Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյան. Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողություն

Սերժ Սարգսյան. Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողություն
20.04.2018 | 12:01

Տեսնում եք, թե այս օրերին իրավապահ մարմինները որքան զուսպ էին, բայց ես չէի ցանկանա, որպեսզի այդ անհամաչափությունը այնքան խախտվի, որ իրավապահները ստիպված լինեն հարկադրանքի միջոցներ կիրառել: Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ` «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին:

Նա նկատեց, որ տարիների ընթացքում իշխանությունները մեծացրել են քաղաքացիների հնարավորությունները՝ իրենց դժգոհությունը, բողոքը արտահայտելու: Հայաստանում այս մասով որևէ արգելք չկա, բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհով դժգոհություն արտահայտելը:
«Հասարակություններում դժգոհությունները միշտ էլ առկա են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց գոնե միջին չափով ցանկությունները: Խնդիրն այլ հարթությունում է, թե որքանով են այդ մարդկանց բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով: Եթե ամեն ինչ համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չունենք՝ հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտումը՝ հավաքներ, երթեր, ինչ-որ չափով պետք է սահմանափակեն այլ քաղաքացիների իրավունքները և ազատությունները»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կա սահման, որը դժգոհություն արտահայտողները չպետք է անցնեն: Ըստ վարչապետի՝ խնդիրը այն ժամանակ է առաջանում, երբ մի քանի 100 հոգի անցնում են խաղաղ ցույցի համար նախատեսված այդ շեմը և սկսում են ուղղակի անհամաչափ ձևով խանգարել ուրիշների իրավունքները: «Ինչու՞ ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոցներ ուղարկել, կամ աշխատավոր մարդը գործից պետք է ուշանա 2-3 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել: Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են երկրում անպայման անկայունություն ստեղծել, սա է խնդիրը: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն է և այսպիսի պարագաներում միշտ ճիշտ որոշում է կայացնում»,- նշեց նա:


«Այս բողոքները պետք է արտահայտեին հանրաքվեից, ընտրությունից հետո, բա ինչո՞ւ այդ ժամանակ չէին արտահայտում: Ընտրությունների արդյունքները արտահայտում էին հայ ժողովրդի կամքը, դա ես չեմ հնարել, ԵՄ-ն է այդ հայտարարությունն արել: Ես չեմ ասում, որ եղել են իդեալական ընտրություններ, բայց այդքան համատարած խախտումներ են եղել և այդ մարդիկ չե՞ն տեսել դա: Խոսում են համատարած ընտրակաշառքի մասին, բա այդ ինչպես է, որ ամեն ինչ ուղիղ եթերում է, չտեսան այդ համատարած ընտրակաշառքներ բաժանելը»,- ընդգծեց վարչապետը: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս անձնական նկատառումներ չի ունեցել: Նա նկատում է, որ եթե այդպիսի բան լիներ, միջազգային կառույցները դժկամությամբ կվերաբերվեին փոփոխություններին: Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ պետականության կայացման սկզբնական շրջանում անհրաժեշտություն էր նախագահական կառավարման համակարգը, սակայն այն չէր ապահովում իշխանության թևերի միջև եղած բալանսավորումը: Իսկ խորհրդարանական կառավարման համակարգը, ըստ վարչապետի՝ այս խնդիրը լուծում է. առանցքային մարմինը Ազգային ժողովն է, որը ծնում է կառավարություն և վերահսկում է կառավարության գործունեությունը, դատարաններն անկախ են և հաշվետու են միայն օրենքի առջև, իսկ նախագահը պետության գլուխն է և հետևում է սահմանադրության պահպանմանը: «Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը, դա էլ ենք հաշվի առել, անցել ենք: Հիմա ի՞նչ կառավարման համակարգ փոխենք: Վերջիվերջո, գալու է մի պահ, երբ որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կատարելու է մեր բոլոր օրենքների պահանջները և ուրիշներից պահանջելու է այդ օրենքների կատարումը»,- ասաց նա:


Հարցին, թե ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուներ չկայի՞ն, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ մեր կուսակցությունում վարչապետի թեկնածուներ կային, բայց կոնկրետ պարագայում այդ քաղաքական ուժը այդպիսի որոշում է կայացրել: Դա է որոշումը եղել և հասկանալի չէ, թե ինչո՞ւ այդ կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Այդտեղ որևէ օրենքի խախտում կա՞, չկա»: Մեկ այլ հարցի, թե անփոխարինելիությանը և երկրի կառավարման ղեկին 10 տարուց ավելի լինելու հանգամանքը չի բերում լճացման, Սերժ Սարգսյանը միջազգային օրինակներ բերեց. «Միշտ էլ նոր դեմքեր պետք են, բայց վերցնենք եվրոպական երկրները: Կարող եք նշել երկրներ, որտեղ խորհրդարանական կառավարման սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում: Գերմանիայում լճացում կա՞, Գերմանիայի կանցլերը, եթե չեմ սխալվում արդեն 4-րդ անգամ է ընտրվում»: Դիտարկմանը, թե Գերմանիայի կանցլերը նախագահ չի եղել և Սահմանադրություն չի փոխել, վարչապետ Սարգսյանը նշեց, որ Սահմանադրությունը նախագահը չի փոխել, այլ այն փոխվել է հանրաքվեի միջոցով:


Խոսելով իր նախագահության ժամանակ դպրոցներում, գրասենյակներում իր նկարի կախման մասին, Սերժ Սարգսյանը նշեց, որ որևէ պարտադրանք չի եղել, որևէ իրավական ակտով այդպիսի նորմերը սահմանված չեն եղել: Նա վստահեցրեց, որ եթե որևէ դպրոցի տնօրեն չկախեր իր նկարը, չէր պատժվի:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ