Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գյուլը մարտահրավե՞ր է նետում Էրդողանին

Գյուլը մարտահրավե՞ր է նետում Էրդողանին
25.04.2018 | 09:27

Թուրքիայի ԶԼՄ-ները գրում են, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը և «Լավ կուսակցությունը» (որ անջատվել է «Ազգայնական շարժում» կուսակցությունից, երբ նա ալյանս կազմեց իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության հետ) 2018-ի արտահերթ նախագահական ընտրություններում կարող են ընդդիմության միասնական թեկնածու առաջադրել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին: ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և ԼՊ-ի նախագահ Մերալ Ակշեները ակտիվ խորհրդակցում են ոչ միայն միմյանց, այլև Աբդուլլահ Գյուլի հետ: Գյուլն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, թեպետ թուրքական ու արևմտյան պարբերականները պարբերաբար ակնարկում էին, որ նա «դժգոհ է երկրում կատարվող սոցիալ-տնտեսական ու քաղաքական գործընթացների պարզ դիտարկողի դերից»: Գործընթացներ, որ նրա խոսքով` ապշեցնում են մարդու:

Նախկին նախագահն արտահայտել ու արտահայտում է իր անհանգստությունը Էրդողանի` նախագահական ինստիտուտի ամրապնդման ու խորհրդարանական համակարգից հեռանալու ծրագրերից: Շատ փորձագետներ համարում էին, որ ԱԶԿ-ի համահիմնադիր Գյուլը, լինելով զգուշավոր քաղաքականության մեջ, հազիվ թե հանդգնի մարտահրավեր նետել Էրդողանին: Վաշինգտոնի` Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Գենյուլ Տոլը գրում էր, որ նախկին նախագահը այդ քայլը կանի մեկ դեպքում միայն, եթե ստանա իր «կրակի տակ չլինելու» երաշխիք: Այդ դեպքում նա «հարմար պահին կանի վճռական քայլը»: Քայլն արված է: Habertürk հեռուստաալիքը հաղորդում է, որ Գյուլը հանդիպել է նախկին ԱԳ նախարար ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ` ԱԶԿ-ի ևս մեկ համահիմնադրի: Հավանաբար` շաբաթվա վերջին կլինեն կարևոր նորություններ: Սոցհարցումների համաձայն` ընդդիմադիր ԺՀՊ-ի ու ԼՊ-ի նախագահները չեն կարող իրենց կամ որևէ նոր ու անհայտ քաղաքական գործչի թեկնածությունն առաջադրել` տանուլ կտան Էրդողանին արդեն առաջին փուլում: ՈՒստի Թուրքիայի ներսում ու միջազգային ասպարեզում հեղինակությունը պահպանած Գյուլին միավորված ընդդիմության միասնական թեկնածու առաջադրելը լիովին արդարացված է: Անձնական հավակնությունները հետին պլան են մղվում հանուն գործող նախագահին հաղթելու: Գյուլը կարող է ստանալ գործնականում բոլոր ընդդիմադիր ուժերի ձայները` անկախ նրանց քաղաքական ծրագրերից: Կարող է Էրդողանից պոկել պահպանողականներին, ազգայնականներին, հավատացյալներին: Մյուս կողմից` Գյուլին իբրև «յուրայինի» կարող է ձայն տալ ԱԶԿ-ի «գաղտնի ընդդիմությունը», որ թույլ չտա Էրդողանին առաջին փուլում հաղթել, իսկ երկրորդում ռևանշի հասնել: Դա Ազգային ռազմական քոլեջի և Բրուկինգսի ինստիտուտի գիտաշխատող Օմեր Տաշպինարի գնահատականով` «շատ է անհանգստացնում» Էրդողանին, որ այդ դեպքում պետք է այնպիսի «իրադարձությունների ընթացք տա, որոնք Գյուլին թույլ չեն տա ինչ-որ քայլ հասցնել»:

Ի՞նչ իրադարձություններ: Al-Monitor տեղեկատվական պորտալը ենթադրում է, որ նախկին նախագահի դեմ կնետեն «մի կույտ կոմպրոմատ, որի մեծ մասը վերաբերում է քրդերի հետ նրա հարաբերություններին»: Թեպետ եթե Գյուլը համաձայնի դառնալ միավորված ընդդիմության միասնական թեկնածու, անկասկած, կստանա Արևմուտքի աջակցությունը, որ վաղուց նրան համարում է «միակ քաղաքական գործիչը, որ կարող է հաղթել Էրդողանին և վերականգնել կայունությունն ու օրենքի գերակայությունը Թուրքիայում»: Որոշակի հանգամանքներում կամ արդար ընտրության պարագայում Գյուլը գուցե ավելի մեծ աջակցություն ստանար Էրդողանից, ում վարկանիշները հիմա այդքան էլ խոստումնալից չեն: Stratfor-ի վերլուծաբանների կարծիքով` «Էրդողանի ժամանակների Թուրքիան անկանխատեսելի երկիր է` այնտեղ շատ իրադարձություններ են կատարվում` անկախ նրա ցանկոյթյունից կամ ցանկությանը դեմ»: Տարածաշրջանում էլ կատարվում են դրամատիկ իրադարձություններ, որ ազդում են ու կազդեն Թուրքիայի ներսում ծավալվող դեպքերի վրա, որտեղ պայքարը կարող է անկանխատեսելի ընթացք ստանալ: Էրդողանի գլխավորությամբ ԱԶԿ-ն փոխել է երկիրը գաղափարապես` սկզբնական իսլամիստական գաղափարախոսությունից ձևավորելով իսլամիստական-ազգայնական:

Էրդողանը ներկայանում է իբրև ազգի միակ առաջնորդ և չի զիջի իշխանությունը որևէ տեսակի ընտրության միջոցով: Առաջիկա օրերին կլինեն վճռորոշ քայլեր:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Բավական է` Էրդողանի խաղերից հոգնած Ռուսաստանը խաղադրույքը Էրդողանից տեղափոխի Գյուլի վրա, Էրդողանը տանուլ կտա ընտրությունները: Դա նաև Կրեմլի բարիկամեցողության ժեստ կլինի Արևմուտքին: Իսկ երեկ Էրդողանը լացացնող ուղերձ էր հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին` Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կրոնական արարողության առթիվ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և «շատ թանկագին հայազգի քաղաքացիներին» նա ողջունել էր «սիրով և իմ ամենասրտանց զգացումներով»: «Դուք այսօր համախմբվել եք Կոստանդնուպոլսո Հայոց Պատրիարքության հարկի տակ՝ վերհիշելու համար այն օսմանահայերին, որ մահացել են Առաջին աշխարհամարտի բարդ ու դժվարին պայմաններում»։ «Հերթական անգամ հարգանքով եմ հիշատակում մահացած օսմանահայերին, որոնց զավակներին ու թոռներին հայտնում եմ անկեղծ ցավակցություններս։ Այս առիթով ամենակարող Աստծուց հայցում եմ ողորմություն ու թողություն այն միլիոնավոր օսմանահպատակների համար, որոնց նույն ժամանակաշրջանում մենք կորցրինք համաճարակների, գաղթերի, պատերազմների ու բախումների հետևանքով»` գրել էր Էրդողանը: «Մենք պատմության ընթացքում եղել ենք մի ազգ, որը մրցակցության մեջ չի դրել ցավերը միմյանց հետ, խտրականություն չի դրել այդ ցավերի միջև, այլ միշտ կիսել է դրանք։ Մեր տարածքների բնակիչներից բացի, մենք միշտ փութացել ենք օգնության բոլոր նրանց, ովքեր հայտնվել են դժվարության մեջ՝ Անդալուզիայից մինչև Աֆրիկա, Հարավային Ասիայից մինչև Եվրոպա։ Սա անելիս նկատի չենք ունեցել մարդու հավատը, լեզուն, կրոնը, ազգությունը և մշակութային պատկանելությունը»` ստել էր նա ու վստահեցրել, թե «Թուրք ազգի խղճի և բարոյական կեցվածքի հրամայականն է՝ կիսել այն ցավերը, որ մեր հայազգի քաղաքացիները կրել են պատմության ընթացքում»` շռայլելով հար և նման բառակույտ: Փաստորեն` Հայոց ցեղասպանության 103-րդ ամյակն էլ օգտագործելով իր նախընտրական արշավի օգտին: Այսինքն` գործերն այնքան էլ փայլուն չեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ