«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անտեսված Դրախտիկ

Անտեսված Դրախտիկ
27.04.2018 | 01:57

Հայաստանը դրախտավայր դարձնելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարությունների գերակշիռ մասը մնում է թղթի վրա։ Դրանում մեկ անգամ ևս համոզվեցի, երբ Երևանից «Դրախտիկ» նախաձեռնության անդամների հետ այցելեցի Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղ, որտեղ երիտասարդները նախատեսել էին անցկացնել շաբաթօրյակ, ծրագրել էին մաքրել Դրախտիկի փողոցները կուտակված աղբից:

ԵՐԲ ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄ ՉԿԱ
Սևանա լճի հյուսիսային հատվածով ձգվող Արեգունի լեռների գոգավորությունում գտնվում է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը՝ Դրախտիկը: Նախկին Թոխլուջա կոչվող ադրբեջանաբնակ գյուղը 1991 թ. ապրիլի 3-ին վերանվանվել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում հիշատակվող Դրախտիկ անվամբ: Թե ի՞նչ են մտածել համայնքը Դրախտիկ վերանվանողները, հայտնի չէ, սակայն իրականում համայնքի արտաքին տեսքը, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանները, ամեն պահի փլուզման ենթակա կիսախարխուլ փայտաշեն շինությունները, գյուղի փողոցներում, շենքերի հետնամասերում կուտակված աղբակույտերը, բնակիչների հոգսաշատ հայացքները որևէ աղերս չունեն «դրախտ» բառի հետ: Թեև համայնքի անվանակոչումից անցել է 27 տարի, սակայն Դրախտիկում կյանքը լճացած է, և միայն փողոցներում խաղացող երեխաների աղմուկն ու ծիծաղն են կենդանություն հաղորդում գյուղին: Ակամայից հիշեցի դեպի գյուղ դեմքով շրջվելու մասին տարիներ առաջ ՀՀ կառավարության ամպագոռգոռ հայտարարությունը, ու հասկացա, որ հայրենի կառավարության «ճանապարհային քարտեզի» վրա Դրախտիկը, փաստորեն, նշված չի եղել:

ՈՎՔԵՐ ԵՆ ԴՐԱԽՏԻԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
1989-1992 թթ. ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված 719 ընտանիքներից 664-ին ՀՀ կառավարությունը բնակեցրեց Գեղարքունիքի մարզի բնակավայրերում: Մի քանի տասնյակ արծվաշենցիներ և Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված փախստականներ իրենց ընտանիքներով տեղավորվեցին Դրախտիկում: Կառավարության «Ռազմական գործողությունների պատճառով 1992-ի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգ»-ի համաձայն պետք է աջակցություն տրամադրվեր ընտանիքի մեկ շնչի հաշվով:


«Իրատեսի» հետ զրույցում Դրախտիկի արծվաշենցի բնակիչները նշում են, որ կառավարությունն ընդամենը 300 հազար դրամ միանվագ օգնություն է տրամադրել որպես փոխհատուցում, մինչդեռ խոստացել էր ավելին: Միջոցներն ուղղվել են հիմնականում բնակելի տների ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարմանը, սակայն սուղ միջոցները չէին կարող նպաստել վթարված տների տեխնիկական վիճակի բարելավմանը: Արդյունքում արծվաշենցիների գերակշիռ մասը մինչ այսօր շարունակում է բնակվել շահագործման ժամկետը սպառած և քայքայված, բնակության համար ոչ պիտանի վիճակում գտնվող փայտաշեն տներում: Գյուղում, իհարկե, կան նաև մի քանի քարաշեն տներ, որոնցից մի քանիսը քաղաքաբնակների ամառանոցներն են:


Արծվաշենցի Հմայակը պատմում է, որ 25 տարի ապրում է Դրախտիկում: «Կառավարությունը 6 միլիարդ դրամ էր խոստացել բոլոր արծվաշենցիներին, մինչև հիմա 1 միլիարդն էլ չի տվել: Չենք ապրում, շնչում ենք, չկա մի երիտասարդ, որ կարողանա իր համար մի տուփ սիգարետ առնի, աշխատանք չկա, գազի տրուբեքը կան, գազ չկա, փայտն արգելում են, աթարով ենք տաքանում: Ամբողջ կյանքում աշխատել եմ, Ճամբարակի շրջանի ամենահարուստ մարդկանցից եմ եղել, էսօրվա օրով հազիվ յոլա եմ գնում»,- ասում է Հմայակը:
1988-ին Չարդախլուից 3 անչափահաս երեխաների հետ Դրախտիկ տեղափոխված Լենան լսել էր, որ նոր բնակավայրը լճին մոտ է, մտածել էր, որ կհարմարվեն, մինչև հետագան պարզ դառնա: Սակայն տարիներ անցան, և տունդարձի հույսը կորցրած Լենան ընտանիքի հետ ադրբեջանցու խարխուլ տունը կցմցեց, ու շարունակում են ապրել փախստականի կարգավիճակով: Ապրուստից չի նեղվում, փոքրիկ խանութ ունի, սակայն նեղվում է գյուղի ընդհանուր տեսքից ու պետության անտարբերությունից:


78-ամյա Յունիկ տատի փլատակի նմանվող կացարանը բազմիցս եկել ուսումնասիրել, նկարել, խոստումներ են տվել ու գնացել: Խոնավ ու կիսախարխուլ տանը ապրում է որդու ընտանիքի հետ, արդեն հույս չունի, թե մի օր տեղական իշխանությունն աջակցության առաջարկով կբացի իրենց տան դուռը:
Արծվաշենցի Մամիկոնի խոսքով` «մարդիկ Արծվաշենում տները լիովին սարքել էին և հենա պիտի ապրեին, վայելեին, կռիվը սկսվեց: Էս գյուղում ադրբեջանցիների աննախագիծ սարքած տներն են, ոնց որ դրանք հենց էն գլխից մտածել են, որ էստեղ երկար չպիտի ապրեն, դրա համար մի կարգին տուն չեն սարքել: Լավ, էն ժամանակ խառն էր, իշխանությունները մեզ ժամանակավոր բերեցին էստեղ, դե թող տեր կանգնեն, մի բանով օգնեն, ներդրումներ անեն, մարդիկ ուզում են աշխատանք, ուզում են վարուցանք անել, վարելահողեր կան, բայց գյուղտեխնիկա չկա, ինչո՞վ անեն: Պահանջում ենք, խոստանում են, բայց հետո ոնց ուզում անում են: Էս գյուղում պետական ոչ մի ծրագիր չի կատարվել, ասֆալտը տեսնում ես, ավելի շատ հող ա, անձրևներին ջուրը քշում տանում ա եղածը»:


Դրախտիկում շատերի հետ զրուցեցի, բոլորի մտահոգությունը գյուղի անմխիթար ու անտեսված վիճակն էր, ապագայի հանդեպ անորոշությունը: «Բա գյուղը Սևանա լճի ափին մոտ գտնվի ու էդքան քյասիբ վիճակու՞մ: Մի մոլորված զբոսաշրջիկ ա գալիս, խայտառակ ենք լինում: Էս ջահելները քաղաքից եկել են, որ մեր գյուղի փողոցները մաքրեն: Բա ամոթ չի՞ մեզ»,- ասում են դրախտիկցիները:

ԱՅ, ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԼԱՎ Ա ԼԻՆԵԼՈՒ
Գեղարքունիքի մարզում համայնքների միավորման արդյունքում Աղբերք, Շորժա, Արտանիշ, Դրախտիկ, Ծափաթաղ և Ջիլ գյուղական համայնքները միավորվեցին, կենտրոնը համարվեց Շողակաթ (Շորժա) համայնքը:
«Իրատեսի» հետ զրույցում համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը նեղսրտեց, թե Երևանից ջահելները եկել են, որ Դրախտիկ գյուղի փողոցները բնակիչների թափած աղբից մաքրեն, թեև գյուղի աղբահանության խնդիրն անտեսված չէ: Սակայն մեր զրույցի թեման միայն աղբի խնդիրը չէր, քանի որ Սևանա լճի շրջակայքի գերակշիռ հատվածը, շրջակա գյուղերի ճանապարհներն աղբով լի են, իսկ Աղբերք գյուղը, Ս. Շուշանյանի խոսքով, աթարի մեջ կորած է: Սակայն վերադառնանք Դրախտիկ:
1100 բնակիչ ունեցող Դրախտիկ համայնքի բյուջեն, մինչև խոշորացման գործընթացը, կազմել է 5 միլիոն 100 հազար դրամ, որը բավարարել է միայն աշխատավարձի վճարմանը, իսկ համայնքի զարգացմանը նպաստող սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային որևէ ծրագիր և ներդրում չի եղել:


Դրախտիկ համայնքում իրականացվող ծրագրերի մասին խոսելիս Ս. Շուշանյանը կարևորեց գազիֆիկացման խնդիրը: Նրա խոսքով՝ 15 տարի առաջ համայնքային և պետական բյուջեներից տրամադրվող, ինչպես նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆինանսական ներդրմամբ գազիֆիկացումն իրականացվեց: «Գազը բերվեց գյուղ, փորձարկվեց ու հանձնվեց գյուղին, դրանից հետո նրանք չեն կարողացել ներքին ցանցն իրականացնել, խողովակների մի մասը կոտրել են, մի մասը գողացել, տեսնում եք՝ մինչև հիմա խողովակների հատվածները կոտրված ընկած են: Գոնե դպրոցն ու գյուղապետարանը գազիֆիկացնեին, դա էլ չեն արել»,- ասաց Շուշանյանն ու հավելեց, որ իր նախաձեռնությամբ Դրախտիկի առաջնահերթ խնդիրը գազիֆիկացման վերականգնումն է, որ մարդիկ 21-րդ դարում չմնան աթարի հույսին. «Դրախտիկցին պետք է իմանա, թե ինչ են տաք ջուրը, գազօջախի վրա ճաշ ու սուրճ եփելը, իսկ ինչի՞ չէ, որ»:
Սուլիկո Շուշանյանը նշեց, որ Դրախտիկում իրականացվող ծրագրով նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, հանդիսությունների տուն, աղբավայր, ամբողջովին վերանորոգել դպրոցը, աշակերտներն այսօր բետոնե հատակի վրա են դաս անում, իսկ քարապատ, խարխուլ զուգարանը գտնվում է դպրոցի հարակից մասում:


Դրախտիկում առայսօր կանգուն են ադրբեջանցիների դատարկ, կիսախարխուլ տները, մի մասը՝ քար ու կրից, մյուս մասը` փայտաշեն, ցանկացած պահի կարող են փլվել, մինչդեռ դրանց շուրջը երեխաներն են խաղում: Աղտոտված է նաև գյուղամիջով հոսող Դրախտիկ գետը, որից ոռոգման նպատակով օգտվում է մի քանի ընտանիք: Ս. Շուշանյանի խոսքով՝ Դրախտիկի վարելահողերը գտնվում են ծովի մակերևույթից 1800-2000 մետր բարձրության վրա, ուստի խոնավ, անգամ գերխոնավ կլիմայի պայմաններում ոռոգման ջրի անհրաժեշտություն չկա:
Դրախտիկում աշխատատեղ չկա: Հայաստանի անկախացումից առաջ Դրախտիկում գործում էր Արծվաշենի գորգագործական կոմբինատի մասնաճյուղը, որը կարճ ժամանակ անց թալանվեց ու ավերվեց:


«Իմ ծրագրերում աշխատատեղերի ստեղծման հարցը դեռ սաղմնային վիճակում է, բայց եկեք անկեղծ խոսենք, գործ էլ եմ առաջարկում, չեն ցանկանում աշխատել: Շորժայում արևային կայան է կառուցվում, աշխատուժի կարիք կա, առաջարկում եմ գնալ աշխատել, չեն գնում, գերադասում են նպաստ ստանալ, հայտարարությունը գրել-փակցրել եմ գյուղում, ցանկացող չկա, փոխարենը շարունակ բողոքում են: Մի քանի երիտասարդ նախրապան են աշխատում, դա է աշխատատեղը»,- ասում է համայնքի ղեկավարը:

«ՄԵՐ ԳՅՈՒՂԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ»
Դրախտիկի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներ Մեխակը, Սոֆին, Բաղդասարն ու Հայկը երազում են իրենց գյուղը տեսնել լուսավոր, բարեկեցիկ ու մաքուր, մի խոսքով՝ դրախտավայր: Երեխաների խոսքով՝ իրենց խաղահրապարակը գյուղը շրջապատող դաշտերն են: Մեխակը երազում է բանկի կառավարիչ դառնալ, Սոֆին ու Բաղդասարը՝ բժիշկ, կմեծանան, բարձրագույն կրթություն կստանան, կվերադառնան գյուղ ու կբուժեն մարդկանց, «բանկի կառավարիչ» Մեխակը չունևոր երեխաներին կապահովի հագուստով, իսկ գյուղի կենտրոնում պապիկների ու հայրերի հավաքատեղին ավելի բարեկարգ կդարձնի, թե չէ մի նստարանը քիչ է: Զրույցից հետո երեխաները վազեցին միանալու Դրախտիկ եկած երիտասարդներին՝ մաքրելու գյուղի տարածքը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Դրախտիկի ներկա վիճակը վկայում է, որ պաշտոնական գրասեղանի դարակներից փոշեծածկ որոշումները հանելու և դրանք իրականացնելու ժամանակն է: Գեղարքունիքի մարզպետարանը 120 միլիոն դրամ արժողությամբ «Ծովափնյա զբոսաշրջության զարգացում» ծրագիրը միայն կենտրոն համարվող Շողակաթ համայնքում իրականացնելուց բացի թող հիշի նաև թշվառության մեջ գտնվող Դրախտիկը, որը Սևանի ափից հեռու չէ, և որը բնակչության ու զբոսաշրջիկների համար ցանկության դեպքում կարելի է դարձնել իրական դրախտավայր:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ