Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ-ֆրանսիական զուգահեռներ

Հայ-ֆրանսիական զուգահեռներ
20.04.2018 | 13:51

RFI-ին հաղորդում է` Ֆրանսիայում ապրիլի 19-ը հայտարարված էր համազգային գործադուլի հերթական օր Էմանուել Մակրոնի կառավարության բարեփոխումների դեմ: Գործադուլին մասնակցում էին հիվանդանոցների, փոստի, էներգետիկ ոլորտի աշխատակիցները, պետական ծառայողները, ուսանողները: Ակցիաներն անցկացվում են ամբողջ երկրում Աշխատանքի համընդհանուր համադաշնության (ԱՀՀ) և Solidaires արհմիության կոչով: Ամբողջ Ֆրանսիայում հայտարարվել է 133 ակցիա` հաղորդել է AFP-ը: Փարիզում ԱՀՀ արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեզի գլխավորությամբ փողոց դուրս եկան 15 300 մարդ: Ակցիաների ընթացքում եղան բախումներ իրավապահների հետ: Որոշ ցուցարարներ ոստիկանների վրա տարբեր իրեր նետեցին, ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին: AFP-ը հաղորդում է, որ ցուցարարները կոտրեցին հյուրանոցներից մեկի պատուհանները: Երթը որոշ ժամանակով դադարեցվեց:

Ցուցարարները կոտրեցին մի քանի ցուցափեղկեր, այդ թվում` ապահովագրական ընկերության` «Հակա-հակա-հակակապիտալիստներ՚ կոչերով՚: Կոտրվեցին նաև մեկ բանկի ու ճանապարհորդական գործակալության գրասենյակի ապակիները: Ոստիկանության պրեֆեկտուրան հաղորդեց, որ ոստիկանների վրա Մոլոտովի կոկտեյլ է նետվել: Երթի մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: ԱՀՀ-ն դատապարտել է ոստիկանության ՙսադրանքները՚: Արհմիության Փարիզի մասնաճյուղի ղեկավար Վալերի Լեզաժը հայտարարել է, որ իրավապահները «սեղմել են» ցուցարարներին: Մարսելում բողոքի երթի են դուրս եկել AFP-ի տվյալներով` 5700 մարդ, ոստիկանության` 5000, ԱՀՀ-ի` 65000: Մարսելի ակցիային մասնակցում էր ծայրահեղ աջերի ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը: Բողոքի ակցիաներից բացի, երկաթուղայինների գործադուլների պատճառով շարունակվում են տրանսպորտի աշխատանքի խաթարումները: Արհմիությունները գործադուլ են անում Երկաթուղիների ազգային ընկերության` SNCF-ի բարեփոխումների դեմ:
Իսկ հիմա համեմատեք: Ֆրանսիացիները արհմիությունների կոչով սոցիալական մեկօրյա բունտ են անում, կոտրում են ապակիներ, կոկտեյլ նետում ոստիկանների վրա ու մեղադրում սադրանքների մեջ: Արհմիությունը մեծացնում է իր ցուցարարների թիվը, ոստիկանությունը` նվազեցնում: Հայերը քաղաքացիական, թե քաղաքական բունտ են անում, ոստիկանների վրա ոչինչ չեն նետում, ապակիներ չեն կոտրում, բայց նրանց մեղադրում են սադրանքների մեջ, ոստիկանությունը արցունքաբեր գազի փոխարեն ձայնային նռնակներ է նետում` ըստ ցուցարարների: Երկու դեպքում էլ խաթարվում է տրանսպորտի աշխատանքը: Էմանուել Մակրոնը շարունակում է բարեփոխումները, Սերժ Սարգսյանը` պաշտոնավարումը: Քաղաքացիներն ազատ են իրենց բողոքը արտահայտելու: Ֆրանսիացիներն այսօր աշխատանքի են դուրս եկել` մինչև արհմիության հաջորդ կոչը: Հայերը թափառում են փողոցներում` բեռնատարների օգնությամբ իրենց բողոքն արտահայտելով: Պայքարի ամեն տեսակ ունի իր բովանդակությունը, ձևը, նպատակը, բոլոր տեսակներն ունեն սկիզբն ու վերջը` անկախ նրանից նպատակին հասել են, թե ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվրախորհրդարանը ապրիլի 17-ին Եվրոպայի ապագայի վերաբերյալ նիստ գումարեց, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և պատգամավորներին ներկայացրեց Եվրոպայի ներկայի ու ապագայի իր պատկերացումները: Նրա ելույթը ոչ այնքան բարեփոխումներին, որքան իրավիճակին էր նվիրված: Մակրոնն անհանգիստություն հայտնեց ծայրահեղ աջ տրամադրությունների աճից եվրոպական մի քանի երկրներում և պատգամավորներին կոչ արեց դիմադրություն ցույց տալ ՙավտորիտար միտումներին՚: Նրա կարծիքով` մի քանի երկրներում հայտնվել է «ներեվրոպական քաղաքացիական պատերազմի ինչ-որ ձև, որտեղ մեր և մեր եսասիրության միջև տարբերությունները ավելի կարևոր են թվում նրանից, ինչ մեզ միավորում է՚: Մակրոնի խոսքով` «ուժեղ իշխանության պատրանքները՚ արդեն մեկ անգամ «մայր ցամաքը տարել են անդունդ՚: ՙԵս պատկանում եմ այն սերնդին, որ չի իմացել` ինչ է պատերազմը և պատրաստ է իրեն թույլ տալ մոռանալ, թե ինչ են ապրել մեր նախորդները՚` հայտարարեց Մակրոնը ու վստահություն հայտնեց, որ ժողովրդավարությունն այսօր անուժ չէ: AFP-ն գրում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները մի քանի անգամ ծափերով ընդհատել են Մակրոնի խոսքը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ողջունել է ՙիրական Ֆրանսիայի վերադարձը՚` ինչպես որակել է Ֆրանսիայի նախագահի ելույթը: Աջակցությունից ձեռնպահ են մնացել ծայրահեղ ձախերը: ԵՄ բարեփոխման իր նախագիծը Մակրոնն առաջին անգամ ներկայացրել է 2017-ի աշնանը` Սորբոնում ուսանողների համար ելույթում: Ծրագրում 80 առաջարկ կա: Եվրախորհրդարանում նրա ելույթից ակնկալվում էր ոչ թե կոնկրետություն, այլ գերակա ուղղությունների սահմանում: Ստրասբուրգում Մակրոնը հիշատակեց միայն փախստականներին օգնող կազմակերպություններին աջակցության, ածխաջրածինների գների, Եվրոպայի սահմաններում ածխաջրածինների արտանետման հարկերի և համաեվրոպական բյուջեում Ֆրանսիայի ներդրումների մեծացման մասին: Լրացուցիչ ներդրումներ կլինեն, եթե ԵՄ ֆինանսավորման համակարգը բարեփոխվի` և ռեսուրսների, և ծախսերի մասով: ԵՄ մասշտաբային բարեփոխումները Ֆրանսիայի նախագահը չի կարող միայնակ անել: Որոշ երկրներ համաձայն չեն Մակրոնի միգրացիոն քաղաքականության հետ, որոշ երկրներ դժգոհ են համաեվրոպական բյուջեի վերանայումից և ռիսկերից, որ իրենց տնտեսության վրա կդրվի երաշխիքների մեծ մասի ապահովումը: Ապրիլի 15-ին BFM-ին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարեց, որ բարեփոխումներին չաջակցող երկրները կհայտնվեն Եվրոպայի լուսանցքում: Ապրիլի 18-ին նա արդեն խորհրդակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Reuters-ը գրում է, որ հանդիպման օրակարգում եվրագոտում համատեղ բյուջե ունենալու հարցն է:


Ի՞նչ է կատարվում Հայաստանում: «Շանթին» տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքական զարգացումներին` ասել է, որ իշխանությունները մեծացրել են քաղաքացիների հնարավորությունները՝ իրենց դժգոհությունը, բողոքը արտահայտելու: «Հասարակություններում դժգոհությունները միշտ էլ առկա են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց գոնե միջին չափով ցանկությունները: Խնդիրն այլ հարթությունում է, թե որքանով են այդ մարդկանց բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով: Եթե ամեն ինչ համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չունենք՝ հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտումը՝ հավաքներ, երթեր, ինչ-որ չափով պետք է սահմանափակեն այլ քաղաքացիների իրավունքները և ազատությունները»: Նրա խոսքով՝ բողոքները պետք է արտահայտեին հանրաքվեից, ընտրությունից հետո: Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ պետականության կայացման սկզբնական շրջանում անհրաժեշտություն էր նախագահական կառավարման համակարգը, սակայն չէր ապահովում իշխանության թևերի միջև բալանսավորումը: Իսկ խորհրդարանական կառավարման համակարգը խնդիրը լուծում է. առանցքային մարմինը Ազգային ժողովն է, որը ծնում է կառավարություն և վերահսկում է կառավարության գործունեությունը, դատարաններն անկախ են և հաշվետու են միայն օրենքի առջև, իսկ նախագահը պետության գլուխն է և հետևում է սահմանադրության պահպանմանը: «Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը, դա էլ ենք հաշվի առել, անցել ենք: Հիմա ի՞նչ կառավարման համակարգ փոխենք: Վերջիվերջո, գալու է մի պահ, երբ որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կատարելու է մեր բոլոր օրենքների պահանջները և ուրիշներից պահանջելու է այդ օրենքների կատարումը»: «Շանթին» նա նաև ասել է, որ տրամաբանական չէ իր ծրագրերի չկատարման քննադատությունը. «Մամուլում կային մարդկանց կարծիքներ, որ, տեսեք, խոստացել է Իրան-Հայաստան երկաթուղի կլինի, չկա, խոստացել է ատոմակայան լինի, չկա, էլ ի՞նչ խոստումներ եմ տվել և այլն: Պիտի ասեմ, որ որևէ ծրագրում հնչած կամ ներառված դրույթները երբեք չեն կարող լինել քարացած»: «Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք, քան՝ ավտոմայրուղու կառուցման համար և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Ինչ վերաբերում է ատոմակայանին, այո, մենք մշտապես պետք է ունենանք ատոմային էներգիա, բայց պիտի նաև մտածենք, թե ի՞նչ չափով ու ինչպե՞ս զարգացնենք այդ բնագավառը: Աշխարհում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ արդեն փորձարկման շրջանում է գտնվում ավելի փոքր հզորության ատոմակայանի մոդելը, որը մեր երկրի անվտանգության ու ընդհանրապես անվտանգ շահագործման համար շատ ավելի հարմար է: Երկրորդ կանաչ էներգիան շատ մեծ թափով մտնում է մարդկանց կյանք և արդեն արևային էներգիայի ինքնարժեքը մոտենում է տրամաբանական ինքնարժեքին: Եթե ես տարիներ առաջ ասել եմ, որ մենք, անպայման, ատոմակայան պետք է կառուցենք, եթե ասել եմ անպայման գնա՞նք իմ ասածը անելու, թե՞ երկրի տնտեսության համար ավելի արդյունավետ ու շահավետ եղանակ գտնենք էներգիայի աղբյուրի: Ես կարծում եմ՝ դա տրամաբանական է»: Նա նշել է՝ ծրագրերը դիտարկելիս պետք է հաշվի առնել փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը նույնպես: «Մի բան է, երբ դու ծրագիր ես գծում, դրանում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց փորձում ես ձգտել և դա համեմատել երդման հետ, ասել` «չէ, դու երդվել ես ու երդումդ խախտում ես», որքանո՞վ է դա տրամաբանական, որքանո՞վ է ճկունություն հաղորդում»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:


«Շանթին» տված հարցազրույցում նաև ասվել է, որ հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, որ Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 2,1 անգամ, 2007-ին նվազագույն աշխատավարձը ամսական 15000 դրամ էր, այսօր 55 000 դրամ է` գրեթե 4 անգամ ավելի: Միջին ամսականը 62 000 դրամ էր, հիմա 184000, այսօր երկրի առաջնային խնդիրներից է աղքատությունը, որը երկրում 29,2 տոկոս է, վերջին տարիներին ավելացել է ներկրված մեքենաների քանակը` 10 տարի առաջ ՀՀ-ում գրանցված էր 333 000 ավտոմեքենա, 2017-ին` 616 000: Իր դեմ բողոքողներին նա հորդորեց հաղթել 2022-ի ընտրություններում: Երեկ նաև ՀՀԿ ԳՄ նիստ է եղել, որից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ քաղաքական մեծամասնությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները, որ ՀՀԿ-ում չի քննարկվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը և ՀՀ-ում գործընթացները պետք է ունենան քաղաքական ընթացք:
«Իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, զսպվածություն, մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթերի իրավունքը, սա սահմանադրական նորմ է, որևէ մեկը իրավունք չունի սահմանափակել օրենքով սահմանված հանրահավաքի ընթացքը, բայց մենք կարծում ենք, որ ցույցի կազմակերպիչները պարտավոր են կազմակերպել ցույցի շարունակման օրինական ընթացքը»` ասել է Շարմազանովը և շեշտել` մեկ ճանապարհ կա` քաղաքական երկխոսություն` «Այլ ճանապարհ չկա»:


Արդեն չեմ առաջարկում համեմատել Մակրոնի ու Սարգսյանի ծրագրերը: Համակարգը թելադրում է իրենը: Հասարակությունը բրոունյան իր շարժումը պիտի վերածի համակարգային փոփոխության պայքարի, ոչ թե անձի դեմ ընդվզման: Նիկոլ Փաշինյանը ծրագիր պիտի հրապարակի` ինչպես է տեսնում Հայաստանի այսօրվա ու վաղվա օրը` փողոցները չափչփելուն ու փակելուն զուգահեռ, այլապես նրա քայլը ոչ մի նշանակություն չի ունենա:

Դիտվել է՝ 3737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ