Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մտնում ենք գործընթացների ավարտական փուլ

Մտնում ենք գործընթացների ավարտական փուլ
20.04.2018 | 01:36

Ֆուտբոլային Եվրոպան սրընթացորեն ընդառաջ է գնում ընթացիկ մրցաշրջանի ավարտն ազդարարելուն: Նույն տեմպերով են ընթանում գործերը և գավաթային մրցավեճերում: Մարզասերի համար ուրախալին այն է, որ հետաքրքրության պակաս չկա, կա առողջ, մրցակցային ֆուտբոլ: Իհարկե, սույնը ոչ մի կերպ չի վերաբերում Հայաստանին, որտեղ նույն փուլերն են, սակայն այնպիսի վարպետությամբ ու կատարմամբ, որոնք կարող են գոհացնել միայն մեկ մարդու: Ֆուտբոլի հետ կապ ունեցող այդ արարածը կարող է ձևացնել, թե իրեն էլ դուր չի գալիս հայկական ֆուտբոլում առկա դրվածքը, սակայն դա նույնն է, թե հավատաս զոհին խժռելու պահին կոկորդիլոսի աչքերից թափվող արցունքներին, որոնք իրականում ոչ թե արցունքներ են, այլ լավ մարսողությանն ուղեկցող բնական, միանգամայն նորմալ արտազատում:

ԻՍՊԱՆԻԱ
«Սելտա»-«Բարսելոն» խաղում կատալոնյան ակումբի դարպասի ձեռքով գրավումը խոշոր հաշվով Յագո Ասպասին Մարադոնայի հանրաճանաչությունը չի բերի (եկեք 1986 թ. աշխարհի առաջնության Անգլիա-Արգենտինա խաղում Մարադոնա ֆուտբոլային աստծո ձեռքով անգլիացիների դարպասի գրավումը չշփոթենք «Սելտայի» հարձակվողի ձեռքով գրավման հետ, ինչպես չի կարելի շփոթել այդ խաղերի կարգավիճակը), բայց որ Վիգո համեստ քաղաքի ֆուտբոլային պատվիրակները «Բարսելոնին» հարկադրեցին գոհանալ ընդամենը մեկ միավոր վաստակելով, իրողություն է:
Իհարկե, «Սելտայի» պոկած միավորները մի փոքր էլ դանդաղեցրին կատալոնցիների չեմպիոնական ընթացքը, սակայն դա չպիտի ողբերգություն որակել` ոսկե մեդալներն այսօր չեն լինի, վաղը կլինեն իրենց օրինական տերերի մոտ, ու դրանից ոչ երկրագունդն իր առանցքից դուրս կգա, ոչ էլ ժողովրդին երևանյան փողոցներով աջ ու ահյակ տանող, միամիտների համար ընդդիմություն խաղացող Նիկոլը հայկական դեմոկրատիայի հայր կդառնա: Այնպես որ, բարեկամներս, ամեն ինչ տրամաբանական զարգացումների շրջանակում է, եղածում արտառոց ոչինչ տեսնել, առավել ևս փնտրել պետք չէ (սա ասում եմ առհասարակ ու մասնավորապես), «Սելտայի» հետ դիմակայությունում «Բարսելոնի» մեկնարկային կազմում այդ հանրահայտ ֆուտբոլային դպրոցի ոչ մի ներկայացուցչի չլինելը ձեզ համար Վալվերդեի նորամուծություն մի հռչակեք. նման բան սրանից 16 տարի առաջ էլ է եղել, ու դրանից հյուսիս հոսող գետերը ոչ այն ժամանակ են իրենց հոսքի ուղղությունը փոխել, ոչ էլ հիմա են փոխելու:


Աշխարհագրական հնարավոր փոփոխությունների ու երկրում «թավշյա հեղափոխություն» կազմակերպելու նիկոլյան մտքերով ընկած (ի՞նչ եք ասում` չբռնեմ ու մի տնական վերլուծական գրեմ Հայաստանում առկա այս խառնակ ժամանակների մասին` ձեռքի հետ ամեն մեկի պորտը հիմնավորապես տեղը դնելով` երկիրը, արա՛, հո ղումարբազների ու քաղաքական պոռնիկների արոտավայր չէ)` հա, քիչ էր մնում մոռանայի, որ հանդիպման հաշիվը չեմ ասել: Խաղն ավարտվել է 2:2, «Բարսելոնի» գոլերից մեկի հեղինակը ՈՒսման Դեմբելեն է, որը Լալիգայում վերջապես խփեց իր առաջին գոլը: Հուսանք, որ 115 միլիոն եվրոյով ձեռք բերված ֆրանսիացին այս տարի չի բավարարվի այս մեկ հատիկ գոլով, թե չէ չափազանց «էժան» գնում կլինի` իսկ և իսկ հայաստանյան մակարդակի:


Քրեորեն հետապնդելի արարք թույլ տված չենք լինի, եթե «Սելտա»-«Բարսելոն» խաղից միանգամից անցնենք «Դեպորտիվո»-«Սևիլիա» դիմակայությանը, մանավանդ որ արդեն այս շաբաթ անդալուզցիները երկրի գավաթի համար եզրափակիչ խաղում ուժերը չափելու են «Բարսելոնի» հետ: Լավատեսորեն մտածենք, որ «Դեպորի» հետ դիմակայության ոչ-ոքին (0:0) պայմանավորված էր ուժերի խնայողությամբ, ու որ իր հարձակման գծի ողջ զորությունը «Սևիլիան» ի տես է դնելու կատալոնցիների հետ խաղում:


Բավականին անսպասելի արդյունք գրանցվեց «Վալենսիա»-«Խետաֆե» դիմակայությունում: Մեդալների համար պայքարող վալենսիացիները սեփական հարկի տակ զիջեցին հյուրերին` «արքայականին» փայլուն հնարավորություն տալով իրենցից ունեցած երկու միավորի պոկվածությունը հասցնելու հինգի, սակայն պարզվեց, որ «Աթլետիկը» բնավ էլ ծնկելու տրամադրությամբ չէր ժամանել մեր ըմբռնմամբ Տիզբոն, իրենց ընկալմամբ` Մադրիդ տիեզերակենտրոն: Ավելին, մինչև հանդիպման 87-րդ րոպեն այն մահվան քրտինքի մեջ էր պահել «սերուցքայիններին», ու թե չլիներ Ռոնալդուն իր իսկապես փառահեղ գոլով, բասկերը երեք միավոր վաստակած էին հեռանալու Մադրիդից:
Առաջին վեցյակի մաս մնալու ազնիվ ցանկությամբ «Վիլյառեալը» սեփական հարկի տակ հաղթել է «Լեգանեսին» (այստեղ գրանցվել է 2:1 հաշիվը), իսկ ահա արտագնայում Սոսիեդադի «Ռեալին» մրցակից ունեցած «Աթլետիկոն» երեկ ուշ երեկոյան է միայն հարաբերությունները պարզել նրա հետ, ինչը մրցաշարային աղյուսակում փոփոխությունների չէր կարող հանգեցնել:
«Բարսելոնն» ունի 83, «Աթլետիկոն»` 71, «Ռեալը»` 68, «Վալենսիան»` 65, երեկ երեկոյան «Լաս Պալմասին» ընդունած Բետիսը»` 52, «Վիլյառեալը»` 51 միավոր:

ԻՏԱԼԻԱ
«Կալյարիի» հետ խաղում սեփական հարկի տակ «Ինտերը» եղավ առանձնապես ջանադիր (4:0) ու բրոնզի համար պայքարում կրկին ձեռնոց նետեց «Ռոմային» ու «Լացիոյին»: Ի պատիվ իրենց, երկուսն էլ պատվով ընդունեցին մարտահրավերը: «Ռոման» սեփական հարկի տակ համոզիչ եղավ «Ջենովայի» հետ մրցակցությունում (2:1), իսկ ահա «Լացիոյին» երեք միավորը բաժին հասավ շատ ավելի ծանր պայքարում: Առաջին խաղակեսում տանտերերի` «Ֆիորենտինայի» կողմից իրենց դարպասի երկու գրավմանը «գայլերը» պատասխանեցին նույնքան գոլով` խաղի ելքը վճռելը բաժին թողնելով երկրորդ խաղակեսին: «Մանուշակագույնները» կարողացան ևս մեկ անգամ հաջողությունը թեքել իրենց կողմը, սակայն «Ռոման» այդ մեկին դարձյալ պատասխանեց դարպասի կրկնակի գրավմամբ` ֆիքսելով հանդիպման վերջնական 4:3 հաշիվը: Այսպիսով, 33-րդ տուրը 3-5-րդ հորիզոնականներում գտնվող թիմերի դիրքերում փոփոխություններ չկարողացավ մտցնել, 64-ական միավոր ունեցող «Ռոման» ու «Լացիոն» շարունակում են մեկ միավորով առաջ լինել «Ինտերից»:


Առաջատարի հետ պայքարում ագրեսիվ վարքագիծ դրսևորեց «Կրոտոնեն»` «ծեր սինյորային» պարտադրելով բավարարվել մեկ միավորով (1:1): Գրեթե նման մի բանի էլ մոտ էր «Նապոլիին» հյուր գնացած «ՈՒդինեզեն», սակայն տանտերերը 11 րոպեում երեք գոլ հեղինակեցին` լուսատախտակին ի պահ տալով 4:2 հաշիվը: Սա նշանակեց, որ 85 միավոր ունեցող «Յուվենտուսից» «Նապոլին» հետ է արդեն չորս միավորով, ու չեմպիոնական մրցավազքը սկուդետեում դեռևս հանգուցալուծված չէ: Ինչ վերաբերում է վեցերորդ հորիզոնականն արդեն բավական երկար ժամանակ իրենով արած «Միլանին», արտագնայում 1:1 է խաղացել «Թուրինի» հետ ու միավորների թիվը հասցրել 54-ի:

ԱՆԳԼԻԱ
Նաև գավաթային հանդիպումներով պայմանավորված` պրեմիեր լիգայի ընթացիկ տուրը ձգվելու է մինչև երկուշաբթի` այս նյութի շրջանակներում, փաստորեն, հնարավորություն չտալով ամբողջապես ներկայացնելու աղյուսակում թիմերի «դեգերումները», պարտադրելով գոհանալ այս պահին ձեռքի տակ ունեցածով: Իհարկե, «Բրայտոնի» հետ խաղում մեծագույն անակնկալ էր մեդալների համար պայքարող «Տոտենհեմի» ոչ-ոքին (1:1)` որքան էլ Պոչետինոյի սաները հյուրի կարգավիճակում էին: Ինչ խոսք, այնպես չէ, թե «Տոտենհեմը» չորրորդ հորիզոնականը զիջել է որևէ մեկին, սակայն ունեցած 68-ով արդեն երկու միավորով է հետ «Լիվերպուլից», որն իր հերթին նվազագույն հեռավորության վրա էր «Բոռնմուտի» հետ տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Մանչեստր Յունայթեդից»: Ահա այսպիսի տխուր ոչ-ոքի «Տոտենհեմի» սաների համար:
Դառնալով «Մանչեստր Յունայթեդին»` ասենք, որ «Վեստ Բրոմվիչից» (այն էլ սեփական հարկի տակ) կրած պարտությունից հետո թիմը դասեր քաղել էր: «Բոռնմուտի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակն արտագնայում Մոուրինիոյի սաներին հնարավորություն տվեց միավորների թիվը հասցնելու 74-ի, ինչն ամբողջ չորսով ավելի է երրորդ տեղում ընթացող «Լիվերպուլի» ունեցածից:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Բայեր»-«Բավարիա» գավաթային կիսաեզրափակիչը չափից ավելի գոլառատ ստացվեց: Առաջին ինը րոպեին Ռոբերտ Լևանդովսկու երկու գոլը թեպետ շոկային էր տանտերերի համար, այդուհանդերձ, նրանք կարողացան հանդերձարան գնալ հաշվի տարբերությունը կրճատած, ինչը նշանակում էր, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Սակայն Հայնկեսի սաները երկրորդ խաղակեսում այնպիսի ճնշող հզորությամբ ընկան տանտերերի վրա, որ վերջիններիս տակից դուրս գալ չհաջողվեց: Մյունխենցիները ևս չորս անգամ գրավեցին տանտերերի դարպասը (մեկ գոլ հեղինակել է Ալկանտրան, հեթ տրիկի հեղինակ է դարձել Թոմաս Մյուլլերը): «Բայերը» եղածին կարողացավ արձագանքել դարպասի ընդամենը մեկ գրավումով:


Երկրորդ կիսաեզրափակչում պակաս կրքեր չթագավորեցին, սակայն սեփական դարպասն անառիկ պահելու մտայնությանն առաջնայնություն տալը մարզասերին երկար ժամանակ պահեց գոլային սպասման մեջ: Նախաձեռնող եղան հյուրերը: 75-րդ րոպեին Իովիչը գրավեց «Շալկեի» դարպասը: «Այնտրախտին» պատասխանելու տանտերերի հերթն էլ վրա հասավ, սակայն հանդիպման մրցավար Ռոբերտ Հարտմանն այդպես էլ իր ասածին եղավ ու չհաշվեց «Շալկեի» պատասխան գոլը: Այնպես որ եզրափակչում այդ նույն Հարտմանի կամոք հանդիսատեսին վիճակված է «Բավարիա»-«Այնտրախտ» դիմակայությանն ականատես լինել:

ՖՐԱՆՍԻԱ
Գերմանիայի օրինակով այստեղ ևս գավաթային խաղեր էին ու դարձյալ կիսաեզրափակիչ հանդիպումներ: Մեկում մրցել են «Կաննը» և «Պարի Սեն Ժերմենը», մյուսում` երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչներ «Լե Էրբեն» ու «Շամբլին»:
Գավաթային խաղերի չգրված կանոններով «Կաննը» կարողացել է լուրջ դիմադրություն ցույց տալ հեղինակավոր մրցակցին, սակայն վերջնահաշվում, այնուամենայնիվ, զիջել է 1:3 հաշվով: Կրկին փայլել է Մբապեն (նրա ակտիվում է երկու գոլ), որը խաղից խաղ համոզչորեն ապացուցում է, որ հսկա քայլերով է առաջադիմում ու թիմում լուրջ հակակշիռ է դառնում վնասվածքի պատճառով խաղեր բաց թողնող Նեյմարին ոչ միայն վարպետությամբ, այլև բնավորության ոչ կոնֆլիկտայնությամբ:
Պակաս համառ չի եղել «Լե Էրբե»-«Շամբլի» մրցակցությունը: Այստեղ առավել ուժեղ է եղել առաջինը: Ամեն խաղակեսում հեղինակելով մեկական գոլ ու բաց չթողնելով ոչ մեկը` այն դուրս է եկել եզրափակիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ