USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Խտրություն չդնելով միջոցների միջև` Փաշինյանը փորձում է զավթել իշխանությունը»

«Խտրություն չդնելով միջոցների միջև` Փաշինյանը փորձում է զավթել իշխանությունը»
26.04.2018 | 12:50

«Իրատեսի» հարցերին պատասխանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:


-Ձեր կարծիքով` Հայաստանում կատարվածը հեղաշրջու՞մ է, թե՞ հեղափոխություն։
-Ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը: Մենք մեզ նման շռայլություն թույլ տալու իրավունք չունենք, և սա պետք է հասկանան բոլորը: Եվ եթե ոմանք չգիտեն, ապա թող իմանան, որ տիեզերական պատմության մեջ առաջին հեղափոխությունն արել է սատանան, որն ըմբոստացավ Աստծո դեմ, իսկ մենք աստվածային ազգ ենք:
-Ինչու՞ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց` նյարդերը չդիմացա՞ն, թե՞ կային այլ պատճառներ։
-Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի խոսքում ամեն ինչ շատ հստակ ասել է: Նա ամեն ինչ արեց, որ արյուն չհեղվի և որ բոլորին պարզ դառնա, թե որն է Փաշինյանի իրական նպատակը:
-Դուք ասում էիք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը սխալ էր, ի՞նչ նկատի ունեիք։
-Հիմա էլ կրկնում եմ նույնը, որովհետև շատ լավ գիտեի, թե ինչ է ուզում իրականում պարոն Փաշինյանը։ Ցանկացած ընդառաջ քայլ նա համարում է իշխանությունների թուլության նշան և փորձում մեծացնել ճնշումը, որևէ խտրություն չդնելով միջոցների միջև, և այդ միջոցով փորձում է հասնել իր իրական նպատակին՝ իշխանության զավթմանը, ինչն այսօր ուղղակի ակնառու է: Մենք դա թույլ տալու իրավունք չունենք, ոչ թե որովհետև կողմ ենք, կամ դեմ Փաշինյանին, կամ չգիտենք այն խնդիրների մասին, որ անխոս առկա են Հայաստանի Հանրապետությունում, այլ որովհետև դա կունենա շատ ծանր հետևանքներ, և ամենամեծ վտանգը, որ վստահորեն կկանգնի մեր առջև, տարածքային լուրջ կորուստներն են, որոնց համար ավելի քան 30 տարի մեր ժողովուրդը դիմացել է բոլոր զրկանքներին: Փաշինյանն իր այդ քայլով կորցնում է պատմական պահն ու շանսն իսկապես լուրջ փոփոխություններ կատարելու, որին այսօր պատրաստ է իշխանությունը: Կորցնելով այդ պահը՝ նա կորցնելու է ամեն ինչ՝ մնալով կոտրած տաշտակի առաջ:
-Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, իսկ ՀՀԿ նախագահի՞, ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում։
-Ես չեմ անդրադառնա այն ստահոդ լուրերին, որոնք այսօր մեծ փութաջանությամբ տարածում են անհայտ նպատակներ հետապնդող մարդիկ, կայքեր, լրատվամիջոցներ և հատկապես հանրահավաքի ամբիոնից: Ամենապարզ օրինակը մեր անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանի հայտնի «պապիկի» հայտնությունն էր հանրահավաքում: Մարդիկ իրենց նպատակներին հասնելու համար պատրաստ են ոտնահարել ցանկացած սրբություն, մնացած ամեն բան թողնում եմ ձեր դատին:
-Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի «ժողովրդին միանալը», նշանակու՞մ է դա «ժողովրդի վարչապետին՚»կողմ քվեարկել ԱԺ-ում։
-ԲՀԿ-ի և նրա առաջնորդ պարոն Ծառուկյանի դիրքորոշումն անչափ կարևոր է ու վճռական, որովհետև պարոն Ծառուկյանի ժողովրդավարությունը շատ ավելի բարձր է, քան նրանցը, ովքեր այսօր ցանկանում են հանդես գալ ժողովրդի անունից: Եվ կարծում եմ՝ ԲՀԿ-ն հստակ ասաց, որ իրենք ժողովրդի կողքին են և ոչ Նիկոլ Փաշինյանի, և դրանով ամեն ինչ ասված է:
-Սպասելի՞ էր ՀՅԴ-ի դուրս գալը ՀՀԿ-ի հետ կոալիցիայից։
-Թույլ տվեք որպես նախկին դաշնակցական այս հարցին չանդրադառնամ զուտ էթիկայի կանոններից ելնելով:
-Թավշե, ժողովրդական հեղափոխությունը ե՞րբ կավարտվի Հայաստանում և ինչո՞վ։
-Նման հեղափոխություն ես չեմ տեսնում, ուստի չեմ կարող խոսել դրա ավարտի մասին: Հայաստանում կյանքը պետք է շարունակվի բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (իմ կողմից միշտ քննադատված ու ոչ պրոֆեսիոնալ գրված) և օրենքների շրջանակներում:
-Կարեն Կարապետյանը շանսեր ունի՞ վարչապետ դառնալու և ո՞ր դեպքում։
-Միանշանակ, և դա կլինի ամենաճիշտ լուծումը:
-Ձեր կարծիքով` կա՞ արտաքին ազդակ Հայաստանում կատարվող իրադարձությունների մեջ։
-Կա՞ն մարդիկ, ովքեր նայելով տեսնում են ու չե՞ն հավատում, ուրեմն երանի նրանց, ովքեր չտեսնելով հավատացին…


«Իրատեսի» քաղաքական բաժին

Դիտվել է՝ 3368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao