Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրականում մարդկանց փողոց է դուրս բերել ու փողոցում է պահում Սերժ Սարգսյանը

Իրականում մարդկանց փողոց է դուրս բերել ու փողոցում է պահում Սերժ Սարգսյանը
22.04.2018 | 09:50

Ապրիլի 21` Երևան: Իրադարձությունները արտաքուստ բուռն զարգանում են, իրականում արդյունք չկա: Բուռն ակտիվության մեջ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, լեթարգիկ ապատիայից դուրս են լողում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը` վրա-վրա հայտարարություններ է անում ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է առաջարկում: ՀՅԴ-ն բացի երկխոսության հարթակ առաջարկելը` Անթիլիասից երկխոսելու համար ճանապարհորդ կաթողիկոս բերեց ու ձեռնունայն տուն վերադարձրեց` այդպես էլ հասկանալի չդարձնելով, թե ինչու՞ եկավ, որ խոսի արյունահեղության անթույլատրելիության մասի՞ն: Ո՞վ էր անտեղյակ: Ոչինչ չասող հայտարարությամբ իրեն ներկա դրեց հիշեցրեց ԲՀԿ-ն: Շախմատիստներ, մարզիկներ, դերասաններ: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներ: Անգամ` Հանրային խորհուրդը: Երկխոսության պատրաստակամություն հայտնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արձագանքող չեղավ: Հանրապետության հրապարակ հանրահավաքի վայր Նիկոլ Փաշինյանին հանդիպելու գնաց նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջապես օրը սկսվել էր վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության պատրաստակամությունից:


Ի՞նչ համաճարակ է: Որտե՞ղ էին բոլորը մինչև հիմա: Առաջին հայացքից նրանց երկխոսելու է տրամադրել Նիկոլ Փաշինյանի հետևից պտտվող մարդկանց թիվը, որ չի նվազում 10-րդ օրը: Իրականում մարդկանց փողոց է դուրս բերել ու փողոցում է պահում Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ընդամենը մունետիկի դերը կատարեց ու մնաց դերի մեջ: «Հպարտ Հայաստանի քաղաքացիների», ավելի ճիշտ կլիներ ասել` Հայաստանի հպարտ քաղաքացիներին հիշելուց առաջ ու հետո Սերժ Սարգսյանը պիտի աներ գլխավորը` համարժեք գնահատեր իրավիճակը երկրում, որի նախագահն էր, հիմա` վարչապետը: ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես առաջադրում էր ինչ-որ կարգախոսներ, նկարագրում իրավիճակներ ու տալիս խոստումներ, որ միայն տիրաժավորում էին նրա կուսակիցները, բայց կատարելու մասին ոչ ոք չէր մտածում: Խոսքի ու գործի հակասությունը մի օր պիտի ժայթքեր` առանց նույնիսկ «բզբզալու»: Սահմանադրության փոփոխությամբ նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումներին, «հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ» իրավիճակին մեկընդմիշտ վերջ դնելու հաշվարկները չաշխատեցին` նախագահական ընտրությունների 10 տարվա ցիկլը աշխատեց ժամացույցի ճշգրտությամբ, որովհետև ձևական փոփոխություններով ու իշխանական առանձնասենյակներում համապետական խնդիրները չեն լուծվում: Այսօրվա փողոցը պատասխանն է 2015-ի Սահմանադրության հանրաքվեին, 2017-ի խորհրդարանական ընտրություններին, ԲՀԿ-ի տեսքով ձևական ընդդիմություն ստեղծելու ու իրական ընդդիմությանը Սահմանադրությամբ սահմանված
30 տոկոսից զրկելու պրակտիկային, դրսերից վարչապետ ու նախագահ բերելուն: «Մեր դեմ խաղ չկա» ռազմավարության ու մարտավարությանը: Երկիրը համատարած ՀՀԿ-ականացնելուն: ՀՀԿ-ն աշխատանքի տեղավորման գրասենյակ դարձնելուն: Խորհրդարանը իր իրական գործառույթներից զրկելու ու կառավարությանը կցորդը դարձնելուն` ընդդիմությանը թողնելով միայն խոսելու ու դեմ քվեարկելու իրավունքը, որով ոչինչ չի որոշվում: Ու` չի փոխվում: Իրենցից հետո իրենց ու հարակից պաշտոնները որդիներին, դուստրերին, եղբայրներին, քույրերին, կանանց, խնամիներին, փեսաներին ու սիրուհիներին հանձնելուն` «ընտրությունների» փաթեթավորմամբ: Բացի նրանից, որ չկա աշխատանք, չկա արդարություն` յուրայինը միշտ հաղթում է մրցույթներում, ոչ յուրայինները` պարտվում են ամեն տեղ: Եզակի իսկապես խելացի ու արժանավոր, կրթված ու աշխատունակ մեկ զավակին վիճակագրությամբ իշխանական էլիտան ծածկում է 101 տգետ, անարժան, անկիրթ ու անաշխատունակով, որ «կառավարում են» երկիրը` գործազրկությունից բացի արտագաղթի երկրորդ պատճառ դարձնելով անարդարությունն ու հեռանկարի չգոյությունը: Իսկ այդ ամենը ոչ Նիկոլ Փաշինյանն է արել, ոչ էլ նրա հետ փողոցները չափչփողները: Հազար անգամ է գրվել, որ ընդդիմությանը թուլացնելով` իշխանությունը թուլացնում է ինքն իրեն` սկսում է լճանալ ու կորցնում է իրականության զգացումը` կառավարելը շփոթելով իշխելու հետ: ՀՀԿ-ն պատրաստ չէր դերին, որ ստանձնեց ու դարձավ մարդ- կուսակցություն, որ ինքնուրույն ոչինչ չի որոշում ու չկա:
Դիմազրկումը դարձավ համատարած ու օրինաչափ: Եվ` շարունակվում է, որի ապացույցն են վարչապետ Սերժ Սարգսյանի վերանշանակումները: Ոչ միայն նախարարների, այլև` իր աշխատակազմի: Այսինքն` նա մտադիր չէ լսել ու հաշվի առնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, որովհետև եթե իրեն շրջապատում է նույն մարդկանցով, որոնց միջոցով ստեղծվել է այս վիճակը, ուրեմն գոհ է նրանց աշխատանքից:

Իսկզբանե ենթադրվում էր, որ կառավարության կազմում հիմնական փոփոխությունները կլինեն 2019-ի հունվարից, բայց երբ ամեն օր մի քանի հազար մարդ է փողոց դուրս գալիս ու փոփոխություն է պահանջում, նրանց տուն ուղարկելու համար ոչ թե երկխոսության ուշացած պատրաստակամություն է պետք, այլ` գործով փոփոխություն: Որ նրանք զգան ու տեսնեն` իրենք կարևորված են, իրենց լսեցին, իրենց ցանկությունները սկսում են կատարվել: Երբ Հռոմի զորավարներն ու կայսրերը փառահեղ հաղթանակներից հետո տրիումֆով մտնում էին Հավերժական քաղաք ու նրանց ընդունում էին բարձրագույն պատիվներով, ձիակառքում նրանց կողքին միշտ կանգնած էր լինում մի ստրուկ, որ նրանց ականջին պարբերաբար շշնջում էր.«Հիշիր, որ դու մահկանացու ես»: Որևէ նախագահ միշտ իր կողքին պետք է ունենա մարդ, որ կարողանում է իրեն «ոչ» ասել ու հիմնավորել: Նախագահից վարչապետ ու Աժ նախագահ` տասնյակ խորհրդականներ ու օգնականներ ունեն, բայց ստեղծված վիճակը վկայում է, որ ոչ ոք կողքին չի ունեցել ու չունի մեկ մարդ, որ կարող է առարկել, վիճարկել ու ապահովել իրականության համարժեք, ոչ թե ցանկալի ընկալումը: Բոլորը բարեխիղճ կամ անբարեխիղճ կատարում են իրենց աշխատանքային պարտականությունները` ենթարկվում են ղեկավարությանը կամ իրենց ստեղծած հրահանգներին ու որոշումներին: Ամբողջ խնդիրն այդ որոշումների բովանդակությունն ու համարժեքությունն է իրականությանը, որ կա կառավարման բուրգից դուրս: Եկել է երկիրը բաց աչքերով տեսնելու ժամանակը: Սիրո ու հայրենասիրության պաթոսից դուրս գալու ու իրականում սիրելու ու հասկանալու պահը: Իհարկե` միշտ կա ճնշելու ու հանրահավաքները ցրելու տարբերակը, ցուցարարներին բանտերը լցնելու, հետո համաներումով ազատելու ու մեծ մարդասեր դառնալու տարբերակը, բայց ո՞վ է դրանից շահելու: Խնդիրները չեն լուծվելու: Սա ոչ թե փողոցի, այլ ՀՀԿ-ի ու իր սատելիտների` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, փոփոխության պահն է, դեմագոգիան ու պոպուլիզմը հավերժ են` ինչպես սոփեստությունը, բայց ճշմարտությունն էլ ունի բումերանգի պես վերադառնալու հավերժական իրավունք ու հնարավորություն: Այսօր այդ բումերանգը Նիկոլ Փաշինյանի ձեռքին է, վաղը մեկ ուրիշը կլինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը իր պահանջներից չի հրաժարվում, որովհետև չունի ոչ հետքայլի, ոչ առաջքայլի հնարավորություն: Եթե նույնիսկ նա այսօր հայտարարի` վերջ, գնում ենք տուն, նրա կոչով փողոց դուրս եկածները հենց այնպես տուն չեն գնալու` նրանց արդյունք է պետք: Սերժ Սարգսյանի հրաժարականը ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը կլինի 2018-ի ապրիլի վատագույն արդյունքը: Իշխանությունն ու պետությունը տարբեր կառույցներ են: Հրապարակը չի կարող պետություն կառավարել: Այսքանը երեկվա օրվա իրադարձություններից էր բխում:


Այսօր ժամը 11-ց Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական անհնազանդությունը կսկսի Էրեբունիում: Եթե ոստիկանությունը նորից ցուցարարներին բերման չենթարկի ու մահակով չհարձակվի նրանց ավտոմեքենաների վրա` ավելի մեծացնելով փողոց դուրս եկողների թիվը, երկուշաբթիի էլ նույն իրավիճակում կլինենք: Ու` ի՞նչ: Հարցը փողոցում չի լուծվում` իշխանությունն է ստեղծել այս իրավիճակը, իշխանությունն էլ պիտի գտնի լուծումը` Նիկոլ Փաշինյանը անվանում է ժողովրդական, թավշե հեղափոխություն, իսկ Հայաստանը ջնջեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու փաստացի նախագահի ընտրություն է անում: Ազատ, արդար: «Երախտամոռ» հասարակությունը վերադարձնում է ընտրակաշառքները, որ վերցրել է` կարգավիճակ տալով իշխելու: Իշխանությունը այլևս այլ արժեքներ պիտի տեսնի` եթե ուզում է մնալ իր դիրքերում: Հրաբուխը ժողովուրդն է: Իսկ աշխարհի բոլոր հրաբուխներն ունեն անակնկալ ժայթքելու սովոություն:


Ապրիլի 22-ի առավոտյան՝ ժամը 10-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Սերժ Սարգսյանին` Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հայտարարեց «Ազատության» ուղիղ եթերում. «Ինչպես հանրահավաքում հայտարարեցի, որ այսօր Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երեկ երեկոյան՝ մեր հանրահավաքի ժամանակ, պատրաստակամություն էինք հայտնել քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանները:


Երեկվա հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը։ Եվ ահա, վաղը առավոտյան՝ ժամը 10-ին, «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները նրա հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ»: Սա էլ այսօրվա սկիզբը:

Դիտվել է՝ 4602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ