Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրո ու համերաշխության հեղափոխությու՞ն

Սիրո ու համերաշխության  հեղափոխությու՞ն
27.04.2018 | 00:26

Բարի լույս, հեղափոխական հայեր: Հուսամ` հեղափոխություն անողների ձայնալարերը վերականգնվել են, ինչպես չանողների լսողությունը` ապրիլի 23-ից ու 25-ից հետո: Երկուշաբթին ծանր օր էր: Կդառնա՞ 2018-ի ապրիլի 23-ի երկուշաբթին Հայաստանի համար սկիզբ: Ինչի՞ սկիզբ:

Ի՞նչ ունենք հիմա.
1. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ընդունեք-չընդունեք` բարձր նոտայի վրա: Զուսպ ու արժանապատիվ` առանց պատասխանատվությունը որևէ մեկի կամ ուժի վրա գցելու` ի տարբերություն առաջին նախագահի, որ հրաժարական տալիս հայտարարեց` խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը: Սերժ Սարգսյանը հեռացավ, թեև ուներ մնալու տարբերակներ, որ «իրենը չէին», նա նաև «մաքրվեց» 2008-ի մարտի 1-ից` սահմանազատվելով թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանից, թե՛ Ռոբերտ Քոչարյանից:


2. Ի՞նչ է կատարվում Հայաստանում` թավշյա, ժողովրդական հեղափոխությու՞ն, թե՞ հեղաշրջում` այս հարցի պատասխանը որևէ մեկն ունի՞:


3. Սերժ Սարգսյանը չէր խառնվում ՀՀԿ-ի գործերին, թեպետ ՀՀԿ նախագահն է: Ապրիլի 25-ին նա ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հրավիրեց հանդիպման, որից հետո խմբակցությունը տեղեկացրեց, որ նույն օրը հանդիպել են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է եղել հանդիպման միայն առաջին մասին, մանրամասն ներկայացրել է հրաժարականի պատճառները և խոսել ԱԺ-ում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, որ «ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն ՀՀԿ-ի միասնության շնորհիվ»։ Ամենայն հավանականությամբ` նա կհեռանա նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից: Հակառակ կանխատեսումների` ՀՀԿ-ում առնետավազք չկա: Մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Կարեն Կարապետյանին:


4. Սերժ Սարգսյանի հեռանալուց 3 րոպե առաջ «համաժողովրդական» դարձած ԲՀԿ-ն ապրիլի 25-ին անցավ հեղափոխության կողմը և փաստացի դադարեց ՀՀԿ-ի ապահովության բարձիկը լինել, դեռ երեկ նրանք հանդիպումների ու խորհրդակցությունների մեջ էին ու հայտարարում էին նույնը` լինելու են ժողովրդի կողքին: Թերևս «Ծառուկյան» դաշինքը առաջադրի իր թեկնածուին, գուցե նաև որոշի ազատ քվեարկություն, եթե թեկնածու չառաջադրի: ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հրաժարվելը «հայրենասիրական» սեպեց ՀՅԴ-ն, և երեկ հրաժարական տվեցին ՀՅԴ-ի նախարարներն ու մարզպետները: ՀՅԴ-ն, որ հայտարարում էր, թե դեմ է արտահերթ ընտրություններին, և իրավիճակը լիցքաթափվեց իր նշած ճանապարհով, մի ձեռքով փորձում է հեղափոխության մի ջահ էլ ինքը վառել, մյուս ձեռքով մնալ իշխանության կողքին: Մինչև մայիսի 1-ը նրանք պիտի կողմնորոշվեն` ում և քանի ձայն են տալիս: «Լուսավոր Հայաստանը» միացավ Նիկոլ Փաշինյանին. «Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը միայն կարող է այն կապիտալիզացնել: «Լուսավոր Հայաստանը» կլինի Հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: ՀՀԿ-ն կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»` հայտարարեց ԼՀԿ-ն: «Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»` հայտարարեց «Հանրապետությունը»:

5. «Հեղափոխության գնացքի» վերջին վագոններում տեղավորվեցին ՀԱԿ-ն ու… ՕԵԿ-ը: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը ջերմորեն շնորհավորեց «Հայաստանի ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրան անխուսափելիորեն հետևող՝ քրեաօլիգարխիկ համակարգի փլուզման կապակցությամբ» և թեթևամտորեն արձանագրեց` «Այսօրվանից սկսած բոլորս ապրում ենք այլ Հայաստանում»` խնդիր դնելով «նույն հետևողականությամբ և ոգեշնչմամբ մեր հասարակությունը պետք է լծվի նոր, ժողովրդավարական Հայրենիքի կառուցման գործին», ՕԵԿ-ը զարմացրեց. «Վերջին մեկ շաբաթվա ՕԵԿ-ի խոհեմ քաղաքական հայտարարությունները՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, երաշխավորեցին իրավիճակի խաղաղ և անցնցում հանգուցալուծումը: ՈՒստի հայտարարում եմ, որ ՕԵԿ-ը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ»` փաստորեն Արթուր Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի դափնեպսակը պոկոտեց:


6. Կարեն Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի բանակցությունները չկայացան` ապրիլի 25-ին հրապարակի կարգախոսը դարձավ «Մերժիր ՀՀԿ-ին»: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի ոչ մի թեկնածու չի կարող վարչապետ լինել: Կարեն Կարապետյանը բնական զարմանք էր արտահայտում, որ բանակցողը թելադրում է բանակցության մյուս կողմի մասնակիցների ձևաչափը:


7. Սերժ Սարգսյանը հեռացավ, բայց կա տասնամյակներով ստեղծված ու ամրակայված օլիգարխիկ համակարգը, որ կենսապահովման համար միշտ տեր է փոխել: Նրանք հիմա էլ կգերադասեն «մուծվել» նոր տիրոջը` ստվերում պահպանելու ունեցածը ու մենաշնորհները տնտեսության մեջ: Փողոցային հեղափոխությունը և «ժողովուրդն է իշխանության տերը» հայտարարությունները ռեալ տնտեսության մեջ չեն աշխատում, նույնիսկ երբ հայտարարվում է, որ «վենդետա ու վրեժխնդրություն» չի լինելու: Վենդետան ֆիզիկական ոչնչացումն է: Վենդետա չի լինելու, բայց մրցակցության ու սպիտակ դաշտում գործելու պայմանն արդեն վենդետա է` շահույթները նվազեցնելու սպառնալիքով:


8. Ամբողջ քաղաքում արտաքուստ քաոսային որոշումների ու քայլերի խորքում երևում է, որ ինչպես 14+4-ը, այնպես էլ հաջորդ քայլերը Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակիցների գլխում չեն ծնվում` ինչ-որ ձեռք ուղղություն ու գործողությունների գծագիր է տալիս` հաջորդականորեն սահմանելով փողոցի պահանջները, ինչ-որ պահից` փորձելով իշխանությանը քայլեր թելադրել: Ինչո՞վ էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի անհողդողդ համոզվածությունը, որ նոր Մարտի 1 չի լինելու, և 10 օր փողոցում կանգնելուց հետո Սերժ Սարգսյանը հեռանալու է: Նա նույնիսկ հորդորում էր Սերժ Սարգսյանին փոխանցել, որ անվտանգության երաշխիքներ է տալիս նրան ու նրա ընտանիքին: Նոր Նոստրադամու՞ս ունենք, թե՞ ի սկզբանե երաշխիքներ ստացած խաղացող` սա պայքարի առաջին փուլում, որ ավարտվեց Սերժ Սարգսյանի հրաժարականով: Ապրիլի 25-ին փոխվեցին և խաղը, և կարգախոսը: Անձի դեմ անձի պայքարը, որի մեջ ժողովրդին հատկացվել էր զինվորիկի դեր, վերաճեց իշխանափոխության` պայքար ՀՀԿ-ի դեմ, որ 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքների վերանայում է:


9. Մինչ ԱՄՆ պետդեպարտամենտն ու ԵՄ-ն մտահոգ հայտարարություններ էին անում` մարդու իրավունքների ու ազատությունների պահպանում պահանջելով, Մոսկվան լռում էր, միայն ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի շուրթերով հայտարարելով` դա հայերի ներքին գործն է: Մի պետություն, որ Հայաստանում ունի տնտեսության այդ չափի սեփականություն ու ֆինանսական կապիտալ, Հարավային Կովկասի միակ ռազմաբազան, որ Հայաստանի հետ կապված է ԵԱՏՄ-ով, ԱՊՀ-ով ու ՀԱՊԿ-ով, հանգիստ կարող է լինել մի դեպքում` երբ հստակ գիտի ինչ է կատարվում ու ինչով է ավարտվելու: Նրանք նույնիսկ ալարեցին ասել, որ Հայաստանում «նարնջագույն հեղափոխություն է» և միայն վարչապետի հրաժարականից հետո հեռուստաշոուներում սկսեցին տեսնել ԱՄՆ-ի ամենահաս «մատը»` դարձյալ շրջանցելով հարցը` ՌԴ-ն ԱՄՆ-ին «հանձնե՞ց» Հայաստանը: Առաջին փուլում Հայաստանում պետական հեղաշրջում կատարվեց, որով երրորդ ժամկետի գնացող վարչապետը փոխարինվեց 2016-ից Հայաստան եկած վարչապետով, որ իրենց իսկ խոսքով` «տնտեսապես ավելի խելամիտ է»: Դատելով իրենց հայտարարություններից, ոչ ոստիկանությունը, ոչ ԱԱԾ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ ԱԳ նախարարը, ոչ ՀՀ նախագահը այդ «ճանապարհային քարտեզի» խաղացողներ չէին: Երկրորդ փուլում` ապրիլի 25-ին, իրավիճակը անկառավարելի էր` Կարեն Կարապետյանը կանգնեց փաստի առաջ` Նիկոլ Փաշինյանը չի պահում ոչ մի պայմանավորվածություն: Նա գնում է վարչապետության` թիկունքում ունենալով փողոցը:


10. Հընթացս «ճանապարհային քարտեզը» շտկվում էր: Կար տարբերակ, որ իշխանությունները կդիմեն ճակատագրական բռնությունների, և այլևս Բրյուսելը հնարավոր չի համարի վավերացնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը «ժողովրդավարությունից շեղված» Հայաստանի հետ, ու Մոսկվան մեծահոգաբար կների եվրոպաներում բարեկեցություն ու ապագա որոնող «անառակ որդու» վերադարձը` պայմաններ դնելով «տուն» թողնելու համար: Ի՞նչ չունի Մոսկվան դեռ Հայաստանում: Ղարաբաղը:
Ապրիլի 26-ին նորից իրավիճակ փոխվեց` Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացավ, որ փողոցներն անիմաստ փակելը ուղղվում է իր դեմ ու դիմեց դեմագոգիայի. «Կան մարդիկ, ովքեր այս իրավիճակից օգտվում են։ Ես մտածում եմ, որ այդ գործողություններն արվում են մտածված՝ մեր հավաքը վարկաբեկելու համար։ Դա արվում է հատուկ մեր բարձր հեղափոխությունը վարկաբեկելու համար։ ՈՒզում եմ հիշեցնել, որ էդ ճռիկ-վռիկ անողներն են եղել նաև պատճառը, որ էս հեղափոխությունը տեղի է ունեցել, մարդիկ զզվել են էդ ճռիկ-վռիկներից։ Ես կոչ եմ անում Երևանի բոլոր ճանապարհներն ապաշրջափակել և ապահովել, որ չլինեն առանց պետհամարանիշի մեքենաներ։ Կոչ եմ անում բոլոր վարորդներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները»: Անիմաստ է թվարկել` քանի հայտարարություն արեցին, հրապարակային ու կուլիսային հանդիպում ունեցան նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, բայց նրանք չունեն երկխոսության կողմ` նրանց դիմաց հեղհեղուկ ու անկայուն ակտիվիստ է, որ անվերջ տեսակետ է փոխում ու ամեն ինչ գցում… ժողովրդի վրա: Սքանչելի, ազնիվ ու պայքարի մեջ աչքերը փակ նետվող երիտասարդների` իրենց անպարագիծ նվիրումով ու վստահությամբ, որ Հայաստանն են փրկում: Ցանկացած հեղափոխություն կամ հեղաշրջում միշտ օգտագործում է բիոզանգված, իսկ հետո` ուրանում նրան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ապրիլյան Հայաստանը սքանչելի նվեր մատուցեց ինքն իրեն ու աշխարհին` արտաքուստ ապացուցելով, որ հետխորհրդային տարածքի սինդրոմը իր համար չէ, մնում է ինքն իրեն ապացուցի, որ ունակ է հեղափոխության հետևանքով երկիրը քաոսի մեջ չմխրճել: Ամենաբնորոշը այս օրերին Նիկոլ Փաշինյանի թիմի հակասական հայտարարություններն էին` սկսած վարչապետի պաշտոնակատարի հրաժարականից մինչև այս ու այն մարդուն հարթակ տրամադրելը: Լրատվամիջոցներով կեղծիքներ սփռելն այնքան էլ պատիվ չի բերում թավշե «հեղափոխականներին»: Այս հեղափոխության ամենաողբերգական կերպարը մնում է Արմեն Սարգսյանը` ինչ ակնկալիքներով եկավ ու որտեղ հայտնվեց: Ամենայն հավանականությամբ` Աժ արտահերթ ընտրություններ չեն լինի, իսկ եթե լինեն` նա գուցե մեկ տարի էլ չնախագահի: Մնում է` կամ վերադառնալ Լոնդոն, կամ կուսակցություն ստեղծել ու խորքով խրվել հայ անհասկանալի քաղաքական ասպարեզում` հանուն Հայաստանի չորրորդ հանրապետության, որ փաստորեն դարձավ մարգարեական խոսք:
Կհերիքի՞ «բիոզանգվածը» Նիկոլ Փաշինյանին, որ ամեն օր ասում է «Մենք հաղթել ենք» ու շարունակում հանրահավաքները: Եթե հաղթել ես, ի՞նչ իմաստ ունի ամեն երեկո Հանրապետության հրապարակում բեմ բարձրանալ` ճչալու հաղթանակի մասին: Պետությունն ու իշխանությունը տարբեր են` պետության հետ խաղերը ճակատագրական են, ոչ ոք իրավունք չունի պետությունը վտանգել` իշխանության համար խաղերում: Սիրո ու համերաշխության հեղափոխությունը չի կարող պետության դեմ լինել: Բումերանգը միշտ է վերադառնում:

Դիտվել է՝ 4103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ