Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքացիական նման շարժումները, որպես կանոն, Սորոսի հիմնադրամի կողմից աջակցություն ստացող կազմակերպություններն են

Քաղաքացիական նման շարժումները, որպես կանոն, Սորոսի հիմնադրամի կողմից աջակցություն ստացող կազմակերպություններն են
27.04.2018 | 01:20

Այն, ինչ տեղի ունեցավ և դեռ շարունակվում է Հայաստանում, 10-15 օրվա ընթացքում մի քանի տրանսֆորմացիայի ենթարկվեց։ Շարժումը, որն ուղղված էր մարդու դեմ և կրում էր «Մերժիր Սերժին» կարգախոսը, ինչ-որ մի կետից վերափոխվեց, շարժման առաջնորդի բնորոշմամբ, թավշյա հեղափոխության։ Հիմա արդեն մենք ականատես ենք մի գործընթացի, որը կարելի է բնորոշել որպես գունավոր հեղափոխություն։


Սկզբնական փուլում ակնհայտ էր, որ ամբողջ գործընթացում կային արտաքին խաղացողներ, սակայն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից իրադարձություններն ավելի շատ հիշեցնում էին հասարակական, քաղաքացիական շարժում, կազմակերպիչներն էլ, որքան հնարավոր է, իրենց զերծ էին պահում քաղաքական կարգախոսներից։ Այնուամենայնիվ, շարժման քաղաքացիական կազմից, ներգրավված լրատվամիջոցների ցանկից ելնելով՝ կարելի էր եզրակացնել, որ այս ամենի հետևում արտաքին խաղացող կա։ Այսօր արդեն հստակ երևում է, որ այն ուժերն են կիրառում այս ռեսուրսներն ու տեխնոլոգիաները, որոնք բավականին լավ յուրացրել են ցանցային անհնազանդության մեթոդները, ինֆորմացիոն տեխնոլոգիաների նրբությունները և այլն։ Քաղաքացիական նման շարժումները, որպես կանոն, Սորոսի հիմնադրամի կողմից աջակցություն ստացող կազմակերպություններն են։
Եթե իրադարձությունների սկզբնական փուլում հստակ չէր երևում միջազգային աջակցությունը, ապա թավշյա հեղափոխության վերափոխվելուց հետո ակտիվացան նաև արտաքին կառույցները։ Իհարկե, շատ հետաքրքիր էր այն, որ թեև կար Սորոսի հետքը, Ռուսաստանի Դաշնությունն իրեն, այնուամենայնիվ, շատ չեզոք էր պահում, չափազանց զգույշ էր գնահատականներում և անընդհատ շեշտում էր, որ Հայաստանում տեղի ունեցողն այս երկրի ներքին գործն է։ Ռուսները, ինչպես նախկինում, անհանգստության նշույլներ չէին ցուցադրում և տեղի ունեցողը որպես Մայդան չէին բնութագրում։ Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր նրանով, որ ռուսներն այս անգամ փորձում էին (ինչպես ընդունված է տնտեսագիտության մեջ ասել) ձվերը տարբեր զամբյուղներում դնել, որպեսզի հերթական անգամ չդառնան ոչ պոպուլյար ռեժիմի պաշտպաններ, ինչպես դա լինում էր ԱՊՀ այլ երկրներում։ Նշվածի ամենացայտուն օրինակը ՈՒկրաինայում Յանուկովիչի հետ պատմությունն էր, որտեղ վստահություն չվայելող ռեժիմն ուղղակիորեն ասոցացվում էր Ռուսաստանի հետ։ Ռուսական իշխանություններն այս անգամ շատ ավելի ճկուն էին խաղում։ Հետաքրքիր էր, որ ոչ թե Հայաստանից էին անընդհատ արդարանում՝ նշելով, որ մայդանային տարրեր չկան, այլ ռուսներն իրենք էին փաստարկներ բերում հայկական իրադարձությունների՝ ուկրաինական սցենարների հետ աղերսներ չունենալու առնչությամբ։
Պետք է նկատենք, որ բավականին ճկուն էր գործում նաև շարժման ընդգծված առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, առիթը բաց չէր թողնում շեշտելու, որ այս շարժումը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ուղղված չէ, և նրանցից ոչ մեկն այս գործընթացներում ուղղակի ներկայացված չէ։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ռևերանսներ էր անում Ռուսաստանի նկատմամբ՝ հանրահավաքներում մեջբերելով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները։


Շարժման սկզբնական փուլում նույնը զգացվում էր նաև Արևմուտքի մոտ։ Բայց այն պահից սկսած, երբ ԱՄՆ Սպիտակ տան վարչակազմի պատասխանատուն և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձան Հայաստանի իրադարձություններին, հասկանալի դարձավ, որ արտաքին ռեսուրսները միանում են խաղին։ Թեև իրենց հայտարարություններում արևմտյան կառույցները զսպվածության կոչեր էին անում, որպեսզի կողմերը երկկողմանի բռնություններից զերծ մնան, բոլորն այնուամենայնիվ հասկանում էին, որ նման հայտարարությունները հիմնականում ուղղված են իշխանություններին, ում ձեռքում է ուժային ռեսուրսը։ Այս ֆոնին ակներև էր Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող տեխնոլոգիաներից մեկը, երբ նա հայտարարում էր, որ գործ ունենք խաղաղ, բաց ձեռքերով շարժման հետ։ Սա ենթադրում էր, որ եթե բռնություն գործադրվի, ապա դա կլինի միայն իշխանության կողմից։ Սովորաբար երբ արևմտյան երկրներում, դեսպանատներում շահագրգիռ են, որպեսզի տվյալ երկրում գործընթացները զարգանան, վատ քողարկված հայտարարությունները առաջին հերթին որպես զսպաշապիկ են հանդես գալիս իշխանությունների համար։


Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա այս ընթացքում առանձնապես ակտիվ և ուղղորդված էին պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես արևմտյան երկրներից սնվող ԶԼՄ-ները։ Այդ ռեսուրսները 24-ժամյա ռեժիմով ուղիղ եթերում լուսաբանում էին տեղի ունեցողը։ Դա մի կողմից PR մեծ ռեսուրս է, ընդդիմադիր զանգվածներին ոգևորող ռեսուրս, մյուս կողմից` նաև պաշտպանող գործոն, քանի որ ուղիղ եթերում՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ, այնուամենայնիվ, դժվար է բռնություն գործադրել։ Եթե մինչինտերնետային դարում շատ երկրներում գունավոր հեղափոխություններն իրականացվում էին ամերիկյան որևէ լրատվամիջոցի, օրինակ CNN-ի միջոցով, ապա հիմա դրա կարիքը չկա, քանի որ սոցիալական ցանցերով, ինտերնետով այդ ամենն ապահովվում է։
Արտաքին ուժերի ներկայացվածությունն այս ամենում շատ ցայտուն երևաց, երբ հանրահավաքի վայրից ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանն իր ընկերների հետ։ Ամենաբարձր մակարդակով՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցչի շուրթերով հայտարարություն արվեց, այն էլ կիրակի օրով, ձերբակալվածների անհապաղ ազատ արձակման մասին։ Միջազգային կառույցներն ուղղակիորեն խաղի մեջ մտան և փաստորեն ճնշումներ սկսեցին գործադրել ՀՀ իշխանությունների վրա։


Ռուսաստանի որոշակի չեզոքությունը պայմանավորված է մի քանի գործոնով. մի կողմից` կար Սերժ Սարգսյան, որն ամենայն հավանականությամբ հանգստացնում էր դրսին՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ վերահսկողության ներքո է։ Մյուս կողմից` նրանք համարում էին, որ Հայաստանի երկրորդ դեմքը՝ Կարեն Կարապետյանը, նույնպես ռուսական դրածո է, և եթե ինչ-որ բան լինի, ապա նա խաղի մեջ է։ Այս առումով ռուսները որոշակի հանգստություն ունեին։ Այս իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանի շարժումն այնպիսի թափ է հավաքել, որ իշխանության ապագան այնքան էլ լուսավոր չի երևում, չի բացառվում, որ ռուսներն ավելի կոշտացնեն իրենց դիրքորոշումը թե քարոզչական, թե քաղաքական, թե այլ ռեսուրսների առումներով։ Այնուամենայնիվ կա ենթադրություն, որ Ռուսաստանում բավական մեծ մտահոգություններ կան Հայաստանի հետ կապված, և շատ հնարավոր է, որ չեզոք քաղաքականությունը տրանսֆորմացիայի ենթարկվի։
Բացի այդ, հեղափոխականների ճամբարում Սերժ Սարգսյանի հրաժարականից ընդամենը 5 րոպե առաջ Գագիկ Ծառուկյանի և նրա կուսակցության հայտնվելը ցույց է տալիս, որ ռուսները դիվերսիֆիկացնում են իրենց մասնակցությունը երկու ճամբարում էլ։ Եվ դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք ի սկզբանե էլ բոլոր ժամանակների այդ օլիգարխն ընդդիմադիրների ճամբարում չի եղել, և արդյո՞ք ապագայում չի կրկնվի այն, ինչ եղավ ՈՒկրաինայում, երբ հեղափոխությունն արեցին ազնիվ մղումներից ելնող երիտասարդները, իսկ նախագահ դարձավ նույնպես բոլոր ժամանակների օլիգարխ Պորոշենկոն։


Այն, որ Ռուսաստանը զգալիորեն ակտիվանում է և փորձում իր մասնակցությունն ունենալ իշխանական ապագա կոնֆիգուրացիայում, վկայում է նաև այն, որ մեկ օրվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույց ունեցան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նույնիսկ Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը։ Հասկանալի է, որ այս ակտիվությունն ուղղակի մեսիջ է թե՛ Արևմուտքին, թե՛ հեղափոխականներին, որ հենց այնպես Ռուսաստանին շրջանցել չի լինի, և աշխարհաքաղաքական ներկա հավասարակշռությունը պետք է պահպանվի։ Այս առումով հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակից Արարատ Միրզոյանը Հայաստանում ՌԴ դեսպանատանը հանդիպում են ունեցել, ինչպես Փաշինյանը հանրահավաքում տեղեկացրեց, «Մոսկվայի ներկայացուցիչների» հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասվել, է, որ կառուցողական բնույթի բանակցություններ պետք է անցկացվեն։ Թե էլ ինչ է ասվել, բնականաբար, նման դեպքերում չի բարձրաձայնվում։
Արտաքին վերաբերմունքն ու ազդեցությունն այսօր շատ կարևոր են դարձել, քանի որ ներսում կարծես թե ուժերի հարաբերակցությունը շատ սրընթաց փոխվում է։ Արտահերթ ընտրությունների վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, սակայն եթե դրանք կայանան, ապա անցկացնելու մեթոդոլոգիան տրամագծորեն տարբերվում է։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության ճնշման մեթոդով է ցանկանում գնալ՝ գործարկելով իշխանության կապիտուլյացիայի տարբերակը, իսկ կառավարությունը փորձում է ձգել ժամանակը, ռեսուրսներ մոբիլիզացնել, որպեսզի ի վերջո կարողանա բաց բանակցություններում (ակնհայտ է, որ կան նաև քողարկված բանակցություններ) ապագա իշխանական կոնֆիգուրացիայի շուրջ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել այսօրվա ընդդիմության հետ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ