USD485.28
EUR552.35
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Հանրային խորհուրդը հիմնականում ձևական կառույց է եղել, այլապես զանգվածները չէին ընդվզի, որքան էլ նրանց հրահրող լիներ

Հանրային խորհուրդը հիմնականում ձևական կառույց է եղել, այլապես զանգվածները չէին ընդվզի, որքան էլ նրանց հրահրող լիներ
27.04.2018 | 01:48

Ապրիլի 25-ին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը. «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և, անկեղծ ասած, ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով»:


Հայաստանում կատարվածը ֆանտաստիկ էր, թե ոչ, այլ խնդիր է, քննարկման այլ նյութ (այս առումով, հավանաբար, տարբեր կարծիքներ կլինեն), սակայն Վազգեն Մանուկյանի հայտարարության այս մասը («Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն») հաստատ ֆանտաստիկ է: Բա որ դա նախապես նաև Հանրային խորհրդի նախագահի համար էր ակնհայտ, այսինքն` Վազգեն Մանուկյանին էլ էր ակնհայտ, որ Հայաստանում իշխանություններից հանրության դժգոհությունն ու զայրույթն այնքան մեծ են, որ հանգեցնելու են այսպիսի հեղափոխության, ինչու՞ այդ մասին ժամանակին չի ասել ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ եթե ասել է, բայց իր խոսքը նախագահի կողմից բանի տեղ չի դրվել, անտեսվել է, արհամարհվել կամ չի հասկացվել, ընկալվել, ըմբռնվել, ինչու՞ այդ մասին հրապարակայնորեն չի հայտնել հանրությանը ու հրաժարական չի տվել։ Նման իրավիճակում ո՞րն էր նրա դերը, Հանրային խորհրդի դերը…


Մի՞թե հենց Հանրային խորհուրդն ու նրա ղեկավարը չպետք է հանրությունից եկող դժգոհության, բողոքի տագնապալի ազդանշանները հասցնեին նախագահին ու համառորեն խորհուրդ տային լուծում տալ բարձրացված խնդիրներին, իսկ անտեսման դեպքում հրապարակայնորեն հայտարարեին, որ չեն ցանկանում ձևական մարմնի ղեկավար լինել: Այո, հիմնականում ձևական մարմին, որովհետև Հանրային խորհրդի բարձրացրած որոշ հարցերի լուծում տրվել է, սակայն դրանք այնքան քիչ, անբավարար են եղել, որ եղանակ չեն ստեղծել: Թեև ՀՀ նախագահը օրենսդրությամբ պարտավոր չէր խորհրդակցական մարմին հանդիսացող Հանրային խորհրդի բարձրացրած բոլոր հարցերին լուծում տալ, սակայն Հանրային խորհուրդը կամ նրա ղեկավարը, կարծում եմ, պարտավոր էին համապատասխան հայտարարությամբ հանդես գալով, վերաբերմունք արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ Հանրային խորհրդի բարձրացրած հարցը եղել է հիմնավոր, իսկ նախագահի մերժումը` անհիմն, չպատճառաբանված կամ անհամոզիչ: Նախագահի այսպիսի գործելակերպի դեպքում Վազգեն Մանուկյանը, ի վերջո, պարտավոր էր հրաժարական տալ` հրաժարվելով հիմնականում ձևական մարմնի ղեկավարի դեր կատարելուց:


Ի՞նչ է ասել Հանրային խորհուրդը Սերժ Սարգսյանին, օրինակ, վարորդների կամ գրեթե ողջ բնակչության հարստահարմամբ մարդկանց մի նեղ շրջանակի հսկայական շահույթներ բերելու համար մոգոնված փողոցային կարմիր գծերի առնչությամբ: Ասե՞լ է, որ դրանք տեղիք են տվել բնակչության մեծ դժգոհությանն ու զայրույթին, հետևաբար այդ խայտառակ նորամուծությունը պետք է անհապաղ վերացնել, եթե ասել և նախկին նախագահի կողմից մերժում է ստացել, ինչու՞ այդ մասին չի իրազեկել հանրությանը: Նույնը` պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով զանգվածային պատվաստման ծրագրից հրաժարվելու անհրաժեշտության առնչությամբ, նույնը` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման խիստ վտանգավոր ծրագրից հրաժարվելու անհրաժեշտության և էլի շատ ուրիշ խնդիրների առնչությամբ:


Չէ՞ որ ազնիվն ու ճիշտը հասարակության մեջ կուտակված, նրա դժգոհությանը, բողոքին, զայրույթին տեղիք տված խնդիրներն այն ժամանակվա նախագահի մոտ բարձրաձայնելն էր, որ նույն հասարակության մեջ չկուտակվեին հեղափոխական և այսպիսի վտանգավոր իրավիճակի հասցնող լիցքեր, իսկ Սերժ Սարգսյանի կողմից Հանրային խորհրդի բարձրացրած ու հիմնավոր խնդիրների մեծ մասի անտեսման դեպքում հասարակությանն այդ մասին հրապարակայնորեն հայտնելը և հրաժարական տալը: Այլապես հիմա թեկուզ հեշտ, բայց բարոյական չէ ասել. «Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն»: Եթե դա ակնհայտ էր, ապա առավել ակնհայտ է, որ Հանրային խորհուրդը չի կատարել իր հիմնական գործառույթները և չի ծառայել իր հիմնական նպատակին, որը Վազգեն Մանուկյանի կամ Հանրային խորհրդի կողմից հռչակված է հենց վերջինիս կայքում: Ահա այն. «Հանրային խորհրդի հիմնական նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց»: Այո, ակնհայտ է, որ Հանրային խորհուրդը հասարակությանը հնարավորություն չի տվել ազդելու իշխանության վարած քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդելու հասարակության պահանջներին համընթաց: Եթե դա արած լիներ, այս վիճակին չէինք հասնի:


Հանրային խորհրդի կայքում Վազգեն Մանուկյանը, դիմելով հանրությանը, դեռ տարիներ առաջ գրել է.
«Հարգելի բարեկամ,
Մեր երկրում առաջին անգամ փորձ է արվում կիրառել հանրային կյանքի կազմակերպման մի ինստիտուտ, որի ընձեռած հնարավորությունները տարիներ ի վեր հաջողությամբ օգտագործում են ժամանակակից աշխարհի բազմաթիվ երկրներում:
Հանրային խորհրդի շնորհիվ հանրությունը հնարավորություն է ստանում, օգտագործելով ոչ կառավարական կառույցներում գործող հմուտ և փորձառու անհատների կարողությունները, իր անմիջական մասնակցությամբ հասարակությանը հուզող ցանկացած հարց ոչ միայն հասցնել Երկրի ղեկավարությանը, այլև նպաստել դրանց վերաբերյալ հանրության հիմնական հատվածի սպասումները բավարարող լուծումների կայացմանը:
Ավելին, ունենալով պետական և տեղական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավասություն, այն կարող է էապես նպաստել մեզանում կոռուպցիայի և անօրինականությունների նվազեցմանը, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությանը և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը»:


Ինչպե՞ս չհարցնել` բա ու՞ր է, ինչու՞ հանրությունը Հանրային խորհրդի շնորհիվ հնարավորություն չստացավ, ոչ կառավարական կառույցներում գործող հմուտ և փորձառու անհատների կարողություններն օգտագործելով, իր անմիջական մասնակցությամբ հասարակությանը հուզող ցանկացած հարց ոչ միայն հասցնելու երկրի ղեկավարությանը, այլև նպաստելու դրանց վերաբերյալ հանրության հիմնական հատվածի սպասումները բավարարող լուծումների կայացմանը:
Բա ինչու, ունենալով պետական և տեղական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավասություն, Հանրային խորհուրդը էապես չնպաստեց մեզանում կոռուպցիայի և անօրինականությունների նվազեցմանը, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությանը և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը: Այն աստիճան չնպաստեց, որ Սերժ Սարգսյանը համեմատաբար վերջերս խոսում էր երկրում առկա գաղջ մթնոլորտի մասին, իհարկե, ինքն իր շրջապատի հիմնական մասի հետ մեղավոր ու պատասխանատու լինելով այդ մթնոլորտի ստեղծման համար, իսկ Վազգեն Մանուկյանի հետ` մեղավոր ու պատասխանատու լինելով նաև այդ մթնոլորտի չառողջացման համար:


Երբ ամեն ինչ խաղաղվի (տա Աստված, որ խաղաղվի), Վազգեն Մանուկյանն ու ՀՀ հանրային խորհուրդը, կարծում եմ, պետք է հրաժարական տան, կամ պետք է այն ցրվի դա անելու իրավասությունն ունեցողի (այս պահին չգիտեմ` նախագահի, թե վարչապետի) կողմից: Պետք է ձևավորվի նոր Հանրային խորհուրդ` նոր, ազնիվ, անբասիր, համարձակ անդամներով: Նոր Հանրային խորհրդի կազմում կարելի է ընդգրկել այժմյան խորհրդի միայն այն անդամներին (օրինակ` Կարինե Դանիելյանին), հանձնաժողովների և ենթահանձնաժողովների ղեկավարներին, որոնք անցած ժամանակաընթացքում հարմարվողական վարքագիծ չեն դրսևորել, համարձակորեն բարձրացրել են հանրությանը հուզող խնդիրներ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao