Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում
24.04.2018 | 13:45

Միջազգային մամուլը արձագանքում է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Բրիտանական The Guardian-ը, անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, մեջբերել է նրա հրաժարականի տեքստի նախավերջին տողերը՝ «Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»:
Թերթն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի բանակցություններին՝ մեջբերելով Փաշինյանի խոսքը, թե նա եկել է հանդիպման միայն Սարգսյանի հրաժարականի պայմանները քննարկելու և ոչ երկխոսելու համար: The Guardian-ը ուշադրություն է հրավիրել նաև Պնախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, որ երկրի ներսում ստեղծված անկայունությունը կարող է ճանապարհ բացել հակառակորդի առավել ակտիվ գործողությունների համար:

The Independent-ը նշել է, որ Սերժ Սարգսյանի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և գրել, որ Երևանում բողոքի ակցիաների դուրս եկած քաղաքացիների թիվը հասել է 50 000-ի: The Independent-ը ուշադրություն է հրավիրել Սարգսյանի հրաժարականի տեքստի այն բառերին, որ հարցի լուծման այլ ճանապարհները իր համար չեն:
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ»։
Ռուսական «ՌԻԱ Նովոստին» հետաքրքրվել է փորձագետներից, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը որևէ կերպ կազդի՞ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ռուսաստանում Հասարակական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Բեսպալովը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները Սարգսյանի հեռանալով գլոբալ առումով չեն տուժի, սակայն մոտակա ժամանակահատվածում կարող են որոշակի անորոշության մեջ մտնել: «Եվ ես վստահ չեմ, որ Ռուսաստանը պետք է այս իրավիճակում ինչ-որ ակտիվություն ցուցաբերի: Ավելի լավ կլինի հայաստանյան քաղաքական դասակարգին հնարավորություն ընձեռել ինքնուրույն կարգավորել այս իրավիճակը»,- ասել է ռուս փորձագետը: Դրամատիկ ու կտրուկ փոփոխություններ հայ-ռուսական հարաբերություններում նա չի կանխատեսում՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է վատ անդրադարձ ունենալ թե Հայաստանի, թե Արցախի հետագա ճակատագրի համար:

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ