Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մի քիչ մեր «թավշի» մասին

Մի քիչ մեր «թավշի» մասին
25.04.2018 | 09:30

Մի քանի օր շարունակ աշխարհի տարբեր թերթեր ու կայքեր գրում էին երևանյան իրադարձությունների մասին: Ավելի շատ արևմտյան, քան ռուսական: Սերժ Սարգսյանի հրաժարականը քաղաքացիական ընդվզումների եզակի հաղթանակ է նախկին խորհրդային հանրապետություններում: Սարգսյանը վճռեց բողոքները ուժով չճնշել` ի տարբերություն Յանուկովիչի` գրում է WSJ-ը:


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պուտինի հավատարիմ հաճախորդն էր, բայց նա թերագնահատեց իր քաղաքացիներին, երբ փորձեց կրկնել Պուտինի դասական մանևրը` գրում է The Washington Post-ը: «Քանի որ Սահմանադրությունը սահմանափակում է նախագահությունը երկու ժամկետով, նա սահմանադրական փոփոխություններ արեց, որով գործադիր իրավասությունների մեծ մասը փոխանցում էր վարչապետին, իսկ հետո հասավ նրան, որ խորհրդարանը իրեն վարչապետ նշանակեց (թեպետ տարիներով հերքում էր այդ մտադրությունը): Հետևանքը դարձան զանգվածային բողոքների 11 օրերը, որ երկուշաբթի օրը Սարգսյանին ստիպեցին հրաժարական տալ»: «Հասկանալի չէ` Սարգսյանի հեռանալը կբերի՞ իսկական փոփոխությունների Հայաստանի կառավարությունում կամ Կրեմլի նկատմամբ նրա ստրկահաճ վարքագծում, սակայն ժողովրդական ապստամբությունը հարվածում է պուտինյան ավտորիտար քաղաքական մոդելին»` գրում է թերթը:


«Վստահաբար Թրամփի վարչակազմը ոչ մի կապ չունի Հայաստանի դեպքերի հետ: Հայերին փողոց են դուրս բերել ոչ թե արտասահմանյան սադրանքները, այլ փաստը, որ Սարգսյանի խաղադրույքը Ռուսաստանի վրա չարդարացավ»` կարծում են The Washington Post-ի հեղինակները: Սարգսյանի օրոք տնտեսությունը ստագնացիայի մեջ է, բնակչության 10 %-ը հեռացել է երկրից, հայերի 30 %-ը աղքատության շեմից ցածր են հայտնվել: Պուտինը ցանկացածին կճնշի, ով կդառնա Սարգսյանի իրավահաջորդը վարչապետի պաշտոնում: Գուցե դա կուժեղացնի հայերի դիմադրությունը «հանցավոր, կոռումպացված ու տնտեսապես ձախողված մոդելին, մի խոսքով` պուտինիզմին»:


«Հայաստանի վարչապետը հրաժարական տվեց` նահանջելով ցուցարարների առաջ մի երկրում, որ սերտ ալյանսով կապված է սովետական նախկին տիրակալի` Մոսկվայի հետ»` The Wall Street Journal-ում գրում է Թոմաս Գրոուվը: «Սերժ Սարգսյանի հրաժարականը քաղաքացիական բողոքների եզակի հաղթանակ է նախկին խորհրդային հանրապետություններում և կարող է նվազեցնել հետագա անկայունության հավանականությունը Ռուսաստանի հարավային սահմանի մոտ լարվածության արեալում»` եզրակացնում է Գրոուվը: Հանգստությունը պահպանվեց շնորհիվ նրա, որ Սարգսյանը վճռեց ոստիկանության ուժերով չճնշել բողոքները: Գրոուվը հակադրում էր նրա գործողությունները Յանուկովիչին 2013-2014-ին ՈՒկրաինայում: «Մոսկվայի համար ավելի կարևոր է, որ բողոքի ակցիայի ժամանակ չէր վիճարկվում Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը, որ խոր արմատներ է ձգել Ռուսաստանի ազդեցության դաշտում: Ռուսաստանն անսովոր զուսպ արձագանքեց իշխանափոխությանը տարածաշրջանում, որ համարում է իր ռազմավարական «հետնաբակը»` գրում է Գրոուվը: Դմիտրի Պեսկովը այդ բողոքներն անվանեց Հայաստանի ներքին գործ: «Ռուսաստանը և Ռուսաստանի հետ կապված բիզնեսը վերահսկում է հայկական տնտեսության նշանակալից հատվածը և Սարգսյանի հրաժարականը հազիվ թե բերի քաղաքականության փոփոխություն»` կանխատեսում է Գրոուվը:


«Երբ Ռուսաստանի դաշնակից որևէ հետխորհրդային երկրում փողոցային բողոքների պատճառով ղեկավար է փոխվում, Վաշինգտոնից Մոսկվա վերլուծաբանները ավելի արագ են աշխարհաքաղաքական եզրակացություններ անում, քան հասցնում ես արտաբերել «Ջորջ Սորոս» բառերը»` հեգնում է Carnegie Endowment for International Peace-ի փորձագետ Թոմաս դե Վաալը: «Բայց երբեմն, ինչպես եղավ Հայաստանում վերջին մի քանի օրում, կառավարության պաշտոնանկությանը հանգեցրած բողոքները միայն բողոքներ էին, որ հանգեցրին կառավարության պաշտոնանկությանը»` գրում է նա Foreign Policy-ում: «Սարգսյանի անկումը աշխարհաքաղաքականության հետ կապ չունի: Առավելագույնը` ցույց է տալիս, որ հետխորհրդային վարչակարգերը այդքան ամուր չեն, որքան հեռվից թվում են և տարածաշրջանի վաղեմի վարչակարգերը լիովին կարող են խաղաղ փլուզվել` առանց արտաքին ազդակի»` գրում է Թոմաս դե Վաալը և բացատրում. «1999-ից երկրում իշխում էր Հանրապետական կուսակցությունը և երկու մարդ, երբեմնի մոտ ընկերներ` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նախագահ էին: Ապրիլին ավարտվեց Սարգսյանի երկրորդ ու վերջին նախագահական ժամկետը, որ իշխող խմբին դրեց դժվարին կացության մեջ: 2014-ին Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետ չի դառնա: Ապրիլին, այնուամենայնիվ, դարձավ` իր երեսպաշտության կամ իշխանությունն ընդմիշտ պահելու ցանկությունից դրդված, որ նրանից պահանջում էր իշխող էլիտան»:


«Ապրիլի 23-ի իրադարձությունները վերաբերում են ոչ միայն մեկ մարդու: 20 տարում ձևավորված համակարգի պտուղներն են, որտեղ խառնված են բիզնեսն ու քաղաքականությունը, իսկ բազմաթիվ հանցավոր անձինք ու ղարաբաղյան կոնֆլիկտի վետերաններ իրենց վերահսկողության տակ վերցրին տնտեսության եկամտաբեր ճյուղերը»` բացատրում է Թոմաս դե Վաալը: «Այդ առումով Հայաստանը չի տարբերվում հետխորհրդային այլ պետություններից` ինչպես Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը: Հայկական վարչակարգի աքիլլեսյան գարշապարը` ցուցարարներին ուժով ճնշելու վճռականության բացակայությունը, նրան պատիվ է բերում»` գրում է հեղինակը:


«Հայաստանում հեղինակություն չվայելող Սերժ Սարգսյանը տրվեց բազմօրյա բողոքների ճնշմանը: Դա ազդանշան է, որ դուրս է գալիս Հայաստանի սահմաններից հեռու, սակայն երկրի խնդիրները մնում են չլուծված»` գրում է Neue Zürcher Zeitung-ում Մարկուս Ակերետը: «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, Ես սխալվեցի»` հազիվ թե ցուցարարներից որևէ մեկը սպասում էր նման խոստովանություն վարչապետից: Սերժ Սարգսյանի հայտարարությունը Երևանին հրճվանք պարգևեց, շատերը լաց էին լինում` բողոքների գլխավոր նպատակը իրագործվել էր: «Կբավարարվե՞ն ցուցարարները չսիրված նախագահի հեռանալով, որ քաղաքականության ու տնտեսության կառավարման լծակները բաժանել է իր հավատարիմ բարեկամներին, ցույց կտա ժամանակը, սակայն տնտեսական ճգնաժամի, բարձր գործազրկության ու հեռանկարի բացակայության պայմաններում ոգևորված ու հավակնոտ հայ երիտասարդների համար արագ փոփոխություններ չեն լինի»` կարծում է Ակերետը: Մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի ընդդիմադիր «Ելք» դաշինքը ստացավ ընդամենը 7 %: Ռուս քաղաքագետները Փաշինյանի ու ցուցարարների պահվածքն անվանում էին անվայել: Ակերետն առարկում է` նախ և առաջ խոսքը խախտված խոստումների ու իշխանության ղեկին կանգնած մարդկանց անվայել պահվածքի մասին է: Վերլուծաբանները նաև սխալվում էին, որ բողոքները արդյունք չեն ունենա: Ստիպված էին համոզվել, որ սխալվել են նաև այն «փորձագետները», որ կարծում էին` հետխորհրդային տարածքում խաղաղ ցույցերի ժամանակներն անցել են: Դիտորդները Երևանում զարմացած էին` ինչպես սակավամարդ բողոքները հաջողվեց վերածել աշխարհաքաղաքական խաղի միջոցի:

«Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ազդեցությունը Հայաստանի շատ բնակիչներ համարում են չափազանց մեծ, սակայն այդ ազդեցությունը օգնում է ապրել անբարեհամբույր շրջապատում` հարևան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանքի պատճառով: Ադրբեջանի հետ փաստացի պատերազմ է Լեռնային Ղարաբաղի չլուծված կոնֆլիկտի պատճառով: Մերձեցումը Եվրոպայի հետ ցանկալի է Երևանի համար, բայց, հավանաբար, ոչ Մոսկվայի հետ հարաբերությունների հաշվին»` գրում է Ակերետը:
Մոսկվայում ոչ բոլորն են ուրախանում նոր թավշե հեղափոխության արդյունքներից: Կրեմլամերձ վերլուծաբան Սերգեյ Մարկովը The Daily Beast-ին ասել է. «Բոլոր գունավոր հեղափոխությունները սարքում են ամերիկյան կառույցները` ՈՒկրաինայում ԿՀՎ-ն էր, Հայաստանում` Ջորջ Սորոսը, նա է վճարել այդ պետական հեղաշրջման` ժողովրդավարության լուրջ խախտման համար»: Նրա խոսքով` հայկական հեղափոխությունը Մոսկվային շոկի մատնեց. «Դա անհավանական նորություն է, բայց մեր պետական ալիքները Երևանից կարճ ու ժլատ ռեպորտաժներ են տալիս, որովհետև չգիտեն` ինչպես արձագանքել»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, ավելին են գրել, բայց հիմնականում նույնը: Ինչքան տարբեր է այն ամենից, ինչ կատարվում էր Երևանում` յուրաքանչյուր երկրի լրագրող մեր երկրում կատարվող իրադարձությունները վերլուծում է իր երկրի տեսակետից` առանց խորանալու ու իմաստավորելու: Խնդիրը կարճ ժամանակը չէ, ժամանակի տրենդն է` արագ ու մակերեսին: Գուցե մենք էլ այդպես սահեցինք մեր «թավշի» վրայով և ավելի շատ չգրեցինք, քան գրեցի՞նք:

Դիտվել է՝ 2612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ