Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դեպի 4-րդ հանրապետություն (քծնողների խարդավանքը)

Դեպի 4-րդ հանրապետություն (քծնողների խարդավանքը)
27.04.2018 | 02:29

ՆԱԽԵՐԳ
Գարնանահոս զուլալ անձրևներ տեղացին, Նաիրի երկրում վարարեցին գետերն ու առուները: Կարծես թե հայկյան երկինքը բարեհաճ է Հայքի հանդեպ: Կարծես թե:

1988-ի զարթոնքը 30 տարի անց ալիքվում է երկրում: Քաղաքական փասիանսի շախմատային մագիստրոսը հանրապետությունը դուրս բերեց փակուղուց սև ձիու թռիչքով: Նա 88-ի զարթոնքի ճարտարագետներից մեկն էր և լքեց ասպարեզը՝ նժույգը սանձած: Իսկ մի՞թե Սերժ Սարգսյանի հրաժարականը քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման ապավենն է: Դժվար է ասել, բայց պետք է հուսալ: 1988-ի զարթոնքի վերջին ղեկակալը հեռացավ՝ պատգամելով. «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»: Ամեն:

Եվ ահա օրվա, տարվա, մեր խենթ դարի գերխնդիրը: Նորագիրները թավշյա հեղաշրջումից հետո կկառավարեն որպես զարթոնքի մունետիկնե՞ր, թե՞ կձևավորեն սեփական թավշյա խմբիշխանությունը, ցույց կտա նորին վեհություն ժամանակը: Ժամանակն արդեն ընթերցել է իր պանծալի դատավճիռը՝ դրության տերը Նաիրի երկրի նոր սերունդն է:

ԴԵՊԻ 4-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Օրվա խնդիրը, տարվա գերխնդիրն ու դարի պարտադրանքը, ինչ խոսք, նոր խորհրդարանի ձևավորումն է: Այսօր ուրբաթ է, և մենք առերեսվում ենք հերթական անգամ, սակայն նոր պատմաքաղաքական իրավիճակում: Սակայն նյութը գրվել է ապրիլի 23-ի երեկոյան ժամերին: Այսպիսով, ինձ չմեղադրեք իրադարձային ինչ-ինչ սպրդումներում: Այսօր փորձենք պարզաբանել, թե որոնք են այն բարդիազարդ մայրուղիները, որ մեզ կհասցնեն դեպի 4-րդ հանրապետություն: (ՈՒղիները նշվել են բազմիցս, նախ «Լճից լիճ Հայաստան», այնուհետև «ՈՒրբաթօրյա հողմաղաց» պամֆլետաշարերում, վերհիշենք): Նոր, ազգային-պետական բարոյականությամբ առաջնորդվող ԱԺ-ն պետք է մաքրի քրեաօլիգարխիկ խմբիշխանության ավգյան ախոռները: Թե ինչպես, հանրահայտ է, բայց խնդիրն է ակնհայտ՝ ինչպե՞ս ձևավորել նոր խորհրդարան, նոր մարդկանցով, նոր դեմքերով, որոնք դեպքեր չեն, ազգանվիրյալ գործիչներ են, ոչ գործիքներ: Կա՞ն նման անձինք Նաիրի երկրում: Ըստ իս՝ այո: Եվ ահա ես, ծառան ձեր հեզ, առաջարկում եմ խորհրդարանի ձևավորման այս ձևաչափը:
Պետք է ԱԺ-ի յուրաքանչյուր թեկնածուին բարձրացնել պատվանդան և տեղազննել նրա գործը 18 տարեկանը լրանալուն պես: Զորօրինակ, թեկնածուն երբևէ քծնե՞լ է ժամանակի իշխանությանը, եթե այո, ապա նրա ճանապարհը դեպի 4-րդ հանրապետության տաճար-խորհրդարան արգելափակված է ծանր զրահատեխնիկայով:
Միաժամանակ մերժելի է.
1. եթե թեկնածուն երբևէ պաշտոնավարել և չարաշահել է 3-րդ հանրապետությունում՝ նախարարի, փոխնախարարի, մարզպետի և քաղաքապետի, դատավորի և դատախազի կարգավիճակում:
2. Եթե թեկնածուն մուլտիմիլիոնատեր պաշտոնաթող գեներալ է կամ ՊՆ-ի որևէ այլ բարձրաստիճան ծառայող:
3. Եթե թեկնածուն անհայտ ծագմամբ գողոնի տեր է, որի պաշտոնական անվանումը «նվիրաբերում» է:
4. Եթե թեկնածուն որպես պատգամավոր կողմ է քվեարկել երկրի հանքերի, էներգետիկ համակարգի և Երևանի կոնյակի գործարանի և «Նաիրիտ» կոմբինատի սեփականաշնորհման, աղանդավորների և ԼԳՏԲ-ականների պահպանության, նաև «Ընտանեկան բռնության» օրենքներին:
5. Եթե թեկնածուն առհասարակ մենաշնորհատեր է:
6. Եթե թեկնածուն քաղաքական պոռնիկ է, այսինքն՝ փոխել է երկու և ավելի կուսակցություն (կոմկուսը հաշիվ չէ):
7. Եթե թեկնածուն որպես պատգամավոր կամ որպես կառավարության անդամ մասնակցել է վարկերի ներկլանման և լափման վեհ գործընթացներին:
Իսկ ու՞մ առջև պիտի վառվեն կանաչ լապտերները: Հիշում եմ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակած առաջարկս՝ այստեղ նախապատվությունը տալով ազատամարտի ազնվազարմ վետերաններին և մշակույթի ազգանվիրյալ գործիչներին: Պետք է պայմանականությունները դնել մի կողմ (ասենք, եթե մարդը ստիպողաբար անդամագրվել է ժամանակի իշխող կուսակցությանը, բայց կարողացել է ընդհանուր թալանային խառնակչությանը չանդամակցելով ծառայել Նաիրի երկրին) և առաջարկել թեկնածուներ:
Թեկնածուի միակ գնահատականը ահա սա է՝ ինչ է նա որպես բարիք թողել երկրին և ազգին իր պաշտոնավարումից հետո: Խոսքս վերաբերում է թե՛ բարոյական, թե՛ նյութական արժեքներին: Իսկ դա դժվար չէ կշռել, զննելով մարդու գործի և՛ երեսը, և՛ դարձերեսը:
Ի դեպ, կարելի է գալիք խորհրդարանի և գործարկվելիք կառավարության մուտքերը արգելափակել նրանց առաջ, որոնք նախ հանրորեն ընկալվում են ոչ թե ավազանի պատվանունով կամ էլ ծննդականի վավերացրած անուն, հայրանուն, ազգանունով, այլ մականունով:

ՔԾՆՈՂՆԵՐԻ ԽԱՐԴԱՎԱՆՔԸ
Քծնող այրը նողկանք է հարուցում ամենուրեք: Ասենք, երբ մանկավարժը քծնում է դպրոցի տնօրենին, երբ ոմն պետի քղանցքներին է շուլալվում նրա տեղակալը և այսպես շարունակ: Անկեղծ ասած, ավելի մեծ նողկանք է հարուցում կնոջ քծնանքը: Այս ամենը նողկալի է, սակայն անվտանգ: Ահարկու վտանգ է ծագում, երբ քծնանքը տարածվում, ափեափ է զարկվում քաղաքական ասպարեզում: Սակայն շունչ քաշենք, զի դադար է քնարական: Ահա թե ինչ նշագեղ տողեր է գրել պոետը խորունկ՝ Ռազմիկը Դավոյան.
Այսօր էլ կրկին օրն իրիկնացավ,
Աստված ուղարկեց հրեշտակներին,
որ երկնի անթիվ աշտանակներում
վառեն աստղերի մոմերը դեղին:

Հայաստանում քաղքծնանքը վերաճել է քաղաքական գաղափարախոսության, հայեցակարգի, ձևաչափի, կուսակցական աշխատանքի: (ՈՒշիմ եղեք և վեհանձն, իմ պատվարժան ընթերցողներ, ամենևին չեմ ակնարկում բարդ և հեղհեղուկ իրավիճակում հայտնված ՀՀԿ-ին: Եվ ահա թե ինչու: Նախ և առաջ «Իրատես» թերթը և նրա ձախ եզրային կիսապաշտպան ձեր հեզ ծառան եղել են, կան և կմնան կառուցողական ընդդիմության դիրքերում: Եվ երկրորդ՝ նախորդ նյութում հորդորել եմ ՀՀԿ-ին` նժույգ հեծնել և վերադառնալ կուսակցության անապակ ակունքները, առավել ստույգ՝ 1990-1993 թվականները: Իրազեկում եմ՝ 1993-ի գարնանից ՀՀԿ-ում սկսվեց թավշյա հեղաշրջումը, կուսակցությունը տարբեր հնարքներով ձերբազատվում էր անցանկալի մարդկանցից, որոնք մնում էին հավատարիմ արմատական այդ քաղմարմնի գաղափարական (այն է՝ ազգային-ազատական պետություն կառուցելու) հավատամքին: Ի մեծ ցավ մեզ ու երկրի՝ ՀՀԿ-ն մերձեցավ ՀՀՇ-ին: 25 տարի անց ինչպիսի դիրք և անելիք է ունենալու երկրի կյանքում ՀՀԿ-ն, ցույց կտան ներկա և գալիք օրերը):

Մեր քիչ թե շատ զորավոր (այն է՝ իշխանության կցորդ կամ բուն իշխանության կրող) քաղմարմինների համագումարները հիշենք: Առաջնորդը մոտենում է ամբիոնին: Ճառ է արտասանում: Թվեր ու փաստեր է ներկայացնում: Ճշտում է քաղմարմնի դերը հայոց ներկայում, նրա ապագայում և անգամ անցյալում: Կուսառաջնորդը ի սրտե հավատում է իր բառահեղեղ-ռմբահարության մեկ տոկոսին: Համագումարի պատվիրակները հավատում են առաջնորդի ճառաբանություն-գլխայուղման 0,1 տոկոսին: Բայց և այնպես լռիկ լսում են ելույթը, վայելում են այն բառ առ բառ, ըմբոշխնում են տառ առ տառ և կախարդված ժպտում են նույն ժպիտով: Այսինքն, վասն սեփական անդարդ կյանքի և անմնացորդ թալանի քծնում և խարդախում են նախ՝ կուսակցության գաղափարին, հետո նրա առաջնորդին: Այսինքն, քաղմարմինները, ըստ էության, քաղաքական աղանդներ են, ուրիշ ոչինչ: Պետք է հուսալ, որ ձևավորվելիք իշխանական և այլ քաղմարմինները չեն վերածվի քաղաքական աղանդների: Ամեն:

ՎԵՐՋԵՐԳ
Գիտցե՛ք և գիտակցեք, հայոց նախկին, ներկա և ապագա իշխանավորներ. մեր օրերի այս զարթոնքում հնչում են 1988-ի մեղեդիները: Սադրիչների հանգրվանը, ի վերջո, նախ աերացիայի կոյուղամբարն է, այնուհետև՝ հայոց պատմության աղբանոցը: Միևնույնը թող գիտակցեն մոլորակի օրակարգը և քրմերը, կախարդուհիները և գրբացները:
Միով բանիվ, չկասկածեք, Փոքր Մհերը լքել է Ագռավաքարը:
Գարնանահոս զուլալ անձրևներ տեղացին, Նաիրի երկրում վարարեցին գետերն ու առուները: Ամեն:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ