց: Չեն եղել ո՛չ ռուս արտիստներ, ո՛չ ղազախ, ո՛չ տաջիկ, էլ չասենք անգլիացիների մասին ու ֆրանսիացիների (ծիծաղում է- Ա.Ս.): Համերգային նախագծերի ժամանակ լինում են, «Երևան» միջազգային օպերային փառատոնին հրավիրել ենք Բարբարա Ֆրիտոլիին, Սթիվեն Կոստելոյին, Գեորգի Գագնիձեին, բայց հենց դա է միջազգային փառատոնի իմաստը: 2017-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում առաջին անգամ Երևան ժամանեց աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը, որը ցանկալի հյուր է բոլոր երկրներում: Եթե որևէ մեկին դուր չի գալիս ու կարծում է, որ կարող է նրանից լավ երգել, թող գա, ես նրան անմիջապես կվերցնեմ աշխատանքի:
-Շառլ Ազնավուրին նվիրված «Լա բոհեմ» ներկայացումը երկրորդ մաս պետք է ունենար՝ նվիրված Միշել Լեգրանին («Շերբուրյան հովանոցները»), սակայն առաջնախաղից հետո այն բեմ չբարձրացավ: Այդ առիթով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ իր դժգոհությունն էր հայտնել նաև ներկայացման բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը: Ի՞նչն է պատճառը:
-Առաջնախաղից հետո ներկայացումը մի քանի անգամ ցուցադրվել է, սակայն հետագայում հնարավոր չեղավ ներկայացնել, քանի որ գլխավոր դերակատարուհին ոտքի կոտրվածք էր ստացել: Փոխարինող չկար: Երկրորդ պատճառն այն է, որ հեծանիվներով, անվաչմուշկներով հնարանքներ իրականացնող դերասաններից շատերը բանակում են: Հավանաբար, բեմադրող խորեոգրաֆը պետք է հաշվի առներ այդ հանգամանքը և փորձեր երկրորդ խումբ պատրաստել: Բայց չի արել: Ինչ վերաբերում է ներկայացման երկրորդ մասին, Ռուդոլֆ Խառատյանը պետք է պայմանավորվածություն ձեռք բերեր՝ Միշել Լեգրանի երաժշտությունն օգտագործելու համար: Պայմանավորվել է, թե չի պայմանավորվել, անձամբ ինձ այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել:
-Մաեստրո, թատրոնը համալրել եք յոթ նոր դաշնամուրով, ասում են, որ դրանցից մեկը Կոնստանտին Օրբելյանինն է:
-Այո, դա հորեղբորս՝ Կոնստանտին Օրբելյանի նվերն է ինձ: Այն հիմա այստեղ՝ իմ աշխատասենյակում է։
-Թատրոնի ճեմասրահը զարդարվել է դիմանկարներով. Ձե՞ր մտահղացումն է:
-Ես մտածում էի, որ գեղեցիկ կլինի մեր թատրոնի նշանավոր նվիրյալների՝ կոմպոզիտորների, երգիչների (որոնք արդեն մեզ հետ չեն) միաոճ դիմանկարների հավաքածու ունենալը: Ինը նկար արդեն կախված է ճեմասրահում (Արամ Խաչատրյան, Ավետ Տերտերյան, Կոնստանտին Օրբելյան, Տիգրան Չուխաջյան, Շարա Տալյան...): Ընդհանուր թվով 30 նկար է լինելու: Հեղինակը ճանաչված նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանն է:
-Օպերային թատրոնի ռեստորանի հարցը չեղարկվե՞ց հանրային դժգոհության պատճառով, թե՞ պարզապես ձգձգվում է:
-Ռեստորան թատրոնում վաղուց կա` «Օպերա» ակումբը (կատակում է- Ա. Ս.): Այնպես որ, ռեստորանի հարցով կարելի է իջնել ներքև: Կուզեի տեղեկացնել, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության միջազգային մրցույթ, ամբողջ աշխարհը կիմանա այս ներկայացման մասին: 2019-ին, Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ, բեմ կբարձրանա նոր, գեղեցիկ, ավանդական (ոչ մոդեռնիստական) «Անուշը»:
-Եվ վերջին հարցը. օպերային թատրոնի ստեղծագործական գործընթացները կարո՞ղ են համահունչ լինել համաշխարհային թատրոնների զարգացմանը:
-Ժամանակի ընթացքում՝ այո:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ